Նախագահների ուսմունքները
Գլուխ 44: Պատրաստվել Քրիստոսի Երկրորդ Գալուստին


Գլուխ 44

Պատրաստվել Քրիստոսի Երկրորդ Գալուստին

Մենք հավատում ենք Փրկչի, Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին, որը բարձրացավ երկինք և կրկին, կգա՝ կառավարելու որպես Թագավորների Թագավոր և Տերերի Տեր:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը զորավոր վկայություն էր բերում Փրկչի Երկրորդ Գալուստի իրականության մասին: Նա խորհուրդ էր տալիս Սրբերին՝ ուսումնասիրել Աստծո մարգարեների խոսքերը Երկրորդ Գալուստի վերաբերյալ և պատրաստվել այդ իրադարձությանը մեծարելով իրենց ուխտերը: Նա ուսուցանում էր, որ «Եկեղեցին Փրկչի երկրորդ գալուստի հատուկ նախակարապետն է»1 և պատրաստում է երկիրը Նրա հազարամյա կառավարման համար: Փրկչի գալուստը «հեռու չէ,- հայտարարել է Նախագահ Սմիթը,- թանի որ նրա գալուստի նշաններն այժմ շատ ակներև են»: Նա և Առաջին Նախագահության մյուս անդամները հորդորում էին Սրբերին «տքնել Աստվածավախությամբ, որպեսզի երբ Նա գա, կարողանանք լինել Նրա սուրբ շրջապատում: Քանզի Նա կգա ամպերի մեջ և կփրկի Իր սրբերին, մինչ Նրա հրեշտակները կհնձեն երկիրը և կմաքրեն այն մեղքից»:2

Հույսի և ուրախության ոգով Նախագահ Սմիթն ասել է. «Սխալների ամպերը, որ ծածկել էին քրիստոնեական աշխարհը թյուր կարծիքների և վիճաբանությունների այս դարերի ընթացքում, ցրվում են և լայն տեսադաշտ է բացվում տեսնելու Մեծ Հազարամյակի արագ գալուստը, որը կանխատեսել էին անցյալի բոլոր ոգեշնչված մարգարեները: Մենք շնորհավորում ենթ ամբողջ աշխարհին այդ հազարամյակի օրվա լուսաբացի պայծառության և փառքի համար, և իր ճառագայթները ամբողջ երկրի վրա տարածելու համար»:3

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Աստծո մարգարեները կանխատեսել են Քրիստոսի Երկրորդ Գալուստի նշանները:

Ինչ վերաբերում է … Աստծո դատաստանին, որը պատրաստ է թափվելու ազգերի վրա, եթե մարդիկ … կարդան մարգարեների կանխատեսումները այդ մասին, հատկապես նրանք, որ հիշատակվել են Մորոնի հրեշտակի կողմից Ջոզեֆ Սմիթ Մարգարեի հետ խոսելիս, երբ այս ժամանակաշրջանը բացվեց, կարծում եմ լիովին կբավարարվեն և կհավաստիանան, եթե ինչ-որ չափով հավատք ունեն, որ այդ գալիք դատաստանները լոկ խորհրդածության կամ ենթադրության, կամ էլ հեռավոր դարերից եկած ավանդության արդյունք չեն, այլ դա փաստ է կամ շուտով կլինի, երբ Աստված ի կատար ածի Իր ծրագրերը աշխարհի ամբարիշտների և անաստվածների դեմ: Քանզի ոչ միայն մարգարեներն ու ոգեշնչված մարդիկ են հայտարարել այդ բաները, այլ այդ մասին հայտարարվել է Տիրոջ ձայնով և Աստծո ներկայությունից ուղարկված սուրբ սուրհանդակների կողմից, ինչպես ներկա, այնպես էլ հին ժամանակներում:

Մորոնի Հրեշտակը, որը այցելեց Ջոզեֆ Սմիթին 1823թ. սեպտեմբերի 21-ին, այդ դատաստանների մասին սուրբ գրություններ վկայակոչեց, և հայտարարեց, որ մարգարեների կանխատեսումները դեռևս չեն կատարվել, այլ կկատարվեն այս ժամանակաշրջանում, և դրանց կատարման սկիզբն արդեն առձեռն է, այսինքն՝դռան մոտ: Այդ մեջբերումների մեջ ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել Մաղաքիայի երրորդ գլխի վրա. «Ահա, ես ուղարկում եմ իմ դեսպանը, որ ճանապարհ պատրաստէ իմ առաջին», և այլն: «Եվ ով է նորա գալու օրը տանողը, և ով է նորա երևալու ժամանակին կանգնողը, որովհետև նա հալեցնողի կրակին պես է, և թափիչների օճառին պես, Եվ նա նստելու է ինչպես արծաթ հալեցնող և մաքրող» և այլն: «Եվ ես կմոտենամ ձեզ դատաստանի համար, և ես ժիր վկա կլինեմ կախարդների ու շնացողների և սուտ երդում անողների դեմ. նաև վարձկանի վարձը, որբևայրիին և որբին զրկողներին, և օտարականին ճնշողներին, որոնք ինձանից չեն վախենում, ասում է Ջորաց Տերը»: [Մաղաքիա Գ.1–3, 5:]

Եվ դարձյալ, Մաղաքիա, 4-րդ գլուխ, որն ամբողջությամբ կրկնեց Մորոնին. «Որովհետև ահա գալիս է այն օրը, որ վառուած է թոնրի պես, և բոլոր գոռոզներն ու չարագործները յարդի պես են լինելու. և նորանց պետք է այրէ այն նկող օրը, ասում է Ջորաց Տերը, որ նորանց համար արմատ և ոստ պիտի չթողէ»: [Մաղաքիա Դ.1:] Բացի այդ, Մորոնին վկայակոչեց Եսայիայի 11-րդ գլուխը, որտեղ այդ մասին մենք գտնում ենք հետևյալ խոսքերը. «Այլ արդարությամբ կդատե աղքատներին, և ուղղությամբ կհանդիմանէ երկրի խոնարհների մասին. և երկրին կզարկե իր բերանի գավազանովր, և իր շրթունքների հոգովը կմեռցնէ ամբարշտին»: [Եսայիա ԺԱ.4:]

Դարձյալ, Գործք Առաքելոց 3-րդ գլուխ, 22 և 23 հատվածները մեջբերվեցին Մորոնիի կողմից ճիշտ այնպես, ինչպես դրանք գրված են Նոր Կտակարանում. «Ձեր Տեր Աստվածը մարգարե վեր կկացնե ձեզ համար … նորան լսեցեք ամեն բանի համար՝ ինչ որ խոսի ձեզ: Եվ կլինի, որ ամեն անձ, որ այն մարգարեին չլսե, նա ժողովրդի ժիջիցը թող սատակուի»: Ինչպիսի ուժեղ և տեղին ասված խոսքեր են: Մորոնին հայտարարել է, որ այս մարգարեն Քրիստոսն է իր երկրորդ գալուստի ժամանակ, որ այդ սուրբ գրությունը դեռևս չի կատարվել, սակայն կկատարվի, երբ Մարդու Որդին գա, որպեսզի թագավորի երկրի վրա և դատի աշխարհը: Մորոնին նաև մեջբերել է Հովելից, 2-րդ գլխի 28 և 32 հատվածները, հայտարարելով, որ այս սուրբ գրությունը ևս պետք է շուտով կատարվի. «Եվ նշաններ պիտի տամ երկնքումը ու երկրիս վրա, արյուն և կրակ և ծուխի սյուներ, և այլն: Եվ պիտի լինի, որ ամեն ով որ կանչէ Տիրոջ անունը, կփրկուի. որովհետև Սիոն սարի վերա և Երուսաղեմումը փրկություն կլինի՝ Տիրոջ ասածին պես. և այն մնացորդների վրա, որոնց Տերը կկանչէ»: [Տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.36–41:]

Արդ, ինձ թվում է՝ այն, որ մենք չենք թողնվել հենվելու հայրերի ավանդությունների, լոկ գրված խոսքի, կամ էլ այդ կանխատեսումները ստուգելու անհուսալի միջոցների վրա, ոչ մի դեպքում չի նվազեցնում մեր հետաքրքրությունը այդ կենսական կարևոր հարցի կամ նրա կարևորության հանդեպ, այլ ավելի շուտ մեր հետաքրքությունն է արթնացնում այն փաստը, որ երկնային հրեշտակը, Աստծո ներկայությունից ուղարկված իրական սուրհանդակը, կրկնեց հենց այս կանխատեսումները երկրի վրա գտնվող այս սերնդի մարդուն:

Մարդիկ ենթադրում են, թե հրեշտակի կողմից վկայակոչված այս սուրբ գրության հատվածներից մի քանիսը կատարվել են հին առաքյալների օրերին: Այսինքն, աշխարհը տգիտության մեջ էր այդ առումով: Ինչևէ, այս հարցի շուրջ բոլոր անորոշությունները պարզվել են, և ճշմարտությունը դարձել է հստակ բոլորի համար: Քանզի Մորոնին հայտնեց Ջոզեֆ Սմիթին, որ այդ սուրբ գրությունները չեն կատարվել, սակայն արդեն եկել է ժամանակը, որ դրանք կատարվեն՝ ամեն գիրը, և Քրիստոսի գալուստը, դատաստանների կատարումը, վերջին խաղաղ թագավորության հաստատումը, որի մասին այնտեղ խոսվում է, պետք է իրականանան այս ժամանակաշրջանում: Երկրի ամբարիշտ ազգերի իշխանությունը կկործանվի: Գահեր կսասանվեն, թագավորություններ կընկնեն, մինչդեռ Սիոնը կբարձրանա և կփայլի, կհագնի իր գեղեցիկ հանդերձները, կհագնի զորություն, իմաստություն, մեծություն և իշխանություն երկրի վրա: Բաբելոնը կընկնի, որպեսզի այլևս չբարձրանա:4

Արդարակյացները ուշք կդարձնեն նշաններին և կպատրաստվեն Փրկչի գալուստին:

Շատ հրաբուխների ժայթքումները, երկրաշարժերը և մակընթացության ալիքները … այն նշաններն են, որ ինչպես Փրկիչն էր ասել, կնախորդեն իր երկրորդ գալուստին, թեև նա ասել էր, որ գալու է ինչպես գողը գիշերով, թեպետ նա տվել է որոշակի նշաններ, որոնք այնպես հաստատապես ցույց կտան նրա գալուստը, ինչպես ծառերի ծաղկելը՝ ամռան գալուստը: Իմաստուններն ու խելամիտները ուշադրություն կդարձնեն այդ զգուշացմանը և կպատրաստվեն, որպեսզի հանկարծակիի չգան: ժամանակների նշանների մեջ իր նշանակությամբ վերջինը չէ այն նշանը, որ ավետարանը կքարոզվի աղքատներին, ի վկայություն բոլոր ազգերին:5

Վերջին Օրերի Սրբերը …հավատում են Սուրբ Գրքերի այն հաստատմանը, որ աղետներ կգան ազգերի վրա՝ որպես Քրիստոսի դատաստանի մոտենալու նշաններ: Նրանք հավատում են, որ Աստված ղեկավարում է կրակով, երկրաշարժով, մակընթացություններով, հրաբխային ժայթքումներով և փոթորիկներով: Նրանք ընդունում են Նրան, որպես բնության Տեր ու Կառավարիչ, և նրա օրենքները, և բացահայտորեն ընդունում են Նրա ձեռքը ամեն բանում: Մենք հավատում ենք, որ Նրա դատաստանները կթափվեն, որպեսզի մարդիկ գիտակցեն Նրա զորությունն ու Նրա նպատակները, որպեսզի նրանք կարողանան ապաշխարել իրենց մեղքերից և պատրաստվեն Քրիստոսի երկրորդ գալստին, որը կգա արդարությամբ կառավարելու երկիրը:

Մենք հաստատապես հավատում ենթ, որ Սիոնը, որը սրտով մաքուրներն են, խույս կտա, եթե պահի այն ամենը, ինչը Աստված կպատվիրի, այլապես անգամ Սիոնի վրա կգան «դառը չարչարանքներ, ժանտախտ, պատուհաս, սուր, վրեժխնդրություն, լափող կրակ» (Վարդապետություն և Ուխտեր 97.26): Այս ամենը կլինի, որպեսզի նրա մարդիկ սովորեն քայլել ճշմարտության լույսի մեջ և իրենց փրկության Աստծո ճանապարհով:

Մենք հավատում ենք, որ այդ սոսկալի, բնական աղետները կգան մարդկանց վրա Տիրոջ կողմից, հօգուտ իր զավակների, որպեսզի արթնացնի նրանց լինել նվիրված ուրիշներին, զարգացնել իրենց մեջ եղած լավը, որպեսզի նրանք սիրեն ու ծառայեն Նրան: Մենք հավատում ենք, որ դրանք Նրա վերջին դատաստանի ազդարարներն ու նշաններն են, և ուսուցիչները, որպեսզի սովորեցնեն մարդկանց արդարակյաց կյանքով պատրաստվել Փրկչի գալուստին, որ կգա կառավարելու երկիրը, երբ ամեն ծունկ կծալվի և ամեն լեզու կխոստովանի, որ Հիսուսը Քրիստոսն է:

Եթե այդ դասերը ազդեցություն թողնեն մեզ վրա և մեր երկրի մարդկանց վրա, չարչարանքները, կյանքի ու չարքաշ աշխատանքի պտուղների կորուստը, տխուր, մեծ ու սարսափելի, ապարդյուն չեն լինի:6

Ես … վկայում եմ, որ եթե Վերջին Օրերի Սրբերը չապրեն իրենց կրոնով, չպահեն Աստծո և իրենց եղբայրների հետ կապած իրենց ուխտերը, չմեծարեն քահանայությունը, որն իրենք կրում են, և չփորձեն հավատարմորեն ենթարկվել Աստծո օրենքներին, ապա նրանք կլինեն առաջինը, որ կընկնեն դատաստանի տակ, քանի որ Նրա դատաստանը կսկսվի իր տնից:

Հետևաբար, նրանք, ովքեր ուխտ են կապել Տիրոջ հետ մկրտությամբ, և խախտել են այդ ուխտը, ովքեր հայտարարում են, որ սուրբ են և սուրբ չեն, այլ մեղավորներ և ուխտադրուժներ, և Բաբելոնի մեղքերի մասնակիցներ, անկասկած «կընդունեն դրա պատուհասիցը», քանզի գրված է, որ արդարները դժվարությամբ խույս կտան [տես Հայտնություն ԺՈ.4; ՎևՈւ 63:34]: Սա է իմ վկայությունը այդ ամենի վերաբերյալ: Մենք ապավինում ենք Տիրոջ խոսքին այս բաներում, և ոչ թե մարդու խոսքին, քանի որ ոչ միայն հրեշտակները, այլ Ամենազոր Աստված է խոսել երկնքից այս մեր դարաշրջանում, և մենք գիտենք, որ Նրա խոսքը ճշմարիտ է:

Այն, որ մենք որպես ժողովուրդ կարողանանք պատրաստվել ոչ միայն դատաստանին, այլ մեր Տիրոջ փառքին ու գալուստին, որպեսզի կարողանանք խույս տալ աղետներից, որոնք կթափվեն ամբարիշտների վրա, և հավատարիմ ծառայի գովասանքին արժանանանք, և արժանի համարվենք կանգնելու Տիրոջ ներկայության մեջ իր փառահեղ արքայությունում, սա է իմ աղոթքը:7

Մենք լսում ենք վտանգավոր ժամանակներում ապրելու մասին: Մենք ապրում ենք վտանգավոր ժամանակներում, սակալն ես չեմ զգում այդ ահաբեկության սարսափը: Սարսափն ինձ համար չէ: Ես մտադիր եմ ապրել այնպես, որ այն չտիրի ինձ: Ես մտադիր եմ ապրել այնպես, որ պաշտպանված լինեմ աշխարհի չարից, եթե ինձ համար հնարավոր լինի այդպես ապրել, հնազանդվելով Աստծո պատվիրաններին և նրա օրենքներին, որոնք հայտվել են դրանցով ղեկավարվելու համար: Կարևոր չէ, թե ինչ կպատահի ինձ հետ, եթե ես մնում եմ իմ պարտականությունները կատարելու գծի վրա, եթե գտնվում եմ Աստծո հետ շփման մեջ, եթե արժանի եմ իմ եղբայրների հետ շփվելուն, եթե կարողանում եմ անբիծ կանգնել աշխարհի առաջ, անարատ, զանց չառնելով Աստծո օրենքները, ի՞նչ նշանակություն ունի ինձ համար, թե ինչ կպատահի ինձ հետ: Ես միշտ պատրաստ եմ, եթե հասկացողության և վարքի այս շրջանակներում եմ: Դա ամենևին էլ կարևոր չէ: Հետևաբար, ես չեմ անհանգստանում, ոչ էլ զգում եմ վախի սոսկումը:

Տիրոջ ձեռքը բոլորի վրա է, և ամեն ինչում ես ընդունում եմ նրա ձեռքը: Ոչ թե նրանում, որ մարդիկ պատերազմում են, ոչ թե նրանում, որ ազգերը փորձում են կործանել ազգերին, ոչ թե նրանում, որ մարդիկ դավեր են նյութում իրենց ընկերների ազատությունների դեմ, ոչ մի նման բանում, սակայն Աստծո ձեռքը չի կարճացել: Նա կհսկի դրանցից բխող արդյունքները: Նա կիշխի նրանց վրա այնպես, որ դուք և ես այսօր չենք հասկանում, կամ չենք տեսնում, այն, ի վերջո, վերածելով բարիքի:8

Ավետարանին հնազանդվելը կպատրաստի աշխարհին Փրկչի գալուստին:

Ավետարանին հնազանդվելը կփրկի աշխարհը մեղքից, կվերացնի պատերազմը, կռիվն ու վեճը, և կնպաստի հազարամյակի թագավորության մուտք գործելուն: Այն կվերադարձնի երկիրն իր օրինական տիրոջը և կպատրաստի այն արդարների ժառանգության համար: Սրանք բոլորը Քրիստոսի Ավետարանի սկզբունքներն են, և այն հետևանքները, որոնց կհանգեցնի մարդկանց կողմից դրանք ճանաչելն ու ընդունելը:9

Ավետարանը փրկություն է, և առանց դրա ոչինչ գին չունի: Մենք մերկ ենք գալիս աշխարհ և նույն ձևով կգնանք այստեղից: Եթե շահեինք աշխարհի կեսն անգամ, դա չէր օգնի ոչ կյանքն ավելացնել այստեղ, ոչ էլ գալիք հավերժական կյանքը երաշխավորել: Սակայն ավետարանը սովորեցնում է մարդկանց լինել խոնարհ, հավատարիմ, ազնիվ և արդարակյաց Տիրոջ առաջ և միմյանց հանդեպ, և որքանով որ կկատարվեն ավետարանի սկզբունքները, այնքանով էլ խաղաղությունն ու արդարությունը կտարածվեն և կհաստատվեն երկրի վրա, և մեղքը, հակառակությունը, արյունահեղությունն ու ամեն տեսակի ապականությունը կդադարեն, երկիրը կմաքրվի և պիտանի կդառնա երկնային էակների բնակության և մեր Տեր Աստծո գալու և այնտեղ բնակվելու համար, ինչպես և կլինի Հազարամյակի ժամանակ:10

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին … իր առաքելության մասն է համարում ճանապարհ պատրաստել Աստծո Որդու փառավոր գալստի համար, որպեսզի թագավորի երկրի վրա և բնակվի Իր ժողովրդի հետ: Որպես նախապատրաստական այդ աշխատանքի մի մաս, Սրբերը հավատում են, որ Իսրայելը, որն այնքան երկար ցրվել է երկրի ազգերի մեջ, կհավաքվի միասին և կվերականգնվի այն հողերում, որոնք խոստացվել են իրենց հայրերին որպես հավիտենական ժառանգություն ….

… Նրանք, ովքեր ընդունել են Ավետարանը երկրի վրա … կմասնակցեն Աստծո նպատակների իրականացմանը: Նրանք կտքնեն Նրա հետ միասին իրագործելու ոչ միայն իրենց փրկությունը ժամանակի և հավերժության մեջ, այլ ողջ Իսրայելի և հեթանոսների փրկությունը, որոնք կընդունեն Ավետարանը: Նրանք կլինեն հին մարգարեությունների կատարողները: Եսայիան Աստծո ոգեշնչման լույսի մեջ տեսավ նրանց և նրանց գործերը, երբ բարձրաձայն աղաղակեց. «Եվ կլինի օրերի վերջին, որ հաստատ կլինի Տիրոջ տան սարը՝ սարերի գլխին և կբարձրանա բլուրներիցը. և հորդելով նրա մոտ կգնան բոլոր ազգերը» (Եսայիա Բ.2–3): Նրանց մասին էր ասում Երեմիան, երբ կրկնում էր Աստծո խոստումը Իսրայելին, որը կկատարվի վերջին օրերին. «Ես ձեզ կառնեմ՝ քաղաքից մեկին, և ազգատոհմից՝ երկուսին, և ես ձեզ կտանեմ Սիոնը: Եվ ձեզ հովիվներ կտամ՝ իմ սրտի համեմատ, և նորանք կհովուեն ձեզ գիտությունով և իմաստությունով» (Երեմիա Գ.14–15):11

Տերը … հրաման է արձակել, որը, ըստ Նրա խոսքերի, Իր ժողովուրդը պետք է իրագործի. որ հենց այդ ժամից նրանք կսկսեն հաղթել իրենց բոլոր թշնամիներին, և որքան նրանք կշարունակեն հավատարմորեն պահել Նրա օրենքները, որ Նա տվել էր Իրենց, հրամանագրվել է, որ նրանք կհաղթեն, մինչև իրենց բոլոր թշնամիները կհպատակեցվեն, կհպատակեցվեն ոչ թե բռնությամբ, կամ կռվի ոգով, կամ էլ պատերազմով, այլ կհպատակեցվեն հավերժական ճշմարտության զորությամբ, Ամենազոր Աստծո մեծությամբ ու զորությամբ … Արդարակյացների և Աստծո արդար ուխտյալ ժողովրդի աճող զորությունը կմեծացվի և կավելացվի, մինչև որ աշխարհը կխոնարհվի և կընդունի, որ Հիսուսը Քրիստոսն է, և որ կա ժողովուրդ, որը պատրաստվում է մեկ անգամ ևս Նրա աշխարհ գալուն, որը կլինի զորությամբ ու փառքով [տես ՎևՈւ 103.5–8]:12

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին պարտիզանական եկեղեցի չէ: Դա աղանդ չէ: Դա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին է: Դա այսօր աշխարհում գոյություն ունեցող միակ եկեղեցին է, որը կարող է օրինական ձևով կրել և կրում է Հիսուս Քրիստոսի անունը և նրա աստվածային իշխանությունը: Ես կատարում եմ այս հայտարարությունը ամենայն պարզությամբ և ազնվությամբ ձեր և ամբողջ աշխարհի առաջ, որքան էլ որ դառը լինի այդ ճշմարտությունը նրանց համար, ովքեր հակառակվում են մեզ և ովքեր պատճառ չունեն նման հակառակության համար: Այնուամենայնիվ դա ճիշտ է և մնում է ճիշտ, մինչև որ նա, որի իրավունքն է կառավարել երկրի ազգերի և Աստծո զավակների մեջ ողջ աշխարհում, կգա և կվերցնի կառավարման ղեկը և կընդունի հարսնացուին, որը պատրաստ կլինի Փեսացուի գալուն:13

Ուսումնական առաջարկություններ

  • Ինչո՞ւ է մեզ համար կարևոր, որ Աստծո մարգարեները «ինչպես ներկա, այնպես էլ հին ժամանակներում» կանխատեսել են Փրկչի Երկրորդ Գալուստը:

  • Ի՞նչ նպատակով են մեզ տրվել Երկրորդ Գալուստի նշանները: Ո՞վ կհասկանա դրանք որպես Փրկչի գալու նշաններ: Ինչպե՞ս կարող ենք կիրառել այդ նշանների մասին տեղեկությունը մեր կյանքում:

  • Ինչպե՞ս կարող են բնական աղետները լինել «հօգուտ [Աստծո] զավակների»: Ինչպե՞ս պետք է արձագանքենք, երբ դրանք մեզ վրա գան:

  • Ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի կարողանանք «խույս տալ աղետներից, որոնք կթափվեն ամբարիշտների վրա»:

  • Ի՞նչ օրհնություններ կգային աշխարհ, եթե մարդիկ հնազանդվեին ավետարանի սկզբունքներին:

  • Ինչպե՞ս է Աստված «հսկում» չարից բխող արդյունքները, դրանք «ի վերջո վերածելով բարիքի»:

  • Ինչպե՞ս Սրբերը ի վերջո կհպատակեցնեն իրենց բոլոր թշնամիներին:

  • Ինչո՞ւ է Երկրորդ Գալուստը և «մեծ» և «ահեղ» օր (ՎևՈւ 110.16):

  • Ի՞նչ կարող է մեզանից յուրաքանչյուրը անել, որպեսզի օգնի պատրաստել աշխարհը Փրկչի Երկրորդ Գալստին:

Հղումներ

  1. In James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. (1965–75), 4:154.

  2. In Messages of the First Presidency, 3:287.

  3. In Messages of the First Presidency, 4:294.

  4. In Conference Report, Apr. 1880, 95–96; paragraphing added.

  5. In Messages of the First Presidency, 4:132.

  6. Gospel Doctrine, 5th ed. (1939), 55.

  7. In Conference Report, Apr. 1880, 96.

  8. Gospel Doctrine, 89.

  9. Deseret News: Semi-Weekly, 19 Feb. 1878, 1.

  10. Gospel Doctrine, 84–85.

  11. “President Joseph F. Smith on ‘Mormonism,’ ” Millennial Star, 19 June 1902, 385–86.

  12. In Conference Report, Apr. 1902, 2.

  13. Gospel Doctrine, 137.

Նկար
the Second Coming

Երկրորդ Գալուստը, Հենրի Անդերսոնի: Վերջին Օրերի Սրբերը հավատում են, որ Փրկիչը, Հիսուս Քրիստոսը, կրկին կգա աշխարհ զորությամբ և մեծ փառքով: