2015
Թույլ լինելը մեղք չէ
Ապրիլ 2015


Թույլ լինելը մեղք չէ

Հեղինակն ապրում է Յուտայում, ԱՄՆ:

Սահմանափակումները և անհամապատասխանությունները մեղքեր չեն և չեն զրկում մեզ մաքուր և Հոգուն արժանի լինելուց:

«Արդյո՞ք ես իսկապես արժանի եմ մտնելու Աստծո տունը: Ինչպե՞ս կարող եմ արժանի լինել, եթե ես կատարյալ չեմ»:

«Կարո՞ղ է Աստված իմ թուլությունն իսկապես ուժեղ կողմ դարձնել: Ես ծոմ եմ պահել և աղոթել եմ օրեր շարունակ, որպեսզի այս խնդիրը հեռացվի ինձանից, սակայն թվում է, թե ոչինչ չի փոխվում»:

«Միսիայի ժամանակ ես ապրում էի ավետարանով ավելի հետևողականորեն, քան իմ կյանքի որևէ այլ ժամանակահատվածում, սակայն ես երբևէ ավելի շատ չէի զգացել իմ թերությունները, քան այդ ժամանակ: Ինչո՞ւ, երբ ես այդքան լավ էի անում ամեն բան, ես ինձ երբեմն շատ վատ էի զգում»:

Երբ մենք խորհում ենք նման հարցերի շուրջ, շատ կարևոր է հասկանալը, որ մինչդեռ մեղքն անխուսափելիորեն հեռացնում է մեզ Աստծուց, թուլությունը, որքան էլ անհեթեթ թվա, կարող է տանել մեզ Նրա մոտ:

Նկար
composite of 2 photo's of different landscapes

Լուսնակարները՝ iStock/Thinkstock

Տարբերել մեղքը թուլությունից

Մենք սովորաբար մեղքի և թուլության մասին այն կարծիքն ունենք, որ դրանք պարզապես տարբեր չափերի սև կետեր են մեր հոգու կտորի վրա, օրինազանցության տարբեր աստիճաններ: Սակայն սուրբ գրությունները տեղեկացնում են, որ մեղքը և թուլությունն ըստ էության տարբեր են, պահանջում են տարբեր հատուցումներ և ունեն տարբեր արդյունքներ առաջ բերելու ներուժ:

Մեզանից շատերն ավելի շատ ծանոթ են մեղքին, որքան էլ տխուր լինի դա խոստովանելը, սակայն եկեք վերանայենք այն. Մեղքը Աստծո պատվրաններին չհնազանդվելու կամ մեր մեջ Քրիստոսի Լույսի դեմ ապստամբելու ընտրություն է: Մեղքը ընտրություն է վստահելու Աստծո փոխարեն Սատանային, որը թշնամություն է մտցնում մեր և մեր Հոր միջև: Ի տարբերություն մեզ, Հիսուս Քրիստոսը կատարելապես զերծ էր մեղքից և կարող էր քավել մեր մեղքերը: Երբ մենք անկեղծորեն ապաշխարում ենք, ընդգրկելով մեր միտքը, սիրտը և վարքը փոխելը, պատշաճորեն ներողություն խնդրելը կամ խոստովանելը, հնարավորության դեպքում փոխհատուցելը և այդ մեղքն ապագայում չկրկնելը, Հիսուս Քրիստոսի Քավությունը հասանելի է դառնում մեզ և մենք կարողանում ենք ներվել Աստծո կողմից և կրկին լինել մաքուր:

Մաքուր դառնալը խիստ կարևոր է, քանի որ ոչ մի անմաքուր բան չի կարող լինել Աստծո ներկայությունում: Սակայն, եթե մեր միակ նպատակը լիներ այնքան անմեղ դառնալը, որքան մենք եղել էինք Աստծո ներկայությունից հեռանալիս, մենք բոլորս էլ, ավելի լավ կլիներ, որ մեր կյանքի մնացած մասը հարմարավետ պառկած մնայինք մեր օրորոցներում: Դրա փոխարեն մենք եկել ենք աշխարհ, որպեսզի մեր փորձառությունների շնորհիվ սովորենք տարբերել բարին չարից, ձեռք բերենք ավելի մեծ իմաստություն և հմտություններ, ապրենք այն արժեքներով, որոնք կարևոր են մեզ համար և զարգացնենք աստվածային բնավորություն՝ առաջընթաց, որը մենք չենք կարող ունենալ մեր հարմարավետ ու ապահով օրորոցներում:

Մարդկային թուլությունը կարևոր դեր է խաղում մահկանացության այս առանցքային նպատակներում: Երբ Մորոնին անհանգստանում էր, որ գրելու իր թուլությունը պատճառ կարող էր հանդիսանալ, որ Հեթանոսները ծաղրեին սուրբ բաները, Տերը դիմեց նրան հետևյալ խոսքերով.

«Եվ եթե մարդիկ գան ինձ մոտ, ես նրանց ցույց կտամ իրենց թուլությունը: Ես մարդկանց թուլություն եմ տալիս, որպեսզի նրանք խոնարհ լինեն. և իմ շնորհը բավական է բոլոր մարդկանց համար, ովքեր իրենց խոնարհեցնում են իմ առջև. քանզի, եթե նրանք խոնարհեցնեն իրենց իմ առջև, և հավատք ունենան ինձանում, այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ» (Եթեր 12.27, տես նաև Ա Կորնթացիս ԺԵ.42–44, Բ Կորնթացիս ԺԲ.7–10, 2 Նեփի 3.21 և Հակոբ 4.7):

Այս ծանոթ սուրբ գրության հետևանքները շատ մեծ են և հրավիրում են մեզ զանազանել մեղքը (որը խրախուսվում է Սատանայի կողմից) թուլությունից (որն այստեղ նկարագրվում է որպես մի վիճակ, որը մեզ «տալիս» է Աստված):

Մենք կարող ենք սահմանել թուլությունը որպես մեր իմաստության, զորության և սրբության սահմանափակում, որը մարդկային էության արդյունքն է: Որպես մահկանացուներ մենք ծնվել ենք անօգնական և կախվածության մեջ՝ տարբեր ֆիզիկական թերություններով և հակումներով: Մեզ մեծացնում և շրջապատում են այլ թույլ մահկանացուներ, և նրանց ուսմունքները, օրինակները և վերաբերմունքը մեր հանդեպ թերի են և երբեմն վնասակար: Մեր թույլ, մահկանացու վիճակում մենք տառապում ենք ֆիզիկական և էմոցիոնալ հիվանդության, սովի և հոգնածության պատճառով: Մենք ունենում ենք մարդկային զգացմունքներ, ինչպիսին են բարկությունը, վիշտը և վախը: Մենք զգում ենք իմաստության, հմտությունների, տոկունության և ուժի պակաս: Եվ մենք ենթարկվում ենք տարբեր տեսակի գայթակղությունների:

Չնայած, որ Հիսուս Քրիստոսն անմեղ էր, Նա լիովին միացավ մեզ՝ ենթարկվելով մահկանացու թուլությանը (տես Բ Կորնթացիս ԺԳ.4): Նա ծնվեց որպես անօգնական մի մանուկ մահկանացու մարմնում և Նրա համար հոգ էին տանում անկատարները: Նա պետք է սովորեր քայլել, խոսել, աշխատել և շփվել ուրիշների հետ: Նա քաղց և ծարավ էր զգում, ունենում էր մարդկային զգացմունքներ և կարող էր հիվանդանալ, տառապել, արյունահոսել և մահանալ: Նա «ամեն բանով փորձուած [էր] մեր նմանութեամբ, բայց առանց մեղքի», ենթարկելով իրեն մահկանացությանը, որպեսզի Նա կարողանար «մեր տկարութիւններին հետ կարեկից լինիլ» և սատարել մեզ ըստ մեր թուլությունների և թերությունների (Եբրայեցիս Դ.15, տես նաև Ալմա 7.11–12):

Մենք չենք կարող պարզապես ապաշխարել թույլ լինելու համար, և թուլությունն էլ ինքնին մեզ անմաքուր չի դարձնում: Մենք չենք կարող հոգևորապես աճել, մինչև մենք չենք մերժում մեղքը, սակայն մենք նաև չենք աճում հոգևորապես, մինչև մենք չենք ընդունում մարդկային թուլության մեր վիճակը, արձագանքում դրան խոնարհաբար և հավատքով և մեր թուլության միջոցով սովորում վստահել Աստծուն: Երբ Մորոնին անհանգստանում էր գրելու իր թուլության համար, Աստված չասաց նրան, որ նա ապաշխարեր: Այլ Տերը սովորեցրեց նրան լինել խոնարհ և հավատք ունենալ առ Քրիստոսը: Երբ մենք հեզ ենք և հավատարիմ, Աստված շնորհ է առաջարկում, ոչ թե ներում, որպես թուլության հատուցում: Աստվածաշնչի բառարանը շնորհը սահմանում է որպես Աստծուց եկող հնարավորություններ տվող զորություն՝ անելու այն, ինչը մենք չենք կարող անել ինքնուրույն (տես Աստվածաշնչի բառարան, «Շնորհ»), համապատասխան աստվածային հատուցում, որի միջոցով Նա կարող է «թույլ կողմերը դարձնել ուժեղ»:

Կիրառել հեզություն և հավատք

Մեր Եկեղեցու վաղ շրջանից մեզ ուսուցանվել են ապաշխարության կարևոր տարրերը, սակայն ինչպե՞ս ենք մենք զարգացնում հեզություն և հավատք: Խորհեք հետևյալ բաների շուրջ.

  • Խորհեք և աղոթեք: Քանի որ մենք թույլ ենք, մենք միգուցե չնկատենք, որ մեղք ենք գործում (ցանկանալով մտքի, սրտի և վարքի անհապաղ և ամբողջական փոփոխություն) կամ թուլություն ենք ցուցաբերում (խրախուսելով խոնարհ, հետևողական ջանքեր, սովորելու և կատարելագործվելու ցանկություն): Այս ամենի հանդեպ մեր վերաբերմունքը կարող է հիմնված լինել մեր դաստիարակության և հասունության վրա: Մեկ վարքագծի մեջ կարող են նույնիսկ լինել թե մեղքի և թե թուլության տարրեր: Ասելը, որ մեղքն իրականում թուլություն է, առաջ է բերում պատճառաբանություններ՝ ապաշխարելու փոխարեն: Ասելը, որ թուլությունը մեղք է, կարող է արդյունքում առաջ բերել ամոթ, մեղադրանք, հուսահատություն և Աստծո խոստումների հանդեպ թերահավատություն: Խորհելը և աղոթելը օգնում են մեզ զանազանել դրանք իրարից:

  • Առաջնահերթություններ սահմանեք: Քանի որ մենք թույլ ենք, մենք չենք կարող միանգամից կատարել բոլոր անհրաժեշտ փոփոխությունները: Երբ մենք խոնարհաբար և հավատարմորեն մեկ առ մեկ հաղթահարում ենք մեր մարդկային թույլ կողմերը, մենք կարող ենք աստիճանաբար նվազեցնել անգիտությունը, լավ օրինակները դարձնել սովորություններ, լավացնել մեր ֆիզիկական և էմոցիոնալ առողջությունը և բարձրացնել տոկունությունը, և ամրացնել մեր վստահությունն առ Տերը: Աստված կարող է մեզ օգնել իմանալ, թե որտեղից սկսել:

  • Ծրագրեք: Քանի որ մենք թույլ ենք, ավելի ուժեղ դառնալը կպահանջի ավելին, քան արդար ցանկությունը, և մեծ ինքնատիրապետում: Մենք նաև պետք է ծրագրենք, սովորենք մեր սխալներից, զարգացնենք ավելի արդյունավետ ռազմավարություն, վերանայենք մեր ծրագրերը և կրկին փորձենք: Մենք ունենք սուրբ գրությունների, պատշաճ գրքերի և այլ մարդկանց օգնության կարիքը: Մենք սկսում ենք փոքր քայլերով, ուրախանում ենք առաջընթացի համար և ռիսկի ենք դիմում (չնայած, որ նրանք մեզ ստիպում են խոցելի և թույլ զգալ): Մեզ աջակցություն է անհրաժեշտ, օգնելու մեզ կատարել լավ ընտրություններ, նույնիսկ, երբ մենք հոգնած ենք կամ հուսալքված, և ծրագրեր կազմել ճիշտ ուղու վրա վերադառնալու համար, երբ սայթաքում ենք:

  • Գործադրեք համբերություն: Քանի որ մենք թույլ ենք, փոփոխությունը կարող է ժամանակ պահանջել: Մենք պարզապես չենք հրաժարվում մեր թուլությունից այնպես, ինչպես մենք հրաժարվում ենք մեղքից: Խոնարհ աշակերտները հոժարությամբ անում են այն, ինչ պահանջվում է, սովորում են տոկալ, շարունկում են փորձել և չեն հիասթափվում: Խոնարհությունը օգնում է մեզ համբերատար լինել ինքներս մեզ հետ և ուրիշների հետ, ովքեր նույնպես թույլ են: Համբերությունը առ Տերն ունեցած մեր հավատքի դրսևորումն է, երախտագիտությունը մեր հանդեպ Նրա վստահության համար և վստահություն նրա խոստումների հանդեպ:

Նույնիսկ երբ մենք անկեղծորեն ապաշխարում ենք մեր մեղքերի համար, ձեռք ենք բերում ներում և կրկին դառնում ենք մաքուր, մենք մնում ենք թույլ: Մենք շարունակում ենք ենթակա լինել հիվանդությանը, զգացմունքներին, անգիտությանը, հակվածություններին, հոգնածությանը և գայթակղությանը: Սակայն, սահմանափակումները և անհամապատասխանությունները մեղքեր չեն և մեզ հեռու չեն պահում մաքուր և Հոգուն արժանի լինելուց:

Թուլությունից մինչև ուժ

Նկար
composite of young man in sillouette and landscape

Լուսնակարները՝ iStock/Thinkstock

Մինչդեռ Սատանան մեծ ցանկություն ունի օգտագործելու մեր թուլությունը և գայթակղելու մեզ մեղք գործել, Աստված կարող է օգտագործել մարդկային թուլությունը մեզ ուսուցանելու, ամրացնելու և օրհնելու համար: Հակառակ այն բանին, թե ինչ մենք կարող ենք ակնկալել կամ հուսալ, Աստված միշտ չէ «թույլ կողմերը դարձնում ուժեղ» մեզ համար՝ սահմանափակելով մեր թուլությունը: Երբ Պողոս Առաքյալը շարունակ աղոթում էր, որ Աստված հեռացներ «մարմնի համար խայթը», որը Սատանան օգտագործում էր նրան բռունցքով ծեծելու համար, Աստված ասաց Պողոսին. «Բաւական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մեջ է կատարվում» (Բ Կորնթացիս ԺԲ.7, 9):

Կան բազմաթիվ ուղիներ, որոնցով Տերը «թույլ կողմերը դարձնում է ուժեղ»: Թեև Նա կարող է վերացնել թուլությունը անակնկալ բուժումով, որի հույսը մենք ունենք, սակայն իմ փորձառությունից ելնելով կարող եմ ասել, որ հազվադեպ է այդպես լինում: Օրինակ, ես չեմ տեսնում ոչ մի փաստ, որ Աստված վերացրեց գրելու հետ կապված Մորոնիի թուլությունը Եթեր 12-ի հայտնի հատվածից հետո: Աստված նաև կարող է թույլ կողմերը ուժեղ դարձնել, օգնելով մեզ աշխատել մեր թուլությունների վրա, ձեռք բերել դրանց հետ կապված պատշաճ հումորի զգացում կամ հեռանկար, և աստիճանաբար հաղթահարել դրանք ժամանակի ընթացքում: Նաև ուժեղ կողմերը և թուլությունները հաճախ կապված են իրար հետ (ինչպես հաստատակամության ուժը և համառության թուլությունը), և մենք կարող ենք սովորել գնահատել ուժեղ կողմը և զսպել թուլությունը, որը զուգորդում է դրան:

Կա մեկ այլ, նույնիսկ ավելի զորեղ միջոց, որի օգնությամբ Աստված մեր թույլ կողմերը դարձնում է ուժեղ: Եթեր 12.37-ում Տերը Մորոնիին ասում է. «Եվ քանի որ դու տեսար քո թուլությունը, դու ուժեղ կդարձվես, մինչև իսկ նստելու այն տեղում, որը ես պատրաստել եմ իմ Հոր ապարանքներում»:

Այստեղ Աստված չի առաջարկում փոխելու Մորոնիի թուլությունը, այլ փոխելու Մորոնիին: Մարդկային թուլության մարտահրավերն ընդունելով Մորոնին և մենք կարող ենք սովորել գթություն, կարեկցանք, հեզություն, համբերություն, քաջություն, երկայնամտություն, իմաստություն, տոկունություն, ներողամտություն, ճկունություն, երախտագիտություն, ստեղծարարություն և բազմաթիվ այլ արժեքներ, որոնք մեզ օգնում են ավելի ու ավելի նմանվել մեր Երկնային Հորը: Սրանք այն արժեքներն են, որ մենք եկել ենք երկիր զարգացնելու համար, Քրիստոսանման հատկանիշները, որոնք պատրաստում են մեզ վերևում գտնվող ապարանքի համար:

Ոչ մի այլ տեղ Աստծո սերը, իմաստությունը և փրկագնող զորությունն ավելի ակնհայտ չեն, քան Նրա ունակության մեջ՝ դարձնելու մարդկային թուլության հետ կապված մեր պայքարը անգնահատելի աստվածային արժեքներ և ուժեղ կողմեր, որոնք մեզ դարձնում են Նրան ավելի նման: