2015
Կանանց հոգևոր ազդեցությունը
Ապրիլ 2015


Կանանց հոգևոր ազդեցությունը

Հեղինակն ապրում է Յուտայում, ԱՄՆ:

Արդյոք մենք գիտենք, թե որքան զորավոր է մեր հոգևոր ուժը:

Նկար
drawing of women with their arms around each other

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԴՈՒՍՏՐԵՐԸ, ՔԵԹԼԻՆ ՊԵՏԵՐՍՈՆ, ՉԲԱԶՄԱՑՆԵԼ

Բազմաթիվ հրաշալի, խոնարհ կանայք Եկեղեցում մատուցում են նվիրված ծառայություն, առանց գիտակցելու իրենց կյանքի ունեցած հետևանքներով լի ազդեցությունը, որպես աշխարհիկ ծառայության օրինակներ, նաև որպես հոգևոր ուժի ժառանգություն: Նման մի կին է իմ տատիկը՝ Չերի Պետերսենը: Նա հավատարմորեն ծառայել է փոքր կոչումներում իր ողջ կյանքի ընթացքում: Եթե դուք հարցնեիք նրան, նա կպնդեր, որ չուներ շատ տաղանդներ աշխարհին առաջարկելու: Այնուամենայնիվ, երբ ես սկսեցի ուսումնասիրել նրա կյանքը, ես պարզապես հասկացա, թե որքան էր նրա հոգևոր ուժն ազդել իմ կյանքի վրա:

Չերիի ծնողները դադարել էին եկեղեցի հաճախել և ամուսնալուծվել էին, երբ նա դեռ շատ երիտասարդ էր, ուստի, նա մեծացել էր իր մոր՝ Ֆլորենսի մոտ, ով միշտ աշխատում էր: Ֆլորենսն իր մանկության տարիներին էլ ավելի անտեսված էր եղել, քանի որ նա մեծացել էր գիշերօթիկ դպրոցում, մինչ նրա մայրը՝ Ջորջիան ապրում էր աշխարհիկ կյանքով: Անկախ իր դաստիարակության հետ կապված մարտահրավերներից, Չերին շարունակեց ապրել ավետարանով, հավատարմորեն եկեղեցի հաճախելով իր մեծ տատիկի՝ Էլիզաբեթի ընտանիքի կամ իր ընկերների հետ: Նա տեսավ նրանց ընտանիքներում այն, ինչը կցանկանար իր ընտանիքի համար: Նա հաստատ չգիտեր, թե ինչպիսին պիտի լիներ ընտանիքը, սակայն նա գիտեր, թե ինչպիսին այն չպիտի լիներ, և նա որոշել էր, որ իր հետագա ընտանիքը պետք է այլ լիներ:

Չերիի ամուսինը՝ իմ պապիկ Դելլը, մի անգամ ասաց ինձ. «Վկայություն ունենալու համար դու պետք է ցանկանաս դա: Չերին միշտ ցանկացել է վկայություն ունենալ»: Չնայած, որ նրանց ամուսնության առաջին տարիները լի էին դժվարություններով, նրանք որոշել էին ամուր մնալ որպես ընտանիք: Դելլի աշխատանքային գրաֆիկի պատճառով նրանք քիչ ակտիվ էին իրենց ամուսնության առաջին տարվա ընթացքում, սակայն Երեխաների Խմբում ծառայության կանչվելը ոգեշնչեց Չերիին սկսել հաճախել, և Դելլը շուտով միացավ նրան եկեղեցում որպես սարկավագների քվորումի խորհրդական: Այդ ժամանակվանից սկսած նրանք երկուսն էլ ակտիվ են եղել Եկեղեցում: Չերիի ծառայելու ցանկությունը և ամուր ընտանիք ունենալու որոշումը օգնել են իմ մորը դառնալու այնպիսի ուժեղ կին, ինչպիսին է նա հիմա, և իմ մոր օրինակը օգնել է իմ ընտանիքին, հատկապես այժմ, երբ ես կազմում եմ իմ իսկ ընտանիքը:

Մենք՝ կանայք, կարող ենք հոգևոր մեծ ազդեցություն ունենալ նրանց վրա, ովքեր շրջապատում են մեզ: Իսկապես, Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ մեր դերը «ոչ միայն աղքատներին սատարելն է, այլ հոգիներ փրկելը»:1 Հիսուս Քրիստոսը կանչել է Իր Եկեղեցու կանանց լինելու Իր աշակերտները և լինելու հոգևորապես ուժեղ: Մեր հոգևոր ուժը և ազդեցությունը արժեքավոր են փրկության աշխատանքի առաջընթացի համար, և մենք պետք է հնարավորություններ փնտրենք հոգևորապես ամրապնդելու նրանց, ովքեր շրջապատում են մեզ: Երբ մենք անենք դա, մեր հավատքի և արդարակեցության ազդեցությունը կանցնի մեզ համար տեսանելի սահմաններից:

Կանչված՝ լինելու աշակերտներ

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմիջը (1862–1933) գրել է. «Կանանց ամենամեծ պաշտպանն աշխարհում Հիսուս Քրիստոսն է»:2 Մտածեք, օրինակ, թե Նոր Կտակարանում ինչ սովորեցրեց Նա Իր երկու կին աշակերտներին՝ Մարիամ և Մարթա քույրերին: Իմ արքայության դուստրերը գիրքը բացատրում է. «Ղուկաս Ժ գլուխը պարունակում է Մարթայի պատմությունը, թե ինչպես էր նա իր տան դռները բացել Հիսուսի համար: Նա ծառայում էր Տիրոջը՝ հոգ տանելով Նրա նյութական կարիքների համար, իսկ Մարիամը նստել էր Ուսուցչի ոտքերի մոտ և ուշադիր լսում էր Նրա ուսմունքները:

Այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ կանանցից հիմնականում ակնկալվում էր մատուցել միայն նյութական ծառայություններ, Փրկիչն ուսուցանեց Մարթային և Մարիամին, որ կանայք կարող էին նաև հոգևորապես մասնակցել Իր աշխատանքին: Նա հրավիրում էր նրանց դառնալ Իր աշակերտները և ճաշակել փրկությունից՝ «այդ բարի բաժնից», որ երբեք չէր վերցվի նրանցից»:3

Մարթայի նման, մենք էլ երբեմն սխալմամբ մտածում ենք, որ կանանց հիմնական դերը կայանում է նյութական ծառայություն առաջարկելու մեջ, ինչպես օրինակ կերակուր պատրաստելը, կարելը և ուրիշների համար մաքրություն անելը: Այս ծառայությունը արժեքավոր և նվիրական զոհաբերություն է. այնուամենայնիվ, կարող և եփող քույրերից առավել Տերն ունի հոգևոր զորություն ունեցող կանանց կարիքը, ում հավատքը, արդարակեցությունը և գթությունը փայլում են իրենց կյանքում: Նա գիտի, որ մեզանից յուրաքանչյուրը շատ բան ունի առաջարկելու: Հիսուս Քրիստոսը կանչում է բոլորիս զարգացնել մեր հոգևոր ուժը և կարողությունը՝ ստանալու հայտնություն և գործելու ըստ այդմ, որպեսզի օգնենք առաջ տանել Նրա գործը: Սփոփող Միության գերագույն նախագահ Լինդա Ք. Բըրթընը քույրերին ասել է. «Դուք երկիր եք ուղարկվել այս ժամանակի տնտեսությունում նրա շնորհիվ, թե ով եք դուք և ինչ եք պատրաստվել անելու: Անկախ նրանից, թե Սատանան ինչ կփորձի համոզել մեզ մտածել այն մասին, թե ով ենք մենք, մեր իսկական ինքնությունը Հիսուս Քրիստոսի աշակերտը լինելն է»:4

Նկար
Drawing of Jesus with Mary and Martha

Տերը գիտի մեզ և մեր իրավիճակները, և Նա մեզանից յուրաքանչյուրի համար գործ է նախատեսել, որ պետք է անենք այս աշխարհում: Ոչ մի քրոջ գիտելիքները կամ տաղանդները խիստ սահմանափակ չեն՝ բարու համար հոգևոր ուժ հանդիսանալու և ուրիշներին Քրիստոսի մոտ բերելու համար: Այսպիսի աստվածային ներուժով մենք պարտավոր ենք դառնալու մեր տների և համայնքների հոգևոր ղեկավարները: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդը հայտարարել է. «Այս Եկեղեցում յուրաքանչյուր քույր, ով ուխտեր է կապել Տիրոջ հետ, աստվածային հանձնարարագիր ունի՝ օգնելու փրկել հոգիներ, առաջնորդել աշխարհի կանանց, ամրացնել Սիոնի տները և կառուցել Աստծո թագավորությունը»5:

Կարիք չկա, որ մենք լինենք բարձր դիրքերում կամ անենք անսովոր բաներ, որպեսզի օգնենք մեր շուրջը գտնվողներին կատարելու ընտրություններ, որոնք կառաջնորդեն նրանց ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին, որը մեր ամենակարևոր պարտականությունն է: Թե ամենամեծ և թե ամենափոքր բաները, որոնք մենք անում ենք մեկ կամ երկու մարդու կյանքում, նույնիսկ պարզապես մեր իսկ ընտանիքում, կարող են ունենալ շատ մեծ ազդեցություն:

Կանայք փրկության աշխատանքում

Սիրելի օրհներգում նշվում է. «Հրեշտակների գործը տրվել է կանանց. Սա պարգև է, որը մենք պահանջում ենք»:6 Մենք շատ բան ունենք առաջարկելու նրանց կյանքում, ում մենք սիրում ենք: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը կիսվել է պատմություններով, թե ինչպես է երկու կանանց հոգևոր ուժն ազդել իր կյանքի վրա.

«Երբ ես երեխա էի, հայրս Եկեղեցու անդամ չէր, իսկ մայրս դարձել էր ավելի քիչ ակտիվ: … Իմ ութերորդ տարեդարձից մի քանի ամիս անց Ուիթլ տատիկը երկրի մի ծայրից մյուսը եկավ, որպեսզի այցելեր մեզ: Տատիկին անհանգստացնում էր այն, որ ոչ ես, ոչ էլ իմ ավագ եղբայրը մկրտված չէինք: Ես չգիտեմ, թե նա ինչ ասաց իմ ծնողներին այս մասին, բայց ես գիտեմ, որ մի առավոտ նա եղբորս ու ինձ այգի տարավ ու մեզ հետ կիսվեց մկրտվելու ու Եկեղեցու ժողովներին պարբերաբար հաճախելու կարևորության մասին: Ես չեմ հիշում այն մանրամասներն, ինչ նա ասաց, բայց նրա խոսքերը սրտումս ինչ-որ բան արթնացրեցին, և շուտով իմ եղբայրն ու ես մկրտվեցինք: …

Տատիկը պարզապես գործադրեց ճիշտ չափով խիզախություն ու հարգանք, որպեսզի օգներ մեր հայրիկին ընդունել մեր ժողովների համար մեզ եկեղեցի տանելու կարևորությունը: Նա օգնում էր մեզ զգալ ավետարանի անհրաժեշտությունը մեր կյանքում ամեն համապատասխան ձևով»:7

Հոգևոր ուժի երկրորդ աղբյուրը Երեց Սքոթի կինն էր՝ Ջենինը: Երբ նրանք հանդիպում էին, նրանք սկսեցին խոսել ապագայի մասին: Ջենինը, ով մեծացել էր խիստ միսիոներական ընտանիքում, արտահայտեց վերադարձած միսիոների հետ տաճարում ամուսնանալու իր ցանկությունը: Երեց Սքոթը, ով նախկինում գրեթե չէր մտածել միսիա ծառայելու մասին, մեծապես ազդվել էր: «Ես գնացի տուն և չէի կարողանում այլ բանի մասին մտածել: Ես արթուն էի ողջ գիշերվա ընթացքում: … Շատ աղոթքներից հետո ես որոշեցի հանդիպել իմ եպիսկոպոսի հետ և սկսել լրացնել իմ միսիոներական դիմումը»:8 Չնայած, որ Ջենինը տվեց նրան առաջնորդություն և հուշում, որի կարիքը նա ուներ, Երեց Սքոթն ասաց. «Ջենինը երբեք չի խնդրել ինձ ծառայել միսիայում իր համար: Նա բավականաչափ սիրում էր ինձ, որպեսզի կիսվեր իր համոզմունքով և այնուհետև հնարավորություն տար ինձ ծրագրել իմ սեփական կյանքը: Մենք երկուսս էլ ծառայեցինք միսիայում և ավելի ուշ կնքվեցինք տաճարում: Ջենինի խիզախությունն ու նվիրվածությունն իր հավատքին մեր միասնական կյանք բերեցին մեծ տարբերություն: Ես վստահ եմ, որ մենք չէինք գտնի այն երջանկությունը, որը մենք վայելում էինք, եթե չլիներ առաջին հերթին Տիրոջը ծառայելու սկզբունքի նկատմամբ նրա ամուր հավատքը: Նա հիանալի, արդարացի օրինակ է»:9

Այս հրեշտակային կանանց հոգևոր ազդեցությունն էր նրա կյանքում, որ օգնեց զուտ մեկ երիտասարդ տղամարդու՝ Երեց Սքոթին, կատարելու իր կյանքի ամենակարևոր որոշումներից մի քանիսը՝ մկրտվել, միսիա ծառայել և ամուսնանալ տաճարում:

Մենք կարող ենք օգնել ուրիշներին ցանկանալ կատարել լավ ընտրություններ մեր օրինակով, գործերով, խոսքերով և անձնական արդարակեցությամբ: Սփոփող Միության գերագույն նախագահության առաջին խորհրդական Քույր Քերոլ Մ. Սթեֆենսը հայտարարել է. «Մենք Տիրոջ արքայության ուխտյալ դուստրերն ենք, և մենք կարող ենք գործիքներ լինել Նրա ձեռքում: Ամեն օր մասնակցում ենք փրկության աշխատանքին փոքր և հասարակ ուղիներով՝ հոգ տանելով, ամրացնելով և ուսուցանելով միմյանց»:10 Երբ մենք վստահենք Հոգուն և առաջ մղվենք անկեղծ ու խոնարհ ջանքերով մեր շուրջը գտնվողներին օգնելու համար, որ ավելի մոտենան Քրիստոսին, մենք ուղղություն կստանանք, թե ինչ կարող ենք անել, և մեզ ուժ կտրվի դա անելու համար, և մենք կզգանք Տիրոջ զավակներին Նրա մոտ բերելու ուրախությունը:

Նկար
drawing of a mother and baby

Դառնալ հոգևոր ազդեցություն

Մեր պարտականությունն իմանալով մենք պետք է հարցնենք հին օրերի աշակերտների նման. «Ի՞նչ անենք» (Գործք Բ.37) հոգևոր ազդեցություն լինելու համար: Վերջին գերագույն համաժողովի ժամանակ Քույր Բըրթընը հրավիրեց քույրերին պատկերացնել «փրկության աշխատանքի հետ կապված «պահանջվում է օգնություն» վերնագրով հոգևոր ցուցանակներ.

  • Պահանջվում է օգնություն ծնողներից՝ դաստիարակելու իրենց երեխաներին լույսի և ճշմարտության մեջ

  • Պահանջվում է օգնություն՝ դուստրերից …, քույրերից, … հորաքույրերից …, զարմիկներից, տատիկներից ու պապիկներից և ճշմարիտ ընկերներից՝ ծառայելու որպես խորհրդատուներ և օգնող ձեռք առաջարկելու ուխտի արահետով ընթանալիս

  • Պահանջվում է օգնություն՝ նրանցից, ովքեր լսում են Սուրբ Հոգու հուշումները և գործում ստացած հուշումներին համաձայն

  • Պահանջվում է օգնություն՝ նրանցից, ովքեր ապրում են ավետարանով ամեն օր փոքր և հասարակ ուղիներով

  • Պահանջվում է օգնություն՝ ընտանեկան պատմության և տաճարային աշխատողներից՝ ընտանիքները հավերժորեն կապելու համար

  • Պահանջվում է օգնություն՝ միսիոներներից և անդամներից՝ տարածելու «բարի լուրը»՝Հիսուս Քրիստոսի ավետարանը

  • Պահանջվում է օգնություն՝ փրկողներից՝ գտնելու նրանց, ովքեր կորցրել են իրենց ճանապարհը

  • Պահանջվում է օգնություն՝ ուխտը պահողներից՝ ամուր կանգնելու ճշմարտության համար

  • Պահանջվում է օգնություն՝ Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտներից»:11

Սրանք նոր բաներ չեն, սակայն, երբ մենք հնարավորություններ փնտրենք փրկության աշխատանքին մասնակցելու համար, մենք կբարելավենք մեր շուրջը գտնվողներին օգնելու մեր ունակությունը: Երեց Բալլարդն ասել է. «Այս աշխարհում չկա ոչ մի բան այնքան անձնական, այնքան դաստիարակչական կամ այնքան կյանքը փոխող, որքան արդարակյաց կնոջ ազդեցությունն է»:12 Երբ մենք զարգացնում ենք մեր հոգևոր զորությունը անձնական աղոթքի և սուրբ գրությունների ուսումնասիրության, հաստատակամ հնազանդության միջոցով և հավատարմորեն պահում ենք մեր ուխտերը, մենք թողնում ենք այդ ազդեցությունը:

Մեր տեսադաշտից այն կողմ

Նախագահ Բրիգամ Յանգն (1801–1877) ասել է. «Կարո՞ղ եք ասել, թե որքան բարիք կարող են անել մայրերն ու դուստրերն Իսրայելում: Ոչ, դա անհնարին է: Եվ բարին, որ նրանք կանեն, կհետևի իրենց ողջ հավերժության մեջ»:13

Իմ տատիկի արդար որոշումները ազդել են նրա ընտանիքի սերունդների վրա ավելի, քան նա կարող էր տեսնել որպես երիտասարդ կին: Այնուամենայնիվ, իմ ընտանիքի կանանց հոգևոր ազդեցությունը գնում է դեպի ավելի հեռավոր անցյալը: Չերին իր սեփական հոգևոր ուժի մեծ մասը ձեռք էր բերել իր նախատատիկին՝ (իմ երրորդ նախատատիկին) Էլիզաբեթին հետևելուց: Էլիզաբեթի հավատքի և վկայության օրինակը հասնում է անցած երկու սերունդների ոչ ակտիվության միջով, որպեսզի օգնի իր ծոռնուհուն՝ Չերիին, բացելու քայքայված ընտանիքների կծիկը և վերադառնալու Եկեղեցի:

Երբ մենք հոգևոր ուժ ենք դառնում մեզ շրջապատողների համար, մեր ազդեցությունը անցնում է մեզ համար տեսանելի սահմաններից: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է. «Մենք կոչ ենք անում Եկեղեցու կանանց միասին պայքարել արդարակեցության համար: Նրանք պետք է սկսեն իրենց տներից: Նրանք կարող են այն ուսուցանել իրենց դասարաններում: Նրանք կարող են այդ մասին բարձրաձայնել իրենց համայնքներում: …

Ես տեսնում եմ սա որպես աշխարհում մի պայծառ փայլող հույս, որը սրընթաց գնում է ինքնակործանման դեմ»:14

Երբ մենք կատարենք այս պատվիրանը, Տիրոջ աշխատանքն առաջ կընթանա և մեր շուրջը գտնվող աշխարհում, և, ամենակարևորը, մեր ընտանիքներում և նրանց կյանքում, ում մենք սիրում ենք:

Նկար
Old photo of three women

Հղումներ

  1. Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 453:

  2. James E. Talmage, Jesus the Christ, 3rd ed. (1916), 475.

  3. Իմ արքայության դուստրերը. Սփոփող Միության պատմությունը և աշխատանքը (2011), 3–4:

  4. Լինդա Կ. Բըրթըն, «Պահանջվում են ձեռքեր և սրտեր աշխատանքն արագացնելու համար», Լիահոնա, մայիս 2014, 122–123:

  5. M. Russell Ballard, “Women of Righteousness,” Liahona, Dec. 2002, 70.

  6. «Սիրոնի քույրերը», Օրհներգեր, համար 309:

  7. Ռիչարդ Գ. Սքոթ, «Ես ձեզ օրինակ տուի», Լիահոնա, մայիս 2014, 32:

  8. Ռիչարդ Գ. Սքոթ, «Ես ձեզ օրինակ տուի», 33:

  9. Ռիչարդ Գ. Սքոթ, «Ես ձեզ օրինակ տուի», 33:

  10. Քերոլ Մ. Սթեֆենս, «Մենք ուրախանալու մեծ պատճառ ունենք», Լիահոնա, նոյ. 2013, 117:

  11. Լինդա Ք. Բըրթըն, «Պահանջվում են ձեռքեր և սրտեր աշխատանքն արագացնելու համար»,124:

  12. Մ. Ռասսել Բալլարդ,«Մայրեր և դուստրեր», Լիահոնա, մայիս 2010, 18:

  13. Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe (1954), 216.

  14. Գորդոն Բ. Հինքլի, «Կանգնենք ամուր ու անսասան», Ղեկավարների համաշխարհային ուսուցում, հունվ. 10, 2004, 20: