Նախագահների ուսմունքները
Գլուխ 37: Հավերժական Հոր որդիներն ու դուստրերը


Գլուխ 37

Հավերժական Հոր որդիներն ու դուստրերը

Մենք Աստծո զավակներն ենք, ստեղծված Նրա աստվածային կերպարով և ունակ՝ դառնալու Նրա նման։

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

1909թ. նոյեմբերին Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը և Առաջին Նախագահության նրա Խորհրդականները՝ Ջոն Ռ. Վինդերը և էնթոն Հ. Լանդը, լույս ընծայեցին «Մարդու Ծագումը» վերնագիրը կրող մի հայտարարություն, պատասխանելու համար այն հարցերին, որոնք առաջ էին քաշվում «ժամանակ առ ժամանակ, նպատակ հետապնդելով պարզել մարդու ծագման վերաբերյալ … Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու տեսակետը։ Մենք հավատում ենք, որ այս կարևոր հարցի վերաբերյալ Եկեղեցու դիրքորոշումը կլինի ժամանակին և օգտակար»։ Հայտարարության մեջ ասվում է.

«Աստված ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստծո պատկերովը ստեղծեց նորան. արու և էգ ստեղծեց նորանց» [Ծննդոց Ա.27]: Այս պարզ ու ակնհայտ խոսքերում Ծննդոցի ոգեշնչված հեղինակը աշխարհին հայտնում է մարդկային ընտանիքի ծագման վերաբերյալ ճշմարտությունը»։1 Այս գլուխը պարունակում է քաղվածքներ «Մարդու ծագումը» հայտարարությունից։

Նախագահ Սմիթը հաճախակի էր հաստատում Աստծո հայրության բառացի իրականությունը. «Ինչպես գիտեմ և հիմք ունեմ գիտենալու, որ ես այստեղ եմ և ապրում եմ, այնպես էլ ես հավատում եմ և հիմք ունեմ գիտենալու, որ Աստված, իմ Հայրը, ապրում է»։2

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Մենք մեր Երկնային Հոր հոգևոր զավակներն ենք։

Մենք ցանկանում ենք իմանալ, թե որտեղից ենք գալիս և ուր ենք գնում: Որտեղի՞ց ենք գալիս: Աստծո մոտից: Սեր հոգիները նախքան ալս աշխարհ գալը գոլություն են ունեցել: Նրանք ներկա են եղել երկնքի խորհուրդների ժամանակ, նախքան երկրի հիմքերը կդրվեին: Մենք այնտեղ էինք: Մենք ուրախությունից երգում էինք երկնային բազմությունների հետ, երբ երկրի հիմքերը դրվեցին, և երբ այս երկրի վրա մեր գոյության և փրկագնման ծրագիրն էր մշակվում: Մենք այնտեղ էինք, մեզ հետաքրքիր էր, և մենք մասնակցեցինք այդ մեծ նախապատրաստությանը: Մենք անկասկած ներկա էինք այդ խորհուրդներին … երբ Սատանան իրեն առաջարկեց որպես աշխարհի փրկիչ այն պայմանով, որ ինքը ստանա Հոր պատիվն ու փառքը: Սակայն Հիսուսն ասաց. «Հայր, թող քո կամքը կատարվի, և փառքը քոնը լինի հավիտյան»: Այդ պատճառով սատանան ապստամբեց Աստծո դեմ, և ձգտեց կործանել մարդու ազատ կամքը, Հայրը մերժեց նրան և նա դուրս գցվեց, իսկ Հիսուսն ընդունվեց:

Անկասկած, մենք եղել ենք այնտեղ և մասնակցել ենք ալդ բոլոր իրադարձություններին, մենք էականորեն հետաքրքրված էինք ալդ մեծ ծրագրերի և նպատակների իրագործմամբ, մենք հասկանում էինք դրանք, և մեր օգտի համար էին դրանք հռչակվել և պետք է իրականացվեին: Այդ հոգիները աշխարհ են գալիս որպեսզի խորաններ հագնեն, որպեսզի նմանվեն Հիսուս Քրիստոսին, լինելով «ստեղծված նրա նմանությամբ և պատկերով», ստեղծման սկզբից մինչ այժմ, և մինչև վերջին օրերը, մինչև որ այն հոգիները, որոնք կոչված էին գալու այս աշխարհ, գան և կատարեն իրենց առաքելությունը մարմնում:3

Մենք տեսնում ենք … մարդը՝ Աստծո աշխատանքի պսակը այս երկրում, եթե ցանկանում եք, գլուխգործոցը, ինչպես սովորեցնում է ոգեշնչումը, հանդիսանում է ժառանգը այն հավերժական էակի, որը Արարիչն է բոլոր բաների, Նա, լինելով ամենակատարյալը Իր կազմակերպությունում, որն ունի ավելի մեծ հատկանիշներ, դատողության ուժ և բանականություն, քան բոլոր այլ էակները, դարձնելով նրան «արարման տեր», և որն ամենշատ նմանությունն ունի Արարչի հետ: Մենք նայում ենք այս փաստերին և չենք կարող չգալ այն եզրակացության, որ այս ամենը պատահական բան չէ, այլ մանրամասն մտածված ամենագետ ծրագրերի և նպատակների արդյունք, որ մարդը հանդիսանում է Աստծո որդին, որն ունի հատկանիշներն ու պատկերը իր Հոր, և ի սկզբանե ունի այնքան շատ այդ բանականությունից, որ եղել է ընկերակիցն ու ուղեկիցը Աստծո և ապրել է Նրա հետ, չգիտենալով ոչ մի մեղք։ Տերը տվել է նրան երկիրը որպես տիրապետություն և ժառանգություն, և օրենքներ իր կառավարման համար, որպեսզի կարողանա կատարել իր արարման նպատակը և ուրախություն ունենա դրանում։4

Սուրբ գրությունների գրառված օրինակները ցույց են տալիս, որ բոլոր մարդիկ, ովքեր գալիս են այս երկիր և ծնվում մահկանացու վիճակում, ունեցել են նախագոյություն, եղել են հոգևոր անհատականություններ, լինելով Հավերժական Հոր որդիներն ու դուստրերը … Հիսուս Քրիստոսը եղել է անդրանիկը։ Աստծուց ծնված հոգին անմահ էակ է։ Երբ մարմինը մահանում է, հոգին չի մահանում։ Հարություն առած վիճակում մարմինը կլինի անմահ, ինչպես հոգին։5

Մենք ստեղծվել ենք Աստծո պատկերով։

Ինչպիսի՞ կազմվածք ուներ մարդու մարմինը և հոգին ստեղծման պահին։ Ընդհանուր առմամբ պատասխանը տրվում է հետևյալ խոսքերի մեջ … «Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով»։ Դա ավելի պարզորոշ տրված է Մորմոնի Գրքում. «Ի սկզբանե բոլոր մարդիկ ստեղծվել էին ըստ իմ սեփական պատկերի» (Եթեր 3.15)։ Դա Հայրն է, որ խոսում է։ Հետևաբար, եթե կարողանանք պարզել «հոգիների Հոր» կառուցվածքը, «բոլոր մարմինների հոգիների Աստվածը», մենք կկարողանանք իմանալ ինչպիսի կազմվածք ուներ սկզբնական մարդը։

Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, Իր Հոր «էության նկարագիրն է» (Եբրայեցիս Ա.3): Նա քայլեց երկրի վրա որպես մարդկային էակ, որպես կատարյալ մարդ, և ի պատասխան Իրեն տրված հարցին, ասաց. «Ինձ տեսնողը Հորը տեսավ» (Հովհաննես ԺԴ.9): Սա միայն պետք է լուծի խնդիրը, բավարարելով ամեն խորհրդածող և ակնածալից միտքը։ Եզրակացությունն անվիճարկելի է՝ եթե Աստծո Որդին Իր Հոր էության նկարագիրն է (այսինքն նմանությունը), ապա Նրա Հայրը մարդու տեսքով է, քանզի այդպիսին էր Աստծո Որդին, ոչ միայն Իր մահկանացու կյանքում, այլ նախքան Իր մահկանացու ծնունդը և Իր հարությունից հետո։ Այդ տեսքով էին Հայրն ու Որդին, որպես երկու անձնավորություններ, հայտնվել Ջոզեֆ Սմիթին, երբ լինելով տասնչորսամյա պատանի նա ստացավ իր առաջին տեսիլքը։

Հետևաբար, եթե Աստված ստեղծեց մարդուն, առաջին մարդուն, Իր իսկ պատկերով և նմանությամբ, նա պետք է որ նրան Քրիստոսի նման արարեր, հետևաբար իսկ Քրիստոսի ժամանակի և մեր օրերի մարդկանց նման։ Այն, որ մարդը արարվել էր Քրիստոսի պատկերով, հստակ հաստատվում է Մովսեսի Գրքում. «Եվ ես՝ Աստվածս, ասացի իմ Միածնին, որն ինձ հետ էր ի սկզբանե. Եկեք մարդ արարենք մեր պատկերով՝ մեր նմանության պես. և այդպես եղավ … Եվ ես՝ Աստվածս, արարեցի մարդուն իմ պատկերով, իմ Միածնի պատկերով արարեցի նրան. արու և էգ արարեցի նրանց» [տես Մովսես 2.26–27]:

Հիսուսի Հայրը նաև մեր Հայրն է։ Հիսուսն ինքն է ուսուցանել այս ճշմարտությունը, երբ Նա սովորեցրեց Իր աշակերտներին ինչպես աղոթել. «Հայր մեր, որ երկնքում ես» և այլն։ Ինչևէ, Հիսուսը առաջնեկն է Աստծո բոլոր որդիների մեջ՝ միածինը հոգում, և միածինը մարմնում։ Նա մեր ավագ եղբայրն է, իսկ մենք, Նրա նման, Աստծո պատկերով ենք …

«Աստված արարեց մարդուն Իր իսկ պատկերով»։ Դա ճիշտ է ինչպես ոգու, այնպես էլ մարմնի համար, որը միայն ոգու հագուստն է, նրա հավելումը, երկուսը միասին կազմելով հոգին [տես ՎևՈւ 88.15]: Մարդու հոգին մարդու տեսքն ունի, և բոլոր էակների հոգիները իրենց մարմինների նմանությամբ են։ Սա պարզորոշ ուսուցանել է Մարգարե Ջոզեֆ Սմիթը (Վարդապետություն և Ուխտեր 77.2). …

Երբ աստվածային էակը, որի հոգևոր մարմինը տեսավ Հարեդի եղբայրը [տես Եթեր 3.6–16], հագավ միս ու արյուն, Նա հայտնվեց որպես մարդ, որը մյուս մարդկանց նման ուներ «մարմին, օրգաններ և զգացմունքներ», որովհետև նա Աստված էր, այսինքն՝ Աստծո Որդին, մարմին դարձած Խոսքը. Նրանում «բնակվում էր Աստվածության ամեն լիությունը մարմնապես» [Կողոսացիս Բ.9]: Եվ ինչո՞ւ Նա չպետք է հայտնվեր որպես մարդ։ Այդպիսին էր Նրա հոգու կառուցվածքը, և անհրաժեշտ էր ունենալ համապատասխան պատյան, հարմար խորան։ Նա եկավ աշխարհ ինչպես խոստացվել էր, որ Նա կգա (ՅՆեփի 1.13), հագնելով մանկան խորան, և աստիճանաբար զարգացնելով այն Իր հոգու հասակի լիության չափով։ Նա եկավ ինչպես մարդն եկել է բոլոր ժամանակներում և ինչպես շարունակել են գալ հետագայում։ Ինչևէ, Հիսուսը, ինչպես ասվել է, Աստծո միածինն էր մարմնում։

Ադամը, մեր մեծ նախահայրը, «առաջին մարդը», Քրիստոսի պես, նախաերկրային հոգի էր, և Քրիստոսի պես համապատասխան մարմին հագավ, մարդու մարմին, և այդպիսով դարձավ «կենդանի հոգի»։ Նախաերկրային կյանքի մասին վարդապետությունը, որը հայտնվեց այնքան հստակորեն, հատկապես վերջին օրերին, հրաշալի լույս է սփռում մարդու ծագման խորհրդավոր խնդրին։ Այն ցույց է տալիս, որ մարդը, որպես հոգի, ծնվել է երկրային ծնողներից և դաստիարակվել է մինչև հասուն տարիքը Հոր հավերժական ապարանքներում, նախքան կգար երկիր ժամանակավոր մարմնով մահկանացու փորձառություն ձեռք բերելու նպատակով։ Դա սովորեցնում է, որ բոլոր մարդիկ գոյություն են ունեցել հոգով, նախքան մարմնի մեջ գոյություն ունենալը և բոլորը, ովքեր բնակվել են երկրի վրա Ադամից հետո, մարմին են ստացել և դարձել են նույն տեսքով հոգիներ։

Ոմանք կարծում են, թե Ադամը առաջին մարդը չէր այս երկրի վրա, և որ առաջին մարդը առաջ է եկել կենդանի էակների ցածր կարգից զարգանալու արդյունքում։ Ինչևէ, դրանք մարդկանց տեսություններն են։ Տիրոջ խոսքը հայտարարում է, որ Ադամը «առաջին մարդն էր բոլոր մարդկանցից» (տես Մովսես 1.34), և հետևաբար մենք պարտավոր ենք նրան համարել մեր ցեղի առաջին ծնողը։ Հարեդի եղբորը ցույց է տրվել, որ բոլոր մարդիկ ստեղծվել են ի սկզբանե Աստծո պատկերով, և վերագրում ենք մենք դա հոգուն, մարմնին, թե երկուսին, դա բերում է մեզ նույն եզրակացությանը. մարդը սկսել է կյանքը որպես մարդկային էակ մեր երկնային Հոր պատկերով։

ճիշտ է, որ մարդու մարմինը սկսում է իր ճանապարհը որպես փոքր բջիջ կամ սաղմ, որը դառնում է նորածին, որոշակի էտապում կենդանանում է հոգով, որի խորանն է հանդիսանում այն, և երեխան, ծնվելուց հետո, զարգանում է դառնալով մարդ։ Այնուամենայնիվ, դրանում ոչինչ ցույց չի տալիս, որ սկզբնական մարդը, մեր ցեղի առաջին մարդը, սկսել է կյանքը որպես ավելի ցածր կարգի էակ կամ ավելի ցածր կարգի բջիջ, քան մարդկային բջիջն է կամ սաղմը, որը մարդ է դառնում։6

Մենք դառնում ենք Աստծո՝ մեր Հոր նման, ավետարանի սկզբունքներին հնազանդվելու միջոցով։

Աստված մտածել և ստեղծել է բոլոր բաները, և բոլորը նրա զավակներն են։ Մենք ծնվել ենք այս աշխարհում որպես նրա սերունդ, օժտված միևնույն հատկանիշներով։ Մարդկանց զավակները առաջ են եկել Ամենազորից, ցանկանում է աշխարհն ընդունել դա, թե ոչ։ Նա է Հայրը մեր հոգիների։ Նա է մեր երկրային խորանների ստեղծողը։ Մենք ապրում ենք, շարժվում ենք և գոյություն ունենք մեր Երկնային Հոր՝ Աստծո մեջ։ Եվ լույս աշխարհ գալով նրանից մեր տաղանդներով, մեր ունակություններով, իմաստությամբ, մենք պետք է առնվազն ցանկանանք ընդունել նրա ձեռքը այն ամեն բարգավաճման մեջ, ինչին կարող ենք հասնել մեր կյանքում, և նրան պատվել ու փառավորել այն ամենի համար, ինչին կհասնենք մեր մարմնում …

… [Մարդը] ստեղծվել է Աստծո պատկերով, այնպես որ կարողանա կշռադատել, խորհել, աղոթել, հավատք գործադրել։ Նա կարող է իր էներգիան օգտագործել իր սրտի ցանկություններն իրականացնելու համար, և որքան որ նա ճիշտ ուղղությամբ է գործադրում իր ջանքերը, այնքան նա իրավունք է ստանում Ամենազորի Հոգու ավելի շատ չափի համար, որը կոգեշնչի նրան ավելի շատ բանականության, բարգավաճման ու երջանկության հասնելու աշխարհում։ Սակայն եթե նա իր ուժերը տալիս է չարին, Ամենազորի ոգեշնչումը ետ է քաշվում նրանից, մինչև որ նա դառնում է այնքան խավար ու հետամնաց, որ ինչ վերաբերում է Աստծո մասին գիտելիքին, նա կենդանու պես տգետ է։

… Մենք պետք է դառնանք [Աստծո] պես, հավանաբար, գահերի վրա նստելու, տիրապետություններ, իշխանություն և հավերժական զարգացում ունենալու համար։ Աստված նախատեսել է այս ամենը ի սկզբանե … Սա աշխարհում մեր գոյության նպատակն է, և մենք կարող ենք միայն հասնել այս ամենին որոշակի սկզբունքներին հնազանդվելու, որոշակի ուղիներով քայլելու, որոշակի տեղեկություն, որոշակի բանականություն Աստծուց ձեռք բերելու միջոցով, առանց որի ոչ ոք չի կարող կատարել իր աշխատանքը կամ կատարել այն առաքելությունը, որը նա եկել է երկիր իրականացնելու։ Այս սկզբունքները հավերժական ճշմարիտ ավետարանի սկզբունքներն են՝ հավատքի, ապաշխարության և մեղքերի թողության համար մկրտության սկզբունքները, Աստծուն՝ հավերժական Հորը հնազանդվելու սկզբունքը. քանզի հնազանդությունը երկնքի առաջին սկզբունքներից կամ օրենքներից մեկն է։7

Սարդը Աստծո զավակն է, ստեղծված աստվածային պատկերով և օժտված աստվածային հատկանիշներով, և ինչպես երկրային հոր կամ մոր մանուկ որդին է ունակ իր ժամանակին դառնալու տղամարդ, այնպես էլ սելեստիալ ծնողների չզարգացած ժառանգներն են ունակ դարերի և անսահման մեծ ժամանակահատվածների փորձության ընթացքում զարգանալ, դառնալով Աստված։8

Ուսումնական առաջարկություններ

  • Ինչպիսի՞ զգացումներ են առաջանում, երբ իմանում եք, որ դուք բառացիորեն Աստծո ժառանգներն եք։ Ինչպե՞ս է այս հասկացողությունը ազդում ձեր ամենօրյա ընտրությունների և գործերի վրա։

  • Որտե՞ղ ենք առաջին անգամ լսել մեր հավերժական առաջընթացի վերաբերյալ մեր Երկնային Հոր ծրագրի մասին։ Ի՞նչ նպատակով ենք մենք գալիս աշխարհ։

  • Ինչպիսի՞ հատկանիշներ ունենք մենք որպես Աստծո զավակներ։ Որո՞նք են մեր Աստվածատուր հատկանիշներն ու ունակությունները չօգտագործելու հետևանքները։

  • Ինչպիսի՞ աստվածաշնչյան վկայություններ ունենք մենք, որոնք ասում են, որ Հայր Աստվածը և Նրա Որդին Հիսուս Քրիստոսը մարդկանց տեսքով մարմիններ ունեն։ Ինչպիսի՞ արժեք են ներկայացնում ձեզ համար այդ վկայությունները։

  • Ինչպե՞ս է նախաերկրային գոյության վարդապետությունը «հրաշալի լույս» սփռում մեր ծագման մասին հարցերի վրա։

  • Ինչպե՞ս է մարդկության ծագման վերաբերյալ հայտնված ճշմարտությունը տարբերվում այս թեմայի շուրջ մարդկանց տեսություններից։

  • Ինչո՞ւ է կարևոր «պատվել և փառավորել մեր Երկնային Հորը այն ամենի համար, ինչին կհասնենք մեր մարմնում»։

  • Ո՞ր սկզբունքներին մենք պետք է հնազանդվենք, որպեսզի դառնանք մեր Երկնային Հոր պես։

Հղումներ

  1. “The Origin of Man, by the First Presidency of the Church,” Improvement Era, Nov. 1909, 75.

  2. In Conference Report, Oct. 1909, 3.

  3. Gospel Doctrine, 5th ed. (1939), 93–94; paragraphing added.

  4. Deseret News: Semi-Weekly, 18 Feb. 1873, 2.

  5. In James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. (1965–75), 4:264.

  6. “The Origin of Man, by the First Presidency of the Church,” 77–80; paragraphing added.

  7. Gospel Doctrine, 62–64.

  8. “The Origin of Man, by the First Presidency of the Church,” 81.

Նկար
Adam and Eve in the Garden

Ադամն ու Եվան Պարտեզում, Լոուել Բենեթ: Նախագահ Սմիթը սովորեցնում էր, որ Ադամը «աոաջին մարդն էր բոլոր մարդկանցից» (տես Մովսես 1.34):