2007
Միակ ճշմարիտ Աստված և Հիսուս Քրիստոս, որին Նա ուղարկեց
2007թ. նոյեմբեր


Միակ ճշմարիտ Աստված և Հիսուս Քրիստոս, որին Նա ուղարկեց

Մենք հայտարարում ենք, որ ակնհայտ է սուրբ գրություններից, որ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին առանձին անձնավորություններ են, երեք աստվածային էակներ:

Նկար

Ինչպես նշեց Երեց Բալարդը, այս նիստի սկզբում, մեր օրերի տարբեր հակասական հոսանքներ հասարակության աճող ուշադրությունն են հրավիրել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վրա: Տերն ասել է հին ժամանակներում ապրողներին, որ այս վերջին օրերի աշխատանքը կլինի «զարմանալիք և զարմանք»,1 և դա այդպես է: Բայց, նույնիսկ, երբ հրավիրում ենք որևէ մեկին և բոլորին քննել դրա զարմանալիքը մոտիկից, կա մի բան, որը մենք չէինք ուզենա, որ որևէ մեկի զարմանքը շարժեր, որ մենք արդյո՞ք «Քրիստոնյաներ» ենք, թե ոչ:

Ընդհանրապես, այս հարցի վերաբերյալ ցանկացած հակասություն կենտրոնացած է երկու վարդապետական հարցերի շուրջ` Աստվածագլխի վերաբերյալ մեր տեսակետի և շարունակվող հայտնության սկզբունքի վերաբերյալ մեր հավատքի, որը տանում է դեպի բաց սուրբգրքյան կանոնի: Անդրադառնալով այս հարցին, մենք կարիք չունենք մեր հավատքի համար ներողություն խնդրողների դերում լինել, բայց մենք չենք ուզում սխալ հասկացվել: Այսպիսով, ըմբռնումը մեծացնելու ցանկությամբ և հստակորեն հայտարարելով մեր Քրիստոնյա լինելը, ես այսօր կխոսեմ հենց նոր նշված առաջին երկու վարդապետական այդ հարցերի մասին:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մեր առաջին և ամենակարևոր հավատքի հանգանակն է. «Մենք հավատում ենք Աստծուն` Հավիտենական Հորը, Նրա Որդուն` Հիսուս Քրիստոսին և Սուրբ Հոգուն»:2 Մենք հավատում ենք այս երեք աստվածային անձնավորություններին, որոնք կազմում են մեկ Աստվածություն` միասնական են նպատակով, գործելակերպով, վկայությամբ, առաքելությամբ: Մենք հավատում ենք, որ Նրանք մեկ են մարդկային ընտանիքի փրկության համար գործելակերպով, մեթոդներով և պարտավորություններով: Մենք հավատում ենք, որ Նրանք լցված են ողորմության և սիրո, արդարության և շնորհի, համբերության, ներողամտության և փրկագնման նույն աստվածային զգացումով: Կարծում եմ, ճիշտ կլինի ասել` մենք հավատում ենք, որ նրանք մեկ են ամեն մի էական և հավերժական հատկանիշով, բացի հավատալուց, որ Նրանք երեք անձնավորություն են միավորված մեկ էության մեջ, Երրորդության մի հասկացություն, որը երբեք չի ուսուցանվել սուրբ գրքերում, որովհետև այն ճիշտ չէ:

Իսկապես, ինչպես արձանագրում է Harper’s Bible Dictionary անունը կրող մի շատ հարգված սկզբնաղբյուր. «Երրորդության պաշտոնական վարդապետությունը, ինչպես այն սահմանվեց չորրորդ և հինգերորդ դարերի եկեղեցու ժողովների ժամանակ, հնարավոր չէ գտնել [Նոր Կտակարանում]»:3

Այսպիսով, որևէ քննադատություն, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցին չի հավատում Աստծո, Հիսուսի և Սուրբ Հոգու ժամանակակից Քրիստոնեական տեսակետին, դատողություն է ոչ թե Քրիստոսի հանդեպ մեր պարտավորության մասին, այլ ավելի շուտ ընդունում (ճիշտ է, կարող եմ ավելացնել), որ Աստվածագլխի մեր տեսակետը տարբերվում է Նոր Կտակարանին հաջորդող ժամանակաշրջանի Քրիստոնեության պատմությունից և վերադառնում այն վարդապետությանը, որն ուսուցանվեց անձնապես Հիսուսի կողմից: Նոր Կտակարանին հաջորդող այդ ժամանակաշրջանի պատմության մասին մի փոքր մեկնաբանությունն օգտակար կլինի այժմ:

Ք.ծ.հ. 325թ.հռոմեացի կայսր Կոնստանտիանոսը հրավիրեց Նիկիայի Խորհուրդը, այլ հարցերի շարքում, քննարկում ծավալելու Աստծո «երրորդության միության» խորացող հարցի վերաբերյալ: Այն, ինչ հայտնվեց կղերականների, փիլիսոփաների և բարձրաշխարհիկ պաշտոնյաների թեժ վիճաբանությունների արդյունքում, հայտնի է (ևս 125 տարի հետո և երեք նոր խորհրդից հետո),4 որպես Նիկիայի Հանգանակ, իսկ հետագա վերաձևակերպումներով որպես Աթանասյան Հանգանակ: Այս զանազան զարգացումները և հանգանակների տարբերակները` և այլ հանգանակներ, որոնք ի հայտ եկան դարերի ընթացքում, հայտարարում էին որ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին վերացական, բացարձակ, գերհզոր, անսահման, մշտագո, բազմակերպ, հավերժական, անիմանալի, անմարմին, առանց անդամների կամ զգացմունքների են և ապրում են տարածությունից և ժամանակից դուրս: Այդպիսի հանգանակներում բոլոր երեք անդամները առանձին անձնավորություններ են, բայց նրանք մի էակ են, հաճախ հիշատակվելով որպես «երրորդության առեղծված»: Նրանք երեք որոշակի անձնավորություններ են, սակայն ոչ երեք Աստվածներ, այլ մեկ: Բոլոր երեքն էլ անհասկանալի են, բայց դա մեկ Աստված է, որն անհասկանալի է:

Մենք համաձայն ենք մեր քննադատների հետ առնվազն այդ կետում, որ աստվածության այդպիսի ձևակերպումն իսկապես անհասկանալի է: Եկեղեցուն Աստծո մասին այդպիսի շփոթեցնող սահմանում պարտադրելուց հետո, զարմանալի չէ, որ չորրորդ դարի մի վանական աղաղակեց. «Վա ՜յ ինձ, նրանք ինձանից վերցրեցին իմ Աստծուն … և ես չգիտեմ ում պաշտեմ և ում դիմեմ»:5 Ինչպե՞ս պետք է վստահենք, սիրենք, երկրպագենք, էլ չենք ասում, ձգտենք նմանվել Մեկին, որն անհասկանալի է և անիմանալի: Ի՞նչ կասեք Հիսուսի աղոթքի մասին, որն ուղղված էր Իր Հորը, որ Երկնքում էր, որ «սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստված. և նրան, որ դու ուղարկեցիր` Հիսուսին Քրիստոսին»:6

Մեր նպատակը որևէ անձնավորության հավատքը կամ որևէ կրոնի վարդապետությունը ստորացնելը չէ: Ինչպես մենք մեր հարգանքն ենք դրսևորում բոլորի հանդեպ իրենց վարդապետության համար, նույնը մենք խնդրում ենք մեր կրոնի համար: (Դա ևս մեր հավատո հանգանակներից է): Բայց, եթե ինչ-որ մեկն ասում է, թե մենք Քրիստոնյաներ չենք, որովհետև մենք չենք հավատում չորրորդ կամ հինգերորդ դարի Աստվածագլխի վերաբերյալ տեսակետին, այդ դեպքում ինչ կասեք Քրիստոնյա այն առաջին Սրբերի մասին, որոնցից շատերը կենդանի Քրիստոսի ականատեսներն էին, ովքեր այդպիսի տեսակետ նույնպես չունեին:7

Մենք հայտարարում ենք, որ ակնհայտ է սուրբ գրություններից, որ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին առանձին անձնավորություններ են, երեք աստվածային էակներ, հաշվի առնելով այնպիսի անհերքելի օրինակներ, ինչպիսիք էին` հենց նոր նշված Փրկչի մեծ Միջնորդական Աղոթքը, Նրա մկրտությունը Հովհաննեսի ձեռքով, Կերպարանափոխության Սարի վրա Նրա փորձառությունը և Ստեփանոսի նահատակությունը, որոնք կազմում են չորս օրինակ:

Ունենալով Նոր Կտակարանի այս աղբյուրներն ու տեղյակ լինելով ավելի շատ8 բաների, գուցե ավելորդ լինի հարցնել, թե ինչ ի նկատի ուներ Հիսուսը, երբ Նա ասաց. «Որդին իրենից կարող չէ ոչինչ անել, թե որ չտեսնի Հորն անելիս»:9 Մեկ այլ առիթով Նա ասաց. «Ես իջա երկնքից, որ ոչ թե իմ կամքն անեմ, այլ ինձ ուղարկողի կամքը»:10 Իր հակառակորդների մասին Նա ասաց. «Տեսան էլ … և ատեցին ինձ էլ և իմ Հորն էլ»:11 Եվ իհարկե, կա այն հարգալից ենթակայությունը Իր Հորը, որը Հիսուսը միշտ ուներ և որը ստիպեց Նրան ասել. «Ինչո՞ւ ես ինձ բարի ասում. ոչ ոք բարի չէ, բայց միայն մեկը` Աստված»:12 «Իմ Հայրը մեծ է ինձանից»:13

Ո՞ւմ էր Հիսուսն աղաչում այնպես ջերմեռանդորեն, ներառյալ այնպիսի սրտակեղեք աղաղակներ արձակելով` ինչպես. «Իմ Հայր, եթե կարելի է. թող այս բաժակն ինձանից անցնի»,14 «Իմ Աստված` իմ Աստված, ինչո՞ւ թողեցիր ինձ»:15 Սուրբ գրքերի փաստը ընդունելը, որ Աստվածագլխի անդամները չնայած կատարելապես միասնական են, սակայն առանձին և որոշակի էակներ են, չի նշանակում բազմաստվածության մեղքի մեջ լինել, այն ավելի շուտ, մեծ հայտնության մի մասն էր, որ Հիսուսը եկավ հաղորդելու աստվածային էակների բնույթի վերաբերյալ: Հավանաբար, ամենալավը Պողոս Առաքյալն է ասել. «Քրիստոս Հիսուսը … Աստծո կերպարանքումը լինելով, հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել»:16

Ոմանց կողմից Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Քրիստոնեական եկեղեցիների դասից վտարելու պատճառը կապված է նրա հետ, որ մենք հավատում ենք, ինչպես հնադարյան մարգարեներն ու առաքյալներն էին հավատում, մարմնավորված, բայց իհարկե փառավորված Աստծուն:17 Նրանց, ովքեր քննադատում են այս հոգևոր հիմք ունեցող հավատքը, ես առնվազն հռետորական հարց եմ ուղղում` Եթե մարմնավորված Աստծո գաղափարը վիրավորական է, ապա ինչո՞ւ կենտրոնական վարդապետություններն են և ողջ Քրիստոնության առանձնապես ամենաբնորոշ առանձնահատկություններն են Տեր Հիսուս Քրիստոսի Մարմնավորումը, Քավությունը և ֆիզիկական Հարությունը: Եթե մարմին ունենալը ոչ միայն անհրաժեշտ չէ, այլ ցանկալի չէ Աստվածության համար, ինչո՞ւ մարդկության Քավիչը փրկագնեց Իր մարմինը, ազատելով այն մահվան և գերեզմանի ճանկերից, երաշխավորելով, որ այն այլևս երբեք կրկին չի առանձնացվելու Իր հոգուց ժամանակի կամ հավերժության մեջ:18 Նրանք, ովքեր հերքում են մարմնավորված Աստծո գաղափարը, հերքում են ինչպես մահկանացու, այնպես էլ հարություն առած Քրիստոսին: Ոչ ոք, որ իրեն ճշմարիտ Քրիստոնյա է համարում, չի ցանկանա անել դա:

Այժմ, բոլոր նրանց, ում կարող է հասնել իմ ձայնը, ում հետաքրքրում է մեր Քրիստոնյա լինելու հարցը, ես բերում եմ այս վկայությունը: Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը բառացիորեն կենդանի Որդին է մեր բառացիորեն կենդանի Աստծո: Այս Հիսուսը մեր Փրկիչն ու Քավիչն է, որը Հոր ղեկավարության ներքո, Արարիչն էր երկնքի և երկրի և բոլոր բաների, որ նրանցում կան: Ես վկայում եմ, որ Նա ծնվեց կույս մորից, և Իր կյանքի ընթացքում Նա զորավոր հրաշքներ գործեց, որոնց ականատեսը եղան Նրա բազում աշակերտները և Նրա թշնամիները ևս: Ես վկայում եմ` Նա իշխանություն ուներ մահվան վրա, որովհետև Նա աստվածային էր, սակայն Նա Իրեն կամավոր մահվան ենթարկեց հանուն մեզ, որովհետև մի որոշակի ժամանակահատվածում Նա ևս մահկանացու էր: Ես հայտարարում եմ, որ Իրեն կամավոր մահվան ենթարկելով Նա Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը, վճարելով մի անսահման գին` յուրաքանչյուր ցավի և հիվանդության համար, յուրաքանչյուր վշտի և դժբախտության համար` սկսած Ադամից մինչև աշխարհի վերջը: Այդպես անելով Նա հաղթեց և գերեզմանին` ֆիզիկապես, և դժոխքին` հոգեպես, և մարդկության ընտանիքն ազատ արձակեց: Ես վկայում եմ, որ Նա տառացիորեն հարություն առավ գերեզմանից և Իր Հոր մոտ համբարձվելուց հետո, ավարտելու Հարության այդ գործընթացը, Նա հաճախակի հայտնվեց հարյուրավոր աշակերտների Հին և Նոր Աշխարհում: Ես գիտեմ, որ Նա Իսրայելի Սուրբն է, Մեսիան, որը մի օր նորից կգա վերջնական փառքով` թագավորելու երկրի վրա, որպես տերերի Տեր և թագավորների Թագավոր: Ես գիտեմ, որ չկա ոչ մի ուրիշ անուն տրված երկնքի տակ, որով մարդ կարողանա փրկվել, և որ միայն ամբողջովին ապավինելով Նրա արժանիքներին, ողորմությանը և հավիտենական շնորհքին19 մենք կարող ենք ձեռք բերել հավերժական կյանք:

Իմ լրացուցիչ վկայությունն այս փառահեղ վարդապետության մասին այն է, որ պատրաստելով Իր հազարամյա վերջին օրերի թագավորումը, Հիսուսն արդեն եկել է, ավելի քան մեկ անգամ, մարմնավորված վեհասքանչ փառքով: 1820թ. գարնանը, մի 14-ամյա պատանի, շփոթված հենց այս բազմաթիվ վարդապետություններից, որոնք դեռևս շփոթեցնում են Քրիստոնեության մեծ մասին, գնաց մի ծառերի պուրակ` աղոթելու: Այդքան վաղ տարիքում հղված այդ անկեղծ աղոթքին ի պատասխան, Հայրն ու Որդին հայտնվեցին որպես փառավորված էակներ այդ պատանի մարգարե Ջոզեֆ Սմիթին: Այդ օրը նշանավորեց Տեր Հիսուս Քրիստոսի Նոր Կտակարանի ճշմարիտ ավետարանի վերադարձի սկիզբը և այլ մարգարեական ճշմարտությունների վերականգնումը, որոնք տրվել էին Ադամից մինչև մեր օրերը:

Ես հայտարարում եմ, որ իմ վկայությունն այս բաների մասին ճշմարիտ է, և որ երկինքները բաց են բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են նույն հաստատումը: Ճշմարտության Սուրբ Հոգու միջոցով, թող որ բոլորս ճանաչենք «միակ ճշմարիտ Աստված. և նրան որ [Նա] ուղարկեց` Հիսուսին Քրիստոսին»:20 Որից հետո, թող որ մենք ապրենք Նրանց ուսմունքներով և լինենք ճշմարիտ Քրիստոնյաներ` գործով, ինչպես և խոսքով, ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Եսայիա ԻԹ.14:

  2. Հավատո Հանգանակ 1.1:

  3. Paul F. Achtemeier, ed. (1985), 1099; emphasis added.

  4. Constantinople, A.D. 381.; A.D. Ephesus, 431; Chalcedon, A.D. 451

  5. Quoted in Owen Chadwick, Western Asceticism (1958), 235.

  6. Հովհաննես ԺԷ.3, շեշտադրումն ավելացված է:

  7. For a thorough discussion of this issue, see Stephen E. Robinson, Are Mormons Christian? 71–89; see also Robert Millet, Getting at the Truth (2004), 106–22.

  8. Տես, օրինակ` Հովհաննես ԺԲ.27–30, Հովհաննես 14.26, Հռովմայեցիս Ը.34, Եբրայեցիս Ա.1–3:

  9. Հովհաննես Ե.19, տես նաև Հովհաննես ԺԴ.10:

  10. Հովհաննես Զ.38:

  11. Հովհաննես ԺԵ.24:

  12. Մատթեոս ԺԹ.17:

  13. Հովհաննես ԺԴ.28:

  14. Մատթեոս ԻԶ.39:

  15. Մատթեոս ԻԷ.46:

  16. Փիլիպպեցիս Բ.5–6:

  17. See David L. Paulsen, “Early Christian Belief in a Corporeal Deity: Origen and Augustine as Reluctant Witnesses,” Harvard Theological Review, vol. 83, no. 2 (1990):105–16; David L. Paulsen, “The Doctrine of Divine Embodiment: Restoration, Judeo-Christian, and Philosophical Perspectives,” BYU Studies, vol. 35, no. 4 (1996):7–94; James L. Kugel, The God of Old: Inside the Lost World of the Bible (2003), xi–xii, 5–6, 104–6, 134–35; Clark Pinnock, Most Moved Mover: A Theology of God’s Openness (2001), 33–34.

  18. Տես Հռովմայեցիս Զ.9, Ալմա 11.45:

  19. Տես 1 Նեփի 10.6; 2 Նեփի 2.8, 31.19, Մորոնի 6.4, Հռովմայեցիս Գ.24, Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հռովմայեցիս 3.24:

  20. Հովհաննես ԺԷ.3: