Նախագահների ուսմունքները
Գլուխ 41: Շարունակական հայտնություն՝ հօգուտ Եկեղեցու


Գլուխ 41

Շարունակական հայտնություն՝ հօգուտ Եկեղեցու

Մենք պետք է միասնական լինենք, ապրելով ըստ շարունակվող հայտնության, որը գալիս է Աստծուց Իր Եկեղեցուն՝ Նրա կողմից հաստատված ուղիներով։

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

Ւնչպես և նրանից առաջ Եկեղեցու հինգ Նախագահները, Ջոզեֆ Ֆ. Սմիթը ստացել է շատ աստվածային ուղեցույցներ՝ Եկեղեցին և նրա անդամներին ղեկավարելու համար։ Ինչևէ, նրա կյանքի վերջին ամիսներին նրան Աստծուց բաժանող վարագույրը դարձել էր ավելի բարակ, քան առաջ էր։ 1918թ. հոկտեմբերի 4-ին, նրա մահից մի քանի ամիս առաջ, նա ասաց գերագույն համաժողովի ժամանակ. «Այսօր առավոտյան ես չեմ փորձի խոսել շատ բաների մասին, որոնց շուրջ ես խորհում եմ, և ես կհետաձգեմ մինչև այն ժամանակը, ապագայում, երբ կցանկանա Տերը, որ ես փորձեմ ասել որոշ բաներ, որ ունեմ իմ մտքում և սրտում։ Այս վերջին հինգ ամիսներին ես միայնակ չեմ եղել։ Ես ապրել եմ աղոթքի, խնդրանքի, հավատքի և վճռականության ոգով, և ես մշտապես հաղորդակցվել եմ Տիրոջ Հոգու հետ»։1 Այդ ժամանակ էր, որ նա ստացավ մահացածների փրկագնման մասին տեսիլքը, որը դարձավ Վարդապետություն և Ուխտերի 138-րդ բաժինը։

Նախագահ Սմիթը խոնարհաբար ընդունում էր Աստծո մեծահոգությունը, որը հայտնում էր այն ամենը, ինչի կարիքը նա ուներ Եկեղեցին ղեկավարելիս. «Ես հաստատապես հավատում եմ, որ Աստված հայտնել է ինձ, իմ ներկայիս պաշտոնում, շատ փառահեղ բաներ, շատ սկզբունքներ և հաճախ ավելի շատ իմաստություն, քան իմ ունեցած իմաստությունն է։ Եվ ես հավատում եմ, որ Նա կշարունակի հայտնել, քանի դեռ ես կարող եմ լսել, երբ Նա խոսում է, լսել, երբ Նա կանչում է, և ստանալ, երբ Նա տալիս է ինձ այն, ինչ Նա ցանկանում է տալ»։2

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Մենք հավատում ենք Աստծուց մարդուն տրվող ուղղակի հայտնությանը։

Մենք հավատում ենք … Աստծուց ուղղակիորեն մարդուն տրվող հայտնության սկզբունքին։

Ուղղակի եկող հայտնությունը ավետարանի մի մասն է, սակայն դա յուրահատուկ չէ միայն այս ժամանակաշրջանին։ Դա վերաբերում է Ավետարանի բոլոր ժամանակներին ու ժամանակաշրջաններին։ Ավետարանը չի կարող սպասավորվել, ոչ էլ Աստծո Եկեղեցին կարող է շարունակել գոյություն ունենալ առանց դրա։ Քրիստոսն է Իր Եկեղեցու գլուխը, և ոչ թե մարդը, և այդ կապը կարող է պահպանվել ուղղակի և շարունակական հայտնության սկզբունքով միայն։ Դա չի փոխանցվում ժառանգաբար, այն չի կարելի հանձնել հորից որդուն, ոչ էլ սերնդից սերունդ, այլ դա կենդանի, կենսական սկզբունք է, հայտնություն, որը կարելի է վայելել որոշակի պայմաններով միայն, այսինքն՝ բացարձակ հավատքով առ Աստված և հնազանդվելով Նրա օրենքներին ու պատվիրաններին։ Այն պահին, երբ այդ սկզբունքը դադարում է գործել, Եկեղեցին մնում է առանց առաջնորդության, լինելով բաժանված իր հարատև ապրող գլխից։ Նման իրավիճակում նա չի կարող շարունակել մնալ որպես Աստծո Եկեղեցի և կդադարի գոյություն ունենալ, ինչպես նավն առանց նավապետի, կողմնացույցի կամ ղեկի, որը ջրի վրա լողում է հանձնված մշտապես բախվող մարդկային տենչերի և աշխարհիկ շահերի, հպարտության և անմտության փոթորիկներին և ալիքներին, որն ի վերջո խորտակվում և կեղծ քահանայության և սնոտիապաշտության ափ է նետվում։3

Պետք է հասկանալ, որ Աստծո ծառաները իրենց պաշտոններում անմիջական աստվածային ուղեցույց ստանալու իրավունք ունեն, և այդպիսով, իրենց հավատքով նրանք միացնում են աստվածային իմաստությունը, որպես ուղղորդող ուժ, և իրենց ջան քերը, և երբ այդպես են վարվում, ժողովուրդը անհաղթահարելի է դառնում Աստծո ծառայության մեջ իրենց ձեռնարկած գործերում։

Ես իսկապես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսի Ավետարանի յուրաքանչյուր սկզբունք, որը հայտնվել է մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով այս վերջին օրերին, Աստծուց է և ճշմարիտ է, և կմնա հավերժ, և հատկապես իր արժանիության, ինչպես նաև իր ճշմարտացիության շնորհիվ այն չի կարող կործանվել։ Ես գիտեմ դա իմ ողջ էությամբ։ Աստված ինձ կրկնակի անգամ հավաստիացրել է Իր Հոգու ներկայությամբ ու ազդեցությամբ, և իմ հոգում արթնացրած ոգեշնչմամբ, որ պետք է սիրել այն, ինչը բարի է, և հրաժարվել նրանից, ինչը չար է։5

Աստված հայտնում է Իր կամքը մարդկանց այսօր այնքան, որքան պատմության ցանկացած այլ ժամանակաշրջանում։

Վերջին Օրերի Սրբերը … ամբողջ աշխարհին վկայում են, որ Աստված ապրում է և Նա հայտնում է իր կամքը մարդկանց, ովքեր հավատում են Իրեն և ովքեր հնազանդվում են Իր պատվիրաններին այսօր այնքան, որքան ազգերի պատմության մեջ ցանկացած այլ ժամանակահատվածում։ Սուրբ գրությունների ցուցակը չի լրացել։ Աստված որևէ ժամանակաշրջանում երբեք չի հայտնել, որ այլևս դադարելու է խոսել մարդկանց հետ։ Եթե մեզ թույլ է տրվել հավատալ, որ նախկինում նա խոսել է, ապա մենք պետք է հավատանք և հավատում ենք, որ Նա շարունակելու է խոսել, որովհետև Նա անփոփոխ է …

Ի՞նչ է հայտնությունը, եթե ոչ նոր ճշմարտությունների բացահայտում նրա կողմից, ով ամեն ճշմարտության աղբյուրն է։ Ասել, որ չունենք նոր հայտնության կարիքը, հավասարազոր է ասելուն, որ մենք նոր ճշմարտությունների կարիքը չունենք, իսկ դա ծիծաղելի հայտարարություն է։ ճիշտ նույն կերպ մենք կարող ենք ասել, որ հայտնությունները, որոնք Աբրահամը ստացավ, բավական էր մարգարեների համար, որ Ենովքին տրված հայտնությունները բավական էին Նոյի համար, որի առաքելությունն էր կառուցել տապանը և ապաշխարություն քարոզել, կամ Մովսեսին ասված խոսքերը բավական էին բոլոր ժամանակների համար, կամ այն, ինչ Աբրահամը ստացավ, միանգամայն բավական էր իր զավակների համար բոլոր ժամանակներում։ Սակայն դա այդպես չէ։ Չնայած որ Աբրահամն օրհնվեց մեծ խոստումներով, Աստծո խոսքը ետ չպահվեց ոչ նրա որդի Իսահակից, ոչ էլ նրա թոռ Հակոբից։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանք չէին կարող իրականացնել իրենց առաքելությունը՝ հենվելով միայն իրենց հորը և ուրիշներին տրված Տիրոջ խոսքի վրա։ Արդ, ինչպե՞ս կարող էր Հավատարիմների Հայրը կատարել իր գործը Նոյի ստացած հրահանգներով։ Ի՞նչ օգուտ կլիներ Բաղաամին կամ Պողոսին իրենցից առաջ ապրած հայրապետների և մարգարեների միջոցով եկած հայտնություններից։ ճիշտ է դրանք օգտակար էին եղել որպես պատմական ճշմարտություններ կամ դասեր, սակայն դա բավական չէր հատկապես նրանց համար։

Այնպես որ մենք, ժամանակակից մարդիկ, մեծապես կարիքն ունենք մշտական հայտնությունների, որպեսզի մենք ինքներս կարողանանք կատարել մեր առաքելությունը այնպես, որը ընդունելի կլինի մեր Հոր համար, և որպեսզի ավելի լավ կարողանանք իրագործել մեր փրկությունը, ինչպես նաև կարողանանք իմանալ Աստծո կամքը՝ Իր Եկեղեցու, Իր ժողովրդի և Իր նպատակների վերաբերյալ, ժողովուրդների համար։ Սրանք են հայտնության համար գոյություն ունեցող հազարավոր պատճառներից մի քանիսը։6

Աստված հայտնում է Իրեն աշխարհին՝ քահանայության օրինական ձևով հաստատված ուղիներով։

[Ջոզեֆ Սմիթի] միջոցով … Տերը հայտնել է իրեն աշխարհին, և նրա միջոցով Նա ընտրել է Եկեղեցու առաջին երեցներին, այն տղամարդկանց, ովքեր սրտով ազնիվ էին, տղամարդիկ, ովքեր, Նա գիտեր, որ կընդունեն խոսքը և կաշխատեն Ջոզեֆի հետ այս մեծ ու կարևոր գործում. և բոլոր նրանք, ովքեր կարգվել էին Քահանայությանը, և բոլոր նրանք, ովքեր նշանակվել էին այս Եկեղեցու որևէ պաշտոնում, ստացան իրենց իշխանությունը և իրավասությունը Աստծո կողմից հաստատված այդ ուղով, որտեղ գլխավոր դիրքում Զոզեֆն էր։ Սա է կարգը, և չի կարող այլ կերպ լինել։ Աստված չի բարձրացնի մեկ այլ մարգարե և մեկ այլ ժողովուրդ, այդ աշխատանքը կատարելու համար, որին մենք նշանակված ենք եղել։ Նա երբեք չի շրջվի նրանցից, ովքեր կանգնած են եղել ամուր ու հավատարիմ այս գործի հենց սկզբից, և ովքեր դեռևս ամուր և հավատարիմ կմնան, որքան որ արժանի են մնում այդ վստահությանը։ Իմ մտքում երբեք չեմ կասկածել նրանց հավատարմության վրա, որպես մեկ մարմին, քանզի եթե նրանցից ինչ-որ մեկը անարժան լիներ նրա աչքում, Նա կհեռացներ նրան իր տեղից և կկանչեր անդամներից մեկ ուրիշին գրավելու այդ պաշտոնը։7

Այն պահին, երբ մարդն ասում է, որ չի ենթարկվի օրինական հաստատված Եկեղեցու իշխանությանը, լինեն նրանք ուսուցիչներ, եպիսկոպոսներ, բարձրագույն խորհուրդ, Նրա քվորումը կամ Առաջին Նախագահությունը, և իր սրտում պնդում է դա և արտահայտում է դա, այդ պահին նա կտրում է իրեն Քահանայության և Եկեղեցու արտոնություններից և օրհնություններից, և առանձնանում է Աստծո ժողովրդից, քանի որ անտեսում է այն իշխանությունը, որը Տերը հաստատել է Իր Եկեղեցում։ Սովորաբար դրանք այն մարդիկ են, որոնց գլխում երևակայական [տարօրինակ] մտքեր են պտտվում, որոնք ոգեշնչում են ստանում (ներքևից), և ուղղակի հաճախ փափագում են ղեկավարել Եկեղեցին և դատել քահանայությունը։ Մեզ համար, որպես անհատներ, միակ ապահով ուղին, Աստծո առաջ խոնարհ, արդարակյաց և հավատարիմ ապրելն է, որպեսզի ունենանք Նրա Հոգին այնքան, որ կարողանանք արդար ձևով դատել և տարբերել ճշմարտությունը անճշտությունից, ճիշտը սխալից։8

Երբեմն շատ ցավալի է տեսնել, թե ինչպես են Եկեղեցու հարգարժան անդամները, մարդիկ, որոնք պետք է դա ավելի լավ իմանային, թույլ տալիս իրենց դառնալ գայթակղիչ հոգիների գործիքը … Թվում է, մարդիկ դժվարությամբ են ըմբռնում Քահանայության գործերը, դրա օրինական իշխանությունը, դրա գործունեության շրջանակները և զորությունը, սակայն Հոգու լույսի ներքո դա հեշտ է հասկանալ։ Սակայն մարդիկ, որոնք չեն հասկանում դա, հեշտորեն խաբվում են գայթակղիչ հոգիների կողմից, որոնք ամենուր են աշխարհում։ Նրանց հանգեցնում են այն մտքին, որ հավատում են, թե ինչ-որ բան սխալ է, և հաջորդը, հայտնաբերում են, որ հատկապես իրենք են ընտրված ամեն ինչ շտկելու։ Մարդու համար շատ ցավալի է հայտնվել նման ծուղակում, քանզի Վերջին Օրերի Սրբերի համար պետք է հասկանալի լինի, որ քանի դեռ Աստծո ծառաները ապրում են մաքուր կյանքով, պատվում են իրենց շնորհված Քահանայությունը, իրենց գիտելիքով լավագույնս մեծարում են իրենց պաշտոնն ու կոչումը, որն իրականացնելու համար նրանք պատշաճ կերպով ընտրվել են մարդկանց և քահանայության ձայնով, և սրբագործվել են Աստծո հավանությամբ, և քանի դեռ Տերը տեղեկություն ունի հաղորդելու մարդկանց զավակներին, կամ որևէ հրահանգներ տալու Իր Եկեղեցուն, նա կհաղորդի այդ ամենը քահանայության օրինական ձևով հաստատված ուղիներով. նա երբեք չի շրջանցի դա, քանի դեռ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին գոյություն ունի երկրի վրա իր ներկայիս կառուցվածքով։

Չարժէ, որպեսզի ինչ-որ մեկը վեր կենա և հայտարարի, որ ինքը հայտնող է, մարգարե, տեսանող, ոգեշնչված մարդ, և հայտնություն տա Եկեղեցին ղեկավարելու համար, կամ փորձի հրահանգներ տալ Եկեղեցու նախագահող իշխանություններին աշխարհի որևէ մասում, առավել ևս Սիոնի մեջ, որտեղ քահանայության կազմակերպությունները գրեթե կատարյալ են, ուր ամեն ինչ ամբողջական է, մինչև իսկ ճյուղի կազմակերպությունը։9

Աշխարհիկ, ինչպես նաև հոգևոր գործերում Սրբերը կարող են Աստվածային առաջնորդություն և հայտնություն ստանալ, որն անմիջականորեն վերաբերում է իրենց, և իրավունք չի տալիս նրանց ղեկավարել ուրիշներին, և որն ընդունելի չէ, եթե հակասում է Եկեղեցու ուխտերին, վարդապետությանը, կարգուկանոնին կամ հայտնի փաստերին, ապացուցված ճշմարտություններին կամ առողջ դատողությանը։ Ոչ ոք իրավունք չունի դրդել Եկեղեցու անդամ իր ընկերներին՝ ներգրավելով նրանց ֆինանսական գործարքների կամ արժեթղթերի առքուվաճառքի մեջ, որտեղ որևէ տեսակի ռիսկ կա, խաբելու նպատակով հայտարարելով, որ աստվածային հայտնություն կամ տեսիլք է ստացել կամ էլ երազ է տեսել, հատկապես, երբ դա հակասում է հաստատված իշխանության ձայնին, լինի դա տեղական թե բարձրագույն։ Տիրոջ Եկեղեցին «կարգուկանոնի տուն է» [տես ՎևՈւ 132:8]։ Այն ղեկավարվում է ոչ թե անհատական պարգևով կամ հայտնություններով, այլ Սուրբ Քահանայության կարգով և զորությամբ, հաստատվելով Եկեղեցու ձայնով և քվեարկությամբ՝ նշանակված համաժողովների ժամանակ։10

Հայտնության ոգին կարող է միավորել ողջ մարդկային ընտանիքը Աստծո արքայությունում։

Տերն ասել է մեզ հայտնության մեջ Մարգարե Զոզեֆ Սմիթի միջոցով, որ եթե մենք մեկ չենք, մենք Նրանը չենք [տես ՎևՈւ 38.27]։ Նա ասել է, որ մենք պետք է միասնական լինենք։ Մենք պետք է մեկ լինենք։11

Եթե իսկապես գործեինք [Հոգու] ազդեցությամբ և հետևեինք նրա մշտական թելադրանքին, մենք կլինեինք մեկ, մի կողմ կդնեինք վիճաբանությունները, պայքարները և եսասիրությունը, և մեր մերձավորի համար կհոգայինք այնքան եռանդով, որքան մեր իսկ բարիքի համար։ Սակայն դեռևս մեր մեջ տեսնում ենք վեճեր, տարբեր մաքերի և կարծիքների բախումներ, մեկը մտածում է մի ձևով, մյուսը հակառակ ձևով, տարբեր մարդիկ տարբեր լույսի տակ են տեսնում նույն բանը, և այլն։ Ինչո՞ւ է այդպես։ Որովհետև ավետարանի ցանցը հավաքել է տարբեր տեսակի ձկներ, և որովհետև մենք միայն դպրոցականներ ենք, որովհետև մենք սովորել ենք առաջին տառերը Ավետարանի մեծ ծրագրի, այն էլ անկատար ձևով։ Եվ մեր մտքերի ու դատողությունների տարբերության պատճառներից մեկն այն է, որ իբր ոմանք ունեն ավելի մեծ փորձ ու հասկանում են ճշմարտությունը ավելի լավ, քան մյուսները։ Սակայն արդյո՞ք սա ասում է այն մասին, որ ավետարանը, որն ընդունել ենք մենք, չի պարունակում այն սկզբունքները, որոնք անհրաժեշտ են ողջ մարդկությանը ճշմարտության մեջ միավորելու համար։ Ոչ, չի ասում։ Որո՞նք են այն մեծ սկզբունքները, որոնք նախատեսված են ողջ մարդկային ընտանիքը միավորելու համար, և ստիպելու նրանց երկրպագել նույն Աստծուն, ամուր կառչել նույն խորհրդից ու կառավարվել նույն ձայնով։ Դրանք են՝ հայտնության սկզբունքը, Իր ժողովրդին հայտնված Աստծո զորությունը, մարդկանց սրտերում հավատն առ այն, որ Աստծո իրավունքն է՝ կառավարել և թելադրել, և ոչ թե որևէ մարդու իրավունքն է ասել, թե ինչն ինչպես պետք է լինի, և մարդկանցից ամենևին չի պահանջվում կուրորեն հնազանդվել այդ սկզբունքներին, առանց գիտելիքի։12

Թող որ Սրբերը միավորվեն, թող նրանք ականջ դնեն Աստծո ծառաների ձայնին, որը հնչում է իրենց ականջում, թող որ ականջ դնեն նրանք խորհուրդներին և ուշք դարձնեն ճշմարտությանը։13

Ձգտեք ընկերություն անել և միասնական լինել Սուրբ Հոգու հետ։ Թող որ այդ հոգին ջանասիրաբար փնտրեն և փայփայեն ինչպես ամենափոքր և ամենախոնարհ ընտանեկան շրջանակներում, այնպես էլ ամենաբարձր կազմակերպության և քվորումի անդամները։ Թող որ այն ներթափանցի ընտանիքի եղբայրների և քույրերի, ծնողների և երեխաների, ինչպես նաև Առաջին Նախագահության և Տասներկուսի սրտերը։ Թող որ այն մեղմացնի և հարթի Ցցերի Նախագահությունների և Բարձրագույն Խորհուրդների անդամների, ինչպես նաև միևնույն ծխում ապրող հարևանների միջև եղած բոլոր տարբերությունները։ Թող որ այն միավորի երիտասարդներին և ծերերին, տղամարդկանց և կանանց, հոտը և հովիվը, ժողովրդին և Քահանայությանը երախտագիտության, ներողամտության և սիրո կապերով, այնպես որ Իսրայելը կարողանա զգալ Տիրոջ հավանությունը, և որպեսզի մենք բոլորս կարողանանք գալ Նրա առաջ բոլոր մարդկանց հանդեպ մաքուր խիղճ ունենալով։ Այն ժամանակ չի լինի ոչ մի հիասթափություն օրհնությունների առումով, որոնք խոստացված են նրանց, ովքեր անկեղծորեն երկրպագում են Նրան։ Նրանց կտրվեն Սուրբ Հոգու քաղցր հուշումները և Երկնքի գանձերը, հրեշտակների հաղորդակցությունը, կավելացվի ժամանակ առ ժամանակ, քանզի Նա խոստացել է դա և այն չի կարող չկատարվել։14

Ուսումնական առաջարկություններ

  • Ի՞նչ է հայտնությունը։ Ի՞նչ է նշանակում ասել, որ հայտնությունը «կենդանի, կենսական սկզբունք է»։

  • Ի՞նչ կպատահի Եկեղեցու հետ առանց ուղղակի և շարունակական հայտնության։

  • Ինչպիսի՞ նշանակություն ունի մեզ համար, որ սուրբ գրությունների ցուցակը դեռևս չի լրացել։ Ինչպե՞ս կարող ենք պատրաստել մեր սրտերը քահանայության հաստատված ուղիներով հետագա հայտնությունն ընդունելուն։

  • Ինչո՞ւ էր շարունակական հայտնությունը կարևոր այն մարգարեների ժամանակներում, ինչպիսիք էին Նոյը և Մովսեսը։ Որո՞նք են այսօր կենդանի մարգարե ունենալու օրհնությունները: Ինչպե՞ս է ապրող մարգարեն օգնում մեզ հաղթահարել մեր օրերի դժվարությունները:

  • Ինչո՞ւ պետք է Եկեղեցու համար հայտնությունը գա քահանայության հաստատված ուղիներով: Թեպետ անհատները «կարող են Աստվածային առաջնորդություն և հայտնություն ստանալ, որն անմիջականորեն վերաբերում է իրենց», ինչո՞ւ դա նրանց իրավունք չի տալիս ղեկավարել ուրիշներին: (Տես նաև ՎևՈւ 42.11:)

  • Ինչպե՞ս են Եկեղեցու անդամները երբեմն մոլորության մեջ ընկնում քահանայության իշխանության իրենց հասկացողությամբ: Ինչպե՞ս կարող են անդամները խուսափել այդ ձևով խաբվելուց:

  • Ինչպե՞ս կարող են ամբողջ աշխարհում Եկեղեցու անդամները միավորվել և դառնալ մեկ նպատակով և ճշմարտությամբ: Ինչպե՞ս է Սուրբ Հոգու ազդեցությունը հնարավորություն տալիս մեզ ավելի միավորված լինել: Ինչո՞ւ է կարևոր, որ մենք մեկ լինենք: (Տես նաև ՎևՈւ 38.27:)

Հղումներ

  1. In Conference Report, Oct. 1918, 2.

  2. “President Joseph F. Smith on Revelation,” Millennial Star, 6 Apr. 1905, 222.

  3. Gospel Doctrine, 5th ed. (1939), 104–5.

  4. “President Joseph F. Smith on ‘Mormonism,’ ” Millennial Star, 19 June 1902, 387–88.

  5. In Conference Report, Apr. 1909, 6.

  6. “Editor’s Table: Modern Revelation,” Improvement Era, Aug. 1902, 805–7; paragraphing added.

  7. Gospel Doctrine, 42.

  8. Gospel Doctrine, 45.

  9. Gospel Doctrine, 40–41.

  10. In James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. (1965–75), 4:285–86.

  11. Deseret News (weekly), 13 Aug. 1884, 466.

  12. Deseret News (weekly), 6 Mar. 1867, 74.

  13. Gospel Doctrine, 261.

  14. In Messages of the First Presidency, 3:244.

Նկար
Swiss German Mission

Նախագահ Զոզեֆ Ֆ. Սմիթը Շվեյցարական Գերմանական Միսիայի միսիոներների և անդամների հետ, 1910թ. օգոստոսին։ Նախագահ Սմիթը խորհուրդ տվեց Սրբերին լինեն միասնական և «ականջ դնեն Աստծո ծառաների ձայնին, որը հնչում է իրենց ականջում» (Gospel Doctrine, 261)։