2015
Սուրբ կրոնասիրություն
Ապրիլ 2015


Սուրբ կրոնասիրություն

Անեսասեր ծառայությունը՝ ինքներս մեզ մոռանալը, ուրիշի կարիքներին արձագանքելը և մեր կյանքը նրանց ծառայությանը նվիրելը, միշտ եղել է Հիսուս Քրիստոսի աշակերտներին բնորոշ գիծը:

Նկար
composite of different families

Նկարազարդումը՝ Էննի Հենրիի

Մատթեոսի 11-րդ գլխում Փրկիչը մեզ ուսուցանում է կարևոր մի դաս Հովհաննես Մկրտչի աշակերտների բարձրացրած հարցին ի պատասխան Իր չտված պատասխանով:

«Եւ Յովհաննէսը բանտումը Քրիստոսի գործերը լսելով, իր աշակերտներից երկուսին ուղարկեց:

Եւ նորան ասեց, Դո՞ւ ես այն որ գալու էիր, թէ ուրիշի սպասենք:

Եւ Յիսուսը պատասխան տուաւ եւ նորանց ասեց. Գնացէք Հովհաննէսին պատմեցէք ինչ որ լսում էք եւ տեսնում էք:

Կոյրերը տեսնում են, եւ կաղերը գնում են, բորոտները սրբվում են, եւ խուլերը լսում են, մեռելները յարութիւն են առնում, եւ աղքատներին աւետարան է քարոզվում» (Մատթեոս ԺԱ.2–5):

Հակիրճ վարդապետական բացատրություն տալու փոխարեն, նկարագրելով որ Նա էր, իսկապես, «այն որ գալու էր», Փրկիչը պատասխանեց Իր գործերով՝ Իր ծառայության օրինակով:

2014թ. ապրիլի գերագույն համաժողովին Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը հիշեցրել է մեզ. «Մենք արդյունավետ կերպով ծառայում ենք մեր Երկնային Հորը՝ արդարությամբ ներգործելով ուրիշների վրա ու ծառայելով նրանց: Ամենամեծ օրինակը, ով երբևէ քայլել է երկրի վրա, մեր Փրկիչն է՝ Հիսուս Քրիստոսը»:1

Անեսասեր ծառայությունը՝ ինքներս մեզ մոռանալը, ուրիշի կարիքներին արձագանքելը և մեր կյանքը նրանց ծառայությանը նվիրելը, միշտ եղել է Հիսուս Քրիստոսի աշակերտներին բնորոշ գիծը: Ինչպես Բենիամին թագավորն ուսուցանեց Փրկչի ծննդից ավելի քան 100 տարի առաջ՝ «Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք» (Մոսիա 2.17):

Հակոբոսը հիշեցնում է մեզ, որ «սուրբ կրօնասիրութիւնը» արտացոլվում է ուրիշներին մատուցած մեր ծառայության մեջ, երբ մենք «որբերին եւ այրիներին այցելում ենք նորանց նեղութեան մեջ» (Հակոբոս Ա.27): «Սուրբ կրոնասիրությունը» ավելին է, քան հավատքի մասին հայտարարելը, դա հավատք ցուցաբերելն է:

Սիրեք ձեր ճամփորդության ընկերակցին

1984թ. հուլիսի կեսերին, Լոս Անջելես Կալիֆորնիա Տաճարում իմ կնոջ՝ Քերոլի հետ մեր ամուսնությունից ընդամենը շաբաթներ անց, մենք ճանապարհվում էինք դեպի Յուտա, որտեղ ես սկսելու էի իմ կարիերան և Քերոլը ավարտելու էր իր քոլեջի կրթությունը: Մենք վարում էինք առանձին մեքենաներ: Երկու մեքենաներով մենք տեղափոխում էինք այն ամենը, ինչ ունեինք:

Ճանապարհի կեսին Քերոլը հավասարվեց իմ մեքենային և սկսեց շարժումներով ինչ-որ բան հասկացնել ինձ: Սա բջջային հեռախոսների, սմարթֆոնների, հաղորդագրությունների և թվիթերների ժամանակներից առաջ էր: Նրա մեքենայի պատուհանի միջով նրա դեմքի արտահայտությունը տեսնելով, ես կարող էի ասել, որ նա իրեն լավ չէր զգում: Նա հասկացրեց ինձ, որ կարող էր շարունակել վարելը, սակայն ես անհանգստանում էի իմ նոր հարսնացուի համար:

Երբ մենք մոտեցանք Յուտայի Բիվեր փոքրիկ քաղաքին, նա կրկին հավասարվեց իմ մեքենային և ես կարող էի ասել, որ նա կանգ առնելու կարիք ուներ: Նա իրեն վատ էր զգում և չէր կարող շարունակել: Մենք ունեինք հագուստով և հարսանեկան նվերներով լի երկու մեքենա, սակայն, ցավոք սրտի, մենք քիչ փող ունեինք: Հյուրանոցային սենյակը մեր բյուջեից վեր էր: Չգիտեի ինչ անել:

Մեզանից ոչ մեկը նախկինում չէր եղել Բիվերում, և չիմանալով, թե ինչ էինք փնտրում, մենք մի քանի րոպե վարում էինք մեքենան, մինչև ես մի զբոսայգի տեսա: Մենք կանգ առանք ավտոկայանատեղում և գտանք ստվեր գցող մի ծառ, որտեղ ես մի վերմակ փռեցի, որպեսզի Քերոլը կարողանար հանգստանալ:

Մի քանի րոպե անց մեկ այլ մեքենա մոտեցավ ավտոկայանման տեղին և կանգնեց մեր երկու մեքենաների կողքին: Մի կին, մոտավորապես մեր մայրերի տարիքին, իջավ իր մեքենայից և հարցրեց, թե արդյոք ինչ-որ բան է պատահել և թե կարող էր նա օգնել: Նա նշեց, որ նկատել էր մեզ, մինչ անցնում էր մեր կողքով և զգացել էր, որ պետք է կանգ առներ: Երբ մենք բացատրեցինք մեր իրավիճակը, նա անմիջապես հրավիրեց մեզ հետևել իրեն մինչև իր տուն, որտեղ մենք կարող էինք հանգստանալ որքան պետք էր:

Մենք շուտով գտանք մեզ նրա տան հով նկուղում գտնվող ննջասենյակի հարմարավետ անկողնում: Հենց որ տեղավորվեցինք, այս հրաշալի քույրը նշեց, որ նա բազմաթիվ գործեր ուներ անելու և որ մեզ մի քանի ժամով մենակ էր թողնելու: Նա ասաց մեզ, որ եթե քաղցած էինք, մենք կարող էինք օգտվել խոհանոցում եղած ամեն բանից, և որ եթե մենք գնայինք մինչև նրա տուն վերադառնալը, խնդրում էր փակել մուտքի դուռը:

Որոշ ժամանակ քնելուց հետո Քերոլը ավելի լավ զգաց իրեն և մենք շարունակեցինք մեր ճամփորդությունը առանց ճաշելու: Երբ մենք հեռացանք, բարի կինը դեռևս տուն չէր վերադարձել: Ցավոք սրտի, մենք չէինք գրառել հասցեն և երբեք պատշաճորեն երախտագիտություն չհայտնեցինք մեր իսկ բարի սամարացուն, ով կանգնեց ճանապարհին և բացեց իր տան դռները կարիքի մեջ գտնվող օտարականների առջև:

Երբ ես անդրադառնում եմ այս փորձառությանը, հիշում եմ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի խոսքերը, ով մարմնավորում է Փրկչի հորդորը՝ «գնա, դու էլ այնպէս արա» (տես Ղուկաս Ժ.37) առավել, քան որևէ մահկանացու. «Մենք չենք կարող իսկապես սիրել Աստծուն, եթե մենք չենք սիրում այս մահկանացու կյանքի ճանապարհորդության մեր ընկերակից ճամփորդներին»:2

Որտեղ էլ մենք հանդիպենք «ճամփորդության ընկերակցի»՝ ճանապարհին կամ մեր տներում, խաղադաշտում կամ մեր դպրոցներում, աշխատավայրում կամ եկեղեցում, եթե մենք փնտրենք, տեսնենք և գործենք, մենք ավելի շատ կնմանվենք Փրկչին՝ օրհնելով և ծառայելով ճանապարհին:

Փնտրել

Նկար
drawing of woman praying

Նկարազարդումը՝ Էննի Հենրիի

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելն (1926–2004) ուսուցանել է.

«Մենք հաստատ չենք կարող մեր թանկագին Փրկչի նման քավել մարդկության մեղքերը: Ավելին, մենք հաստատ չենք կարող տանել մահկանացու հիվանդությունները, թուլությունները և վշտերը (տես Ալմա 7.11–12):

Այնուամենայնիվ մեր հնարավորությունների չափով, ճիշտ ինչպես Հիսուսն է հրավիրել, մենք իսկապես կարող ենք ձգտել դառնալու «ճիշտ ինչպես [Նա է]» (3 Նեփի 27.27)»:3

Երբ մենք ձգտում ենք դառնալ ճիշտ Նրա նման, անկեղծ ցանկությամբ օրհնելու «մեր ճամփորդության ընկերակցին», մեզ հնարավորություններ կտրվեն մոռանալու ինքներս մեզ և բարձրացնելու ուրիշներին: Այս հնարավորությունները հաճախ կարող են դժվարություններ առաջ բերել, փորձելով մեր անկեղծ ցանկությունը ավելի շատ նմանվելու Տիրոջը, ում բոլոր ծառայություններից ամենամեծը՝ Նրա անսահման Քավությունը, ամենադժվարն էր: «Այնուամենայնիվ,- ասում է Նա,- փա՛ռք լինի Հորը, և ես ճաշակեցի ու ավարտեցի իմ նախապատրաստությունները մարդկանց զավակների համար» (ՎևՈՒ 19.19):

Անկեղծորեն ձգտելը ավելի շատ նմանվելու Փրկչին մեզ թույլ կտա տեսնելու այն, ինչն այլ կերպ մենք չէինք կարող տեսնել: Մեր բարի սամարացին բավականաչափ մոտ էր ապրում Հոգուն՝ արձագանքելու ոգեշնչմանը և օգնության հասնելու կարիքի մեջ գտնվող օտարականին:

Տես

Նկար
drawing of three children with lantern

Նկարազարդումը՝ Էննի Հենրիի

Հոգևոր աչքերով տեսնել նշանակում է տեսնել բաներն այնպես, ինչպես իրականում կան և հասկանալ կարիքները, որոնք մենք այլ կերպ չէինք կարող նկատել: Ոչխարների և այծերի առակում, ոչ նրանք, ովքեր «օրհնածներ» էին, և ոչ էլ նրանք, ովքեր «անիծեալներ» էին, չէին ճանաչել Տիրոջը նրանց մեջ, ովքեր սոված էին, ծարավ, մերկ կամ բանտում: Նրանք արձագանքեցին իրենց հատուցումներին, հարցնելով. «Ե՞րբ տեսանք քեզ»: (Տես Մատթեոս ԻԵ.34–44:)

Միայն նրանք, ովքեր տեսել էին հոգևոր աչքերով, նկատել էին կարիքը, գործել և օրհնել էին նրանց, ովքեր տառապում էին: Մեր բարի սամարացին նկատել էր կարիքը, քանի որ նա նայում էր հոգևոր աչքերով:

Գործել

Նկար
drawing of older woman and young man

Նկարազարդումը՝ Էննի Հենրիի

Մենք կարող ենք տեսնել մեր շուրջը գտնվող կարիքները, սակայն անհարմար զգանք արձագանքելու, ենթադրելով, որ այն, ինչը մենք կարող ենք առաջարկել, բավարար չէ: Երբ մենք ձգտում ենք դառնալ ճիշտ Նրա նման, և երբ մենք տեսնում ենք մեր ճամփորդության ընկերակիցների կարիքները հոգևոր աչքերով, մենք պետք է վստահենք, որ Տերը կարող է գործել մեր միջոցով, և ապա մենք պետք է գործենք:

Տաճար մտնելով Պետրոսը և Հովհաննեսը հանդիպեցին մի մարդու՝ «իր մօր որովայնիցը կաղ», ով նրանցից ողորմություն խնդրեց (տես Գործք Գ.1–3): Պետրոսի պատասխանը օրինակ և հրավեր է՝ ուղղված մեզանից յուրաքանչյուրին:

«Արծաթ եւ ոսկի չ’ունիմ. բայց ինչ որ ունիմ, այն քեզ կ’տամ. Յիսուս Քրիստոսի՝ Նազովրեցու անունովը վեր կաց եւ ման եկ։

Եվ աջ ձեռքիցը բռնեց՝ վերկացրեց նորան» (Գործք Գ.6–7):

Մենք կարող ենք գործել, տալով մեր ժամանակը և տաղանդները, բարի խոսքը կամ ուժեղ մեջքը: Երբ մենք փնտրենք և տեսնենք, մենք կդրվենք այնպիսի պայմաններում և իրավիճակներում, որտեղ կարող ենք գործել և օրհնել: Մեր բարի սամարացին գործեց: Նա տարավ մեզ իր տուն և տվեց մեզ այն ամենն, ինչ ուներ: Ըստ էության նա ասաց. «Ինչ որ ունիմ, այն քեզ կ’տամ»: Դա հենց այն էր, ինչի կարիքը մենք ունեինք:

Նախագահ Մոնսոնն ուսուցանել է այս նույն սկզբունքները:

«Մեզանից յուրաքանչյուրը մահկանացու կյանքի ճամփորդության ընթացքում կճամփորդի իր իսկ Երիքովի ճանապարհով: Ինչպիսի՞ն կլինի ձեր փորձառությունը: Ինչպիսի՞ն կլինի իմը: Արդյո՞ք ես կթերանամ նկատելու նրան, ով ընկած կլինի ավազակների ձեռքը և կունենա իմ օգնության կարիքը: Իսկ դո՞ւք:

Արդյո՞ք ես կլինեմ մեկը, ով տեսնում է վիրավորվածին և լսում է նրա աղերսանքը, սակայն անցնում է ճանապարհի մյուս կողմը: Իսկ դո՞ւք:

Թե ես կլինեմ մեկը, ով տեսնում է, ով լսում է, ով կանգ է առնում և ով օգնում է: Իսկ դո՞ւք:

Հիսուսը տվեց մեր նշանաբանը՝ «Գնա, դու էլ այդպէս արա»: Երբ մենք հնազանդվում ենք այդ հայտարարությանը, մեր հավերժական տեսադաշտում բացվում է նմանը չունեցող և անգերազանցելի ուրախության մի տեսարան»:4

Երբ մենք ավելի շատ նմանվենք Փրկչին՝ փնտրելով, տեսնելով և գործելով, մենք կսկսենք հասկանալ Բենիամին թագավորի խոսքերի ճշմարտացիությունը. «Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք» (Մոսիա 2.17):

Հղումներ

  1. Ռիչարդ Գ. Սքոթ, «Ես ձեզ օրինակ տուի», Լիահոնա, մայիս 2014, 35:

  2. Թոմաս Ս. Մոնսոն, «Սեր՝ ավետարանի էությունը», Լիահոնա, մայիս 2014, 91:

  3. Neal A. Maxwell, “Apply the Atoning Blood of Christ,” Ensign, Nov. 1997, 22.

  4. Thomas S. Monson, “Your Jericho Road,” Ensign, May 1977, 71.