2019
Նկատեք ձեր օրհնությունները
Ապրիլ 2019


Notice Blessings

Նկատեք ձեր օրհնությունները

Մեր մարմնում միաժամանակ ապրում են բնական մարդը և հավերժական աստվածային մարդը: Հավերժական մարդը Հոր բաժինն է և գիտե ամեն բան: Բայց բնական մարդը հաճախ հասկանում է բաների իմաստը, երբ կորցնում է դրանք:

Ես կկամենայի ձեզ հետ կիսվել երեք փորձառություններով այն ժամանակի մասին, երբ շատ հստակ զգացի դա:

Ամեն կիրակի ես գնում եմ Եկեղեցի և ճաշակում հաղորդությունից: Այն նորոգում է իմ ուխտերը Տիրոջ հետ, թարմացնում և զորացնում է ինձ, որպեսզի ես կարողանամ ավելի ճիշտ վարվել այն բոլոր իրավիճակներում, որոնցում հայտնվում եմ նոր շաբաթվա ընթացքում: Մենք շատ արագ ենք վարժվում լավ բաներին, դրանք օգնում և զորացնում են մեզ, սակայն ինչպես հաճախ է պատահում, մենք ընտելանում ենք դրան և սկսում մտածել, որ այդպես էլ պետք է լինի:

Երբ հնարավոր չէ այցելել Եկեղեցի որևէ կիրակի, ես նկատում եմ տարբերությունը: Ես զգում եմ, որ բաց եմ թողել ինչ-որ կարևոր բան: Աղոթքն ու սուրբ գրություններն օգնում են գոյատևել շաբաթվա ընթացքում: Բայց հաջորդ շաբաթ հաղորդության ընդունումը ավելի կենդանի ու մեծ է դարձնում երախտագիտության զգացումը: Այդ ժամանակ ես կրկին հստակ հասկանում եմ, թե այն իսկապես ինչ մեծ օրհնություն է մեզ համար:

Տերը պատվիրել է մեզ հաճախ հավաքվել միասին Իր անունով: Երբ շաբաթվա ընթացքում ես հադիպում եմ մեր անդամներին առնվազն մեկ անգամ, կիրակի օրը զգում եմ, որ դեռ եռանդ ունեմ: Ես ավելի շատ կարող եմ կենտրոնանալ ուրիշ բաների վրա, քան պարզապես համալրել իմ սեփական եռանդը: Ես ավելի ուշադիր եմ և նկատում եմ ծառայելու հնարավորությունները: Ես տարբերում եմ, թե ով ունի ժպիտի կարիք, ում պետք է գրկեմ, ում հետ փոխանակվեմ քնքուշ խոսքերով: Ես զգում եմ, որ պետք է ուրախանամ և ուրախություն պարգևեմ:

Իմ աշխատանքը հնարավորություն է տալիս տաճար այցելել յոթ շաբաթը մեկ անգամ: Այս ամառ տաճարի հյուրատունը վերանորոգվում էր, և ես բաց թողեցի այցելելու մեկ հնարավորություն: Որքա՜ն երկար թվաց ինձ սպասումի ժամանակը: Չկար մի օր, որ չմտածեի տաճարի մասին: Ոչ մեկը կամ ոչ մի բան չէր կարող լռեցնել իմ կարոտը: Կրկին ու կրկին աչքի էի անցկացնում տաճարի քարտերը, հատկապես նրանք, որոնք կնքման կարիք ունեին: Ես նաև զգում էի, որ այդ մարդիկ, ի վերջո, սպասում էին իրենց սիրելիների հետ հանդիպմանը:

Տարբեր վայրերից մարդիկ հանդիպում են տաճարում և հետո մի շաբաթ ապրում են որպես ընտանիք: Հրաշալի հնարավորություն է հանդուրժողական, հոգատար և սիրող դառնալու համար: Տաճարում մենք զգում ենք խաղաղություն, կարողանում ենք ներել ինքներս մեզ և ուրիշներին, քանի որ այնքան հստակ ենք զգում Աստծո և Նրա Որդու կատարյալ սերը:

Տաճարից վերադառնալուց հետո փոփոխությունները նկատելի են: Ես զգում եմ աճը հաղորդության ժողովի ժամանակ և այլ անսովոր իրավիճակներում: Ես պարզ հիշում եմ, թե ինչպիսին էի տաճար գնալուց առաջ, և սա կարող է համեմատություն լինել ինձ համար: Ե ս ավելի հանգիստ եմ, զուսպ և ուրախ: Ես նկատում եմ ծառայելու ավելի շատ հնարավորություններ, ավելի մեծ սեր եմ զգում իմ եղբայրների ու քույրերի հանդեպ: Հիմա ինձ համար ավելի հեշտ է հիշել, որ մենք մեր բնույթով քննադատող ենք, և դատում ենք ուրիշներին նրանց վարքագծի համար: Ինձ համար հեշտ է հիշել, որ Աստված սիրում է Իր բոլոր զավակներին և տեսնում է բոլորի սրտերը:

Մեզանից ոչ մեկը զերծ չէ մեղքից: Բոլորն ապաշխարության կարիք ունեն: «Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջ նա քար գցէ դորա վերայ»,- (Հովհաննես 8.7) ասում է Հիսուսը դպիրներին ու փարիսեցիներին, ովքեր ցանկանում էին քարկոծել շնության մեջ բռնված կնոջը: Եթե մենք ներում ենք օրինազանցին, ապա խաղաղություն ենք ստանում: Դատաստանը Աստծո իրավունքն է:

Ես վկայում եմ, որ Աստված ապրում է և առաջնորդում է Իր Եկեղեցին, և Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության շնորհիվ մենք բոլորս հնարավորություն ունենք վերադառնալ Նրա մոտ, եթե մենք հավատարիմ ենք և անսասան՝ մեր բաժինը կատարելիս: