Նախագահների ուսմունքները
Գլուխ 35: Ձգտեք կրթվել ճշմարտությամբ


Գլուխ 35

Ձգտեք կրթվել ճշմարտությամբ

Մենք պետք է շանասիրաբար փնտրենք ճշմարտությունը և ձգտենք ամեն օր սովորել ու զարզանալ:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

Թեև Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը շատ հնարավորություններ չուներ միջնակարգ կրթություն ստանալու համար, նրա վրա մեծապես ներգործել էր այն վարդապետությունը, որ «Աստծո փառքը բանականություն է» (տես ՎևՈւ 93.36), և նա խրախուսում էր Սրբերին՝ հոգևոր և աշխարհիկ ճշմարտությունների մասին այնքան կրթություն ստանալ, որքան հնարավոր է: Նախագահ Սմիթը շարունակում էր աջակցել Եկեղեցու ակադեմիական ծրագրին, որը շատ Սրբերի հնարավորություն էր տալիս միջնակարգ դպրոցական և կրոնական կրթություն ստանալ: Նա նաև այսօրվա մեծածավալ Եկեղեցու Կրթական Համակարգի հիմքն է դրել՝ հիմնելով սեմինարիայի ծրագիրը: Առաջին սեմինարիան բացվեց 1912թ., Գրենիտ բարձրագույն դպրոցի հարևանությամբ Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա:

Որպես Եկեղեցու Նախագահ, ես խրախուսել եմ Եկեղեցու օժանդակ կազմակերպություններին՝ Սփոփող Միությանը, Կիրակնօրյա Դպրոցին, Երեխաների Միությանը և Համատեղ Զարգացման Ընկերությանը (այսօր Երիտասարդ Տղամարդկանց և Երիտասարդ Կանանց ծրագրերը), կատարել իրենց առաքելությունը՝ սովորեցնել ավետարանը: Նրա ծառայության ժամանակ, Եկեղեցու օժանդակ կազմակերպություններում հիմնվեցին ուսումնական միատեսակ դասընթացներ երեխաների և մեծահասակաների համար, և ամսագրեր հրատարակվեցին Եկեղեցու կողմից, որոնք պարունակում էին շաբաթական դասերի ծրագրերը: Նա երկար տարիներ եղել է խմբագիրը Improvement Era-ի, որին հաջորդեց Ensign ամսագիրը, և Juvenile Instructor ամսագրի, որը տպագրվում էր Կիրակնօրյա Դպրոցի համար: Նա շատ հոդվածներ և խմբագրականներ է գրել, որոնք պարզաբանել են Եկեղեցու վարդապետությունը: «Նա սիրում էր գրել»,- հիշում էր նրա ընկերներից մեկը,- «և նրա ժամանակը չէր բավականացնում, որպեսզի նա կարողանար ավելի շատ ժամանակ տրամադրել Era-ին»:1

Նախագահ Սմիթը այսպես է նշել. «Վերջին Օրերի Սրբերի համար փրկությունն ինքնին Քրիստոսի Քավության միջոցով կրթական գործընթաց է …Գիտելիքը հավերժական առաջադիմության միջոց է»:2

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Ողջ ճշմարտությունը ընդգրկված է ավետարանում:

Չկա ճշմարտություն մեկ այլ կրոնական ընկերությունում կամ կազմակերպությունում, որը ընգրկված չլինի Հիսուս Քրիստոսի ավետարանում, ինչպես սովորեցրել է Ջոզեֆ Սմիթը, Մարգարեն, և նրանից հետո շարունակում են սովորեցնել այս Եկեղեցու ղեկավարներն ու երեցները, սակայն այն մեր կողմից պահանջում է որոշ ջանքեր, որոշ ճիգեր, որոշ նվիրվածություն, սովորելու համար այդ ամենը և վայելելու դրանք: Եթե անտեսում ենք դրանք, մենք, իհարկե, չենք ստանա օրհնությունները, որոնք հաջորդում են այդ ջանքերին և գալիս են այդ սկզբունքները խորը հասկանալու շնորհիվ: Ուստի, մեզ մոտ կարող են գալ մարդիկ և խոսել ի օգուտ այլ գաղափարների, որոնք չեն կարող համեմատվել մեր գաղափարների հետ իրենց պարզությամբ, հրահանգումով և ճշմարտությամբ, սակայն գտնվում են այնպիսիք, որոնք լսում և հավատում են, որ այս բոլոր բաները նոր են և չեն պարունակվում Հիսուս Քրիստոսի ավետարանում, ինչպես սովորեցնում են Վերջին Օրերի Սրբերը: Սա սոսկալի մոլորություն է, որից պետք է պաշտպանվեն նրանք, ովքեր սիրում են ավետարանը:3

Եթե դուք սիրում եք ճշմարտությունը, եթե ընդունել եք ավետարանը ձեր սրտում և սիրում եք այն, ձեր բանականությունը կաճի, ճշմարտության ձեր հասկացողությունը ավելի կընդլանվի, քան որևէ այլ միջոցով: ճշմարտությունն է, որ առավել քան որևէ այլ բան աշխարհում մարդկանց ազատ է դարձնում, ազատ ծուլությունից և անտարբերությունից, ազատ անհոգության սոսկալի հետևանքներից, քանզի այն կլինի սոսկալի հետևանք, եթե անտեսում ենք մեր պարտականությունը կենդանի Աստծո առաջ: Եթե դուք սովորեք ճշմարտությունը և քայլեք ճշմարտության լույսի մեջ, դուք ազատ կլինեք մարդկանց սխալներից …դուք վեր կկանգնեք կասկածանքից և ամեն տեսակի սխալ արարքներից: Աստված կընդունի ձեզ, կօրհնի ձեզ և ձեր ժառանգությունները, կբարգավաճեցնի և դափնու ծառի պես կփարթամացնի ձեզ:4

Նա, ով Աստծո գիտելիքը սովորելու և ընդունելու արտոնություն ունի, ավելի հաջողակ է, քան հարստություն կամ երկրի թաքնված գանձեր փնտրողը. … Նրա միտքը ազատ է ընդունելու պարզ ու թանկարժեք ճշմարտությունները, որոնք հայտնվել են ճշմարտության աղբյուրից՝ մարդու փրկագնման և կյանքի համար, և նրա սիրտը ամբողջովին նվիրված է կամ պետք է նվիրվի մարդու փրկագնման մեծ ու փառահեղ գործին:5

Որտե՞ղ արժե, որ մարդիկ դիմեն, որոնք հաստատված չեն ճշմարտության մեջ: Պատասխանը պարզ է: Նրանք չեն բավարարվի Մարդկանց ուսմունքներով: Թող նրանք փնտրեն այն Աստծո գրված խոսքում: Թող աղոթեն Նրան իրենց ծածուկ սենյակներում ու մառաններում, որտեղ մարդկային ոչ մի ականջ չի կարող լսել, և խնդրեն լույսի համար: Թող հնազանդվեն Հիսուսի վարդապետություններին, և նրանք անմիջապես կսկսեն աճել ճշմարտության գիտելիքի մեջ: Այս ընթացքը խաղաղություն կբերի նրանց հոգիներին, ուրախություն՝ նրանց սրտերին և հաստատուն համոզվածություն, որը չի կարող սասանել ոչ մի փոփոխություն: Նրանք կարող են հաստատապես հավաստիացած լինել, որ «նա, որ ծածուկ տեղը լսում է, հայտնապես կհատուցանի նրանց» [Տես Մատթեոս Զ.6]:6

Ի տարբերություն մարդկանց թեորիաների, Աստծո խոսքը միշտ ճշմարիտ է:

Մեր երիտասարդները ջանասեր ուսանողներ են: Նրանք ողջունելի եռանդով են ձգտում ճշմարտությանն ու գիտելիքին, և այդպիսով նրանք անպայմանորեն ստիպված են լինում ժամանակավոր օգտագործման համար մարդկանց շատ տեսություններ որդեգրել: Ինչևէ, քանի դեռ նրանք համարում են դրանք հետազոտական նպատակների համար ժամանակավորապես օգտակար, դրանցում հատուկ ինչ-որ վտանգ չի կարող լինել: Սակայն երբ այդ տեսությունների վրա հիմնվում են որպես հիմնական ճշմարտություն, այդ դեպքում խնդիր է ծագում, և փնտրողը հայտնվում է մահացու վտանգի տակ, և նա կարող է անվերադարձ շեղվել ճիշտ ճանապարհից ….

Եկեղեցին հաստատապես կառչում է աստվածային հայտնության իշխանությունից, որը համարվում է տիպական, և մինչ այսպես կոչված «Գիտությունը» տարիների ընթացքում փոփոխության է ենթարկվում իր հետևություններում, ապա աստվածային հայտնությունը ճշմարիտ է և կմնա հավերժ, այնպես որ գիտության տեսակետները պետք է ենթարկվեն աստվածային հայտնության սահմանումներին, և հետևապես աստվածաբանություն ուսուցանելու համար Եկեղեցու կողմից հիմնված հաստատություններում, ինչպես նաև կրթության այլ ճյուղերում, տվյալ հաստատության ուսուցիչները ուսուցանելիս պետը է ներդաշնակության մեջ գտվեն դրա սկզբունքների և վարդապետությունների հետ ….

Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կրոնը թշնամի չէ որևէ ճշմարտության, ինչպես նաև ճշմարտությունը փնտրելու գիտական հետազոտությանը: «Այն, ինչ ապացուցված է, մենք ուրախությամբ ենք ընդունում»,- ասել է Առաջին Նախագահությունը Սրբերին ուղղված իր Սուրբ Ծննդյան ողջույնի ժամանակ, - «սակայն մենք չենք ընդունում սին փիլիսոփայությունը, մարդկային տեսությունը և սոսկ մարդկային մտորումները, ինչպես նաև չենք որդեգրում աստվածային հայտնությանը կամ առողջ բանականությանը հակասող որևէ բան, այլ բարեհաճությամբ ենք ընդունում այն ամենը, ինչը մղում է դեպի ճիշտ վարքը, որը ներդաշնակ է ողջամիտ բարոյականությանը և ավելացնում է Աստվածության հանդեպ հավատքը, անկախ նրանից, թե որտեղ է այդ գիտելիքը գտնվում» [“Words in Season from the First Presidency,” Deseret Evening News, 17 Dec. 1910, 3.]:

Երիտասարդների համար, ովքեր մտադիր են խորանալ փիլիսոփայական տեսությունների մեջ, լավ նշանաբան է՝ հետազոտել ամեն ինչ, սակայն զգույշ լինել, որպեսզի կառչեն միայն նրանից, ինչը ճիշտ է: ճշմարտությունը շարունակ մնում է, իսկ փիլիսոփաների տեսությունները փոխվում են և տապալվում: Այն, ինչ մարդիկ այսօր գիտական նպատակներով օգտագործում են որպես հիմք, որպեսզի գնան դեպի անհայտություն՝ ճշմարտության ետևից, վաղը կարող են դրանից հրաժարվել, երբ այն իր նպատակին ծառայի, իսկ հավատքը հավերժական սկզբունք է, որի շնորհիվ խոնարհ հավատացյալը կարող է իրեն ապահովել հավիտենական մխիթարություն: Դա Աստծուն գտնելու միակ միջոցն է:7

Գիտությունն ու փիլիսոփայությունը ժամանակի ընթացքում փոփոխություններ են կրել: Հազիվ էր անցնում մի դար, որ գիտության ու փիլիսոփայության նոր տեսություններ էին ներկայացվում, որոնք փոխարինում էին հին ավանդույթներին, հավատին ու հին ուսմունքներին, որոնցից կառչում էին փիլիսոփաներն ու գիտնականները: Այս ամենը կարող է մշտապես փոփոխության ենթարկվել, սակայն Աստծո խոսքը միշտ ճշմարիտ է:8

Կրթությունը, որն ունի իր բարձրագույն իդեալները՝ աշխարհիկ փառասիրությունը բավարարելու համար, չունի այն ազատությունը և հոգու անսահմանափակ զեղումը, որը հնարավոր է դարձնում ավելի բարձր ազատությունը և ավելի մաքուր կյանքը: Տարիքի և փորձի աճի հետ մեկտեղ անհրաժեշտ է մեր հոգևոր կյանքը ավելի նվիրել իսկական երջանկությանը: Սեր մտքերն ավելի հաճախ են ուղղվում դեպի ներս, երբ խորհում ենք մոտեցող այս կյանքի վերջի և հաջորդ ավելի մեծ կյանքի սկզբի շուրջ:9

Մենք պետք է զարգանանք և առաջադիմենք ինտելեկտուալ առումով:

Մենք նրանցից չենք, որ «միշտ սովորում են և երբեք չեն հասնում ճշմարտության գիտելիքին» [Տես Բ Տիմոթեոս Գ.7]: Ընդհակառակը, մենք միշտ սովորում ենք և միշտ մոտենում ենք ճշմարտության ճիշտ ընկալմանը, Եկեղեցու անդամների վրա դրված պարտականությանն ու պատասխանատվությանը, որոնք կանչված են պատասխանատու պաշտոնների: Դա չի վերաբերում միայն այն անդամներին, ովքեր կանչված են ծառայելու պատասխանատու պաշտոններում, այլ դա վերաբերում է … Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու [բոլոր] անդամներին:

Կա՞ արդյոք մեր շուրջը գոյություն ունեցող պայմաններում այնպիսի մեկը, որը չի աճում: Կա՞ արդոք մեզանում մեկը, որն ամեն օր ինչ-որ բան չի սովորում: Կա՞ արդյոք մեզանում մեկը, որը փորձ ձեռք չի բերում կյանքում առաջ գնալով և Եկեղեցու անդամության և քաղաքացիական պարտականությունները կատարելով …. Ինձ թվում է, շատ տխուր կարծիք կլիներ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի և նրա մարդկանց մասին, եթե մի պահ ենթադրենք, թե լճացել ենք, դադարել ենք աճել, զարգանալ, և առաջ գնալ ինտելեկտուալ առումով, և պարտականությունները հավատարմորեն չենք կատարում ցանկացած պայմաններում, որտեղ մենք կարող ենք հայտնվել որպես ժողովուրդ և որպես Քրիստոսի Եկեղեցու անդամներ:10

Գոյություն ունեցող չարիքներից մեկը …տգիտությունն է անտարբերության հետ միասին: Ես ենթադրում եմ, որ եթե տգետներն այդքան անտարբեր չլինեին այդ փաստերի և իրենց վիճակի հանդեպ, ապա նրանց մեջ կարելի էր ավելին սովորելու ցանկություն արթնացնել: Տղամարդկանց և կանանց խնդիրը կայանում է նրանում, որ նրանք շատ հաճախ են փակում աչքերը իրենց շուրջը գոյություն ունեցող փաստերի առաջ, և թվում է շատ մարդկանց համար անչափ դժվար է սովորել և իրենց կյանք բերել այն պարզ ճշմարտությունները, որոնք իրականում պետք է ծանոթ խոսքեր և ցուցումներ լինեն յուրաքանչյուր Վերջին Օրերի Սրբի և Վերջին Օրերի Սրբերի յուրաքանչյուր ընտանիքի համար: Ինչպե՞ս կարող ենք կանգնեցնել այս չարիքի՝ այս անտարբերության, տգիտության այս հետևանքի հոսքը: Կարծում եմ, որ միակ միջոցը՝ արթնանալ և հետաքրքրվել այն բաներով, ինչը կարևոր է և անհրաժեշտ մարդկանց զավակների երջանկության և բարօրության համար, հատկապես այն բաներով, ինչը շատ կարևոր է անհատապես մեր երջանկության և բարօրության համար:

Դա դեռևս այն ամենը չէ, ինչ անհրաժեշտ է մեզ՝ սովորել ճշմարտությունը և վերջ դնել տգիտությանը: Դրանից հետո գալիս է ձեռք բերած հասկացողության և գիտելիքի կիրառումը այն գործերում և այն ամենում, ինչը անհրաժեշտ է մեր պաշտպանվածության և մեր զավակների, մեր մերձավորների, մեր տների և մեր երջանկության պաշտպանության համար:11

Փնտրեք գրված խոսքերի ճշմարտությունը, լսեք և ընդունեք ճշմարտությունը, որը հայտարարում են կենդանի մարգարեներն ու ուսուցիչները, հարստացրեք ձեր միտքը լավագույն գիտելիքով և փաստերով: Բոլոր նրանցից, ովքեր խոսում են նրա անունով, Տերը պահանջում է համեստություն, ոչ թե տգիտություն: Բանականությունը Աստծո փառքն է. և ոչ ոք չի կարող փրկվել տգիտության մեջ [տես ՎևՈւ 93.36; 131.6]:12

Տիրոջ գործում ծառայելու միջոցով ճշմարիտ կրթություն է ձեռք բերվում, իսկ իր անունը արդարացնող կրթությունը ընդլայնում է բնագավառները, որտեղ այդ կրթությունը ստացողը կարող է օգտակար լինել, և եռանդ ու աշխուժություն հաղորդել իր բոլոր ձեռնարկումներին:13

Ձեր մաքում ամրապնդեք ազնիվ մտքեր, մշակեք բարձր գաղափարներ, թող ձեր նպատակներն ու ձգտումները լինեն բարձր: Ինչ-որ չափով անկախ եղեք, օգտակարության ու ձեր ուժերի վրա վստահության չափով, թեպետ իրականում ոչ ոք չի կարող լինել անկախ իր մերձավորներից, և ոչ մի շրջահայաց մարդ չի կարող մերժել իր լիովին կախվածությունը մեր Երկնային Հորից: Ձգտեք կրթվել բառի ամենաբարձր իմաստով, լավագույնս օգտագործեք ձեր ժամանակը, մարմինը և մտավոր ունակությունները, և թող ձեր բոլոր ջանքերը ազնվաբարո հունով ընթանան, որպեսզի ոչ մի ջանք անտեղի չկորչի և ոչ մի աշխատանք անարդյունք չմնա կամ ի չարիք չլինի:

Փնտրեք լավագույն հասարակությունը. եղեք բարի, քաղաքավարի, դուրեկան, փնտրեք սովորել այն, ինչը լավ է, և հասկանալ կյանքի պարտականությունները, որ կարողանաք օրհնություն լինել բոլոր նրանց համար, որոնց հետ դուք շփվում եք, հասնելով ամենաշատին ու ամենալավին այն ամենում, ինչը ձեր կյանքն է կազմում:14

Մեր բոլոր կրթական և աշխարհիկ ձգտումներում մենք պետք է բռնենք երկաթե ձողից:

Շատ կարևոր է, որ Վերջին Օրերի Սրբերը միշտ իրենց աչքի առաջ ունենան այն կրոնական ու բարոյական կյանքի ճանաչված չափանիշը, որը ժամանակակից հայտնությունն է սահմանել որպես ուղեցույց: Նրանք պետք է, այլ խոսքով, ամուր բռնեն այն, ինչը գեղեցիկ ձևով նկարագրվել է որպես «երկաթե ձող»:

Սեր ժամանակներում, երբ առևտրային, հասարակական և ձեռնարակատիրական կազմակերպությունները մարդկանց ամուր իրենց ձեռքում են պահում, …Վերջին Օրերի Սրբերի պարտականություններն ու պատասխանատվությունները չի կարելի բարեհաջող կերպով մի կողմ դնել կյանքի այլ չափանիշների հաշվին:

Անհրաժեշտ է զգուշանալ, որ մարդիկ որպես իրենց ուղեցույց ոչ շատ հաճախ ընդունեն ընդհանուր վարքը նրանց, ովքեր շրջապատում են իրենց: Եթե այդ գործնական, հասարակական և քաղաքական կազմակերպություններից որևէ մեկում տարվում են կասկածելի զբաղմունքներով, եթե այնտեղ զգացվում է պատշաճ զսպվածության պակաս, ոչ մի պատճառ չկա նրանց համար, ովքեր իրենց համարում են Վերջին Օրերի Սրբեր, «կտրել կառանները և լողալ» դեպի անտարբերության, քմահաճության կամ անբարոյականության ուղղությամբ ….

Մենք երբեք չպետք է մոռանանք, որ մենք կանք կամ պետք է լինենք իսկական Վերջին Օրերի Սրբեր, ուր էլ որ ճակատագիրը մեզ տանի, և մենք երբեք չպետք է մեր տեսադաշտից կորցնենք այն բարոյական ու հոգևոր ուղղվածությունը, որը մեզ ավետարանն է պարգևում: Սեր երիտասարդներից ոմանք, ովքեր արդեն «նավաբեկության են ենթարկվել» իրենց կյանքում, կարող են հետևել իրենց ձախորդությանը և անկմանը, և կտեսնեն, որ իրենց ձեռնարկած առաջին քայլը եղել է պատրաստակամությունը՝ նմանվելու նրանց, որոնց հետ շփվել են իրենց աշխարհիկ գործերում:

Լինում են ոգևորության ժամանակներ, որոնք հաճախ հասնում են այն աստիճանի, որ տղամարդիկ և կանայք, ակնհայտորեն, ամբողջովին մոռանում են ամեն ինչի մասին, բացի այն բանից, որը նրանց տալիս է ժամանակավոր հաճույք կամ աշխարհիկ շահ: Ոմանք, իրոք, չունեն բարոյականության բարձր մակարդակ, և հետևում են աշխարհում ժողովրդականություն վայելող չափանիշներին: Երբ ոգևորության այդ ալիքներն անցնում են, նրանք հայտնվում են ոչ միայն աննպատակ նավարկելու վիճակում, այլ երբեմն գտնվում են անհույս «մոլորված մարդկության սուզված նավաբեկորների կամ ափ նետված փայտերի մեջ» …

Անհրաժեշտ է բոլոր ժամանակներում և հատկապես այն դեպքերում, երբ մեր շրջապատը մեզ համար չի հանդիսանում բարոյական ու հոգևոր աջակցություն, որը այնքան անհրաժեշտ է մեր առաջադիմության համար, գնալ Տիրոջ տուն, երկրպագել և շփվել Սրբերի հետ, որպեսզի նրանց բարոյական ու հոգևոր ազդեցությունը օգնի ուղղելու մեր կեղծ պատկերացումները և վերականգնելու մեզ այն կյանքին, որին մեր պարտականությունները, խղճի ձայնը և ճշմարիտ կրոնն է մեզ կոչ անում:

…Ուրեմն եկեք մեր աշխարհիկ կոչումների ու կապերի հետ մեկտեղ չմոռանանք այն հիմնական պարտականությունը, որը մենք ունենք մեր և մեր Աստծո հանդեպ:15

Ուսումնական առաջարկություններ

  • Ինչպիսի՞ փորձառություններ են սովորեցրել ձեզ, որ ամբողջ ճշմարտությունը «ընդգրկված է Հիսուս Քրիստոսի ավետարանում»:

  • Ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի սովորենք ճշմարտության սկզբունքները: Որո՞նք են այս պարտականությունը անտեսելու վտանգները: Ինչպիսի՞ վարձք է խոստացված նրանց, ովքեր սովորում են ճշմարտությունը և քայլում են դրա լույսի մեջ:

  • Ո՞րն է Եկեղեցու դիրքորոշումը ճշմարտության համար տարվող գիտական հետազոտության վերաբերյալ: Ինչպե՞ս են մարդկանց տեսություններն ու փիլիսոփայությունները հակադրվում Աստծո խոսքին:

  • Ինչո՞ւ է կրթություն ստանալու ձգտումը վտանգավոր՝ բավարարելու համար միայն «աշխարհիկ փառասիրությունը»:

  • Ի՞նչպե՞ս են մարդիկ դադարում «զարգանալ և առաջադիմել ինտելեկտուալ առումով»: Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ շարունակում ենք ամեն օր ինչ-որ բան սովորել: (Տես նաև ՎևՈւ 130.18–19:)

  • Ինչո՞ւ է տգիտությունը, ճշմարտության առումով, «ամենամեծ չարիքներից մեկը»: Ինչպե՞ս կարող ենք «կանգնեցնել այս չարիքի հոսքը»:

  • Ինչպե՞ս կարող եք «լավագույնս օգտագործել ձեր ժամանակը, մարմինը և մտավոր ունակությունները»: Ինչպիսի՞ մտածելակերպը և սովորույթները կարող են օգնել մեզ «հասնել ամենաշատին ու ամենալավին այն ամենում, ինչը ձեր կյանքն է կազմում»:

  • Ինչո՞ւ է վտանգավոր մեր կրթության մեջ և աշխարհիկ գործերում որպես ուղեցույց ընդունել «ընդհանուր վարքը նրանց, ովքեր շրջապատում են մեզ»:

  • «Մեր աշխարհիկ կոչումների ու կապերի հետ մեկտեղ» ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի «չմոռանանք այն հիմնական պարտականությունը, որը մենք ունենք մեր և մեր Աստծո հանդեպ»:

Հղումներ

  1. “Editor’s Table,” Improvement Era, Dec. 1918, 174.

  2. In James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. (1965–75), 4:146–47.

  3. Gospel Doctrine, 5th ed. (1939), 122–23.

  4. “A Journey to the South,” Improvement Era, Dec. 1917, 102.

  5. “Foreign Correspondence,” Millennial Star, 25 Mar. 1878, 187.

  6. Gospel Doctrine, 126.

  7. Gospel Doctrine, 38–39.

  8. Gospel Doctrine, 39.

  9. Gospel Doctrine, 353.

  10. Gospel Doctrine, 342.

  11. Gospel Doctrine, 342–43.

  12. Gospel Doctrine, 206.

  13. “Counsel to Returning Missionaries,” Millennial Star, 2 Oct. 1913, 646.

  14. Gospel Doctrine, 351–52.

  15. “Editorial Thoughts: Our Religious Identity,” Juvenile Instructor, Mar. 1912, 144–45.

Նկար
first seminary building

Այս տանն էր տեղակայվել Եկեղեցու առաջին սեմինարիան, որը բացվել էր 1912թ. Գրենիտ բարձրագույն դպրոցի հարևանությամբ Սոլթ Լեյք Սիթիում, Յուաա:

Նկար
Latter-day Saints’ University

Ուսանողները Վերջին Օրերի Սրբերի Համալսարանում, Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, 1903թ.: Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը հորդորում էր Սրբերին. «Հարստացրեք ձեր միտքը լավագույն գիտելիքով և փաստերով …. ոչ ոք չի կարող փրկվել տգիտության մեջ» (Gospel Doctrine, 206):