Նախագահների ուսմունքները
Գլուխ 22: Գթությունը մեր հոգիներում


Գլուխ 22

Գթությունը մեր հոգիներում

Մենք պետք է hnգ տանենք կարիքավորների համար և բոլոր մարդկանց հանդեպ լցված լինենք բարությամբ ու սիրով:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը աղերսում էր Վերջին Օրերի Սրբերին սիրել իրենց մերձավորներին և ողորմածությամբ ու մաքուր գթությամբ հոգալ միմյանց աշխարհիկ և հոգևոր կարիքները: «Այն պահին, որ Վերջին Օրերի Սուրբը սովորում է իր պարտականությունը, նա իմանում է, որ իր պարտքն է … լցված լինել բարության, սիրո, գթության և ներողամտության հոգով», սովորեցրել է նա:1

Նրան ևս մեծ ծառայություն էր մատուցվել, ինչպես ակնհայտ էր դարձել այն ժամանակ, երբ նա, լինելով Եկեղեցու Նախագահ, Եպիսկոպոս Չարլզ Վ. Նիբլիի հետ այցելել էր Հավայան կղզիներ: Ավելի ուշ Եպիսկոպոս Նիբլին այսպես է նկարագրում.

«Երբ հասանք Հոնոլուլուի նավամատույց, բազմաթիվ բնիկ Սրբեր դիմավորեցին մեզ ծաղկեպսակներով, բազմատեսակ և բազմերանգ ծաղիկներով: Մեզ նվիրեցին դրանք, իհարկե նրան ավելի շատ, քան մեկ ուրիշին: Հայտնի Հավայան նվագախումբն իր նվագով դիմավորեց մեզ … Որքան հրաշալի էր տեսնել խորը արմատներ գցած սերը, նույնիսկ հուզում պատճառող կապվածությունը, որ այդ մարդիկ տածում էին նրա հանդեպ: Այդ ամենի մեջ ես նկատեցի մի խեղճ, ծեր, կույր կնոջ, որն իննսուն տարիների ծանրության տակ երերալով մոտենոում էր, ուրիշի օգնությամբ: Նա իր ձեռքին ուներ մի քանի ընտիր բանան, դա նրա նվերն էր: Նա կանչում էր. «Իոսեպա, Իոսեպա»: Տեսնելով նրան, Ջոզեֆը վազեց և գրկախառնվեց նրան, պինդ սեղմեց և անընդհատ համբուրում էր, շոյում նրա գլուխն ասելով. «Մայրի՜կ, մայրի՜կ, իմ թանկագին ծեր մայրիկ»:

Եվ արցունքներով ողողված դեմքը շրջվեց դեպի ինձ, ասելով. «Չարլի, նա խնամել է ինձ, երբ հիվանդ տղա էի, և ոչ ոք չկար, որ հոգար իմ մասին: Նա տարավ ինձ իր մոտ և մայր էր ինձ համար»:

Օ՜, որքան հուզիչ էր … որքան գեղեցիկ էր տեսնել մի մեծ, պատվարժան մարդու, որը լցված էր սիրով և իր հանդեպ ցուցաբերված բարության քնքուշ հուշերով, հուշեր, որոնք հիսուն տարվա վաղեմություն ունեին, և որքան հրաշալի էր տեսնել մի խեղճ ծեր կնոջ, որը բերել էր իր սերն արտահայտող ընծան՝ մի քանի բանան: Դա էր ամենը, որ նա ուներ, որպեսզի դներ իր սիրելի Իոսեպայի ձեռքը»:2

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Եղիր առատաձեռն աղքատների և անհաջողակների հանդեպ:

Մեր Տիրոջ և Վարդապետի կողմից ուսուցանված մեծ պատվիրանն է՝ սիրել Աստծուն քո ողջ սրտով, քո ողջ մտքով և քո ողջ անձով: Երկրորդն էլ դրա նման է. սիրիր քո մերձավորին քո անձի պես: «Այս երկու պատվիրանքից կախուած են բոլոր օրէնքը և մարգարէքը»: [Տե‘ս Մատթեոս ԻԲ. 37–40:] Ուստի, եկեք գթություն և ներողամտություն, սեր և ողորմածություն ցուցաբերենք միմյանց հանդեպ. և ջանքեր չխնայենք օգնելու թշվառներին, այնպես որ այրու ձայնը չբարձրանա առ Աստված՝ դժգոհելով մարդկանցից, որ սնունդի, հագուստի և ապաստանի կարիք ունի: Հետևեք, որ որբն անտուն չմնա այս մարդկանց մեջ, ոչ էլ առանց սնունդի, հագուստի, կամ իր միտքը զարգացնելու հնարավորության: Հետևեք, որ գթությունը տարածվի ձեր բոլոր գործերով և մնա ձեր սրտում, ոգեշնչելով ձեզ, որ հոգ տանեք աղքատների և տառապյալների համար, մխիթարեք նրանց, ովքեր բանտում են, եթե մխիթարության կարիք ունեն, և ծառայեք նրանց, ովքեր հիվանդ են. քանզի նա, ով մի բաժակ սառը ջուր է տալիս մարգարեին մարգարեի անունով, կստանա մարգարեի վարձքը:

Նրանք, որ այդպես են վարվում ձեր մեջ գտնվող աղքատների հանդեպ, մի օր նրանց կասվի. «Սովեցի և դուք տուիք ինձ ուտել. ծարավեցի և խմեցրիք ինձ. օտար էի, և ինձ ձեզ մոտ առաք. Մերկ էի, և հագցրիք ինձ. հիվանդ էի, և ինձ այցելեցիք. բանտի մեջ էի, և ինձ մոտ եկաք»: Եվ մենք չենք ասի. «Տե՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված», քանզի ամեն խելամիտ մարդ գիտե, որ եթե ծառայում ես արժանի աղքատի, կգնահատվի որպես ծառայություն մատուցված Նրան, ով նրանց հոգիների Հայրն է: [Sե‘u Մատթեոս ԻԵ.31–45:]3

Մեր զավակներին պետք է ուսուցանել՝ հարգել ոչ միայն իրենց հորը և մորը, իրենց եղբայրներին ու քույրերին, այլ նրանց պետք է սովորեցնել հարգել բոլոր մարդկանց, հատկապես նրանց պետք է սովորեցնել, ուղղություն տալ և դաստիարակել այնպես, որ հարգեն տարեց և թույլ մարդկանց, անհաջողակներին և աղքատներին, կարիքավորներին և նրանց, ում մարդիկ չեն կարեկցում:4

Մենք միշտ կարողացել ենք ինչ-որ բան տալ աղքատին, և չմերժել մեզանից հաց խնդրողին: Ես համոզված եմ, որ այսպիսի մոտեցումը հատուկ և բնորոշ է Վերջին Օրերի Սրբերին: Ես կարծում եմ, որ բոլոր Մորմոնները բարյացակամորեն են տրամադրված և առատաձեռն են աղքատների և անհաջողակների հանդեպ, և Վերջին Օրերի Սրբերի մեջ չկա մեկը, որ լսում է իմ ձայնը կամ որտեղ էլ որ նա գտնվի, չկիսվի կարիքի մեջ գտնվող իր մերձավորի հետ …

Ես տեսել եմ մարդկանց, ովքեր դուրս են եկել իմ դռնից լավ հաց ու կարագ իրենց ձեռքում (որը լավ կթվար ցանկացած թագավորին, քանի որ իմ տնեցիները լավ հաց ու կարագ են պատրաստում, ամենալավը, որ ինձ բախտ է վիճակվել երբևէ ուտել) և երբ դուրս են եկել դարպասից, նրանք գցել են դա փողոցում: Նրանք սնունդ չէին ցանկանում, այլ փող էին ուզում: Ինչի՞ համար: Որպեսզի գնան թղթախաղով զբաղվեն կամ սրճարանում խմեն: Իհարկե նրանք պատասխանատու են դրա համար: Մենք միայն կարող ենք դատել տեսքից և մեր ներքին ձայնի հուշումներից: Սակայն ավելի լավ է տալ շատ անարժաններին, քան դատարկ ետ դարձնել մեկ արժանի մարդու:5

Գթությունը կամ սերը գոյություն ունեցող մեծագույն սկզբունքն է: Եթե մենք կարողանանք օգնության ձեռք մեկնել ընկճվածներին, հուսահատվածներին և վշտահարներին, եթե կարողանանք բարձրացնել և բարելավել մարդկանց պայմանները, ապա մեր առաքելությունն է կատարել դա, դա մեր կրոնի ամենակարևոր մասն է:6

Սիրիր մեձավորիդ, ինչպես ինքդ քեզ:

Համեմատաբար մարդու համար հեշտ է ասել, որ հավատում է Աստծուն և Հիսուս Քրիստոսի քավող արյանը, որ հավատում է մեղքերից ապաշխարությանը, մեղքերի թողության համար մկրտությանը և Սուրբ Հոգու պարգևը ստանալու համար ձեռնադրմանը: Հավանաբար, մարդու համար դժվար չէ նման առաջընթացը: Սակայն երբ խոսքը վերաբերում է մերձավորին սիրելուն, ինչպես իր անձը, դա հեշտ չէ: Այստեղ մենք մոտենում ենք դժվար գագաթ բարձրանալուն, որտեղ մեզ անհրաժեշտ է բոլոր մեր ուժերը լարել գագաթին հասնելու համար: Եվ մագլցելով մեր կյանքի երկար տարիների ընթացքում, ես կխիզախեմ ասել, որ կարթնանանք մի առավոտ և կտեսնենք, որ դեռ մագլցում ենք սարի ստորոտում, անգամ չենք մոտեցել գագաթին: Քանզի, իրականում ընդամենը մի քանի տղամարդիկ և կանայք, նույնիսկ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի մեջ, կարող են իսկապես ասել. «Ես սիրում եմ իմ մերձավորին իմ անձի պես»:

Մենք, որպես օրենք, չենք սիրում մեր մերձավորին մեր անձի պես: [Ինչ-որ] մեկը մի անգամ ասել է. «Իմ մայրիկի որդիներից ես ամենաշատը ինձ էի սիրում»: Նույնը կարող ենք ասել նաև երկրի վրա ապրող Աստծո զավակների համար: Թեպետ մեր Հայրը շատ զավակներ ունի, և մենք արյունակիցներ ենք, և հավանաբար, մեկ համայնքի անդամներ, մեկ հավատք ունենք, հավատալով մեկ Աստծու և մեկ Տեր Հիսուս Քրիստոսին, սակայն մեզանից յուրաքանչյուրը ամենաշատը իրեն է սիրում: Այս զգացումը դրսևորվում է մեր առօրյա կյանքում, մեր ամենժամյա շփումներում: Այն շատ հաճախ դրսևորվում է անգամ ամուսնու և կնոջ, հաճախ հոր և երեխայի հարաբերություններում, և շատ տարածված է երեխաների մեջ: Արդյո՞ք սա Քրիստոնեություն է: Արդյո՞ք սա Հիսուս Քրիստոսի վարդապետությունն է: Դա չի համընկնում գրքերում իմ կարդացածի և կյանքի ու փրկության սկզբունքների մասին ունեցած իմ հասկացողության հետ: Սուրբ գրությունները ասում են մեզ, որ մենք պետք է սիրո մեջ իրարից առաջ անցնենք, որ պետք է հրաժարվենք մեր հանգստությունից, մեր հարմարավետությունից, մեր ցանկություններից կամ մեր երջանկությունից հօգուտ մեր մերձավորների ցանկությունների, հանգստության և երջանկության, չխոսելով մեր հարազատների և սիրելիների մասին:7

Ինչպես սիրենք մեր մերձավորին, երբ մեզ ենք սիրում: Դա ամենահասարակ բանն է աշխարհում. սակայն շատ շատերն են եսասեր և սահմանափակվում են իրենք իրենցով, նրանց հասանելի չէ զգացումների այն մեծությունը, որը հասնում է մերձավորներին՝ հոգալով նրանց օգուտի և բարօրության համար. և նրանք սահմանափակվում են իրենց անձնական և բացառիկ օգուտով, օրհնությամբ և բարօրությամբ, և ես լսում եմ, թե ինչպես են ասում. «Դե, թող իմ մերձավորն ինքն իր մասին հոգա»: Սա չէ այն հոգին, որ պետք է բնորոշի Վերջին Օրերի Սրբին:8

Երբ մենք տեսնում ենք մեր եղբայրների կամ քույրերի մոտ անհաջողություններ, թուլություններ կամ սխալներ, լինեն դրանք իրական, թե երևակայական, դրսում տարածելու և մեր ընկերների և մտերիմների ականջը լցնելու փոխարեն, երբ էլ որ հանդիպենք նրանց, բավականաչափ գթություն և ընկերասիրություն կցուցաբերենք, … եթե գնանք մեր ընկերների մոտ, ովքեր տհաճ են մեզ համար կամ համոզված ենք, որ նրանք սխալական են, և ցույց տանք, թե ինչ ենք զգում ու մտածում այդ առումով և կատարենք դա օգնելու նպատակով, որպեսզի հաղթահարեն իրենց թուլությունները, դրանով մենք մեզ և նրանց շատ բարիք կբերենք: Մենք չենք գնա նրանց մոտ դատապարտության և դժգոհության ոգով, որպեսզի վիրավորենք նրանց զգացումները և թշնամությամբ լցնենք նրանց սիրտը:9

Ես խորհուրդ կտայի, որ մենք սովորենք սիրել միմյանց, և ապա ընկերությունը ճշմարիտ ու քաղցր կլինի: Ինչ-որ մեկն ասել է, որ «մենք կարող ենք տալ առանց սիրելու, սակայն մենք չենք կարող սիրել առանց տալու»: Այսպես ենք մենք ցանկանում սիրել միմյանց, և ինչպես Տերն է ասել Պետրոսին, մենք պետք է արածեցնենք նրա գառներին [տե‘ս Հովհաննես ԻԱ. 15–17], զորացնենք մեկս մյուսին: Մենք պետք է պաշտպանենք և աջակցենք մեկս մյուսին, ոչ թե կործանենք, ցածրացնենք միմյանց կամ էլ կենտրոնանանք մեր մերձավորների ու եղբայրների թուլությունների կամ թերությունների վրա, որոնք տեսնում ենք բոլոր մարդկանց մեջ: Փոխարենը ավելի լավ կլինի, եթե մենք տեսնենք մի արժանիք, գովաբանենք այն, և եթե հնարավոր է փչենք, որ կրակը բոցավառվի, որը լույս, կյանք, էներգիա ու արիություն կպարգևի բոլոր նրանց, ովքեր կտեսնեն այն և հատկապես նրանց, ովքեր սխալի ու խավարի մեջ են, որպեսզի հնարավոր լինի նրանց դեպի լույս բերել:10

Իմ կրոնը սովորեցնում է ինձ սիրել բոլոր մարդկանց: Որքան էլ որ ես արհամարհեմ նրանց գործերը, կամ դատապարտեմ նրանց ամբարշտությունը և խավար միտքը, այնուամենայնիվ նրանք ստեղծվել են Իմ Հոր և Աստծո պատկերով և նմանությամբ, նրանք իմ եղբայրներն ու քույրերն են: Ինձանից պահանջվում է սիրել իմ մերձավորին իմ անձի պես: Հնարավոր է, ես դեռ չեմ հասել կատարելության նման բարձր չափանիշի, հնարավոր է. իմ մեջ դեռևս նստած է այդ եսասիրությունը, որն ինձ ավելի բարձր է դասում իմ մերձավորից, բայց ես նպատակ ունեմ ճիշտ վերաբերվել իմ ընկերների հետ, քանի որ Ավետարանն է դա պահանջում:11

Աստված բոլոր ջանքերը գործադրել է, որպեսզի այս ժամանակահատվածում հայտնի մեզ Ավետարանի ամբողջությունը, որը … ուսուցանում է մարդկանց անձնազոհություն՝ ի բարօրություն ուրիշների, և որը ուսուցանում է մեզ, որ ուրիշների հանդեպ բարին գործելով, մենք բարիք ենք գործում մեզ համար … Շատ շատերն են այս աշխարհում կապված իրենք իրենց և այնքան հոգով սահմանափակ են, որ անգամ չեն կամենում պայքարել ինչ-որ մեկի համար, բացի իրենցից … Մարդկության պարտականությունն է, ինչպես ես եմ հասկանում մեր ստացած սուրբ Ավետարանի լույսի ներքո, պաշտպանել բոլոր տղամարդկանց ու կանանց անմեղությունը, առաքինությունը, պատիվը և իրավունքները այնպիսի եռանդով, ինչպես մենք կպաշտպանեինք մերը:12

Աստված պաշարներ է ստեղծել Իր Եկեղեցում կարիքավորների մասին հոգ տանելու համար:

Աստված Իր Եկեղեցու ողջ կառուցվածքում պայմաններ է ստեղծել, որ ամեն մի հավատարիմ հոգի հոգատարություն և աջակցություն ստանա կարիքի ժամանակ:13

Աստված պատվիրել է իր ժողովրդին՝ հիշել աղքատներին և միջոցներ ձեռք առնել նրանց օժանդակելու համար … Մենք չենք հավատում, որ գթությունը բիզնես է, այլ փոխարենը մենք ապավինում ենք փոխադարձ օգնությանը: Բացի այն որ ավետարանը պատգամում է հավատք և ապաշխարություն, այն պահանջում է նաև աշխարհիկ կարիքների բավարարում: Այսպիսով, Տերը հայտնել է մարդկանց աշխարհիկ փրկության ծրագրերը:

Աղքատներին օգնելու համար հաստատվել է ծոմ, որի գլխավոր նպատակն է, մյուս բաներից բացի, աղքատներին սնունդով և այլ անհրաժեշտ իրերով ապահովելը, մինչև որ կարողանան իրենք իրենց համար հոգալ: Քանզի պարզ է, որ բավարար չեն այն ծրագրերը, որոնք միայն նախատեսված են ներկա դժվարությունները թեթևացնելու համար: Եկեղեցին միշտ ձգտել է իր անդամներին դնել իրենք իրենց օգնելու ուղղու վրա, քան օգտագործել բարեգործական հաստատությունների եղանակը, որոնք միայն ընթացիկ կարիքներն են բավարարում: Երբ նման ձևով օգնելու հնարավորություն այևս չկա կամ օգնությունը մերժվել է, սակայն ավելի շատ մարդկանց է անհրաժեշտ ապահովել, այդ ժամանակ աղքատները դառնում են մուրացկաններ, քանի որ նրանց սխալ սկզբունք են սովորեցրել՝ հույսը դնել ուրիշների օգնության վրա, քան ապավինել իրենց ուժերին … Հետևաաբար, գթության մեր գաղափարը կայանում է նրանում, որ թեթևացվեն ընթացիկ պահանջները, իսկ ապա դնել աղքատներին իրենք իրենց օգնելու ուղղու վրա, այնպես որ իրենք էլ կարողանան օգնել ուրիշներին: Ֆինանսների բաշխումը վստահվում է իմաստուն մարդկանց, հիմնականում Եկեղեցու եպիսկոպոսներին, որոնց պարտականությունն է հոգ տանել աղքատների համար:

Մենք աշխարհի եկեղեցիներին ենք ներկայացնում Տիրոջ ծոմի օրվա արդար կարգը՝ որպես իմաստուն և համակարգված ձև աղքատներին օգնելու համար … Մարդկանց համար դժվար չէ կատարել այդ պահանջները՝ յուրաքանչյուր ամսվա մեջ մեկ օր չուտել և չխմել, և աղքատների համար նվիրաբերել այն, ինչը պետք է սպառվեր այդ օրը, և նույնիսկ ավելին, ինչպես իրենք են կամենում: Տերն է հաստատել այս օրենքը, այն պարզ է և կատարյալ, պատճառաբանված ու խելամիտ: Այն ոչ միայն կլուծի աղքատներին բավարարելու հարցը, այլև կլինի հօգուտ նրանց, ովքեր կպահեն այդ օրենքը: Այն … մարմինը կենթարկի հոգուն և, այդպիսով, կնպաստի Սուրբ Հոգու հետ հաղորդակցմանը, և հոգևոր ուժով ու զորությամբ կապահովի այս ժողովրդին, որի կարիքը նրանք այնքան ունեն: Քանի որ ծոմապահությունը պետք է միշտ ուղեկցվի աղոթքով այս օրենքը մարդկանց էլ ավելի կմոտեցնի Աստծուն, և առնվազն ամիսը մեկ անգամ նրանց միտքը կշեղի աշխարհիկ գործերի խելագար բուռն ընթացքից և նրանք հնարավորություն կունենան անմիջապես շփվել գործնական, մաքուր և անբիծ կրոնի հետ՝ այցելել որբերին և այրիներին, իրենց աշխարհի մեղքերից անարատ պահել [տե‘ս Հակոբոս Ա. 27]:14

Ակնհայտ է, որ ընդունելի ծոմն իր հետ բերում է Աստծո և մարդու հանդեպ սիրո ճշմարիտ ոգի, և ծոմի նպատակն է պահպանել սրտի կատարյալ մաքրություն և պարզ մտադրություն, ծոմ, որը նվիրված կլինի Աստծուն իր ամբողջական և ամենախորը իմաստով, քանզի նման ծոմը դարման կլինի գործով կամ մտքով թույլ տրված ցանկացած սխալի համար. փառամոլությունը կանհետանա, դրան կփոխարինի մեր ընկերների հանդեպ սերը, և մենք ուրախությամբ կօգնենք աղքատներին ու կարիքավորներին:15

Աստվածաշունչը դարձնում է մեզ անեսասեր և պատրաստակամ զոհաբերելու մեր ցանկությունները՝ ի բարօրություն ուրիշների:

Մենք հորդորում և աղերսում ենք մեր եղբայրներին ու քույրերին Հիսուս Քրիստոսի ավետարանով, որ ձեզանից յուրաքանչյուրը ոչ միայն պատվի իրեն՝ պատշաճ կյանք վարելով, այլ նաև պատվի, սիրի և գթառատ լինի իր մերձավորների հանդեպ:16

Ես կարծում եմ, որ մենք պետք է ապրենք մեր հավատքի համաձայն: Մենք պետք է պահենք Աստծո պատվիրանները: Մենք պետք է ձեռք բերենք և վայելենք ավետարանի ոգին մեր սրտերում և մեր կյանքում պետք է կրենք հոգու պտուղները, որոնք են հավատք, հույս և գթություն, սեր, խոնարհություն և միմյանց հանդեպ ներողամտություն, և հնարավորինս խուսափենք մեղադրելու ոգուց, վեճից, որը դառնում է կռվի, խառնակության և մարդկանց մեջ բաժանումների պատճառ և առաջ է բերում ատելության հոգին: Օ՜, հեռու վանեք ատելությունը ձեզանից: Ատելությունը, որը տեղ է գտել մեր սրտերում, կամ նախանձն ու խանդը, հազար անգամ ավելի շատ կվնասեն նրանց, ովքեր թույլ կտան, որ դրանք մնան իրենց հոգում և չարացնեն իրենց մտքերը, քան ուրիշներին: Ուրեմն, եկեք մեր սրտերից և մտքերից հեռու վանենք նման բաները: Եկեք արդար կյանքով ապրենք, թող որ ամուսինը սիրի իր կնոջը և հավատարիմ ու բարի լինի նրա հանդեպ, իսկ կինը թող հավատարիմ ու բարի լինի իր ամուսնու հանդեպ, և թող նրանք հավատարիմ, սիրող ու հոգատար ծնողներ լինեն իրենց զավակների համար, թող որ նրանք միավորվեն որպես ընտանեկան միավոր Եկեղեցում և որքան որ դա տարածվի Սիոնի սահմաններից դուրս, մենք կունենանք հազարամյա թագավորություն մեր մեջ և ամենուր երկրի վրա կլինի խաղաղություն և մարդկանց մեջ հաճություն:17

Ավետարանի նպատակն է, որ հեռացնի մեզանից այն ամենը, ինչը անհամատեղելի է Աստծո և փրկության ծրագրի հետ, որը նա հայտնել է մարդկանց: Այն նախատեսված է, որ սովորեցնի մեզ ապրել այնպես, որ վայելենք ճշմարտության լույսի լիությունը, և հասկանանք Աստծո նպատակները, և կարողանանք ապրել այնքան մոտ Նրան, որ Նրա ցանկությունների հետ ներդաշնակության մեջ լինենք: Ավետարանի սկզբունքները նպատակ ունեն մեզ դարձնել անեսասեր, ընդլայնել մեր միտքը, մեծացնել բարիք գործելու մեր ցանկությունը, մեր սրտից հեռացնել ատելությունը, չարությունը, նախանձը և զայրույթը, և դարձնեն մեզ խաղաղ, հնազանդ, ուսուցանվող և պատրաստակամ զոհաբերելու մեր ցանկությունները և, հնարավոր է, նաև մեր շահերը մեր մերձավորների բարօրության և Աստծո Թագավորության առաջադիմության համար: Մարդը, որը չի կարող զոհաբերել իր անձնական ցանկությունները, որը չի կարող իր սրտում ասել. «Հայր, քո կամքը լինի, և ոչ թե իմը», իսկապես և լիովին դարձի եկած Աստծո զավակ չէ, նա դեռևս ինչ-որ չափով գտնվում է սխալի իշխանության տակ և խավարի ստվերում, որը պատել է աշխարհը՝ թաքցնելով Աստծուն մարդկանց ներկայությունից:18

Ուսումնական առաջարկություններ

  • Որո՞նք են երկու ամենամեծ պատվիրանները: (Տե‘ս նաև Մատթեոս ԻԲ.22:37–40:) Ինչո՞ւ են այդ պատվիրաններն այդքան կարևոր:

  • Ի՞նչ է գթությունը: (Տե‘ս նաև Մորոնի 7.45–48:) Ի՞նչ կարող ենթ անել, որպեսզի գթությունը տարածվի մեր գործերով և մնա մեր սրտերում: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «գթությունը երբեք չի խափանվում»: (Տե‘ս Մորոնի 7.46:)

    Ո՞րն է մեր պարտականությունը նրանց հանդեպ, ովքեր անհաջողակ են, կարիքավոր են կամ «ում մարդիկ չեն կարեկցում»:

  • Ինչպե՞ս կարող ենթ ավելացնել մեր ունակությունը, որպեսզի իրոք ասենք. «Ես սիրում եմ իմ մերձավորին իմ անձի պես»: Ինչպե՞ս պետք է մենք վարվենք, երբ թերություններ ենք նկատում ուրիշների մեջ: (Տե‘ս նաև Ղուկաս Զ.41–42:) Ինչպե՞ս կարող ենք մեծարել ուրիշների արժանիթները:

  • Ինչպիսի՞ օրհնություններ են գալիս ամեն ամիս ծոմ պահելու և ծոմի նվիրատվություններ կատարելու արդյունքում: Աղոթքով խորհեք, թե ինչպես կարող եք օգնել Եկեղեցուն կարիքավորների մասին հոգ տանելու գործում, օրինակ փնտրելով նոր կամ միայնակ անդամներին, կամավոր օգնելով համայնքում, ավելացնելով ծոմի նվիրատվությունները կամ մասնակցելով բարօրության և մարդասիրական օգնության ծրագրերին:

  • Որո՞նք են «մեր կյանքում հոգու պտուղները» (Տե‘ս նաև Գաղատացիս Ե.22–23:) Ինչպիսի՞ օրհնություններ են գալիս մեզ և ուրիշներին, երբ մենք պատրաստակամորեն ենք զոհաբերում մեր ցանկությունները ուրիշների բարօրության համար:

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի ավետարանը «մեր սրտերից հեռացնում ատելությունը, չարությունը, նախանձը և զայրույթը» և օգնում մեզ գթառատ լինել ուրիշների հանդեպ:

Հղումներ

  1. In Conference Report, Apr. 1915, 4.

  2. Charles W. Nibley, “Reminiscences,” in Gospel Doctrine, 5th ed. (1939), 519–20.

  3. Deseret Weekly, 19 Aug. 1893, 284.

  4. Gospel Doctrine, 282–83.

  5. In Conference Report, Apr. 1898, 47–48; paragraphing added.

  6. In Conference Report, Apr. 1917, 4.

  7. Deseret News: Semi-Weekly, 31 Mar. 1896, 1; paragraphing added.

  8. Gospel Doctrine, 270.

  9. In James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. (1965–75), 5:91.

  10. In Messages of the First Presidency, 5:93.

  11. “The Gospel in Precept and Example,” Millennial Star, 15 Mar. 1906, 162.

  12. “Discourse by President Joseph F. Smith,” Millennial Star, 11 Nov. 1897, 706–7.

  13. In Conference Report, Apr. 1915, 7.

  14. Gospel Doctrine, 236–38; paragraphing altered.

  15. “Editor’s Table,” Improvement Era, Dec. 1902, 147.

  16. In Messages of the First Presidency, 5:53.

  17. In Conference Report, Oct. 1916, 8.

  18. “Blind Obedience and Tithing,” Millennial Star, 20 Jan. 1893, 79.