2015
Հավատքի զորությունը
Ապրիլ 2015


Մենք խոսում ենք Քրիստոսի մասին

Հավատքի զորությունը

Հեղինակն ապրում է Օրեգոնում, ԱՄՆ:

Եթե Երկնային Հայրը ազատեր մեզ մեր դժվարություններից, պարզապես քանի որ մենք խնդրում ենք, Նա կզրկեր մեզ այն փորձառություններից, որոնք անհրաժեշտ են մեր փրկության համար:

Նկար
A mother ssitting with her small daughter as the girl colors in a coloring book.

Մի տարի քոլեջում ես քննություն էի հանձնում, երբ պարանոցս սկսեց ցավել: Քննության լարված պահերից հետո էլ ցավը չանցավ: Ես խորհրդակցեցի բժիշկների հետ և փորձեցի զանազան բուժումներ, սակայն ցավը դեռևս շարունակվում էր: Հաջորդ տարվա ընթացքում, մինչ ես պայքարում էի, որ հաղթահարեի այս ցավը, ես նաև պայքարում էի իմ հավատքը մեծացնելու համար: Ես շատ ժամանակ էի անցկացնում աղոթքով, ուսումնասիրում էի սուրբ գրությունները և խնդրում էի քահանայության օրհնություններ: Այնպիսի զգացողություն ունեի, որ եթե պարզապես բավականաչափ հավատք ունենայի, ես կբժշկվեի:

Հիսուս Քրիստոսը բուժեց հիվանդներին, կույրերին, կաղերին, բորոտներին, ասելով՝ «ձեր հաւատքի պէս թող լինի ձեզ» (Մատթեոս Թ.29): Ես գիտեի, որ Նա զորություն ուներ բուժելու ինձ, ինչպես Նա բժշկել էր շատ ուրիշների Իր մահկանացու ծառայության ընթացքում: Ուստի, ես եզրակացրեցի, որ միայն իմ թերահավատությունն էր, որ խոչընդոտում էր իմ բուժմանը, ուստի, ես կրկնապատկեցի իմ ջանքերը: Մինչ ես շարունակում էի ֆիզիոթերապիան, ես աղոթում և ծոմ էի պահում, ուսումնասիրում և հավատում էի: Սակայն իմ ցավերը շարունակվում էին:

Սուրբ գրությունները սովորեցնում են մեզ, որ հավատքով մենք կարող ենք հրաշքներ գործել (տես Մատթեոս ԺԷ.20), Որտե՞ղ էր զորությունը իմ հավատքում: Ի վերջո, ես լուռ ընդունեցի իմ իրավիճակը, եղանակներ գտա ցավի հետ կապված անհարմարությունները հաղթահարելու համար և որոշեցի բավարարվել նրանով, որ պահեի հավատքի և բուժման ողջ հասկացողությունը հետագայի համար:

Տարիներ անց ես խոսում էի իմ ընկերներից մեկի հետ, ով տառապում էր սարսափելի սրտխառնոքով, որի պատճառով նա մեկ անգամ չէր, որ հիվանդանոց էր ընկել իր առաջին հղիության ընթացքում: Էրինն ուզում էր ևս մեկ երեխա ունենալ, սակայն նա վախենում էր, որ ստիպված է լինելու տանել նույն անհարմարությունները, որոնց հանդիպել էր իր առաջին հղիության ընթացքում: Նա ասաց ինձ, որ ծոմ էր պահում և աղոթում, և իսկապես հավատում էր, որ Երկնային Հայրը երկրորդ անգամ դա չէր պահանջի իրենից:

Մինչ մենք քայլում էինք, ես հիշեցի հետևյալ սուրբ գրությունը. «Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստված» (Սաղմոս ԽԶ.10): Ես մտածեցի իմ փորձառության մասին, երբ սովորեցի դադարել անհանգստանալ իմ հիվանդության ընթացքում և հորդորեցի Էրինին շարունակել հավատալ, սակայն այդ հավատքը կախվածության մեջ չդնել այն բանից, թե արդյոք իր հաջորդ հղիության ընթացքում կունենար սրտխառնոց, թե ոչ:

Երբ ես շարունակեցի ուսումնասիրել հավատքի սկզբունքը, ուշադրությունս սևեռեցի հավատքի վերաբերյալ Ալմայի խոսքերի վրա, որտեղ նա սովորեցնում է, որ «եթե դուք ունեք հավատք, դուք հույս ունեք բաների համար, որոնք տեսանելի չեն, որոնք ճշմարիտ են» (Ալմա 32.21):

Խորհելով այս սուրբ գրության շուրջ՝ ես բացահայտեցի, որ հավատքն այն չէր, ինչ ես էի կարծում: Ալման մեզ սովորեցնում է, որ հավատքը հույսն է առ ճշմարիտ սկզբունքները: Հավատք ունենալ չի նշանակում հավատալ, որ մեր Երկնային Հայրը մեզ միշտ կտա այն, ինչ մենք խնդրում ենք, երբ մենք խնդրենք այն: Հավատալը, որ Քրիստոսը կբուժի իմ պարանոցը կամ որ Նա Էրինին կշնորհի սրտխառնոցից զերծ հղիություն, հավատք չէ առ ճշմարիտ սկզբունքները: Այնուամենայնիվ, մենք կարող ենք հավատալ, որ Քրիստոսն ունի բժշկելու զորություն, որ Նա մտահոգվում է մեզ համար, որ Նա կզորացնի մեզ, և եթե մենք համբերենք մինչև վերջ, մենք կարող ենք որակվել հավերժական կյանքի համար:

Տերը խոստացել է. «Ինչ բան, որ դու խնդրես հավատքով, հավատալով, որ դու պիտի ստանաս Քրիստոսի անունով, դու կստանաս այն» (Ենովս 1.15): Ես հավատում եմ, որ այս խոստումի զորությունը գտնվում է Քրիստոսի անունին հավատալու խորհրդի մեջ: Աստվածաշնչի բառարանը աղոթքի մասին մեզ սովորեցնում է հետևյալը. «Մենք աղոթում ենք Քրիստոսի անունով, երբ մեր միտքը Քրիստոսի միտքն է և մեր ցանկությունները Քրիստոսի ցանկություններն են. երբ Նրա խոսքերը կենում են մեզանում (Հովհաննես ԺԵ.7): Ապա մենք խնդրում ենք այն բաները, որոնք հնարավոր է, որ Աստված շնորհի: Շատ աղոթքներ անպատասխան են մնում, քանի որ դրանք ընդհանրապես չեն ասվում Քրիստոսի անունով. դրանք ոչ մի կերպ չեն ներկայացնում Նրա միտքը, այլ մարդու եսասիրության արդյունքն են»:

Երբ մենք հավատքով մի բան ենք խնդրում, որը ներդաշնակ է Աստծո կամքի հետ, Նա կշնորհի մեզ համաձայն մեր ցանկությունների: Երկնային Հայրը գիտի մեզ, սիրում է մեզ և ցանկանում է մեզ համար ամեն անհրաժեշտ բան, որոնք թույլ կտան, որ վերադառնանք Նրա մոտ: Եվ երբեմն դա ներառում է փորձություններ, դժվարություններ և մարտահրավերներ (տես Ա Պետրոս Ա.7): Եթե Երկնային Հայրը ազատեր մեզ մեր դժվարություններից միայն այն պատճառով, որ մենք խնդրում ենք, Նա կզրկեր մեզ այն փորձառություններից, որոնք անհրաժեշտ են մեր փրկության համար: Մենք պետք է սովորենք վստահել մեզ համար նախատեսված Աստծո ծրագրին և ենթարկենք մեր կամքը Նրա կամքին: Եթե մենք համապատասխանեցնենք մեր ցանկությունները Նրա ցանկություններին և ընդունենք, որ մեր հույսն ամբողջովին պետք է դնենք Նրա վրա, մենք կարող ենք որակվել «[մեր]հավատքի վախճանն ընդունելով, այսինքն [մեր] հոգիների փրկությունը» (Ա Պետրոս Ա.9):