2015
Փրկչի անեսասեր և սրբազան զոհաբերությունը
Ապրիլ 2015


Փրկչի անեսասեր և սրբազան զոհաբերությունը

Հոգևոր ժողովի ելույթից, «Ճշմարտություններ, որոնք ամենաարժեքավորն են իմանալու համար», տրվել է 2011թ․ նոյեմբերի 6-ին Բրիգամ Յանգ Համալսարանում: Անգլերեն լեզվով ողջ հոդվածը կարդալու համար այցելեք speeches.byu.edu:

Տերը միշտ այնտեղ է: Նա տառապեց և վճարեց տույժը, եթե դուք կամենաք ընդունել Նրան որպես ձեր Քավիչ:

Նկար
Christ in Gethsemane.

Մենք բոլորս էլ ապրում ենք հոգևոր ապառիկով: Տարբեր եղանակներով հաշիվը մեծանում ու մեծանում է Եթե դուք ժամանակի ընթացքում վճարում եք այն, դուք քիչ կարիք ունեք անհանգստանալու: Շուտով դուք սկսում եք սովորել կարգապահություն և գիտակցում եք, որ կա նախապես հաշվարկ կատարելու օր: Սովորեք կանոնավոր կերպով վճարել ձեր հոգևոր հաշիվները և թույլ մի տվեք որ այն տոկոսներ և տույժեր կուտակի:

Քանի որ դուք փորձվում եք, ակնկալվում էր, որ դուք որոշ սխալներ թույլ կտաք: Ես ենթադրում եմ, որ դուք ձեր կյանքում արել եք բաներ, որոնց հետ դուք համաձայն չեք, բաներ, որոնց համար դուք չեք կարող նույնիսկ ներողություն խնդրել, շատ սխալ բաներ. ուստի, դուք բեռ ունեք ձեր ուսերին: Այժմ ժամանակն է օգտագործելու հանցանք բառը, որը կարող է բծեր թողնել անջնջելի թանաքի մնան և չի կարող հեշտությամբ լվացվել: Հանցանքից ծնունդ է առնում հիասթափությունը, ափսոսանքը կորցրած օրհնությունների և հնարավորությունների համար:

Եթե մաքառում եք հանցանքի պատճառով, դուք չեք տարբերվում Մորմոնի Գրքի ժողովրդից, ում մասին մարգարեն ասել է. «Եվ իրենց անօրինության պատճառով եկեղեցին սկսել էր նվազել. և նրանք սկսել էին չհավատալ մարգարեության ոգուն ու հայտնության ոգուն. և Աստծո դատաստանները նրանց դեմքին հառեցին» (Հելաման 4.23):

Մենք հաճախ փորձում ենք լուծել հանցանքի հետ կապված խնդիրը, միմյանց և ինքներս մեզ ասելով, որ դա ոչ մի նշանակություն չունի: Սակայն, ինչ-որ կերպ, մեր հոգու խորքում մենք չենք հավատում սրան: Ոչ էլ մենք հավատում ենք ինքներս մեզ, եթե ասում ենք դա: Մենք ամեն -ինչ ավելի լավ գիտենք: Դա ունի նշանակություն:

Մարգարեները միշտ ուսուցանել են ապաշխարություն: Ալման ասել է. «Եվ, ահա նա գալիս է փրկագնելու նրանց, ովքեր կմկրտվեն ապաշխարության համար, նրա անվան հանդեպ հավատքի միջոցով» (Ալմա 9.27):

Ալման բացահայտորեն ասաց իր կամակոր որդուն. «Արդ, ապաշխարությունը չէր կարող գալ մարդկանց, եթե չլիներ մի պատիժ, որը հավերժական էր, ինչպես հոգու կյանքը պիտի լինի՝ սահմանված ի հակադրություն երջանկության ծրագրին» (Ալմա 42.16):

Մահկանացու կյանքն ունի երկու հիմնական նպատակ: Առաջինը մարմին ստանալն է, որը կարող է, եթե մենք ցանկանանք, մաքրվել և վեհացվել և հավերժ ապրել: Երկրորդ նպատակը փորձվելն է: Փորձվելիս մենք միանշանակ սխալներ թույլ կտանք: Սակայն, եթե մենք ցանկանանք, մենք կարող ենք սովորել մեր սխալներից: «Եթէ ասենք թէ մեղք չգործեցինք, ստախօս ենք անում նորան,եւ նորա խօսքը մեզանում չէ» (Ա Հովհաննես Ա.10):

Դուք, հավանաբար, կարող եք անհամաձայնություն զգալ ձեր մտքում և մարմնում և անհանգստանալ կամ բեռնավորված լինել որոշակի հոգևոր խնդիրներով, որոնք նշվում են որպես «անցած բաներ»: Երբ դուք լուռ մտորումների պահին անկեղծանում եք ինքներդ ձեզ հետ (ինչից մեզանից շատերը փորձում են խուսափել), կա՞ն արդյոք որոշ չպարզաբանված բաներ, որոնք անհանգստացնում են ձեզ: Դուք ունե՞ք ինչ-որ բան ծանրացած ձեր խղճի վրա: Դուք դեռևս որևէ աստիճանով հանցավո՞ր եք որևէ փոքր կամ մեծ բանում:

Խիստ հաճախ մենք նամակներ ենք ստանում նրանցից, ովքեր ողբերգական սխալներ են գործել և բեռնավորված են: Նրանք աղերսում են. «Ես երբևէ կներվե՞մ: Ես երբևէ կփոխվե՞մ»: Պատասխանն է՝ այո:

Պողոսն ուսուցանեց Կորնթացիներին. «Ձեզ ուրիշ փորձութիւն չէ պատահել բացի մարդկային փորձութիւնից. բայց Աստուած հաւատարիմ է, որ չի թողիլ ձեզ ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու, այլ փորձութեան հետ ելքն էլ կպատրաստէ, որ կարողանաք համբերել» (Ա Կորնթացիս Ժ.13):

Ավետարանը մեզ սովորեցնում է, որ կարող ենք ազատվել տառապանքից և հանցանքից ապաշխարության միջոցով: Բացառություն են կազմում այն քչերը, այն շատ քչերը, ովքեր կորստի են մատնվում ամբողջությունն իմանալուց հետո, չկա սովորույթ, չկա կախվածություն, չկա ըմբոստություն, չկա օրինազանցություն, ոչ էլ մեծ ու փոքր հանցանք, որը զերծ լինի լիովին ներվելու խոստումից: Անկախ նրանից, թե ինչ է պատահել ձեր կյանքում, Տերը ձեզ համար վերադառնալու ուղի է պատրաստել, եթե դուք լսեք Սուրբ Հոգու հուշումները:

Ոմանք լցված են համակող ցանկություններով, գայթակղություններով, որոնք պտտվում են մտքում, հավանաբար սովորություն, ապա կախվածություն դառնալու միտումով: Մենք հակված ենք որոշ օրինազանցությունների և մեղքի և նաև պատճառաբանության, որ մենք մեղավոր չենք, քանի որ մենք այդպիսին ենք ծնվել: Մենք ընկնում ենք ծուղակը, և այդտեղից էլ գալիս է ցավն ու տառապանքը, որը միայն Փրկիչը կարող է հուժել: Դուք ունեք կանգ առնելու և փրկվելու զորությունը:

Սատանան հարձակվում է ընտանիքի վրա

Նախագահ Մարիոն Գ. Ռոմնին մի անգամ ինձ ասաց. «Նրանց մի ասիր ուղղակի այնպես, որ նրանք կարողանան հասկանալ, ասա նրանց այնպես, որ նրանք չկարողանան սխալ հասկանալ»:

Նեփին ասել է. «Քանզի իմ հոգին հրճվում է պարզությամբ, քանզի Տեր Աստված այս ձևով է գործում մարդկանց զավակների մեջ: Քանզի Տեր Աստված տալիս է լույս հասկացողությանը» (2 Նեփի 31.1):

Այսպիսով, լսեք: Ես պարզ կխոսեմ, որպես մեկը, ով կանչված է և այդ անելու պարտականությունն է կրում:

Դուք գիտեք, որ կա հակառակորդ: Սուրբ գրությունները բնորոշում են նրան հետևյալ տերմիններով. «Այն հին օձը, որը դևն է, … բոլոր ստերի հայրը» (2 Նեփի 2.18): Նա դուրս էր գցվել ի սկզբանե (տես ՎևՈՒ 29.36–38) և զրկվել էր մահկանացու մարմին ստանալու հնարավորությունից: Նա երդվել է կործանել «երջանկության մեծ ծրագիրը» (Ալմա 42.8) և դառնալ ամեն արդարակեցության թշնամին: Նա իր հարձակումները կենտրոնացնում է ընտանիքի վրա:

Դուք ապրում եք այն օրերում, երբ պոռնոգրաֆիայի պատուհասը սրընթաց տարածվում է ողջ աշխարհով մեկ: Դժվար է զերծ մնալ դրանից: Պոռնոգրաֆիան կենտրոնանում է ձեր էության այն մասի վրա, որի միջոցով դուք զորություն ունեք կյանք արարելու:

Պոռնոգրաֆիային անձնատուր լինելը հանգեցնում է դժվարությունների, ամուսնալուծության, հիվանդության և հազար ու մի տեսակի փորձանքների: Չկա դրա մեջ ոչ մի անմեղ մասնիկ: Այն հավաքելը, դիտելը կամ որևէ ձևով այն անընդհատ ձեզ հետ ունենալը հավասարազոր է ձեր պայուսակում բոժոժավոր օձ պահելուն: Այն ունենում է ձեզ վրա մի այնպիսի անխուսափելի ազդեցություն, որը հոգևոր առումով համարժեք է օձի խայթոցի մահացու թույնի ազդեցությանը: Նկատի ունենալով այն փաստը, թե ինչպիսին է աշխարհն այսօր, կարելի է հեշտությամբ հասկանալ, որ դուք կարող եք գրեթե անմեղորեն ենթարկվել դրա ազդեցությանը, կարդալ այն կամ դիտել այն՝ առանց սարսափելի հետևանքները գիտակցելու: Եթե դա նկարագրում է ձեզ, ես զգուշացնում եմ, որ կանգ առնեք: Կանգ առեք հենց հիմա:

Մորմոնի Գիրքն ուսուցանում է, որ բոլոր «մարդիկ բավականին ուսուցանված են, որ բարին տարբերեն չարից» (2 Նեփի 2.5): Դա ներառում է նաև ձեզ: Դուք գիտեք, թե ինչն է ճիշտ և ինչն է սխալ: Ուշադիր եղեք, որ չանցնեք այդ գիծը:

Չնայած, որ սխալներից շատերը կարող են գաղտնի կերպով խոստովանվել Տիրոջը, կան որոշ օրինազանցություններ, որոնց ներումը պահանջում է դրանից ավելին: Եթե մեծ սխալներ եք գործել, հանդիպեք ձեր եպիսկոպոսի հետ: Այլապես, կարվի սովորական խոստովանություն՝ լուռ և անհատական: Սակայն հիշեք, որ ներման հրաշալի առավոտը միգուցե միանգամից չգա: Եթե սկզբում դուք դժվարանաք, չհանձնվեք: Հիասթափությունը հաղթահարելը փորձաշրջանի մի մասն է: Անձնատուր մի եղեք: Եվ ինչպես ես խորհուրդ եմ տվել նախկինում, երբ դուք խոստովանում և թողնում եք ձեր մեղքերը, ետ մի նայեք:

Փրկիչը տառապել է մեր մեղքերի համար

Տերը միշտ այնտեղ է: Նա տառապել և վճարել է տույժը, եթե դուք կամենաք ընդունել Նրան որպես ձեր Քավիչ:

Որպես մահկանացուներ, մենք միգուցե չկարողանանք, ավելի ճիշտ չենք կարող լիովին հասկանալ, թե ինչպես է Փրկիչն իրականացրել Իր քավող զոհաբերությունը: Սակայն, այժմ ինչպեսն այնքան կարևոր չէ, որքան Նրա տառապանքի ինչուն: Ինչո՞ւ Նա դա արեց ձեզ համար, ինձ համար, ողջ մարդկության համար: Նա արեց դա Հայր Աստծո և ողջ մարդկության հանդեպ ունեցած սիրո պատճառով: «Ոչ ով նորանից աւելի մեծ սէր չունի, որ մէկն իր անձը դնէ իր բարեկամների համար» (Հովհաննես ԺԵ.13):

Գեթսեմանիում Քրիստոսն առանձնացավ Իր Առաքյալներից, որպեսզի աղոթեր: Այն, ինչ տեղի ունեցավ, վեր է մեր հասկացողության զորությունից: Սակայն մենք գիտենք, որ Նա ավարտին հասցրեց Քավությունը: Նա հոժար էր Իր վրա վերցնել ողջ աշխարհի սխալները, մեղքերը և հանցանքները, կասկածներն ու վախերը: Նա տառապեց մեզ համար, որպեսզի մենք չտառապենք: Շատ մահկանացուներ տանջանքներ են կրել և մահացել ցավոտ, սոսկալի մահով: Սակայն Նրա տառապանքը գերազանցեց այդ ամենին:

Իմ այս տարիքում ես հասկացել եմ, թե ինչ է ֆիզիկական ցավը, և դա զվարճալի բան չէ: Ոչ ոք չի անցնում այս կյանքն առանց իմանալու մեկ կամ երկու բան չարչարանքների մասին: Սակայն անձնական տառապանքը, որը ես չեմ կարող տանել, այն է, երբ ես սկսում եմ գիտակցել, որ իմ պատճառով մեկ ուրիշը տառապել է: Այդ ժամանակ է, որ ես սկսում եմ ըմբռնել տառապանքի նշույլները, որոնք Փրկիչն ունեցավ Գեթսեմանի պարտեզում:

Նրա տառապանքը տարբերվում է նախքան այդ կամ դրանից հետո տեղի ունեցած մնացած բոլոր տառապանքներից, քանի որ Նա Իր վրա վերցրեց բոլոր պատիժները, որոնք երբևէ դրվել են մարդկության ընտանիքի վրա: Պատկերացրեք դա: Նա պարտ չուներ վճարելու: Նա ոչ մի սխալ բան չէր արել: Այնուամենայնիվ, բոլոր հանցանքները, կսկիծն ու վիշտը, ցավն ու վիրավորանքը, բոլոր մտավոր, էմոցիոնալ և ֆիզիկական չարչարանքները, որոնք հայտնի են մարդուն, Նա տարավ այդ ամենը: Մարդկության ողջ պատմության տարեգրության մեջ եղել է միայն Մեկը, ով եղել է լիովին անմեղ, որակված պատասխանելու ողջ մարդկության մեղքերի և օրինազանցությունների համար և ցավը տանելու համար, որը ներառում էր նաև դրանց համար վճարելը:

Նա նվիրաբերեց Իր կյանքը և իրականում ասաց. «Քանզի այդ ես եմ, որ վերցնում է իր վրա աշխարհի մեղքերը» (Մոսիա 26.23): Նա խաչվեց. Նա մահացավ: Նրանք չէին կարող վերցնել Նրանից Իր կյանքը: Նա համաձայնվեց մահանալ:

Նկար
Jesus Christ and the two thieves depicted during the Crucifixion. The Apostle John is standing below the cross of Christ. Mary, the mother of Christ is standing beside John. Two other women are kneeling at the base of the cross. There are Roman soldiers and Jews standing in the background.

Լիարժեք ներումը հնարավոր է

Եթե դուք սայթաքել եք կամ նույնիսկ որոշ ժամանակ մոլորված եք եղել, եթե դուք զգում եք, որ հակառակորդն այժմ ձեզ գերի է վերցրել, դուք կարող եք առաջ շարժվել հավատքով և այլևս աշխարհում այս ու այն կողմ չթափառել: Կան մարդիկ, ովքեր պատրաստ կանգնած են ձեզ ետ առաջնորդելու համար դեպի խաղաղություն և ապահովություն: Նույնիսկ Աստծո շնորհը, ինչպես խոստացված է սուրբ գրություններում, գալիս է «այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել» (2 Նեփի 25.23): Իմ կարծիքով, դրա հնարավորությունն իրական է, որն իրոք արժե իմանալ:

Ես խոստանում եմ, որ ներման պայծառ առավոտը կարող է գալ: Այդ ժամանակ «Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է» (Փիլիպպեցիս Դ.7) մեկ անգամ ևս կգա ձեր կյանք, արևածագի նման մի բան, և՛ դուք, և՛ Նա «[քո] մեղքերը այլ եւս պիտի չհիշեք» (Երեմիա ԼԱ.34): Ինչպե՞ս դուք կիմանաք: Դուք կիմանաք: (Տես Մոսիա 4.1–3:)

Սա այն է, ինչ ես եկել եմ սովորեցնելու ձեզ, ովքեր փորձանքի մեջ են: Նա կգա և կլուծի խնդիրը, որը դուք չեք կարողանում լուծել, սակայն դուք պետք է վճարեք գինը: Դա տեղի չի ունենա առանց դա անելու: Նա շատ բարի կառավարիչ է այն առումով, որ վճարել է անհրաժեշտ գինը, սակայն Նա ցանկանում է, որ դուք անեք այն, ինչ պետք է անեք, նույնիսկ եթե դա ցավոտ է:

Ես սիրում եմ Տիրոջը և սիրում եմ Հորը, ով ուղարկեց Նրան: Մեր հիասթափության, մեղքի և հանցանքի բեռները կարող են դրվել Նրա առջև, և Նրա առատաձեռն պայմաններով, հաշվի յուրաքանչյուր կետ կարող է նշվել որպես «լիովին վճարված»:

«Հիմա եկէք ու վիճաբանենք, ասում է Տէրը, եթէ ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձիւնի պէս պիտի սպիտականան. եթէ նորանք որդան կարմիրի պէս լինին, ասրի պէս սպիտակ պիտի դառնան»: Ապա, Եսայիան շարունակում է. «Եթէ յօժարէք եւ լսէք» (Եսայիա Ա.18–19):

Նկար
Jesus Christ with a woman who is wearing a red robe.

Եկեք Նրա մոտ

«Սովորիր իմաստություն քո երիտասարդության տարիներին. այո, քո երիտասարդության տարիներին սովորիր պահել Աստծո պատվիրանները» (Ալմա 37.35) սուրբ գրության հատվածը կոչ է՝ հղված խաղաղության և հակառակորդից պաշտպանության խոստումով: «Ոչ ոք քո մանկութիւնը չանարգէ. այլ օրինակ եղիր հաւատացեալներին խօսքով, վարքով, սիրով, հաւատքով, սրբութիւնով» (Ա Տիմոթեոս Դ.12):

Մի սպասեք, որ ամեն բան ձեր կյանքում հարթ կընթանա: Կյանքի ընթացքում, երբեմն, դուք կտեսնեք ճիշտ հակառակը, նույնիսկ նրանք, ովքեր ապրում են այնպես, ինչպես պարտավոր են: Դիմավորեք կյանքի մարտահրավերները լավատեսությամբ և համոզվածությամբ, և դուք կունենաք խաղաղություն և հավատք՝ աջակցելու ձեզ ներկայում և ապագայում:

Նրանք, ովքեր չունեն բոլոր սպասված օրհնությունները, որոնք դուք զգում եք, որ ցանկանում եք և պետք է ունենաք, ես անկասկած հավատում եմ, որ փրկագնման և փրկության համար կարևոր ոչ մի փորձառություն կամ հնարավորություն չի մերժվի ձեզ, որ հավատարիմ եք ապրում: Արժանավոր մնացեք, եղեք հույսով լի, համբերատար և աղոթքով լեցուն: Ի վերջո, ամեն բան պիտի շտկվի: Սուրբ Հոգու պարգևը կառաջնորդի ձեզ և ուղղություն կտա ձեր գործողություններին:

Եթե դուք նրանցից եք, ովքեր մաքառում են հանցանքի, հիասթափության կամ ճնշվածության դեմ՝ ձեր կատարած սխալների կամ դեռ չեկած օրհնությունների հետևանքով, կարդացեք վերահաստատող ուսմունքները, որոնք գտնվում են «Եկեք Հիսուսի մոտ» օրհներգում.

Եկեք Հիսուսի մոտ, դուք՝ հոգնածներ,

Տառապյալներ, մեղքից ճնշվածներ:

Նա կտանի ձեզ դեպի երկինքներ,

Ուր դուք հանգիստ կգտնեք, կգտնեք:

Եկեք Հիսուսի մոտ, Նա կլսի,

Մեղքի խավարից ձեզ կփրկի:

Սերը Նրա ձեզ մթից կհանի,

Դեպ լույսը կտանի, կտանի:

Եկեք Հիսուսի մոտ, Նա կլսի,

Երբ խոնարհ Նրա սերն եք փնտրում:

Չգիտե՞ք, որ երկնքից ուղարկված

Հրեշտակներն են ձեզ պաշտպանում:1

Իմ Առաքյալ Եղբայրների հետ միասին ես հայտարարում եմ, որ Տեր Հիսուս Քրիստոսի հատուկ վկան եմ: Այդ վկայությունն ամեն անգամ ավելի է ամրանում, երբ իմ կամ ուրիշների մեջ զգում եմ Նրա սրբազան զոհաբերության մաքրագործող ազդեցությունը: Իմ վկայությունը, որը նաև իմ Եղբայրներն ունեն, ճշմարիտ է: Մենք ճանաչում ենք Տիրոջը: Նա օտարական չէ Իր մարգարեների, տեսանողների և հայտնողների համար:

Ես հասկանում եմ, որ դուք կատարյալ չեք, բայց ընթանում եք այդ ուղով: Ունեցեք քաջություն: Իմացեք, որ ամեն անձ, ով մարմին ունի, իշխանություն ունի նրա վրա, ով չունի:2 Սատանային մարմին չի տրվել. այսպիսով, եթե դուք երբևէ գայթակղությունների հանդիպեք, հիշեք, որ դուք ավելի բարձր եք կանգնած այդ բոլոր գայթակղություններից, եթե դուք գործադրեք ձեր ազատ կամքը, որը տրվել է Ադամին ու Եվային պարտեզում և փոխանցվել հենց այս սերնդին:

Եթե դուք առաջ նայեք հույսով և ցանկությամբ, անելու այն, ինչ Տերը կցանկանա, որ դուք անեք, դա այն ամենն է, ինչն ակնկալվում է:

Հղումներ

  1. Տես «Եկեք Հիսուսի մոտ», Օրհներգ, համար 117:

  2. Տես Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 211: