Նախագահների ուսմունքները
Գլուխ 29: Ոխ մի պահեք ոչ մեկի հանդեպ


Գլուխ 29

Ոխ մի պահեք ոչ մեկի հանդեպ

Եկեք հետևենք Փրկչի օրինակին, դրսևորելով ներողամտություն և ողորմածություն նրանց հանդեպ, ովքեր վիրավորում են մեզ:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

Իր կյանքի մեծ Սասի ընթացքում Ջոզեֆ Ֆ. Սմիթը Եկեղեցու և նրա անդամների հանդեպ ուղղված դաժան հալածանքների ականատեսն է եղել: Նրան շատ անգամներ են անհանգստություն պատճառել նրանք, ովքեր հակառակվել են Տիրոջ և Նրա Եկեղեցու աշխատանքին, և նա շատ է տառապել նրանց ձեռքից: Չնայած այդ դաժանություններին նա հանգիստ շարունակում էր կատարել իր աշխատանքը, չվախենալով և հազվադեպ պատասխանելով իր թշնամիներին, թշնամիներ, որոնց նա ներկայացրել է որպես «ոչ իմը», այլ «նրանք, ում ես փորձում եմ ծառայել»:1

Նրա դուստրը՝ Էդիթ էլենորը, իր երիտասարդությունից հիշում էր մի դեպք, երբ «լրատվամիջոցները, իրոք, հալածում էին իմ հորը: Դպրոցում ոմանք կարդացել էին սխալ տեղեկություններ և հորս մասին գրված սուտը: Մի օր ես դպրոցից տուն եկա շատ բորբոքված: Երբ այդ երեկո հայրս տուն եկավ, ես ասացի նրան. «Հայրիկ, ինչո՞ւ ոչինչ չես ձեռնարկում: Դու ոչինչ չես անում, իսկ մարդիկ օգտվելով դրանից ստեր են տպում քո մասին, և դու ոչինչ չես անում այդ ուղղությամբ»: Հայրը նայեց նրան, ժպտաց և ասաց. «Դստրիկս, մի տխրիր, նրանք ինձ ամենևին էլ չեն վնասում, նրանք վնասում են իրենց: Ի՞նչ է, չգիտես, դստրիկս, որ երբ որևէ մեկը սուտ է ասում, նա իրեն ավելի է վնասում, քան ուրիշին»:2

Նախագահ Սմիթը նպատակադրված էր բարով հատուցել չարին և այնքան վճռական էր բարիք գործելու իր մտադրության մեջ, որ եթե իմանում էր, որ ինչ-որ մեկին վիրավորել էր, չէր հանգստանում, մինչև չբժշկեր նրա վերքերը: Մի անգամ նա ասաց. «Արդյո՞ք ինչ-որ բան եմ արել կամ ասել, որը վիրավորել է ձեզ: Եթե արել եմ, ուզում եմ ասել, որ դա եղել է անգիտակցաբար: Իմ կյանքում երբեք գիտակցաբար չեմ կիրավորել որևէ մեկի զգացմունքները: … Բոլոր նրանց, ում ցավ եմ պատճառել, բոլոր նրանց, ում հանդեպ սխալ եմ թույլ տվել, եթե կան նման մարդիկ, խնդրում եմ ասացեք ինձ, թե ինչում է իմ մեղքը, և ես իմ ուժերի սահմանում ամեն ինչ կանեմ իմ սխալն ուղղելու համար: Ես իմ սրտում բացարձակապես ոչ մի ոխ չունեմ իմ եղբայրների հանդեպ, ես միայն սեր, գթություն և բարիք գործելու մեծ ցանկություն ունեմ»:3

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Ոխ մի պահեք ոչ մեկի հանդեպ:

Մենք հորդորում ենք, մենք աղերսում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանում մեր եղբայրներին և քույրերին, ճիշտ ձևով ապրելով ոչ միայն հարգել իրենց, այլ նաև պատվել ու սիրել իրենց բոլոր մերձավորներին ու գթասիրտ լինել նրանց բոլորի հանդեպ: Մենք հորդորում ենք ձեզ ոչ միայն պահել Աստծո կողմից երբևէ մարդուն տրված բոլոր պատվիրաններից մեծագույնը՝ սիրել ձեր Տեր Աստծուն ձեր ողջ սրտով, մտքով ու զորությամբ, այլ նաև հորդորում ենք ձեզ պահել դրան հաջորդող երկրորդ օրենքը՝ սիրել ձեր մերձավորներին, ինչպես ձեզ [տես Մատթեոս ԻԲ.36–40], բարությամբ հատուցել չարին, անարգանքին անարգանքով չպատասխանել: Մենք կարիք չունենք կործանել ուրիշների տները (սա փոխաբերական իմաստով է գործածված): Մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք ապրեն իրենց կառուցած տներում, և մենք կփորձենք նրանց ցույց տալ լավ ճանապարհը … և կառուցել նրանց համար ավելի լավ տներ, այնուհետև բարյացակամորեն, Քրիստոսի, ճշմարիտ քրիստոնեական ոգով կհրավիրենք նրանց մուտք գործել այդ ավելի լավ բնակարանը:4

Եղբայրներ և քույրեր, մենք ցանկանում ենք, որ դուք լինեք միասնական: Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ դուք գնաք … ձեր տները, ձեր սրտերում և ձեր հոգու խորքում ցանկություն ունենալով ներել միմյանց, և այսօրվանից սկսած այլևս երբեք ոխ չպահեք մեկ ուրիշ մերձավորի հանդեպ: Ինձ համար կարևոր չէ, նա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի անդամ է, թե ոչ, ընկեր է, թե թշնամի, լավն է, թե վատը: Բացարձակապես վնասակար է ցանկացած տղամարդու համար, որը քահանայություն է կրում և ունի Սուրբ Հոգու պարգևը, որ նա նախանձի կամ ոխի, վրեժխնդրության կամ անհանդուրժողականության ոգով լցված լինի իր մերձավորների հանդեպ: Մենք պետք է ասենք մեր սրտում. «Թող Աստված դատի իմ և քո միջև, իսկ ինչ վերաբերում է ինձ, ես ներում եմ քեզ»: Ես ուզում եմ ասել ձեզ, որ Վերջին Օրերի այն Սրբերը, որոնց հոգիները չներելու զգացումով է լցված, ավելի մեղավոր են և ավելի պարսավանքի են արժանի, քան նրանց դեմ մեղանչողը: Գնացեք տուն և ձեր սրտերից թոթափեք նախանձն ու ատելությունը. թոթափեք չներելու զգացումը, և ձեր հոգիներում զարգացրեք Քրիստոսի այն ոգին, որը խաչի վրայից բացականչում էր. «Հայր, թողիր դորանց. որովհետև չգիտեն թե ի՛նչ են անում» [Ղուկաս ԻԳ.34]: Սա է այն ոգին, որ պետք է Վերջին Օրերի Սրբերը միշտ ունենան:5

Եթե իմանայի, որ կան այնպիսիք, որոնք վիրավորված են ինձանից, ես ուրախությամբ կգնայի նրանց մոտ, և չէի հանգստանա, մինչև որ չտեսնեի նրանց և չիմանայի, թե ինչն է եղել իմ սխալը: Եթե պարզվի, որ ես իսկապես ինչ-որ ձևով վիրավորել եմ իմ եղբորը, ես չեմ խնդրի նրան փոխզիջման գնալ և այդպիսով լուծել խնդիրը, այլ ինքս կանեի այն ամենը, ինչ իմ ուժերի սահմանում է, որպեսզի շտկեի իրավիճակը: Իմ առաքելությունը կայանում է ոչ թե վիրավորելու, անարդարացի վարվելու, այլ միայն բարիք գործելու մեջ:6

Փոխեք ձեր հայացքի, ձեր աչքերի ուղղվածությունը՝ տեսեք ոչ թե չարը, այլ բարին, այն, ինչ մաքուր է, կոչ արեք նրանց, ովքեր սխալ են գործել, առաջնորդելով դեպի այն ճանապարհը, որտեղ չկա և չի կարող ոչ մի սխալ լինել: Մարդկանց մեջ բարին փնտրեք, իսկ եթե այն չկա, փորձեք սերմանել այն նրանց մեջ, փորձեք լավը շատացնել նրան մեջ, փնտրեք լավը, սերմանեք բարին, ամրացրեք բարին և փորձեք որքան հնարավոր է քիչ խոսել չարի մասին: Ոչ մի օգուտ չկա չարը մեծացնելու, հրապարակելու և լեզվով կամ գրչով այն տարածելու մեջ: Ոչ մի լավ բան չկա դրա մասին լսելու մեջ: Ավելի լավ է թաղել չարը և մեծացնել բարին, և դրդել բոլոր մարդկանց՝ թողնել չարությունը և սովորել բարիք գործել: Եվ թող մեր առաքելությունը լինի մարդկությանը փրկելը, մարդկանց ուսուցանելը և արդարության շավիղներով առաջնորդելը, և ոչ թե լինել դատավորներ և դատավճիռ կայացնել չարագործներին, ավելի լավ է լինել մարդկանց փրկիչները:7

Մենք ողորմածության կարիք ունենք, ուրեմն եկեք լինենք ողորմած: Մենք գթասրտության կարիք ունենք, ուրեմն եկեք գթասիրտ լինենք: Մենք ներողամտության կարիք ունենք, ուրեմն եկեք լինենք ներողամիտ: Եկեք ուրիշների հետ վարվենք այնպես, ինչպես կուզենայինք, որ նրանք մեզ հետ վարվեին [տես Մատթեոս է.12]:8

Ողորմած եղեք ձեր թշնամիների հանդեպ:

Տեր Աստված ողորմած եղիր նրանց հանդեպ, ովքեր ձգտում են վնաս հասցնել Սիոնի գործին։ Ով Աստված, խղճա մոլորվածներին, մեղանչողներին, հիմարներին, անմիտներին։ Քո հոգին դիր նրանց սրտերում, ետ դարձրու նրանց իրենց սխալ ճանապարհներից ու իրենց հիմարություններից, դիր նրանց արդարակյաց ճանապարհի վրա և քո բարեհաճությունը ցույց տուր նրանց։ Ես խնդրում եմ ողորմած եղիր իմ թշնամիների հանդեպ, նրանց հանդեպ, ովքեր ստեր են տարածում իմ մասին և զրպարտում են ինձ, և ովքեր ամեն տեսակի չար բաներ են խոսում իմ դեմ։ Ի պատասխան, ես աղաչում եմ Աստծուն, իմ Երկնային Հորը ողորմած լինել նրանց հանդեպ, որովհետև նրանք, ովքեր անում են դա, չգիտեն թե ինչ են անում, և մոլորված են, իսկ նրանք, ովքեր անում են դա գիտակցաբար, իհարկե ամենաշատը Աստծո ողորմածության, կարեկցանքի և խղճահարության կարիքն ունեն։ Թող որ Աստված խղճա նրանց։ Թող որ նա ողորմած լինի նրանց հանդեպ։ Ես թույլ չէի տա, որ մի մազ անգամ պակասեր նրանց գլխից, ոչ մի դեպ– քում։ Ես քար չէի գցի նրանց բարգավաճման ճանապարհին։ Ոչ, և ես աղերսում եմ իմ եղբայրներին, որ նրանք իրենց ձեռքերը ետ պահեն մեր ժողովրդի թշնամիներից, և նրանցից, ովքեր պատրաստում են իրենց կործանման ճանապարհը և չեն ապաշխարում, ովքեր գիտակցաբար մեղանչում են, ովքեր գիտեն, որ զանց են առնում Աստծո օրենքները և սևացնում են Տիրոջ ծառաներին և ստեր են տարածում նրանց մասին։ Ողորմած եղեք նրանց հանդեպ։ Մի՛ դիպչեք նրանց, քանզի հենց դա են նրանք ուզում։ Հանգիստ թողեք նրանց։ Թող ինչ ուզում են անեն։9

Ես խոստովանում եմ, որ դժվար է ինձ համար սիրել իմ թշնամիներին, այսինքն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու թշնամիներին, սիրել ինչպես իմ ընկերներին։ Դա դժվար խնդիր է ինձ համար։ Ես խոստովանում եմ, որ ամբողջովին չեմ կատարում դա, ինձ համար դժվար է, սակայն երբեմն Տիրոջ Հոգին դիպչում է ինձ և փափկացնում է իմ հոգին այնքան, որ կարողանում եմ պատրաստակամորեն ասել. «Տիրոջն եմ թողնում դատաստանը»։10

Քրիստոսի ավետարանով ձեզանից պահանջվում է գթասրտություն ցուցաբերել բոլորի հանդեպ և սեր տածել Աստծո հանդեպ։ Ձեզանից պահանջվում է սիրել ձեր մերձավորներին, ունենալ ներողամտության ոգին և ողորմած լինել ձեր մերձավորների հանդեպ, ինչպես խաչի վրա Փրկչի աղոթքում է դրսևորվում. «Հայր, թորիր դորանց. որովհետև չգիտեն թե ի՛նչ են անում» [Ղուկաս ԻԳ.34]: Ուրեմն, եկեք մտածենք մեր թշնամիների մասին, եկեք աղոթենք նրանց համար, որպեսզի նրանք լիովին չկորչեն, այլ որ Նրա փրկիչ շնորհը և Հիսուսի ավետարանի փրկող զորությունը, այնուամենայնիվ, հասնի նրանց, որպեսզի նրանց սրտերը փափկեն, որպեսզի նրանք ապաշխարեն իրենց մեղքերից և որքան հնարավոր է փոխհատուցեն իրենց կատարած սխալների համար, դառնան հնազանդ և մաքրվեն իրենց մեղքերից՝ ապաշխարությամբ և իրենց մեղքերի թողության համար մկրտությամբ, որը կատարվում է նրա կողմից, ով իշխանություն ունի այդ սուրբ արարողությունը կատարելու:

Մենք սիրում ենք բոլորին: Մենք ոչինչ չունենք մարդկության դեմ, և երբեք չենք հակադրվի մարդկանց, քանի դեռ նրանք մեզ հանգիստ կթողնեն: Մենք պատերազմ չենք մղում նրանց վարդապետությունների, ոչ էլ նրանց եկեղեցիների կամ կրոնական հավատալիքների դեմ: Սեր նպատակը դա չէ, ոչ էլ դա մեր առաքելության մասն է կազմում, թող երկրպագեն ինչպես կամ որտեղ ուզում են … Սեր պարտականությունն է պարզապես առաջ գնալ, կատարել մեր պարտականությունները, քարոզել ավետարանը լավ օրինակով, ինչպես նաև ցուցումով, և թող մեր լույսը այնպես լուսավորի նրանց հասկացողությունը, որ կարողանան տեսնել լույսն այնպես, ինչպես Աստված է այն տեսնում, և եթե ցանկանում են, ընդունեն այն և քայլեն դրանում:11

Տիրոջ աշխատանքն ունի իր թշնամիները, սակայն Աստված չի թողնի, որ զուր անցնեն մեր ջանքերը:

Տիրոջ աշխատանքն ունի թշնամիներ, ինչպես և Աստծո Որդին ուներ թշնամիներ: Կան այնպիսիք, որ միայն չարախոսում են Վերջին Օրերի Սրբերին: Կան այնպիսիք, … որ փակում են իրենց աչքերը վերջին օրերի այս աշխատանքի հետ կապված ամեն արժանիքի և լավ բանի հանդեպ, և ստի ու մտացածին բաների հեղեղներ են տեղում Աստծո ժողովրդի դեմ:12

«Եթե այս աշխարհքիցը լինեիք, ապա աշխարհքն իրանը կսիրեր, բայց որովհետև աշխարհքիցը չեք, այլևս ձեզ ընտրեցի աշխարհքիցը, նորա համար աշխարհքն ատում է ձեզ» (Հովհ. ԺԵ.19): Հիսուսի հետևորդները նրա ընտրած մարդիկ էին, և քանի որ նրանց Նա էր ընտրել, աշխարհն ատեց նրանց: … Արհամարական վերաբերմունքը ընտրյալ ժողովրդի ժառանգությունն է: Արդյո՞ք մենք պետք է փնտրենք աշխարհի արհամարանքը: Ոչ մի դեպքում: Մյուս կողմից մենք չպետք է հոաահատվենք, քանի որ այդ անցանկալի բաները գալիս են մեզ մոտ:13

Ես չեմ հավատում, որ երբևէ եղել է մի ժողովուրդ, որն առաջնորդվել է հայտնությամբ, ժողովուրդ, որը Տերը համարում էր Իրենը, որոնց չեն ատել և հալածել ամբարիշտ ու այլասերված մարդիկ:14

Այն օրից, ինչ Մարգարե Ջոզեֆ Սմիթն առաջին անգամ հայտարարեց իր տեսիլքի մասին, մինչ այժմ ամեն արդարության թշնամին, ճշմարտության, առաքինության, պատվախնդրության, ազնվության և կյանքի մաքրության, միակ ճշմարիտ Աստծո թշնամին, որը նաև թշնամին է Աստծուց ուղղակի ստացվող հայտնության ու երկնքից մարդուն եկող ոգեշնչումների, աշխարհազոր է կազմում այս աշխատանքի դեմ:15

Անձնապես ես թշնամիներ չունեմ: Իմ թշնամիները իմը չեն, նրանք Նրանն են, որին ես փորձում եմ ծառայել: Դևն այնքան էլ հետաքրքրված չէ ինձանով: Ես նրա համար նշանակություն չունեմ, այլ նա ատում է Քահանայությունը, որն ըստ Աստծո Որդու կարգի է:16

Իրականում ավետարանը տանում է մեզ մարդկության հոսքի ընթացքին հակառակ: Մենք կանգնում ենք զուտ մարդկային գործերի ճանապարհին և խախտում ենք կյանքի ընթացքը տարբեր ճանապարհներով և շատ բնագավառներում: Մարդիկ, որոնք հարմարավետ տեղավորվել են և լավ են ապահովված, չեն ցանկանում, որ իրենց անհանգստացնեն: Դա զայրացնում է նրանց: … Սրբերը երբեք չեն լինի ապահով վիճակում, եթե հետևեն բողոքարկումներին և խորհուրդներին նրանց, ովքեր կցանկանային մեզ միշտ տեսնել աշխարհի հետ: Մենք մեր հատուկ առաքելությունն ունենք իրականացնելու և որպեսզի մենք այն կատարենք աստվածային նպատակներին համաձայն, գնում ենք մարդկանց ճանապարհներին հակառակ ուղղությամբ: Այդ պատճառով ժողովրդականություն չենք վայելում: Աշխարհի արհամարանքը ուղղվում է մեր կողմ:17

Մի վախեցեք, մի դանդաղեցրեք հանուն ճշմարտության տարվող ձեր աշխատանքը, ապրեք Սրբերին վայել կյանքով: Դուք ճիշտ ճանապարհի վրա եք, և Տերը չի թողնի ձեր ջանքերը զուր անցնեն: Այս Եկեղեցին վտանգված չէ դրսի հակադրություններից և հալածանքներից: Ավելի շատ պետք է վախենալ ներսի անհոգությունից, մեղքից ու անտարբերությունից, ավելի վտանգավոր է, երբ անհատները թերանում են ճիշտ գործել և մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից հայտնված վարդապետություններին համաձայն ապրել: Եթե մենք ճիշտ ենք ապրում, ամեն բան լավ կլինի, մեր հայրերի Աստվածը կաջակցի մեզ, և ամեն հակադրություն կնպաստի ճշմարտության գիտելիքի հետագա տարածմանը:18

Եկեք մեր թշնամիներին թողնենք Աստծո ձեռքերում:

Այսպես է գրված և ես հավատում եմ, որ դա ճիշտ է, որ թեև անհրաժեշտ է, որ գայթակղություններ գան, սակայն վայ նրանց, ում միջոցով դրանք կգան [տես Մատթեոս ԺԸ.7], սակայն նրանք Տիրոջ ձեռքում են, ինչպես և մենք: Մենք նրանց դեմ ոչ մի վիրավորական մեղադրանքներ չենք կայացնում: Մենք ցանկանում ենք թողնել նրանց Ամենազորի ձեռքերում, որպեսզի Նա նրանց հետ վարվի այնպես, ինչպես Իրեն բարի կթվա: Մեր գործն է կատարել արդարության գործը երկրի վրա, ձգտել խորացնել Աստծո կամքի, Աստծո ճանապարհների և Նրա մեծ ու փառահեղ ճշմարտությունների մասին գիտելիքը, ճշմարտություններ, որոնք Նա հայտնել է մարգարե Ջոզեֆի միջոցով, ոչ միայն ապրողների փրկության, այլն մահացածների փրկագնման և փրկության համար:19

Աստված [մեր թշնամիների] հարցերը կլուծի իր ժամանակին և իր ձևով իսկ մենք միայն պետք է կատարենք մեր պարտականությունները, պահպանենք հավատքը, արդար գործեր կատարենք աշխարհում և թողնենք արդյունքը Նրան, որը կառավարում է բոլոր բաները նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Իրեն և պահում են Իր պատվիրանները:20

Մեր սրտերում չար զգացումներ չկան որևէ կենդանի էակի հանդեպ: Մենք ներում ենք նրանց, ովքեր մեղանչում են մեր դեմ: Նրանց հանդեպ, ովքեր չարախոսում են մեր դեմ, մեզ սխալ են ներկայացնում աշխարհին, մենք ոչ մի ոխ չենք պահում մեր սրտերում: Մենք ասում ենք. «Թող Աստված դատի մեր և նրանց միջև. թող որ Նա հատուցի նրանց իրենց գործի դիմաց» [տես ՎևՈւ 64.11]: Մենք ձեռք չենք բարձրացնի նրանց վրա, այլ մենք ընկերական և բարեկամական ձեռք կմեկնենք նրանց, եթե նրանք ապաշխարեն իրենց մեղքերից և գան Տիրոջ մոտ ու ապրեն: Կարևոր չէ, թե որքան չարացած են եղել կամ որքան հիմար ձևով են գործել, եթե նրանք ապաշխարեն, մենք նրանց գրկաբաց կընդունենք և մեր կարողության չափով ամեն ինչ կանենք, որպեսզի օգնենք նրանց փրկել իրենց:21

Ուսումնական առաջարկություններ

  • Ինչպե՞ս եք զգացել ձեզ, երբ ներել եք նրանց, ովքեր վիրավորել են Ճեզ: Ի՞նչ եք կարծում, ինչու Վերջին Օրերի Սրբերը, որոնք չեն ներում, ավելի մեղավոր են, քան նրանք, ովքեր մեղանչել են նրանց դեմ: (Տես նաև ՎևՈւ 64.9–11):

  • Ի՞նչ պետք է անենք մենք, իմանալով, որ ինչ-որ մեկը մեր հանդեպ չար զգացողություններ է տածում:

  • Ինչպե՞ս ուրիշ մարդկանց մեջ «շատացնելով լավը» կօգնի մեզ ավելի լավ կատարել «մարդկությանը փրկելու … մեր առաքելությունը»:

  • Ինչո՞ւ պետք է ողորմած լինենք և կարեկցանք ունենանք նույնիսկ մեր թշնամիների հանդեպ: Ինչպիսի՞ խոսքեր կարող ենք ընդգրկել մեր աղոթքներում մեր թշնամիների համար:

  • Ինչո՞ւ Սրբերը կարող են հաճախ «աշխարհի արհամարանքը» զգալ: Ինչպե՞ս պետք է մենք վերաբերվենք այդ արհամարանքին: Ինչո՞ւ Եկեղեցին «վտանգված չէ դրսի հակադրությունից և հալածանքներից»:

  • Երբ մեզ վիրավորում են ուրիշները, ինչո՞ւ պետք է կամովին թողնենք նրանց պատիժը «Ամենազորի ձեռքերում»:

  • Ինչպե՞ս Փրկիչը վարվեց Իր թշնամիների հետ: (Տես Ղուկաս ԻԳ.34:) Ինչպե՞ս կարող ենք մենք հետևել Նրա օրինակին «ընկերական և բարեկամական ձեռք» մեկնելով մեր թշնամիներին:

Հղումներ

  1. Gospel Doctrine, 5th ed. (1939), 271.

  2. Quoted in Norman S. Bosworth, “Remembering Joseph F. Smith, Ensign, June 1983, 22.

  3. Deseret News: Semi-Weekly, 31 Mar. 1896, 9.

  4. Gospel Doctrine, 256.

  5. Gospel Doctrine, 255–56.

  6. Deseret News: Semi-Weekly, 31 Mar. 1896, 9.

  7. Gospel Doctrine, 254.

  8. Gospel Doctrine, 339.

  9. Gospel Doctrine, 339.

  10. In James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. (1965–75), 5:97.

  11. “Testimony,” Improvement Era, Aug. 1906, 808–9.

  12. Gospel Doctrine, 337.

  13. Gospel Doctrine, 340.

  14. Gospel Doctrine, 46.

  15. Gospel Doctrine, 371.

  16. Gospel Doctrine, 271.

  17. Gospel Doctrine, 118–19.

  18. Gospel Doctrine, 413–14.

  19. Gospel Doctrine, 338.

  20. Gospel Doctrine, 338–39.

  21. Gospel Doctrine, 2.

Նկար
Jesus Christ on the cross

Նույնիսկ տառապելով խաչի վրա, Հիսուս Քրիստոսը ոչ մի ոխ չէր տածում Իրեն հալածողների հանդեպ, այլ աղոթում էր. «Հայր, թողիր դորանց. որովհետև չգիտեն թե ի՛նչ են անում» (Ղուկաս ԻԳ.34):