2015
Նա հարություն առավ
Ապրիլ 2015


Ավետարանի դասականներ

Նա հարություն առավ

Դեյվիդ Օ. Մակքեյը ծնվել է 1873թ. սեպտեմբերի 8-ին: Նա կարգվել է որպես Առաքյալ 1906թ. ապրիլի 9-ին 32 տարեկան հասակում, իսկ 1951թ. ապրիլի 9-ին հաստատվել է որպես Եկեղեցու իններորդ Նախագահ: Ահա մի հատված այն ելույթից, որը նա ունեցավ 1966թ. ապրիլի գերագույն համաժողովին: Ելույթն ամբողջությամբ կարող եք գտնել Համաժողովի զեկույցներում, ապրիլ 1966, 55–59:

Այսօր աշխարհի ամենակարևոր կարիքը անսասան հավատքն է առ Քրիստոսը:

Եթե հրաշքը գերբնական իրադարձություն է, որի ենթադրյալ զորությունը վեր է մարդու սահմանափակ իմաստությունից, ապա Հիսուս Քրիստոսի Հարությունը բոլոր ժամանակների ամենազարմանալի հրաշքն է: Դրա միջոցով ակնհայտորեն բացահայտվում է Աստծո ամենազոր լինելը և մարդու անմահությունը:

Հարությունը հրաշք է, այնուամենայնիվ, միայն այն տեսանկյունից, որ այն վեր է մարդկային ընկալումից և հասկացողությունից: Բոլոր նրանց համար, ովքեր ընդունում են այն որպես փաստ, դա լոկ կյանքի համընդհանուր օրենքի դրսևորում է: …

Հիմնավորեք այն որպես փաստ, որ Քրիստոսը վերցրեց իր մարմինը և հայտնվեց որպես փառավորված և հարություն առած էակ, և դուք կպատասխանեք դարեր շարունակ տրվող հարցին. «Եթէ մարդս մեռաւ, մի՞թէ կկենդանանայ»: (Հոբ ԺԴ.14):

Հարության վկաները

Նկար
Two Apostles looking at the wounds in Jesus' hand and wrist.

Որ Քրիստոսի փաստացի հարությունը գերեզմանից իրականություն էր աշակերտների համար, ովքեր նրան շատ լավ էին ճանաչում, անտարակուսելի փաստ է: Իրենց մտքում նրանք ոչ մի կասկած չունեին: Նրանք փաստի վկաներն էին. նրանք գիտեին, քանի որ տեսել էին իրեց աչքերով, նրանց ականջները լսել էին, նրանց ձեռքերը զգացել էին հարություն առած Քավչի ֆիզիկական ներկայությունը:

Պետրոսը՝ ավագ Առաքյալը, երբ տասնմեկը հավաքվել էին ընտրելու մեկին, ով կզբաղեցներ Հուդա Իսկարիովտացու տեղը, ասաց. «Հիմա պէտք է այս մարդկանցիցը … սորանցից մէկը մեզ հետ վկայ լինի նորա յարութեանը» (Գործք Ա.21–22): …

Մեկ այլ առիթով Պետրոսը հայտարարեց իրենց թշնամիների առջև, հենց այն մարդկանց, ովքեր Հիսուսին մահվան էին մատնել խաչի վրա. «Ով Իսրայէլացի մարդիկ,այս խօսքերը լսեցէք. … Այս Յիսուսին Աստուած յարութիւն տուաւ որի վկաներն ենք մենք ամենքս» (Գործք Բ.22, 32): …

Լրացուցիչ վկաներ

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Պետրոսի, Պողոսի, Հակոբոսի և բոլոր վաղեմի Առաքյալների հետ միասին ընդունում է Հարությունը ոչ միայն որպես իրական ճշմարտություն, այլ որպես երկրի վրա Քրիստոսի աստվածային առաքելության կատարում:

Խաչի վրա Հիսուսի մահից հազար ութ հարյուր տարի անց Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարեց, որ հարություն առած Տերը հայտնվեց իրեն, ասելով. «Ես տեսա երկու Անձնավորություն, ինձանից վեր՝ օդի մեջ կանգնած, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր: Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով, և ասաց՝ մատնացույց անելով մյուսին.Սա է Իմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան»։ (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.17): …

Եթե Ջոզեֆ Սմիթի վկայությունը միակը լիներ, դա կլիներ, ինչպես Քրիստոսն ասաց Իր վկայության մասին, երբ Նա խոսում էր Իր մասին, անօգուտ. սակայն Հիսուսն ուներ Աստծո և Առաքյալների վկայությունը: Ջոզեֆ Սմիթը նույնպես ուներ այլ վկաներ, [ովքեր] հիմնավորում էին [նրա] վկայությունը, որի ճշմարտացիությունը հայտնի էր դարձվել նրանց Մորոնի հրեշտակի հայտնվելով: …

… Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին [նույնպես] հայտարարում է Մարգարե Ջոզեֆ Սմիթի փառահեղ տեսիլքի մասին.

«Եվ արդ, բազմաթիվ վկայություններից հետո, որ տրվել են նրա մասին, սա է վկայությունը, ամենավերջինը, որ մենք տալիս ենք նրա մասին. Որ, նա ապրում է»: (ՎևՈՒ 76.22): …

Նման անառարկելի վկայությունների լույսի ներքո, որոնք տրվել են վաղեմի Առաքյալների կողմից, վկայություններ, որոնց հանդիպում ենք այդ իրադարձություններից մի քանի տարի անց, ապրող Քրիստոսի վերաբերյալ մեր ժամանակների այդ ամենահրաշալի հայտնության լույսի ներքո, իսկապես դժվար է թվում հասկանալը, թե ինչպես կարող են մարդիկ շարունակել մերժել Նրան և կասկածի տակ առնել մարդու անմահությունը:

Ինչ է մեզ անհրաժեշտ այսօր

Այսօր աշխարհի ամենակարևոր կարիքը անսասան հավատքն է առ Քրիստոսը: Դա ավելին է, քան սոսկ զգացմունքը: Զորությունն է, որ մղում է գործողության, և պետք է լինի մարդկային կյանքի բոլոր դրդող ուժերից ամենահիմնականը: …

Եթե մարդիկ միայն «կատարեին Նրա կամքը», մութ ու մռայլ գերեզմանին անհույս նայելու փոխարեն, նրանք իրենց աչքերը կդարձնեին դեպի երկինք և կիմանային, որ Քրիստոսը հարություն է առել: …

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հայտարարում է ողջ աշխարհին, որ Քրիստոսը Աստծո Որդին է, աշխարհի Քավիչը: Ոչ մի ճշմարիտ հետևորդ չի բավարարվում ընդունելով Նրան լոկ որպես մեծ բարեփոխումներ կատարողի, օրինակելի ուսուցչի կամ նույնիսկ որպես միակ կատարյալ մարդու: Գալիլեացի այդ մարդը, ոչ թե փոխաբերական իմաստով, այլ բառիս բուն իմաստով, կենդանի Աստծո Որդին է: …

Իսկապես վերստին ծնվել

Ոչ մի մարդ չի կարող անկեղծորեն վճռել իր ամենօրյա կյանքում կիրառել Նազովրեցի Հիսուսի ուսմունքները, առանց փոփոխություն զգալու իր ողջ էության մեջ: «Վերստին ծնվել» արտահայտությունը ավելի խորը նշանակություն ունի, քան շատ մարդիկ տալիս են դրան: … Երջանիկ է այն անձնավորությունը, ով իսկապես զգացել է վեհացնող, վերափոխող զորությունը, որն առաջ է գալիս Փրկչին մոտ լինելուց, կենդանի Քրիստոսին նմանվելուց: Ես երախտապարտ եմ, որ գիտեմ, որ Քրիստոսը իմ Քավիչն է: …

Հարության ուղերձը … ամենամխիթարիչն է, ամենափառահեղը, որ երբևէ տրվել է մարդուն, քանի որ երբ մահը սիրելի մեկին հեռացնում է մեզանից, մեր տառապող սրտերն ամոքվում են հույսով և աստվածային հավաստիացմամբ, որոնք արտահայտվում են հետևյալ բառերում. «Նա այստեղ չէ. նա յարութիւն առաւ» [տես Մատթեոս ԻԸ.6, Մարկոս ԺԶ.6]:

Իմ ողջ հոգով ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը հաղթել է մահին, և քանի որ մեր Քավիչն ապրում է, մենք նույնպես կապրենք: