Նախագահների ուսմունքները
Գլուխ 24: Աջակցել նրանց, ովքեր կանչված են նախագահելու


Գլուխ 24

Աջակցել նրանց, ովքեր կանչված են նախագահելու

Մենք պետք է խոսքով և գործով պատվենք ու աջակցենք քահանայության մեր ղեկավարներին, ովքեր կանչված են նախագահելու:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն աջակցել է քահանայության իր ղեկավարներին իր ողջ սրտով և իր գործերով: Բազմիցս են նրա գործերում արձագանքել Նեփիի հավատարիմ խոսքերը. «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է» (1 Նեփի 3.7):

1873թ. հոկտեմբերին Նախագահ Բրիգամ Յանգը կրկին կանչեց նրան միսիայում ծառայելու: Ջոզեֆ Ֆ. Սմիթն այդ ժամանակների մասին ասել է. «Ես կանչվեցի միսիայում ծառայելու, երբ արդեն չորս տարի աշխատել էի մի հողակտորի վրա և ինձ անհրաժեշտ էր մեկ տարի ևս մնալ այնտեղ, որպեսզի իրավունք ձեռք բերեի այդ հողի վրա: Սակայն Նախագահ Յանգն ասաց, որ կցանկանար, որպեսզի ես գնայի Եվրոպա միսիայի, և հետևեի այնտեղի միսիային: Ես նրան չասացի. «Եղբայր Յանգ, ես չեմ կարող գնալ, ես հողատարածքի տեր եմ դառնում և եթե գնամ, ես կզրկվեմ դրանից»: Ես ասացի Եղբայր Յանգին. «Շատ լավ, Նախագահ Յանգ, երբ կուզենաք, որ մեկնեմ, ես կմեկնեմ: Ես պատրաստ եմ հնազանդվել իմ ղեկավարի կանչին»: Եվ ես գնացի: Ես կորցրեցի հողատարածքը, և երբեք չդժգոհեցի: Ես երբեք Եղբայր Յանգին չմեղադրեցի, որ նա դրանով իսկ կողոպտեց ինձ: Ես զգում էի, որ ներգրավված եմ մի ավելի կարևոր գործում, քան 65 հեկտար հող ստանալը: Ես ուղարկվել էի երկրի ազգերին հայտարարելու փրկության ուղերձը: Ես կանչվել էի Աստծո իշխանությամբ, և չէի դադարում ինձ և իմ փոքր իրավունքներն ու արտոնությունները հարգեր Կանչվելուն պես ես գնացի, և Աստված աջակցեց և օրհնեց ինձ դրանում»:1

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Մենք բարձրացնում ենք մեր ձեռքը որպես ուխտի նշան՝ ի պաշտպանություն և աջակցություն մեր ղեկավարների:

Իմ կարծիքով Եկեղեցու համաժողովներում կատարած ամենակարևոր գործերից մեկն այն է, որ մենք բարձրացնում ենք մեր ձեռքը Տիրոջ առաջ՝ ի աջակցություն Եկեղեցու և նրա կազմակերպության իշխանությունների, այն կառուցվածքով, ինչպես որ այն գոյություն ունի: Սակայն այդ կարևոր բանը ոմանց համար փոքր նշանակություն ունի: Այլ խոսքով, ոմանք իրենց ձեռքերը բարձրացնելով և Եկեղեցու իշխանություններին իրենց աջակցությունը հայտնելուց հետո հեռանում են և այլևս չեն մտածում այդ մասին և որոշ առումով գործում են այնպես, ասես սոսկ ինչ-որ ընդունված կարգ են պահել, որին չարժե որևէ կարևորություն տալ: Ես համարում եմ, որ դա սխալ մոտեցում է … Նրանք, ովքեր ուխտել են պահել Տիրոջ պատվիրանները, և ապա դրժում են այդ ուխտը թերանալով պահել այդ պատվիրանները, ոչնչով չեն տարբերվում նրանցից, ովքեր բարձրացնում են իրենց ձեռքը ի պաշտպանություն և ի աջակցություն Եկեղեցու իշխանությունների, և ապա թերանում են կատարել դա: Երկու դեպքում էլ սկզբունքը նույնն է. դա մեր կապած ուխտի դրժումն է:2

Մեծ չարիք է Ամենազորի ներկայությամբ ձայն տալ՝ ի աջակցություն Եկեղեցու իշխանություններին և ապա հեռանալ և հակառակ խոսել ու ոտնակոխ անել նրանց տված խորհուրդները: Տերը կդատի նրանց դրա համար:3

Կարևոր պարտականություն է դրված Սրբերի վրա իրենց ձայնը տալ ի աջակցություն Եկեղեցու իշխանությունների, կատարելով դա ոչ միայն ձեռք բարձրացնելով, ինչպես ընդունված կարգ, այլ գործով և խոսքով: Երբեք չպետք է ոչ մի օր անցնի առանց աղոթքի, երբ Եկեղեցու բոլոր մարդիկ բարձրացնում են իրենց ձայնն առ Տերը՝ Նրա ծառաների համար, ովքեր դրվել են նախագահելու իրենց վրա … Այդ մարդկանց անհրաժեշտ է մարդկանց հավատը, որ աջակցի իրենց, որ իրենց բեռը թեթևանա, որ ուժեղ դառնան Տիրոջով …

… Տիրոջ պատվիրանն է հավաքվել միասին … աջակցել Եկեղեցու իշխանություններին, այդպիսով նորացնելով մեր ուխտը պաշտպանել Աստծո Իշխանությանը, որը Նա հաստատել է երկրի վրա՝ երկրի վրա Իր Եկեղեցին կառավարելու համար: Եվ ես խոսք չեմ գտնում շեշտել, թե որքան կարևոր է Վերջին Օրերի Սրբերի համար խոսքով և գործով պատվել և աջակցել Սուրբ Քահանայության իշխանությունը, որը կանչված է նախագահելու: Այն պահին, երբ անդամի մեջ մտնում է Եկեղեցու օրինական իշխանություններին չաջակցելու ոգին, այդ պահին նրան համակում է ապստամբության և տարաձայնության ոգին, և եթե նա թույլ տա այդ ոգուն խորը արմատներ գցել իր մտքում, այն ի վերջո կտանի նրան դեպի խավար և ուրացություն:4

Լիովին հասկանալի է, որ տարին երկու անգամ մենք հավաքվում ենք միասին գերագույն համաժողովում, որպեսզի ներկայացվեն անունները նրանց, ովքեր ընտրվել են որպես Եկեղեցու նախագահող պաշտոնյաներ, և հասկանալի է, որ նրանք, ովքեր գրավում են այդ պաշտոնները, կախված են մարդկանց ձայնից երկարաձգելու իրենց իշխանությունը, իրավունքներն ու արտոնությունները, որ գործադրում են: Եկեղեցու կին անդամները ունեն ձայն տալու նույն արտոնությունը՝ աջակցելու իրենց նախագահող պաշտոնյաներին, ինչպես և Եկեղեցու տղամարդ անդամները, և արդարակյաց քրոջ ձայնը ունի նույն կշիռը, ինչպես և եղբոր ձայնը:5

Որպես Վերջին Օրերի Սրբեր մենք աջակցում և պատվում ենք Բարձրագույն Իշխանություններին, ովքեր կանչված են նախագահելու:

Այժմ, երբ Աստծո պատվիրանները տրված են ողջ աշխարհին, կան հատուկ պատվիրաններ, որոնք միայն Վերջին Օրերի Սրբերի համար են: Որո՞նք են դրանք: Այդ պատվիրաններից մեկն այն է, որ մենք պետք է պատվենք նրանց, ովքեր նախագահում են մեզ վրա. այլ խոսքով, մենք պետք է պատվենք Քահանայությունը: Ես չեմ խնդրում ոչ մեկին հարգել ինձ, եթե ես չեմ կատարում այն, ինչը ճշգրտորեն համապատասխանում է իմ կոչման ոգուն և քահանայությանը, որ ես եմ կրում: Եկեղեցու ոչ մի անդամ պարտավոր չէ հարգել ինձ, եթե ես չարաշահում եմ այդ քահանայությունը և իշխանությունը, որը շնորհվել է ինձ Աստծո ընտրությամբ և Եկեղեցու ձայնով: Սակայն երբ ես խոսում եմ Տիրոջ Հոգով իմ պաշտոնի պարտականությունների համաձայն, Եկեղեցու յուրաքանչյուր անդամ լավ կանի ականջ դնի իմ խոսքերին: Քանզի այն ասվել է Աստծո Հոգով և իմ պարտականության համաձայն, դա Ամենազորի խոսքն ու կամքն է:

«Եվ ինչ որ նրանք խոսեն, երբ դրդվում են Սուրբ Հոգու կողմից, պիտի լինի սուրբ գրվածք, պիտի լինի Տիրոջ կամքը, պիտի լինի Տիրոջ միտքը, Տիրոջ խոսքը, Տիրոջ ձայնը, և Աստծո զորությունը՝ ի փրկություն:

Ահա, սա Տիրոջ խոստումն է ձեզ, ո՛վ դուք, ի՛մ ծառաներ» [տես Վ և Ու 68.4–5]:

Բոլորի արտոնությունն է իմանալ, թե արդյոք Աստծո Հոգով ես ճշմարտությունն եմ խոսում, թե ոչ: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն տրված է պատվիրան՝ մենք պետք է ականջ դնենք Հոգու ձայնին, որը դրսևորվում է այն միջոցներով, որոնք Աստված նշանակել է Իր ժողովրդին առաջնորդելու համար … Եթե ես անարդար խորհուրդներ տամ, ինձ դատարանի առջև կկանգնեցնեն: Ոչ ոք չի կարող ամբարշտություն ուսուցանել այս ժողովրդին և այդպես երկար շարունակել: Քանզի Աստված երևան կհանի նրան և նրա սրտի խորհուրդները կհայտնի, նրա նպատակն ու մտադրությունը հայտնի կդարձվի Սրբերին, և նա Աստծո Հոգու կողմից դատապարտված կկանգնի Սրբերի առաջ: Եթե դուք ընդունում եք … Եկեղեցու Նախագահին և նրա խորհրդականներին որպես նախագահող իշխանություն, ապա այն անդամը, որն ուշադրություն չի դարձնում նրանց խորհրդին, արժանի է խղճալու, քանի որ նա զանցանք է գործում: Այդ մարդիկ ձեզ սխալ խորհուրդ չեն տա …

… Ես երբեք չեմ ցանկանա տեսնել այն օրը, երբ այս մարդիկ, որոնց դուք վստահել եք նախագահելու, փակեն իրենց բերանը՝ չհանդգնելով մեղադրել մեղքը և հանդիմանել անօրինությունը … Դա կատարելը մեր պարտականությունն է: Մենք Սիոնի աշտարակների հսկողներն ենք [տե‘ս Եզեկիէլ Գ.17–19]: Դա մեր գործը և պարտականությունն է մատնանշել մարդկանց սխալներն ու հիմարությունները: Եվ եթե մարդիկ չընդունեն դա, նրանք պետք է իրենց ճանապարհով գնան և ճաշակեն իրենց վարքի պտուղները: Կտառապեն նրանք, ովքեր չեն հնազանդվի արդար խորհուրդներին, և ոչ թե նրանք, ովքեր կհանդիմանեն անօրինությունը:6

Մենք առաջարկում ենք իրականացնել մեր պարտականությունը համաձայն այն լույսի, որը մենք ունենք, սիրող Հոր օգնությամբ: Ես առաջարկում եմ չկատարել ոչինչ, որի ճիշտ լինելու մասին ես չունեմ բացարձակ համոզում իմ խորհրդականների միաբանությամբ, երբ լիովին համաձայն ենք միմյանց հետ և միևնույն ձևով ենք հասկանում … Ես չեմ առաջարկում կատարել կամ թույլ տալ կատարել որևէ բան և հավանություն տալ ինչ-որ բանի, որը վնաս կհասցնի Աստծո արքայությանը երկրի վրա, եթե ոչ ընդհանուր համաձայնութամբ կամ տեսնելով միմյանց աչքերում այս կամ այն հարցի վերաբերյալ: Այդ դեպքում ես գիտեմ՝ մեր թիկունքում ուժ կունենանք, և Աստծո զորությունը մեզ հետ կլինի, և Սրբերը կպաշտպանեն և կաջակցեն մեզ:7

Մարդիկ հնարավոր է դժգոհ լինեն միմյանցից, նրանք հնարավոր է դժգոհ լինեն Նախագահից կամ Տասներկուսի Քվորումից կամ ուրիշներից և հնարավոր է ասեն իրենց սրտում. «Ինձ դուր չի գալիս այսինչը. ես չեմ հավատում, որ նա այնքան լավն է, որքան պետք է լինի, նա չափից շատ սխալներ և թուլություններ ունի, այդ պատճառով ես չեմ կարող և չեմ ընդունի նրա իշխանությունը, քանի որ չեմ հավատում այդ մարդուն»: Անկասկած, կան այնպիսիք, հավանաբար շատերն են այդպես մտածում, սակայն ցավը կայանում է նրանում, որ … նրանք պարզապես դժգոհելով այդ անհատից և իրենց եղբայրների հանդեպ դառը զգացումներ պահելով իրենց սրտում, այլևս չեն տեսնում Ամենազորի խորհուրդները, նրանք դեմ են կանգնում Սուրբ Քահանայության իշխանությանը, և իրենց կուրությամբ թույլ են տալիս, որ իրենք մոլորեցվեն և, ի վերջո, երես են դարձնում Եկեղեցուց:

Արդ, ինչպե՞ս պետք է վարվել: Ես կասեմ ձեզ: Առաջինը, յուրաքանչյուրը պետք է իմանա, որ Ավետարանը ճշմարիտ է, քանի որ դա ամեն մեկին տրված արտոնություն է, ով մկրտվել է և ստացել է Սուրբ Հոգին: Մարդը կարող է դառնանալ իր և [Եկեղեցու Նախագահի և նրա Խորհրդականների] միջև կանգնած ինչ-որ մեկի պատճառով, նա հնարավոր է իր սրտում ունենա զգացումներ, որոնք կստիպեն նրան մտածել, որ ինքը չի կարող աջակցել մեզ իր հավատքով ու աղոթքներով: Բայց եթե այդպես է, ի՞նչ ճանապարհով նա պետք է գնա: Նա պետք է իր սրտում ասի. «Աստված հաստատել է Իր Արքայությունը, Նրա Քահանայությունը երկրի վրա է. և չնայած ինձ դուր չեն գալիս որոշ մարդիկ, ես գիտեմ, որ Ավետարանը ճշմարիտ է և Աստված Իր ժողովրդի հետ է: Եվ եթե ես կատարեմ իմ պարտականությունն ու պահեմ Նրա պատվիրանները, ամպերը կցրվեն և մառախուղը կանհետանա, Տիրոջ Հոգին ավելի առատորեն կթափվի ի սփոփումն ինձ և շուտով, եթե սխալ եմ թույլ տվել, ես կկարողանամ տեսնել որտեղ եմ սխալվել և ապա կապաշխարեմ, քանզի գիտեմ, որ ամեն սխալ, ինչ էլ որ լինի կուղղվի»: Կարծում եմ բոլոր մարդիկ պետք նման զգացումներ ունենան:8

Եկեք աջակցենք մեր տեղական իշխանություններին և լսենք նրանց խորհուրդը:

Ինչպես Եկեղեցու Նախագահությունն է նախագահում ամբողջ Եկեղեցու վրա՝ ողջ աշխարհում բոլոր ցցերի, ծխերի և միսիաների վրա, այնպես էլ մարդիկ [ցցի նախագահությունը] են նախագահում Սիոնի այս ցցի և նրա բոլոր ծխերի ու ճյուղերի վրա: Եվ երբ նրանք կոչ են անում մարդկանց աջակցել իրենց նրանում, ինչը արդար է, իսկ մարդիկ թերանում են աջակցել նրանց, հետևանքները կլինեն այդ մարդկանց գլխին և ոչ թե իրենց գլխին: Նրանց պարտականությունն է հանդիմանել անօրինությունն ու մեղադրել անարդարակեցությունը: Նրանց պարտականությունն է խորհուրդ տալ և հորդորել մարդկանց լինել հավատարիմ և ջանասեր իրենց ամբողջ ցցում … Ես ցանկանում եմ, որ դուք ճիշտ ձևով հասկանաք սա … [Ցցի նախագահը] իրավունք ունի նախագահել, խորհուրդ տալ, ուղղություն տալ և հսկել տեղի մարդկանց շահերը այստեղ …

… Մենք որպես օրինակ ունենք գրված խոսք, հրահանգ, նախազգուշացում, նկատողություն, հանդիմանություն, խորհուրդ և հորդոր: Յուրաքանչյուր ոք պետք է կարդա և հասկանա այն, և ապա բոլորը կիմանան, որ իրենց մեջ Աստծո պատգամախոսներ կան: Իսկ երբ նրանք չեն կարդում Աստծո խոսքը, ոչ էլ հասկանում են այն, երբ պատգամախոսները խոսում են, նրանք չեն կարող ականջ դնել նրանց: Ցցի Նախագահությունը մեր պատգամախոսներն են այստեղ: Նրանք ընտրվել են Տիրոջ կողմից … Դուք պետք է աջակցեք և պաշտպանեք նրանց, և լսեք նրանց խորհուրդները: Նրանք չեն տանի ձեզ սխալ ուղով: Նրանք չեն առաջնորդի ձեզ ամբարշտության մեջ: Խորհուրդ տալիս նրանք չեն սխալվի, քանի որ նրանք կանգնած են որպես լույսի փարոս մարդկանց համար, և ոչ միայն լույսի փարոս, այլ նրանք կանգնած են իրենց տեղում որպես Եկեղեցու նախագահներ Սիոնի այս Ցցում, և Աստված հայտնում է Իրեն մարդկանց՝ նրանց միջոցով: Ավելին, յուրաքանչուր տղամարդու և կնոջ իրավունքն է հայտնություն և իմաստություն ունենալ Ամենազորից, որպեսզի իմանան, որ նրանք լավ մարդիկ են և իրենց հանձնարարականներն են կատարում:9

Եպիսկոպոսը իր ծխի նախագահող պաշտոնյան է, և երբ ծխում կա եպիսկոպոս, նրա խորհրդականներն ու ծխի անդամները ենթարկվում են նրա նախագահությանը: Նա չի կարող հրաժարվել դրանից: Նա չի կարող դա տալ մեկ ուրիշին, կամ եթե տալիս է ուրիշի, ապա խախտում Է քահանայության ղեկավարության սրբազան սկզբունքներից մեկը:10

Ահա մարդն ասում է. «Ես չեմ հավատում եպիսկոպոսին: Ես չեմ հավանում եպիսկոպոսին: Ես չեմ հավատում նրան, նա անկարող է: Նա անարդար է, և ես չեմ աջակցի նրան Եկեղեցում ունեցած իր պաշտոնում» … Մոռացա՞ք, որ [եպիսկոպսը և նրա խորհրդականները] այնտեղ են ոչ այն պատճառով, որ մենք ենք մեր կամքով դրել նրանց այնտեղ: Նրանք այնտեղ են, որովհետև Տերն է որոշել այդպես՝ ծխում հաստատելով աստվածային իշխանությամբ նախագահության կարգ, և եպիսկոպոսն իշխանություն ունի Աստծո, և ոչ թե մարդու կողմից …

… Երբ մարդն ասում է. «Ես Վերջին Օրերի Սուրբ եմ, ես Եկեղեցու անդամ եմ, ապրում եմ ըստ Եկեղեցու օրենքների, քանի որ գիտեմ, թե որոնք են ավետարանի սկզբունքները և գիտեմ Եկեղեցու ղեկավարման սկզբունքները», սակայն եթե նման մարդն ասում է. «Ես եպիսկոպոսի դեմ եմ, քանի որ ես նրան չեմ հավանում» կամ «քանի որ ես նրան չեմ հավատում», վկայում են այն մասին, որ նա չի հասկանում ղեկավարման և աստվածային իշխանությանը ենթարկվելու սկզբունքը: Ուստի, նա դառնում է անհանգիստ, չենթարկվող, անկառավարելի, անցանկալի և արժանի նրան, որ նրա հետ վարվեն իր արժանիքների և թերությունների համաձայն:11

Մարդը հնարավոր է չվստահի իր Եպիսկոպոսին կամ իր Խորհրդականներին, … սակայն որովհետև նման զգացումներ ունի, արդյոք նրա, որպես Իսրայելի երեցի համար ճիշտ կլիներ կամ պատշաճ դատել Եպիսկոպոսին, իր Խորհրդականներին կամ ողջ Եկեղեցուն: Նման դիրք ընդունողը կնմանվի [մարդկանց, ովքեր հեռացել են Եկեղեցուց].… Կարծում եք, կարող եք համոզե՞լ, որ նրանք ուրացել են Եկեղեցուն: Ոʻչ, այդ մարդիկ հաստատապես համոզված են իրենց մեջ, որ երբեք չեն ուրացել: Նրանք համառորեն և վրդովված մերժում են, որ երբևէ ուրացել են կամ երես դարձրել Եկեղեցուց … Եթե ես երբևէ ձեռքս բարձրացնեմ իմ Եպիսկոպոսի, Տասներկուսի կամ Առաջին Նախագահության դեմ, որովհետև նրանց չեմ հավանում, այդ պահին ես ինձ կդնեմ այն տեղում, որտեղ այժմ այդ մարդիկ են գտնվում և գտնվել են շատերը, ովքեր անցյալում նման դիրք են գրավել, և ասեմ. «Եկեղեցին ուրացել է, Ջոզեֆ Սմիթը, Բրիգամ Յանգը, Ջոն Թեյլորը ուրացել են, սակայն ես հաստատուն եմ իմ հավատքում. բոլորը մոլորվել են, քանի որ չեն ընդունում ինձ»: Ահա, թե որտեղ է գտնվում նա, ով ապստամբում է Քահանայության Իշխանության դեմ, և միևնույն ժամանակ ջանում է համառել, որ հավատում է: Միշտ, որոշակի ժամանակ, նշանակված է մեկը, որ երկրի վրա կրի Աստծո արքայության բանալիները:12

Ուստի ես ասում եմ ձեզ, պատվեք Ցցի Քահանայությանը և ձեր Եպիսկոպոսներին, և բոլոր նրանց, ովքեր ձեր մեջ դրվել են նախագահելու: Աջակցեք նրանց իրենց պաշտոնում՝ ձեր հավատքով և ձեր աղոթքներով, և ցույց տվեք, որ կօգնեք նրանց լավ խոսքով և գործով և Աստված կօրհնի ձեզ դրա համար:13

Մեր ղեկավարներին աջակցելը վկայում Է մեր բարի կամքի, հավատի և ընկերության մասին:

Ես հավատում եմ, որ Եկեղեցու պարտականությունն է ճանաչել և ընդունել յուրաքանչյուրին, ով իր գործունեությամբ և կոչումով որևէ պաշտոն ունի: Ես հիմնվում եմ այն վարդապետության վրա, որ ուսուցչի պարտականությունը սրբազան է, որքան առաքյալինը, այն բնագավառում, որում նա կանչված է գործելու, և որ Եկեղեցու յուրաքանչյուր անդամ պետք է այնպես հարգի իր տուն այցելած ուսուցչին, ինչպես կհարգեր Եկեղեցու նախագահող քվորումի պաշտոնն ու խորհուրդը: Նրանք բոլորն էլ Քահանայություն ունեն, նրանք բոլորն էլ գործում են իրենց կոչումներում, և նրանք բոլորն էլ կարևոր դեր ունեն իրենց տեղում, քանի որ Տերն է նշանակել նրանց և դրել իր Եկեղեցում: Մենք չենք կարող անտեսել նրանց, կամ եթե նման ձևով ենք վարվում, մեղքը կլինի մեր գլխին:14

Մենք չպետք է թույլ տանք, որ ամեն օր դժգոհենք և մեղք գտնենք մեր սրտում նրանց դեմ, ովքեր ներկայացվել են մեր առջև, որ աջակցենք նրանց իրենց պատասխանատու պաշտոնում: Եթե մեր սրտում ինչ-որ բան ունենք այդ եղբայրներից որևէ մեկի դեմ, որպես Եկեղեցու բարեխիղճ անդամներ մեր պարտականությունն է՝ առաջինը, ինչպես Սուրբ Գրքերն են ուղղորդում, հանդիպել նրանց մենակ և ասել, թե ինչ ենք զգում իրենց հանդեպ և բացատրել, թե որն է դրա պատճառը, սակայն մեր սրտում չպետք է ունենանք ցանկություն ընդլայնելու կամ խորացնելու խնդիրը, այլ նրանց մոտ պետք է գնանք հաշտության ոգով և եղբայրական սիրով ճշմարիտ քրիստոնեական ոգով, այնպես որ եթե որևէ խստություն կա մեր մեջ, պետք է ամբողջովին այն հանվի. և եթե որևէ բան ունենք մեր եղբոր դեմ, ապա միայն չարիքը ուղղելու համար: Մենք պետք է ձգտենք սիրել և նեցուկ լինել միմյանց, որպես Աստծո զավակներ և քույրեր Սիոնի գործում:15

Իմ եղբայրներ և քույրեր, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ … այն միասնության համար, որ դրսևորվեց այստեղ այս բազմաքանակ ժողովում բարձրացված ձեռքերով: Ես ընդունում եմ սա որպես բարի կամքի, հավատքի և ընկերության ապացույց այս բազմաթիվ հավաքվածների կողմից բոլոր՝ թե բարձրագույն և թե տեղական, կամ օժանդակ իշխանությունների հանդեպ, որոնք ներկայացվել էին ձեր առջև, և որ դուք հավատարիմ կմնաք Տիրոջը և միմյանց տրված խոստումին բարձրացրած ձեռքով, որ դուք նեցուկ կլինեք և կաջակցեք այդ պաշտոնյաներին այդ բոլոր կազմակերպություններում, առաջինից մինչև վերջինը, որ դուք չեք չարախոսի նրանց ետևից, որ առանց պատճառի մեղք չեք գտնի նրանց մեջ, որ դուք վնաս չեք հասցնի նրանց անունին, չեք խանգարի նրանց առաջընթացին, կամ միջամտի նրանց օրինական գործին: Հակառակը դուք պետք է ամեն ինչ անեք, որ օգնեք և օգտակար լինեք նրանց, օրհնեք և խրախուսեք այն գործում, որում նրանք ներգրավված են:16

Ուսումնական առաջարկություններ

  • Ինչո՞ւ մեր ղեկավարներին աջակցելը «Եկեղեցու համաժողովներում կատարած ամենակարևոր գործերից մեկն է»: Ինչո՞ւ է այն օգնում հասկանալ, որ մեր ղեկավարներին աջակցելը «ուխտ է, որ կապում ենք»:

  • Ինչպե՞ս կարող ենք աջակցել մեր ղեկավարներին, ոչ թե «ինչպես ընդունված կարգ, այլ գործով և խոսքով»: Եղե՞լ են պահեր, երբ դուք տեսել եք, որ ձեր հավատն ու աղոթքներն օգնել են ձեր ղեկավարներին:

  • Ի՞նչ կարող է պատահել նրանց հետ, ովքեր «հրաժարվում են աջակցել Եկեղեցու օրինական իշխանություններին»:

  • Ինչպե՞ս է, որ Առաջին Նախագահությունը և Տասներկուսի Քվորումը «Սիոնի աշտարակների հսկողներն» են: Այդ դեպքում ո՞րն է նրանց պարտականությունը: Ինչպե՞ս կարող ենք աջակցել և հարգել նրանց իրենց պարտականությունը կատարելիս: (Տե‘ս նաև Վ և Ու 107.22:)

  • Որո՞նք են ցցի նախագահության որոշ պարտականությունները: Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ աջակցել և պաշտպանել նրանց:

  • Ինչո՞ւ է անհրաժեշտ իմանալ, որ եպիսկոպոսը ծխում իշխանություն ունի «Աստծո, և ոչ թե մարդու կողմից»: Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ աջակցել եպիսկոպոսությանը իրենց պարտականություններում:

  • Ինչո՞ւ է տնային ուսուցչի պարտականությունը այնքան «սրբազան, որքան առաքյալինը, այն բնագավառում, որում նա կանչված է գործելու»: Ինչպե՞ս կարող ենք աջակցել և հարգել տնային ուսուցիչներին և այցելող ուսուցիչներին:

  • Ինչպե՞ս է մեր ղեկավարներին աջակցելն ու հարգելը հանդիսանում Տիրոջ հանդեպ ունեցած մեր հավատքի ապացույց:

Հղումներ

  1. Deseret News: Semi-Weekly, 28 Apr. 1896, 1.

  2. Deseret News: Semi-Weekly, 14 May 1895, 1.

  3. In Brian H. Stuy, comp., Collected Discourses Delivered by President Wilford Woodruff, His Two Counselors, the Twelve Apostles, and Others, 5 vols. (1987–92), 4:298.

  4. Deseret News: Semi-Weekly, 28 June 1898, 1.

  5. Gospel Doctrine, 5th ed. (1939), 158.

  6. Deseret News: Semi-Weekly, 21 Jan. 1896, 1.

  7. In Conference Report, Apr. 1902, 86–87.

  8. Deseret News: Semi-Weekly, 26 June 1883, 1.

  9. Deseret News: Semi-Weekly, 21 Jan. 1896, 1.

  10. Gospel Doctrine, 185.

  11. In James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. (1965–75), 5:83–85.

  12. Deseret News: Semi-Weekly, 26 June 1883, 1.

  13. Deseret News: Semi-Weekly, 31 Mar. 1896, 1.

  14. Gospel Doctrine, 163–64.

  15. Deseret News: Semi-Weekly, 21 June 1898, 1.

  16. In Conference Report, Oct. 1911, 130–31.

Նկար
Joseph F. Smith and Joseph Fielding Smith

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը իր որդու Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետ, որն այս նկարում նկարվելիս 1914թ. Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ էր, իսկ հետագայում դարձավ Եկեղեցու տասերորդ նախագահը: