2015
Ընտանեկան երեկոն 100 տարեկան է
Ապրիլ 2015


Ընտանեկան երեկոն 100 տարեկան է

Այս տարի լրանում է 100 տարին այն օրից, երբ Առաջին Նախագահությունը ոգևորեց անդամներին ընտանեկան երեկոներ անցկացնել: Ներկայացնում ենք Առաջին Նախագահության նամակից ընտանեկան երեկոներին նվիրված հատվածը: Այն հրապարակվել է 1915թ. ապրիլին և տպագրվել է 1915թ. հունիսին Improvement Era-ում (էջեր 733–734): Մեծատառերով գրելն ու կետադրությունը ձևափոխվել են:

Նկար
A portrait of eight of the sons of Joseph F. Smith. All are identified

Լուսանկարը տրամադրել է Եկեղեցու Պատմության Գրադարանը

Հարգելի Եղբայրներ և Քույրեր,

Մենք խորհուրդ ենք տալիս Վերջին Օրերի Սրբերին ավելի ուշադիր պահել Տիրոջ պատվիրանը, որը տրված է Վարդապետություն և Ուխտերի 68-րդ բաժնում.

«Եվ բացի այդ, որքան որ ծնողները երեխաներ ունեն Սիոնում … որոնց չեն ուսուցանում, որպեսզի մինչև ութ տարեկանը նրանք հասկանան վարդապետությունն ապաշխարության, հավատքի՝ առ Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին, և մկրտության ու ձեռնադրմամբ Սուրբ Հոգու պարգևի, մեղքը լինի ծնողների գլխին, …

Եվ նրանք նաև պետք է իրենց երեխաներին ուսուցանեն աղոթել և ուղիղ քայլել Տիրոջ առաջ» [տես ՎևՈւ 68.25–28]:

Սիոնի զավակները պետք է նաև ավելի խորը հետևեն Աստծո պատվիրանին, որը նա տվել է հին Իսրայելին և կրկնել է Վերջին Օրերի Սրբերին:

«Պատվիր քո հորը և քո մորը, որ քո օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալիս է քեզ» [Ելից 20.12]:

Այս հայտնությունները մեծ ուժով պետք է կիրառվեն Վերջին Օրերի Սրբերի կողմից, և այս Եկեղեցու հայրերից ու մայրերից պահանջվում է, որ այդ պատվիրանները նրանք սովորեցնեն և կիրառեն տանը:

Այդ նպատակով մենք առաջարկում և կոչ ենք անում սկսել «ընտանեկան երեկոներ» անցկացնել ամբողջ Եկեղեցում, երբ տանը հայրերն ու մայրերը իրենց շուրջը կհավաքեն իրենց տղաներին և աղջիկներին և նրանց կուսուցանեն Տիրոջ խոսքը: Այսպիսով, նրանք ավելի ամբողջական պատկերացում կկազմեն իրենց ընտանիքների պահանջների և կարիքների մասին և միաժամանակ կծանոթանան և իրենց երեխաներին կծանոթացնեն Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներին: Ընտանեկան երեկոն պետք է նվիրված լինի աղոթքին, օրհներգերի, երգերի, գործիքային երաժշտության կատարմանը, սուրբ գրությունների ընթերցանությանը, ընտանեկան թեմաների և ավետարանի սկզբունքների վերաբերյալ հատուկ հրահանգավորմանը և կյանքի բարոյական խնդիրներին, ինչպես նաև ծնողների, տան, Եկեղեցու, հասարակության և ազգի հանդեպ երեխաների պարտականություններին և պարտավորություններին: Ավելի փոքր տարիքի երեխաների համար կարելի է օգտագործել համապատասխան ոտանավորներ, երգեր, պատմություններ և խաղեր: Կարելի է թեթև հյուրասիրություն կազմակերպել, որը պատրաստված կլինի հիմնականում տանը:

Պետք է ամեն կերպ խուսափել ձևականությունից և կաշկանդվածությունից, և ողջ ընտանիքը պետք է մասնակցի վարժություններին:

Այս հավաքները հնարավորություն կտան փոխադարձ վստահություն զարգացնել ծնողների և երեխաների, եղբայրների և քույրերի միջև, ինչպես նաև առիթ կհանդիսանան ծնողների համար զգուշացման և խորհրդի խոսքեր ասել իրենց տղաներին և աղջիկներին: Դա տղաներին և աղջիկներին հնարավորություն կընձեռի պատվել հորը և մորը, և իրենց երախտագիտությունը հայտնել տան օրհնությունների համար, որպեսզի իրենց տրված Տիրոջ խոստումը բառացիորեն իրագործվի և իրենց կյանքի տռարիները երկարեն և երջանկությամբ լցվեն: …

Մենք … խրախուսում ենք երիտասարդներին այդ երեկո մնալ տանը և առավել ուսանելի, շահավետ և հետաքրքիր օգտագործել իրենց էներգիան:

Եթե Սրբերը օգտագործեն այս խորհուրդը, ապա մենք խոստանում ենք, որ մեծ օրհնություններ կհետևեն դրան: Սերը տան մեջ և ծնողների հանդեպ հնազանդությունը կաճի: Հավատքը կզարգանա Իսրայելի երիտասարդության սրտերում և նրանք ձեռք կբերեն զորություն ճակատամարտելու իրենց պաշարող չարի ազդեցությունների ու գայթակղությունների դեմ:

Ձեր եղբայրներ՝

Ջոզեֆ Ֆ. Սմիթ

Էնթոն Հ. Լանդ

Չարլզ Վ. Փենրոզ

Առաջին Նախագահություն