Նախագահների ուսմունքները
Գլուխ 2: Անձնական վկայություն Մարգարե Զոզեֆ Սմիթի մասին


Գլուխ 2

Անձնական վկայություն Մարգարե Զոզեֆ Սմիթի մասին

Մարգարե Ջոգեֆ Սմիթը ընտրվել էր Աստծո կողմից վերականգնելու ավետարանի լրիվությունը երկրի վրա։

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

Դեռևս իր կյանքի վաղ շրջանում, Ջոզեֆ Ֆ. Սմիթը վկայություն ստացավ, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը ընտրվել էր վերականգնելու Հիսուս Քրիստոսի ավետարանը այս վերջին ժամանակաշրջանում։ Տարիներ անց Նախագահ Սմիթը հիշում է. «Դեռևս մանուկ հասակում ես ճանաչել եմ Մարգարե Ջոզեֆ Սմիթին։ Փոքր տարիքում ես լսել եմ նրան ավետարանը քարոզելիս, որը Աստված հանձնել էր նրա խնամակալությանը։ Մանկուց ես ճանաչում էի նրա ընտանիքին, նրա տան անդամներին, ինչպես ծանոթ էի իմ հոր տան անդամներին։ Ես պահել եմ Հոգու վկայությունը, որն իմ մեջ էր մտել դեռևս փոքր տարիքում, որը ես ստացել էի իմ սուրբ մորից, ամուր համոզվածություն, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարե էր, որ նա ոգեշնչում էր ստացել, և նման ոգեշնչում չէր ստացել ոչ ոք իր սերնդի մեջ կամ նախորդ դարերի ընթացքում. որ նա ընտրվել էր Աստծո կողմից, որպեսզի հիմնադրի Աստծո Արքայությունը»։1

Ծառայելով որպես Նախագահ, Ջոզեֆ Ֆ. Սմիթը լիազորվեց գնելու Մարգարե Ջոզեֆ Սմիթի կյանքի և Եկեղեցու պատմության համար մեծ նշանակություն ունեցող հողերը, որոնցից էին Մարգարեի ծննդավայրը Շարոնում, Վերմոնտ; Քարթեջի բանտը Իլինոյսում և Ջոզեֆ Սմիթ ավագի ագարակը Մանչեստրում, Նյու Յորք։

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը այսպես է ներկայացրել Մարգարեի աշխատանքը. «Ես վկայում եմ ձեզ և աշխարհին, որ Ջոզեֆ Սմիթը բարձրացվել էր Աստծո զորությամբ՝ հիմնելու այս վերջին օրերի մեծ աշխատանքը, այս ժամանակաշրջանում աշխարհին հայտնելու ավետարանի լրիվությունը, վերականգնելու Աստծո Քահանայությունը աշխարհի վրա, ըստ որի մարդիկ կարող են գործել Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, և դա կընդունվի Աստծո կողմից. այն կլինի նրա իշխանությամբ։ Ես բերում եմ իմ վկայությունն այդ մասին. ես գիտեմ, որ դա ճշմարիտ է»։2

Ջոզեհ Ֆ. Սմիթի ուսմունքները

Մարգարե Ջոզեֆ Սմիթը Աստծո ընտրյալ գործիքն էր, փրկության ավետարանը վերականգնելու համար։

Ջոզեֆ Սմիթը Աստծո ընտրյալ գործիքն էր և օժտված էր նրա իշխանությամբ վերականգնելու Քահանայությունը, երկրի վրա և երկնքում կապելու Աստծո զորությունը, այսինքն՝ Քահանայության զորությունը, ըստ որի մարդիկ կարող են կատարել Հիսուս Քրիստոսի ավետարանի արարողությունները՝ մարդկության փրկության համար։ Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնվեց ապաշխարության, մեղքերի թողության համար ջրով մկրտության, Սուրբ Հոգով և կրակով մկրտության ավետարանը, և ճշմարտության հոգով հայտնվեց այն գիտելիքը, որ Հիսուսը Քրիստոսն է, Աստծո Միածին Որդին։ Մենք պարտավոր ենք այս խոնարհ ծառային, որին Տերը ընտրել էր հիմնելու այս աշխատանքը Աստծո Որդու ավետարանի արարողությունների համար, որը հայտնի էր այն ժամանակ և մինչ այժմ, որի միջոցով մենք կարող ենք ժամանակի և ողջ հավերժության համար միանալ որպես ընտանիքներ, ազգականներ, նոր և հավիտենական կապերի ներքո։

Մենք պարտավոր ենք Մարգարե Ջոզեֆ Սմիթին, որը գործիք էր Տիրոջ ձեռքում, այն գիտելիքի համար, որ մենք ունենք այս գործի մասին, որն անհրաժեշտ է կատարել Աստծո տանը, ապրողների փրկության և մահացածների փրկագնման համար, և հոգիների հավերժական միության համար, ովքեր միացել են այս կյանքում Աստծո զորությամբ հավիտենական ուխտի կապի ներքո։ Ւ վերջո, մենք պարտք ենք կամ առնվազն պարտական ենք Մարգարե Ջոզեֆ Սմիթին, որը գործիք էր Աստծո ձեռքում, այն գիտելիքի համար, որ մենք այժմ ունենք՝ որ մարդը չի կարող միայնակ բարձրանալ Աստծո ներկայություն և վայելել նրա ողջ փառքը, քանի որ ոչ մարդն է առանց կնկա, և ոչ կինն է առանց մարդու Տերումը։3

Աստված ապրում է, և Հիսուսը Քրիստոսն է, աշխարհի Փրկիչը։ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն է՝ կենդանի, և ոչ թե մեռած, քանզի նրա անունը երբեք չի կորչի։ Հրեշտակը, որ այցելել էր նրան և հայտնել Աստծո ուղերձը, ասել էր, որ նրա անունը աշխարհում կհիշատակվի և բարի, և չար նպատակներով [տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.33]։ Այս կանխագուշակումը կատարվեց նրա պատանեկության տարիներին, նախքան Եկեղեցու կազմավորվելը, և մինչև ինչ-որ հեռանկար կլիներ այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվել է մինչ այժմ։ Այդ հայտարարությունը կատարվեց, չնայած այն բացարձակապես անհնարին էր թվում, սակայն այդ մասին խոսվելու օրից մինչ այսօրվա վերջին օրերը, տասնիններորդ դարի մարգարեի՝ Ջոզեֆ Սմիթի, անունը հայտարարվել է, հայտարարվում է և կհայտարարվի երկրի հեռուներում գտնվող ազգերին և պատվով կամ արհամարհանքով կպահեն նրա անունը աշխարհի մարդիկ… քանի որ նա կատարեց և կատարում է Տիրոջ աշխատանքը։ Նա այս ժամանակաշրջանում դրեց հիմքը այն սկզբունքների վերականգնման, որոնք ուսուցանվել էին Աստծո Որդու կողմից, որն այս սկզբունքների համար ապրեց, ուսուցանեց, մեռավ և հարություն առավ։4

Եթե [Ջոզեֆ Սմիթի անվան] մասին լավ են խոսում, դա նրանք են, ովքեր արտոնություն են ունեցել լսելու ավետարանի մասին, որն աշխարհ եկավ նրա միջոցով, և ովքեր բավականին ազնիվ և խոնարհ են եղել ստանալու դա ևս։ Նրանք խոսում են նրա մասին այն գիտելիքով, որը ստացել են Սուրբ Հոգու ոգեշնչմամբ, հնազանդվելով այն սկզբունքներին, որոնք ուսուցանում էր նա, որպես մարգարե և ոգեշնչված մարդ։ Նրանք գովաբանում են նրան, պատվում են նրան և պահում նրա անունը արժանավայել հիշողությամբ։ Նրանք մեծարում են, սիրում են նրան, ինչպես չեն սիրում մեկ այլ մարդու, քանի որ նրանք գիտեն, որ նա եղել է ընտրյալ գործիք Ամենազորի ձեռքում՝ վերականգնելու կյանքի ավետարանը և փրկելու իրենց, բացելու իրենց հասկացողությունը ապագայի հանդեպ, բարձրացնելու հավերժության վարագույրը իրենց աչքերի առաջից։ Նրանք, ովքեր ստանում են իր հայտարարած սկզբունքները, գիտեն, որ դրանք իրենց հոգևոր և աշխարհիկ փրկության, երջանկության և խաղաղության համար չեն միայն, այլ առանց ճշմարտության գիտելիքն իմանալու մահացած իրենց ազգականների բարօրության, երջանկության, փրկության և համբարձման համար։

Գործը, որի մեջ ներգրավված էր Ջոզեֆ Սմիթը, չէր սահմանափակվում միայն այս կյանքով, այլ այն պատկանում է նաև հաջորդ կյանքին և նախորդ կյանքին։ Այլ խոսքով, այն վերաբերում է նրանց, ովքեր ապրել են երկրի վրա, նրանց, ովքեր ապրում են և նրանց, ովքեր կապրեն մեզանից հետո։ Դա ինչ–որ բան չէ, որը վերաբերում է մարդուն միայն, մինչ նա ապրում է մահկանացու կյանքով, այլ ոդջ մարդկային ընտանիքին՝ հավերժությունից հավերժություն.… Եվ սա չի սահմանափակվում մի գյուղով, կամ պետությամբ, կամ ազգությունով, այլ տարածվում է ամեն մի ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի վրա։5

Ըստ իս, իսկապես շատ տարօրինակ է, որ աշխարհի կողմից այդքան շատ ծայրահեղ հիվանդագին զգացողություններ են դրսևորվում Ջոզեֆ Սմիթի հանդեպ։ Նա ոչ ոքի վնաս չի տվել։ Ես դրա ականատեսն եմ, քանի որ ես տեղյակ եմ նրա կյանքին։ Ես տեսել եմ նրան մարմնում, և ես կարդացել եմ նրա խոսքերը։ Ես կարդացել եմ այն հայտնությունները, որոնք Տերը տվել է իրեն։ Ես ծանոթ եմ նրա գործին, և ես գիտեմ, որ նա վնաս չի հասցրել ոչ մի կենդանի հոգու։ Նա չի վիրավորել կամ վնաս հասցրել իր ընկերներին, սակայն շատ բան է արել, որ բարձրացնի նրանց։ Սակայն, տարօրինակն այն է, որ մարդիկ, ովքեր բացարձակապես չեն ճանաչում նրան, նրա հանդեպ տածում են ամենաչար, ոխակալ և ամբարիշտ զգացումները, որ կարող են ունենալ մարդիկ։ Ես հարցնում եմ ինքս ինձ. «Ւնչո՞ւ է այդպես»։ Մարդիկ, որպես կանոն, նման զգացումներ չեն տածում խաբեբաների, կամ նորելուկ, մարդու կողմից ստեղծված կրոնական կազմակերպությունների ակտիվ պաշտպանների հանդեպ։ Տարօրինակ է հնչում, սակայն, նրանք գրեթե միշտ զայրանում են, երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթի անունն է հիշատակվում։ Թեպետ, ամեն դեպքում սա տարօրինակ երևույթ է բնական տեսանկյունից, սակայն այն լիովին համընկնում է այն խոստման հետ, որը տրվել էր նրան դեռևս սկզբում երկնային սուրհանդակներից մեկի կողմից, որն ուղարկվել էր, որ ուսուցաներ իրեն։ …

… Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից հիմնադրված այս աշխատանքի հիմքը հավերժական ճշմարտությունն է։ Այն չի կարող տապալվել։ Այն նման է ժայռի վրա կառուցված տանը։ Փոթորիկներ կարող են հարվածել դրան, անձրևներ կարող են տեղալ, մարդկանց սրտերը կարող են դրդվել բարկությամբ և հալածանքով դրա դեմ, սակայն այն ամուր է, հավիտենական բլուրների պես, որովհետև այն կառուցվել է ճշմարտության վրա [տե՛ս Մատթեոս է.24–25]։ Մեր հավատքի հիմնական սկզբունքներն են ազնվությունը, առաքինությունը, կյանքի մաքրությունը, հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոսը և Նրա հարությունը, հնազանդությունն առ Աստծո պատվիրանները։ Մենք գիտենք, որ այս վարդապետությունը ճշմարիտ է։6

Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքը Փրկչի Հարությունից հետո տեղի ունեցած մեծագույն իրադարձությունն է։

Ամենանշանակալից իրադարձությունը, որ երբևէ տեղի է ունեցել աշխարհում Աստծո Որդու գերեզմանից հարություն առնելուց և երկինք համբարձվելուց հետո, Հոր և Որդու հայտնվելն էր պատանի Ջոզեֆ Սմիթին, որպեսզի ուղի պատրաստվեր՝ դնելու հինքն իր արքայության, ոչ թե մարդու թագավորության, արքայություն, որը երբեք չի տապալվի կամ դադարի գոյություն ունենալուց։ Այս ճշմարտությունն ընդունելուց հետո ես կարծում եմ, որ հեշտ կլինի ընդունել ցանկացած այլ ճշմարտություն, որը նա ազդարարել է կամ հայտարարել։ … Նա երբեք չի սովորեցրել կեղծ վարդապետություն։ Նա երբեք չի հետևել մի վարդապետության, եթե իրեն չի պատվիրվել հետևել դրան։ Նա երբեք չի պաշտպանել սխալը։ Նա չի խաբվել։ Նա տեսել է, նա լսել է, նա կատարել է, ինչպես իրեն է պատվիրվել կատարել։ Եվ այդ պատճառով Ջոզեֆ Սմիթի կատարած աշխատանքի համար պատասխանատու է Աստված, ոչ թե ինքը՝ Ջոզեֆ Սմիթը։ Տերն է պատասխանատու այդ գործի համար, ոչ թե մարդը։7

1820թ. գարնանը [Ջոզեֆ Սմիթը] ստացավ առաջին գերբնական կամ Երկնային հայտնությունը։ Նա այն ժամանակ տասնչորս տարեկան էր։ Սովորաբար տասնչորս տարեկան տղայից շատ մեծ գործ չենք ակնկալում։ Եվ անհավանական է, որ այդ տարիքի տղան կարող էր դառնալ այդքան անբարոյական կամ ամբարիշտ, քանի որ նա ծնվել և մեծացել էր ագարակում, մեծ քաղաքների ապականող չարիքներից և անբարոյականությունից հեռու, և զազրելի ընկերակցությունների ստոր ազդեցությունից ազատ։ Անհավանական է, որ իր կյանքում նա մինչև տասնչորս տարեկանը ծուլանար աշխատանքում, քանի որ նրա հայրը տքնում էր, որպեսզի ապրուստի համար վաստակեր և վաստակում էր դա իր ձեռքերի աշխատանքով, լինելով աղքատ մարդ, որը պետք է ապրուստի միջոցներ հայթայթեր մեծ ընտանիքի համար։8

Ինչ վերաբերում է հոգևոր հայտնություններին, արդյո՞ք խելամիտ է ենթադրել, որ այդ տղան կարող էր կանխամտածված ձևով խաբել, և հատկապես նրա պես տղան, որն այդքան հասարակ ձևով է ներկայացնում իր տեսածն ու լսածը։ Ո՛ չ, ոչ էլ կարող էր երկնային սուրհանդակի նրան տված պատասխանը տեղավորվել այդ երեխայի մտքում։ Երկնային հայտնության մասին Ջոզեֆ Սմիթի վկայությունը իր կյանքի ավելի ուշ ժամանակաշրջանում այնքան հասարակ էր, ուղղակի և ճշմարիտ, որքան նրա պատանեկության տարիներին. Իր կյանքի պատանեկության տարիներին արմատավորված և բնորոշ գիծ դարձած նվիրվածությունը, արիությունը և սերը ոչ պակասել էր, ոչ էլ փոփոխվել տարիքն առնելու հետ։ Նա իմաստություն ձեռք բերեց Աստծո կողմից տրված հայտնությունների հետ միասին։9

Մեր քննադատներն ասում են, թե այն, ինչ տեսել է Ջոզեֆ Սմիթը, տեսիլք է եղել, սակայն նա չի ասում այդ մասին։ Նա ասել է, որ իրեն հայտնված անձիք իրական մարդիկ էին. … Մեզ է հասել Քրիստոսի ծնունդի, կյանքի և կատարած գործերի մասին պատմությունը, և այդ պատմության մեջ չկա ոչինչ, որ ստիպի մեզ ավելի պատրաստակամորեն հավատալ այդ ամենին, քան Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին պատմությանը։ Քրիստոսն իր ընկերների հետ քայլում էր, զրուցում և խորհուրդ տալիս, երբ մոտ 1900 տարի առաջ իջավ երկնքից։ Արդյո՞ք կա որևէ պատճառ, թե ինչու նա չէր կարող գալ կրկին, ինչու չպետք է այցելեր այս երկիր մեկ անգամ ևս և խոսեր մարդկանց հետ այսօր։ Եթե կա որևէ պատճառ, ես ուրախությամբ կլսեի այն։ Ես ուզում եմ, որ տպավորվի ձեր մեջ այն, որ Աստված իրական է, և ունի մսից և ոսկորից մարմին, ինչպես դուք և ես։ Քրիստոսը՝ նույնպես, սակայն Սուրբ Հոգին ոգեղեն անձնավորություն է։10

Մարգարե Ջոզեֆ Սմիթը թարգմանեց Մորմոնի Գիրքը Աստծո պարգևով և զորությամբ։

Երբ [Ջոզեֆ Սմիթը] 17–18 տարեկան էր, նա կրկին ստացավ երկնային հայտնություն, և մի քանի մեծ և փառահեղ բաներ հայտնվեցին նրան, և դրանից հետո չորս տարի շարունակ նրան այցելում էր երկնային սուրհանդակը.… Այս անձնավորությունը, հաստատում է նա, հայտնեց նրան Տիրոջ միտքն ու կամքը, և ցույց տվեց նրան մեծ գործի բնույթը, գործ, որը նա պետք է հաստատեր երկրի վրա իր ժամանակին՝ լինելով Աստծո ձեռքում մի գործիք։ Սա այն գործն էր, որը կատարվեց Մորոնի հրեշտակի կողմից 1823-1827թթ. միջև ընկած չորս տարիների ընթացքում։ 1827թ. նա Մորոնի հրեշտակի ձեռքերից ստացավ ոսկե թիթեղները, որոնցից նա թարգմանեց այս գիրքը (Մորմոնի Գիրքը) Ամենազորի ոգեշնչմամբ, և իրեն տրված Աստծո պարգևով ու զորությամբ.…

Արդյո՞ք Ջոզեֆ Սմիթը 1823–1827թթ. ընկած ժամանակահատվածում հնարավորություն ուներ դառնալու ամբարիշտ կամ ապականված, մինչ այդ երեք տարում նա տքնում էր իր ձեռքերով աղքատիկ ապրուստի միջոցներ հայթայթել, խույս տալով իր թշնամիներից և փորձելով չընկնել ճանկերը նրանց, ովքեր փնտրում էին կործանել նրան և խանգարել նրա առաքելությանը, մշտապես պայքարելով անասելի խոչընդոտների և ընկճող շփոթության մեջ գցող դժվարությունների դեմ, որպեսզի ավարտի այդ գրքի թարգմանությունը։ Չեմ կարծում, որ նա հնարավորություն ուներ այդպիսին դառնալու։ Երբ նա ավարտեց Մորմոնի Գրքի թարգմանությունը, նա դեռևս պատանի էր, թեև այդ գիրքը լույս աշխարհ բերելիս նա ընկղմվել էր պատմական փաստերի, մարգարեությունների, հայտնությունների, կանխատեսումների, վկայությունների և վարդապետությունների, կանոնների և սկզբունքների մեջ, որոնք կրկնելը կամ հերքելը վեր է կրթված աշխարհի ուժերից ու իմաստությունից։ Ջոզեֆ Սմիթը անուսում երիտասարդ էր, ինչ վերաբերում է աշխարհիկ կրթությանը։ Նա ուսուցանվել էր Մորոնի հրեշտակի կողմից։ Նա կրթվել էր վերևից, Ամենազոր Աստծո կողմից, և ոչ թե մարդու ստեղծած հաստատությունների կողմից. բայց ասել, որ նա տգետ էր, և՛ անարդարացի և՛ սխալ կլինի. ոչ ոք կամ մարդկանց ոչ մի խումբ այդքան գիտուն և խելամիտ չէր, որքան նա, ոչ էլ այդ տարիների ողջ իմաստությունն ու փորձը կարող էին կատարել այն, ինչ նա արեց։ Նա տգետ չէր, քանզի նա ուսուցանվեց նրա կողմից, ումից ողջ բանականությունն է հորդում։ Նա ուներ Աստծո, նրա օրենքի և հավերժության գիտելիքը։11

Մորմոնի Գիրքը թարգմանվեց Աստծո պարգևով և զորությամբ, մի երիտասարդի միջոցով. ոչ թե ուսյալ, կրթված, այլ չկրթված մարդու, մի անփորձ, անմեղ տղայի կողմից։ Եվ այդ չկրթված, կյանքի փորձ չունեցող, անմեղ տղան Ջոզեֆ Սմիթն էր։ Նա չուներ իմաստություն, գիտելիք կամ հմտություն, որպեսզի անգլերեն լեզվով թարգմաներ թիթեղների վրա կատարված արձանագրությունները, որոնք պահվել էին այս մայրցամաքի հին բնակիչների կողմից։ Նա երբեք չի պնդել, որ այդ հնադարյան տառերն ինքն է թարգմանել իր իսկ իմաստությամբ։ Ընդհակառակը, նա հավաստում էր, որ կատարել է դա իրեն շնորհված Աստծո պարգևով և զորությամբ։12

Մարգարեն ավելի շատ բան է կատարել մարդկության փրկության համար, քան որևէ այլ մեկը, բացի Հիսուս Քրիստոսից։

Իր պատանեկության տարիներին [Ջոզեֆ Սմիթը] բացեց երկնքի հետ հաղորդակցությունը։ Նա ի հայտ բերեց Մորմոնի Գիրքը, որը պարունակում է ավետարանի լրիվությունը և հայտնությունները, որոնք ընդգրկված են Վարդապետություն և Ուխտեր Գրքում, վերականգնեց սուրբ Քահանայությունը մարդու համար, հիմնադրեց և կազմակերպեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, կազմակերպություն, որի նմանը գոյություն չունի ողջ աշխարհում, որը չէր կարող հայտնաբերել կամ ստեղծել, կամ երբեք չէր կարող անել դարերով եկած մարդկային գիտելիքն ու իմաստությունը։ Նա գաղութներ հիմնադրեց Նյու Յորքի, Օհայոյի, Միսուրիի և Ւլինոյսի նահանգներում, և գծում էր ճանապարհը, թե ինչպես կարելի էր հավաքել Սրբերին Ռոքի Մաունթինզում, ուղարկեց ավետարանը Եվրոպա և Խաղաղ Օվկիանոսյան կղզիներ, Օհայոյում հիմնեց Կիրթլենդ քաղաքը և այնտեղ կառուցեց հարյուր հազարավոր դոլարներ արժեցող տաճարը, հալածանքների ժամանակ էր, որ նա հիմնադրեց Նավու քաղաքը, Նավույում և դրա մոտակայքում հավաքեց մոտ 20,000 մարդ, և սկսեց այնտեղ տաճարի կառուցումը, որի արժեքը շինարարությունն ավարտելուց հետո կազմում էր մեկ միլիոն դոլար. և այս ամենը կատարելիս նա պետք է պայքար մղեր իր ժամանակներում գոյություն ունեցող նախապաշարումների, ամբոխների կողմից ղեկավարվող անողոք հալածանքների, և նողկալի զրպարտությունների և չարախոսությունների դեմ, որոնք ամեն կողմից թափվում էին նրա գլխին առանց չափի ու սահմանի։ Այլ խոսքով, տասնչորսից քսան տարեկան հասակում նա կատարեց ավելին մարդկության փրկության համար, քան որևէ այլ մարդ, որ երբևէ ապրել է երկրի վրա, բացի Հիսուս Քրիստոսից [տես ՎևՈւ 135.3], թեպետ նա մեղադրվում էր իր թշնամիների կողմից, որ իբր անբան ու անարժան մարդ է։

Որտե՞ղ կարող ենք գնալ, որ գտնենք մեկ այլ մարդու, որը կատարած կլինի Ջոզեֆ Սմիթի բարի գործերի մեկ հազարերորդ մասը … Տասնիներորդ դարում ոչ ոք, բացի Ջոզեֆ Սմիթից, աշխարհում լույսի շող չի գցել սուրբ Քահանայության բանալիների և զորության վրա, ավետարանի արարողությունների վրա, լինեն դրանք կենդանի մարդկանց, թե մահացածների համար։ Ջոզեֆ Սմիթի միջոցով Աստված հայտնեց շատ բաներ, որոնք պահվել էին աշխարհի ստեղծումից ի վեր՝ ի կատարումն մարգարեների խոսքերի … Եվ այս ամենը, խստորեն պահելով վերջին օրերի այս աշխատանքի խնդիրներն ու բնույթը, նախասահմանված է ի կատար ածելու ժամանակների լրության տնտեսության հետ կապված Աստծո մեծ նպատակներն ու ծրագրերը։13

Մարգարե Ջոզեֆը … Աստծո նախախնամությամբ դարձավ միջոց՝ վերականգնելու Հիսուս Քրիստոսի ավետարանի հին ճշմարտությունները, փրկության ծրագիրը, որն ավելի հին է, քան մարդկային ցեղը։ ճշմարիտ է նաև այն, որ նրա ուսմունքները նոր էին իր ժամանակների մարդկանց համար, քանի որ նրանք հեռացել էին ճշմարտությունից, սակայն ավետարանի սկզբունքները գոյություն ունեցող ամենահին սկզբունքներն էին։ Դրանք նորություն էին Ջոզեֆի սերնդի համար, ինչպես նաև մեր սերնդի համար, քանի որ մարդիկ շեղվել էին ճանապարհից, թողնվել առանց առաջնորդության, լինելով երերված ու տատանված վարդապետության ամեն քամուց, որոնք ուսուցանել էին մարդիկ, այսպես կոչված առաջադեմ մարդիկ։ Սա դարձրեց Մարգարե Ջոզեֆին հին ճշմարտությունների վերականգնող, ոչ թե կործանող։ Եվ սա չի արդարացնում մեզ, երբ հրաժարվում ենք ավետարանի պարզ, հինական սկզբունքներից, և վազում ժամանակակից վարդապետությունների քմահաճույքների և հասկացողությունների ետևից։14

Ես հայտարարում եմ ձեզ ողջ անկեղծությամբ, և հոգու ողջ լրջությամբ, որ ես ողջ սրտով հավատում եմ Մարգարե Ջոզեֆ Սմիթի աստվածային առաքելությանը, որ ես իմ ամեն մի բջիջով համոզված եմ, որ Աստված բարձրացրեց նրան, որ երկրի վրա վերականգնի Քրիստոսի ավետարանը, որն իրոք Աստծո զորությունն է՝ ի փրկություն։ Ես վկայում եմ ձեզ, որ Ջոզեֆ Սմիթը գործիք էր Տիրոջ ձեռքում՝ Աստծո ճշմարտությունը աշխարհի վրա վերականգնելու համար, ինչպես նաև վերականգնելու սուրբ Քահանայությունը, որը Նրա իշխանությունն է հանձնված մարդուն։ Ես գիտեմ, որ սա ճշմարիտ է, և ես վկայում եմ այդ մասին ձեզ։ Ինձ համար դա ամեն ինչ է, դա իմ կյանքն է, իմ լույսը, իմ հույսը, իմ ուրախությունը։ Դա ինձ վստահություն է ներշնչում, որ ես կհամբարձվեմ, հարություն կառնեմ նրանց հետ, որոնց ես սիրել եմ և գուրգուրել այս կյանքում, և որոնց հետ ես մտերիմ եմ եղել այս աշխարհում, որոնք ազնվազարմ մարդիկ էին, մաքուր, խոնարհ մարդիկ, որոնք հնազանդվել են Աստծուն և նրա պատվիրաններին, որոնք ամոթ չեն համարել Քրիստոսի ավետարանը, ոչ էլ ավետարանի ճշմարտությունների մասին իրենց համոզմունքներն ու գիտելիքը, մարդիկ, ովքեր կազմված էին այնպիսի նյութից, որից կազմված են նահատակները, և ովքեր պատրաստ էին ամեն պահի վայր դնել իրենց կյանքը հանուն Քրիստոսի և ավետարանի, եթե դրա կարիքը կա, որը նրանք ստացել էին իրենց սրտում Սուրբ Հոգու վկայությամբ։ Ես ուզում եմ կրկին միանալ այդ մարդկանց, երբ ավարտեմ իմ ընթացքն այստեղ։ Երբ կատարեմ իմ առաքելությունն այստեղ, հուսով եմ, կգնամ հոգիների աշխարհ, որտեղ նրանք են ապրում, և կմիանամ նրանց։ Աստծո Որդու այս ավետարանն է, որ ինձ հույս է ներշնչում, որ կլինեմ այդ հրաշալի մարդկանց հետ և կկատարվի իմ այդ իղձը։ Ես ամեն ինչ վտանգել եմ այս ավետարանի համար, և ես գտնում եմ, որ իզուր չի եղել դա։ Ես գիտեմ, թե ում եմ վստահում։ Ես գիտեմ, որ իմ Փրկիչը կենդանի է, և նա ի վերջո պիտի կանգնի հողի վրա։15

Ուսումնական առաջարկություններ

  • Ւնչպե՞ս Մարգարե Ջոզեֆ Սմիթը դարձավ «գործիք Տիրոջ ձեռքում»։ Ինչպե՞ս եք օրհնվել դուք այն բաների շնորհիվ, որ Տերը հայտնել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով։

  • Ինչո՞ւ է կարևոր ունենալ վկայությունը, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն էր այս ժամանակաշրջանում։

  • Ինչպիսի՞ նշանակալից ճշմարտություններ իմացավ Ջոզեֆ Սմիթը Առաջին Տեսիլքի ժամանակ։ Ինչպե՞ս է Առաջին Տեսիլքը հիմք հանդիսանում ավետարանի այլ ճշմարտություններն ընդունելու համար։

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Մորմոնի Գիրքը «թարգմանվել է Աստծո պարգևով և զորությամբ»։

  • Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը կատարել է ավելին «մարդու փրկության համար, քան որևէ այլ մարդ, բացի Հիսուս Քրիստոսը»։

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը «հին ճշմարտությունների վերականգնողը, ոչ թե կործանողն էր»։

  • Ինչպե՞ս եք ամրապնդվել ընկերակցելով այն տղամարդկանց, կանանց կամ երեխաներին, որոնք ամուր վկայություններ ունեն և «ամոթ չեն համարում Քրիստոսի ավետարանը»։ Ւնչպե՞ս կարող ենք ամրապնդել ուրիշներին մեր վկայություններով։

  • Ւ՞նչն է ամենաշատը տպավորություն գործել ձեզ վրա Մարգարեյի մասին Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի բերած վկայություններում։ Ւնչպիսի՞ն է ձեր վկայությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթի աստվածային առաքելության վերաբերյալ։

Հղումներ

  1. Gospel Doctrine, 5th ed. (1939), 493.

  2. Gospel Doctrine, 168–69.

  3. Gospel Doctrine, 478–79; paragraphing added.

  4. Gospel Doctrine, 479.

  5. Gospel Doctrine, 480–81.

  6. Proceedings at the Dedication of the Joseph Smith Memorial Monument: At Sharon, Windsor County, Vermont, December 23rd, 1905, 41–42.

  7. Gospel Doctrine, 495–96.

  8. Gospel Doctrine, 482.

  9. Gospel Doctrine, 488–89.

  10. Gospel Doctrine, 478.

  11. Gospel Doctrine, 483–84.

  12. Proceedings at the Dedication of the Joseph Smith Memorial Monument, 38–39.

  13. Gospel Doctrine, 484–85.

  14. Gospel Doctrine, 489.

  15. Gospel Doctrine, 501.

Նկար
Joseph Smith

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը հայտարարել է, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը եղել է «Աստծո կողմից ընտրված գործիք և օժտվել է նրա իշխանությամբ՝ վերականգնելու սուրբ Քահանայությունը» (Gospel Doctrine, 478):