Բաժին 50
Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1831թ. մայիսին (History of the Church, 1.170–173): Մարգարեն հաղորդում է, որ երեցներից ոմանք չէին հասկանում երկրի վրա ամենուրեք տարածված տարբեր ոգիների դրսևորումները, և որ այս հայտնությունը տրվել էր՝ ի պատասխան այս խնդրի վերաբերյալ նրա հատուկ հարցմանը: Այսպես կոչված՝ հոգևոր նորանշաններն անսովոր բան չէին անդամների մոտ, որոնցից ոմանք պնդում էին, որ ստանում են տեսիլքներ և հայտնություններ:
1–5՝ Երկրի վրա բազմաթիվ կեղծ ոգիներ կան տարածված. 6–9՝ Վա՜յ կեղծավորներին և նրանց, ովքեր կտրված են Եկեղեցուց. 10–14՝ Երեցները պետք է Հոգով քարոզեն ավետարանը. 15–22՝ Թե՛ քարոզողները և թե՛ լսողները պետք է լուսավորվեն Հոգու կողմից. 23–25՝ Այն, որ չի շենացնում, Աստծուց չէ. 26–28՝ Հավատարիմները տիրապետում են բոլոր բաներին. 29–36՝ Մաքրագործվածների աղոթքները պատասխանվում են. 37–46՝ Քրիստոսն է Բարի Հովիվը և Իսրայելի Քարը:
1 Լսեք, ով իմ եկեղեցո՛ւ երեցներ և ականջ դրեք կենդանի Աստծո ձայնին. և ուշք դարձրեք իմաստության խոսքերին, որ պիտի տրվեն ձեզ, համաձայն նրա, ինչ դուք հարցրել եք և համաձայնության եք եկել եկեղեցու և այն ոգիների վերաբերյալ, որոնք տարածված են ամենուրեք, երկրի վրա:
2 Ահա, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ կան շատ ոգիներ, որոնք կեղծ ոգիներ են, որոնք տարածված են երկրի վրա՝ խաբելով աշխարհին:
3 Եվ նաև Սատանան է փնտրել ձեզ խաբել, որ կարողանա ձեզ տապալել:
4 Ահա, ես՝ Տերս, նայել եմ ձեզ և պղծություններ եմ տեսել իմ անունը դավանող եկեղեցում:
5 Սակայն, օրհնյալ են նրանք, ովքեր հավատարիմ են, և համբերում են՝ կյանքում լինի, թե մահվան մեջ, քանզի նրանք հավերժական կյանք պիտի ժառանգեն:
6 Բայց վա՜յ նրանց, ովքեր խաբեբաներ են ու կեղծավորներ, քանզի, այսպես է ասում Տերը. Ես նրանց դատաստանի կբերեմ:
7 Ահա, ճշմարիտ ասում եմ ձեզ, ձեր մեջ կան կեղծավորներ, որոնք խաբել են ոմանց, ովքեր հակառակորդին զորություն են տվել. բայց ահա, այդպիսիները պիտի ուղղվեն.
8 Բայց կեղծավորները պիտի ի հայտ բերվեն ու պիտի կտրվեն՝ թե՛ կենդանության և թե՛ մահվան մեջ, ճիշտ ինչպես ես եմ կամենում. և վա՜յ նրանց, ովքեր կտրվում են իմ եկեղեցուց, քանզի աշխարհը հաղթում է նրանց:
9 Ուստի, թող ամեն մարդ զգուշանա, չլինի թե նա կատարի այն, ինչ ճշմարտությամբ ու արդարությամբ չէ իմ առաջ:
10 Եվ այժմ եկեք, ասում է Տերը Հոգով, եկեղեցու երեցներին, և եկեք միասին տրամաբանենք, որպեսզի դուք հասկանաք.
11 Եկեք տրամախոսենք, ճիշտ ինչպես մարդ տրամախոսում է մեկ այլ մարդու հետ, դեմ առ դեմ:
12 Արդ, երբ մարդ տրամախոսում է, նա հասկացվում է մարդու կողմից, որովհետև տրամաբանում է մարդու պես. ճիշտ այդպես էլ ես՝ Տերս, կտրամախոսեմ ձեզ հետ, որպեսզի դուք հասկանաք:
13 Ուստի, Ես՝ Տերս, տալիս եմ ձեզ այս հարցը,– Ինչի՞ համար եք դուք կարգվել:
14 Քարոզելու իմ ավետարանը Հոգով, այսինքն՝ Մխիթարիչով, որն առաջ է ուղարկվել՝ ճշմարտությունն ուսուցանելու:
15 Եվ ապա, դուք ստացաք ոգիներ, որոնց չէիք կարողանում հասկանալ և ընդունեցիք, որ դրանք Աստծուց էին. արդ արդարացվա՞ծ եք դուք այս բանում:
16 Ահա, այս հարցին դուք ինքներդ պիտի պատասխանեք. այնուամենայնիվ, ես ողորմած կլինեմ ձեր հանդեպ. նա, ով թույլ է ձեր մեջ, այսուհետև պիտի ուժեղացվի:
17 Ճշմարիտ ասում եմ ձեզ, նա, ով կարգված է իմ կողմից և առաջ է ուղարկված ճշմարտության խոսքը քարոզելու՝ Մխիթարիչի միջոցով, ճշմարտության Հոգով, արդյո՞ք նա քարոզում է դա ճշմարտության Հոգով, թե՞ որևէ այլ ձևով:
18 Եվ եթե լինի որևէ այլ ձևով, ապա Աստծուց չէ:
19 Եվ բացի այդ, նա, ով ստանում է ճշմարտության խոսքը, արդյո՞ք այն ընդունում է ճշմարտության Հոգով, թե՞ որևէ այլ ձևով:
20 Եթե լինի որևէ այլ ձևով, ապա Աստծուց չէ:
21 Ուստի, ինչո՞ւ դուք չեք կարողանում հասկանալ և իմանալ, որ նա, ով խոսքը ստանում է ճշմարտության Հոգով, ստանում է այնպես, ինչպես քարոզվում է ճշմարտության Հոգով:
22 Հետևաբար, նա, ով քարոզում է, և նա, ով ստանում է, հասկանում են միմյանց, և երկուսն էլ շենանում են և միասին ցնծում:
23 Իսկ այն, ինչ չի շենացնում, Աստծուց չէ, և խավար է:
24 Այն, ինչ Աստծուց է՝ լույս է. և նա, ով ստանում է լույսը և շարունակում է Աստծո հետ, ստանում է ավելի շատ լույս. և այդ լույսն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կատարյալ օր է դառնում:
25 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, և ես դա ասում եմ, որպեսզի իմանաք ճշմարտությունը, որ կարողանաք խավարը ցրել ձեր միջից.
26 Ով կարգված է Աստծո կողմից և առաջ է ուղարկված, նա նշանակված է լինել ամենամեծը, չնայած, նա ամենափոքրն է և բոլորի ծառան:
27 Ուստի նա է բոլոր բաների տիրապետողը. քանզի բոլոր բաները ենթակա են նրան՝ թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա, կյանքը և լույսը, Հոգին և զորությունը, առաջ ուղարկված Հոր կամքով, Հիսուս Քրիստոսի՝ նրա Որդու միջոցով:
28 Բայց ոչ մեկը չի տիրապետի բոլոր բաներին, եթե չմաքրագործվի ու չմաքրվի ամեն մեղքից:
29 Եվ եթե դուք մաքրագործված ու մաքրված եք ամեն մեղքից, դուք կխնդրեք, ինչ կամենաք, Հիսուսի անունով, և այն կկատարվի:
30 Սակայն իմացեք սա՝ այն, ինչ խնդրեք, ձեզ կտրվի. և քանի որ դուք նշանակված եք գլխավոր, ոգիները ձեզ կենթարկվեն:
31 Ուստի, կլինի այնպես, որ եթե դուք նկատեք ոգու դրսևորում, որը չեք կարողանում հասկանալ, և դուք չեք ընդունում այդ ոգին, դուք պիտի խնդրեք Հորը՝ Հիսուսի անունով. և եթե նա ձեզ չտա այդ ոգին, ապա դուք կիմանաք, որ այն Աստծուց չէ:
32 Եվ ձեզ զորություն պիտի տրվի այդ ոգու վրա. և դուք բարձր ձայնով պիտի հռչակեք այդ ոգու դեմ, որ այն Աստծուց չէ,–
33 Ոչ հայհոյող մեղադրանքով, որ դուք չհաղթվեք, ոչ պարծենալով, ոչ էլ հրճվելով, չլինի թե տարվեք դրանով:
34 Նա, ով ստանում է Աստծուց, թող համարի դա Աստծուց. և թող նա ցնծա, որ արժանի է համարվել Աստծո կողմից ստանալուն:
35 Եվ ուշք դարձնելով ու կատարելով այս բաները, որոնք ստացել եք, և որոնք հետագայում կստանաք,– և արքայությունը տրվել է ձեզ, Հոր կողմից, և զորություն՝ հաղթահարելու բոլոր բաները, որոնք նրա կողմից չեն կարգված,–
36 Եվ ահա, ճշմարիտ ասում եմ ձեզ. Օրհնված եք դուք, որ այժմ լսում եք իմ այս խոսքերն իմ ծառայի բերանից, քանզի ձեր մեղքերը ներված են ձեզ:
37 Թող իմ ծառա Ջոզեֆ Վեյկֆիլդը, որին ես հավանում եմ, և իմ ծառա Փարլի Պ. Պրատը, առաջ գնան եկեղեցիների մեջ և հորդորանքի խոսքով ամրապնդեն նրանց.
38 Եվ նաև իմ ծառա Ջոն Քորրիլը, կամ բոլոր նրանք, ովքեր կարգվել են այս պաշտոնում, և թող նրանք աշխատեն այգում. և թող ոչ մեկը չխանգարի նրանց անելու այն, ինչը ես նշանակել եմ նրանց համար,–
39 Ուստի, այս բանում իմ ծառա Էդվարդ Պատրիջն արդարացված չէ. այնուամենայնիվ, թող նա ապաշխարի, և նա կներվի:
40 Ահա, դուք փոքր երեխաներ եք և չեք կարող տանել բոլոր բաներն այժմ. դուք պետք է աճեք շնորհի մեջ և ճշմարտության գիտության մեջ:
41 Մի վախեցեք, փո՛քր երեխաներ, քանզի դուք իմն եք, և ես հաղթել եմ աշխարհին, և դուք նրանցից եք, որոնց իմ Հայրը տվել է ինձ.
42 Եվ նրանցից ոչ ոք, որ իմ Հայրը տվել է ինձ, չպետք է կորչի:
43 Եվ Հայրը և ես մեկ ենք: Ես Հոր մեջ եմ և Հայրը՝ իմ մեջ. և որքան որ դուք ընդունել եք ինձ, դուք իմ մեջ եք, և ես՝ ձեր մեջ:
44 Ուստի, ես ձեր մեջ եմ, և ես եմ բարի հովիվը և Իսրայելի քարը: Նա, ով կառուցում է այդ վեմի վրա, երբեք չի ընկնի:
45 Եվ գալիս է օրը, երբ դուք կլսեք իմ ձայնը և կտեսնեք ինձ, և կիմանաք, որ ես եմ:
46 Հետևաբար, արթուն մնացեք, որ պատրաստ լինեք: Ճիշտ այդպես: Ամեն: