Բաժին 59
Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Սիոնում, Ջեկսոն գավառ, Միսսուրի, 1831թ. օգոստոսի 7-ին (History of the Church, 1.196–201): Սկսելով արձանագրել այս հայտնությունը՝ Մարգարեն նկարագրում է Սիոնի հողը, որտեղ այն ժամանակ հավաքվել էր ժողովուրդը: Տիրոջ հրահանգի համաձայն՝ հողը նվիրաբերվել էր և ապագա տաճարի հողակտորը նվիրագործվել էր: Այս պատվիրանները Տերը հատկապես պատշաճ է դարձնում Սիոնի Սրբերի համար:
1–4՝ Սիոնի հավատարիմ Սրբերը կօրհնվեն. 5–8՝ Նրանք պետք է սիրեն և ծառայեն Տիրոջն ու պահեն նրա պատվիրանները. 9–19՝ Տիրոջ օրը սուրբ պահելով, Սրբերը կօրհնվեն աշխարհիկով և հոգևորով. 20–24՝ Արդարներին խոստացվում է խաղաղություն՝ այս աշխարհում և հավերժական կյանք՝ գալիք աշխարհում:
1 Ահա, օրհնված են նրանք, ասում է Տերը, ովքեր եկել են այս հողը, պարզ աչքով ուղղված իմ փառքին՝ իմ պատվիրանների համաձայն:
2 Քանզի նրանք, ովքեր ապրում են, պիտի ժառանգեն երկիրը, իսկ նրանք, ովքեր մահանում են, պիտի հանգստանան իրենց բոլոր աշխատանքներից, և նրանց գործերը պիտի գնան իրենց հետևից. և նրանք պսակ պիտի ստանան իմ հոր ապարանքներում, որոնք ես պատրաստել եմ նրանց համար:
3 Այո՛, օրհնված են նրանք, ում ոտքերը կանգնած են Սիոնի հողի վրա, ովքեր հնազանդվել են իմ ավետարանին. քանզի նրանք, որպես իրենց վարձք կստանան երկրի բարիքները, որոնք այն առաջ կբերի իր ուժով:
4 Եվ նրանք նույնպես պիտի պսակվեն օրհնություններով բարձրից, այո՛, և ոչ քիչ պատվիրաններով, և հայտնություններով իրենց ժամանակին,– նրանք, ովքեր հավատարիմ և ջանասեր են իմ առաջ:
5 Ուստի, ես նրանց տալիս եմ պատվիրան, ասելով այսպես. Սիրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ողջ սրտով, քո ողջ զորությամբ, մտքով և ուժով. և Հիսուս Քրիստոսի անունով ծառայիր նրան:
6 Սիրիր քո մերձավորին քո անձի պես: Մի՛ գողացիր. շնություն մի՛ արա, մի՛ սպանիր, ոչ էլ նման որևէ բան գործիր:
7 Գոհություն հայտնիր Տիրոջը՝ քո Աստծուն, բոլոր բաներում:
8 Արդարությամբ զոհ մատուցիր Տիրոջը՝ քո Աստծուն, այսինքն՝ կոտրված սրտի ու փշրված հոգու զոհը:
9 Եվ որ դու կարողանաս էլ ավելի անբիծ պահել քեզ աշխարհից, դու պետք է գնաս աղոթքի տուն և քո հաղորդությունները մատուցես իմ սուրբ օրը.
10 Քանզի, ճշմարիտ, դա է քեզ նշանակված օրը, որ քո աշխատանքներից հանգստանաս և քո տուրքը մատուցես Բարձրյալին.
11 Այնուամենայնիվ, քո խոստումներն արդարությամբ պիտի տրվեն՝ բոլոր օրերում և բոլոր ժամանակներում.
12 Բայց հիշի՛ր, որ այս՝ Տիրոջ օրը, դու պետք է Բարձրյալին մատուցես քո պատարագներն ու քո հաղորդությունները՝ խոստովանելով մեղքերդ քո եղբայրների և Տիրոջ առաջ:
13 Եվ այդ օրը դու ուրիշ բաներ չպիտի անես, միայն թող քո ուտելիքը պատրաստվի սրտի պարզությամբ, որ քո ծոմապահությունը լինի կատարյալ, կամ, այլ խոսքով, որ քո ուրախությունը լինի լիակատար:
14 Ճշմարիտ, սա ծոմապահություն է և աղոթք, կամ այլ խոսքով, ցնծություն և աղոթք:
15 Եվ որքան որ դուք անեք այս բաները գոհաբանությամբ, ուրախ սրտերով ու դեմքերով, ոչ շատ ծիծաղով, քանզի դա մեղք է, բայց ուրախ սրտով և զվարթ դեմքով,–
16 Ճշմարիտ եմ ասում, որ, որքան որ դուք այդպես անեք, երկրի լիությունը ձերը կլինի՝ դաշտի գազաններն ու երկնքի թռչունները, և այն, ինչ մագլցում է ծառերի վրա և քայլում երկրի վրա.
17 Այո՛, և բուսականությունը, և ամեն լավ բան, որ բխում է երկրից՝ թե՛ սնունդ և թե՛ հագուստ, թե՛ տներ, թե՛ ամբարներ, թե՛ պտղատու այգիներ, թե՛ պարտեզներ և թե՛ խաղողի այգիներ.
18 Այո՛, բոլոր բաները, որ բխում են երկրից, իր ժամանակին, ստեղծված են մարդու օգտի և գործածության համար՝ թե՛ աչքը շոյելու և թե՛ սիրտն ուրախացնելու համար.
19 Այո՛, սննդի և հագուստի համար, համի և հոտի համար, մարմինն ամրացնելու և հոգու կենարարության համար:
20 Եվ հաճելի է Աստծուն, որ նա տվել է մարդուն այս բոլոր բաները. քանզի այդ նպատակով են դրանք ստեղծվել, որ օգտագործվեն դատողությամբ, ոչ շռայլորեն, ոչ էլ բռնի կորզելով:
21 Եվ ոչնչով մարդ չի վիրավորում Աստծուն կամ ոչ ոքի հանդեպ նրա ցասումը չի բռնկվում, բացի նրանցից, ովքեր չեն խոստովանում նրա ձեռքը բոլոր բաներում և չեն հնազանդվում նրա պատվիրաններին:
22 Ահա, սա համաձայն օրենքի է և մարգարեների, ուստի, ինձ այլևս մի անհանգստացրեք այս հարցի վերաբերյալ:
23 Բայց իմացեք, որ նա, ով արդարության գործեր է անում, պիտի ստանա իր վարձքը, այսինքն՝ խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք գալիք աշխարհում:
24 Ես՝ Տերս եմ ասել դա, և Հոգին վկայություն է բերում: Ամեն: