2007
Օրհնված են բոլոր սրտով մաքուրները
2007թ. նոյեմբեր


Օրհնված են բոլոր սրտով մաքուրները

Թող Աստված օրհնի սրտով և մտքով մաքուր լինելու մեր անկեղծ ջանքերը, և թող «առաքինությունը զարդարի մեր մտքերն անդադար»:

Նկար

Տարիներ առաջ մի արևոտ առավոտ ես և կինս Կարիբյան կղզիների ծովափով քայլելիս, մի քանի ձկնորսական նավակներ տեսանք` ավազի վրա գցված: Երբ կանգնեցինք նայելու նավակներին, ես ձկնորսության մասին որոշ բաներ սովորեցի, որոնք չեմ մոռացել: Ցանցերի, կարթաթելերի կամ կարթերի փոխարեն տեղացի ձկնորսները լարերից պատրաստված մաղանման հասարակ թակարդներ էին օգտագործում: Յուրաքանչյուր թակարդը տուփի ձև ուներ: Ձկնորսները յուրաքանչյուր թակարդի ամեն կողմում մոտ քսան սանտիմետր երկարությամբ բացվածքներին էին արել` կտրտելով լարերը և դեպի ներս ծռելով, և այդպիսով նեղ անցքեր անելով, որոնց միջով ձուկը կարող էր ներս մտնել:

Հավանաբար, դուք արդեն կռահեցիք, թե ինչպես է այդ թակարդն աշխատում: Ձկնորսները խայծով լի թակարդը իջեցնում են ծովի խորքը: Երբ մեծ ձուկը մոտենում է թակարդին և զգում խայծը, գտնելով թակարդի կողքի բացվածքը, ներս է լողում, ուղղակի սեղմվելով կտրտված լարերի արանքով: Ապա, երբ թակարդի միջից ձուկը ցանկանում է դուրս լողալ, տեսնում է, որ մի բան է սեղմվելով կտրտված լարերի արանքից դրսի կողմից ներս մտնելը, սակայն ամենևին այլ բան` այդ սուր լարերի կողմից դուրս գալը, և նա բռնված է: Երբ ձկնորսները վերադառնում են, նրանք դուրս են քաշում թակարդը ջրից և թակարդն ընկած ձուկը շուտով թարմ ձկով ապուր է դառնում:

Հին Կտակարանում պատմություն կա մի մարդու մասին, որը նման թակարդի զոհն էր դարձել: Այդ մարդը հզոր Դավիթ թագավորն էր, և այն, ինչ պատահեց, սուրբ գրությունների ամենատխուր պատմություններից մեկն է:

«Եվ եղավ … որ թագավորները պատերազմի դուրս գալու ժամանակին, Դավիթը Յովաբին և նորա հետ իր ծառաներին և բոլոր Իսրայելին ուղարկեց, որոնք [կռվում էին Ամմոնացիների դեմ]: Բայց Դավիթը մնացել էր Երուսաղեմ:

Եվ մեկ օր իրիկուա դեմ Դավիթն իր անկողինիցը դուրս գալով պալատի տանիքի վրա ման էր գալիս, և տանիքի վրայից մեկ կին տեսավ, որ լուացվում էր, և այն կինը շատ գեղեցիկ էր տեսքով» (Բ Թագ. ԺԱ.1–2):

Դավիթն իմացավ, որ այդ կնոջ անունը Բերսաբե է: Նրա ամուսինը` Ուրիան, զինվոր էր, և կռվում էր Ամմոնացիների դեմ բանակի մյուս մասի հետ, որտեղ Դավիթը, իրենց թագավորը պետք է լիներ: Դավիթը կարգադրեց, որ Բերսաբեին բերեն պալատ: Նրանք շնություն գործեցին և կինը հղիացավ, և Դավիթը սկսեց վախենալ, որ դա հայտնի կդառնա: Հույս տածելով, որ կթաքցնի իր մեղքը, նա կարգադրեց, որ Ուրիան ուղարկվի ետ` Երուսաղեմ: Ուրիան վերադարձավ, սակայն սկզբունքայնորեն մերժեց իր տուն գնալ` Բերսաբեի մոտ: Այնուհետև Դավիթն այնպես կազմակերպեց, որ Ուրիան պատերազմի դաշտում սպանվի (տես Բ Թագ. ԺԱ.3–17): Այդ սոսկալի որոշումների արդյունքում Ուրիան մահացավ, և թշվառ վիճակում հայտնվեցին Դավիթը, Բերսաբեն և, ի վերջո, ամբողջ թագավորությունը: Մեկ հարուստ նախադասությամբ, Աստվածաշունչն ասում է. «Այս բանը, որ Դավիթն արավ, չար երևեցավ Տիրոջ աչքին» (Բ Թագ. ԺԱ.27):

Տեսա՞ք, թե ինչպես Դավիթն ընկավ այս թակարդը: Նա գտնվում էր իր պալատի տանիքի վրա և, նայելով ներքև` հարևան բակ, տեսավ մի բան, որը հավանաբար երբեք չէր տեսել: Դա չարի խայծն էր: Համեստություն, առաքինություն և առողջ դատողություն էր պահանջվում, որ Դավիթն անմիջապես շրջվեր և չնայեր, սակայն նա դա չարեց: Փոխարենը, թույլ տվեց, որ իր միտքը լցվեր արգելված երևակայություններով, և այդ մտքերը դարձան գործ, և իրադարձություններն արագորեն զարգանալով դարձան ճակատագրական: Դավիթը թակարդն ընկավ, և նրա համար հետևանքները դարձան հավերժական:

Այսօր հոգևոր ծուղակ կա, որը կոչվում է պոռնոգրաֆիա, և շատերը հրապուրվելով դրա գրգռող ուղերձներով, մտնում են այդ մահացու թակարդի մեջ: Ցանկացած այլ թակարդների պես, մտնելը հեշտ է, իսկ դուրս գալը` դժվար: Ոմանք ազատականացնում են դա, ասելով, որ կարող են ուղղակիորեն նայել պոռնոգրաֆիա և դրա վատ ազդեցության տակ չընկնել: Սկզբում նրանք ասում են. «Դա այդքան վատ չէ», կամ «Ո՞ւմ պետքն է, դա ինչ-որ բան չի փոխում» կամ «Ինձ պարզապես հետաքրքիր է»: Սակայն նրանք սխալվում են: Տերը զգուշացրել է. «Եվ նա, ով նայում է մի կնոջ վրա՝ ցանկանալով նրան, ուրանում է հավատքը, և չպիտի ունենա Հոգին. և եթե նա չապաշխարի, նա դուրս պիտի գցվի» (ՎևՈւ 42.23): Դա եղավ Դավթի հետ` նա նայեց Բերսաբեին, տենչաց նրան և կորցրեց Հոգին: Որքան այլ կլիներ Դավթի կյանքը, եթե նա պարզապես շրջեր հայացքը և չնայեր:

Հոգին կորցնելու հետ միասին, պոռնոգրաֆիա օգտագործողները նաև կորցնում են հեռանկարն ու համաչափությունը: Դավիթ թագավորի նման նրանք փորձում են քողարկել իրենց մեղքը, մոռանալով, որ ոչինչ չեն կարող թաքցնել Տիրոջից (տես 2 Նեփի 27.27): Իրական հետևանքները սկսվում են կուտակվել, երբ ինքնահարգանքն անկում է ապրում, քաղցր հարաբերությունները դառնանում են, ամուսնությունները թուլանում և անմեղ զոհերի թիվը սկսում է աճել: Գտնելով, որ այն ինչ տեսնում են, այլևս չի բավարարում իրենց, նրանք ավելի մեծ ծայրահեղություններ են փորձարկում: Նրանք դանդաղորեն ավելի մեծ հակվածության մեջ են ընկնում, նույնիսկ եթե չեն նկատում կամ անտեսում են դա, և ինչպես Դավիթ թագավորը, նրանց վարքը այլասերվում է իրենց բարոյական չափանիշների քայքայման հետ:

Քանի որ ամբողջ աշխարհում ավանդական կարգերն անկում են ապրում, կպչուն թեմաներն են տոգորում լրատվամիջոցները, գովազդներն ու ինտերնետը: Սակայն, ըստ աշխարհում գերիշխող նորմերի, ժողովրդականությունը վտանգավոր սանդղակ է ճիշտը կամ նույնիսկ վտանգը չափելու համար: Կինոնկարը կամ հեռուստատեսային շոուն կարող է ժողովրդականություն վայելել, սակայն, այնուամենայնիվ, պարունակել պոռնոգրաֆիկ տարրեր: Եթե կինոնկարում ինչ-որ բան «շատ վատ չէ», մեխանիկորեն նշանակում է, որ շատ լավ էլ չէ: Ուստի, մեզ համար արդարացում չէ այն փաստը, որ մյուսները դիտում են այնպիսի կինոնկարներ կամ բացում այնպիսի ինտերնետային կայքեր, որոնք այնքան էլ պատշաճ չեն: Քահանայություն կրողների կյանքը պետք է արտացոլի ոչ թե աշխարհի, այլ Փրկչի և Նրա Եկեղեցու չափանիշները:

Փրկիչն ուսուցանել է. «Եվ օրհնված են բոլոր սրտով մաքուրները, քանզի նրանք պիտի տեսնեն Աստծուն» (3 Նեփի 12.8): Ավետարանի խոստումները բարձրացնող, ազնվացնող և անգամ վեհացնող են: Ըստ ուխտերի, մենք ստանում ենք այն խոստումները, որոնք պայմանավորված են մաքուր և բարոյական կյանքով ապրելուց: Երբ մենք ճիշտ ենք ապրում և ձգտում ենք մաքրագործել մեր սրտերը, ավելի ենք մոտենում Աստծուն և Հոգուն: Մեր սրտի վիճակով է պայմանավորված, թե այժմ աստվածության որքան ապացույց ենք տեսնում աշխարհում և դա, ի վերջո, որակում է մեզ համար` մաքուրները «կտեսնեն Աստծուն» խոստման իրականացումը: Ուստի, Հովհաննես Առաքյալը գրել է.

«Սիրելիներ, հիմա Աստուծոյ որդիք ենք, և տակավին հայտնուած չէ, թե ինչ պիտի լինենք. բայց գիտենք թե, երբոր նա կհայտնուի, նորան նման կլինենք, որովհետև կտեսնենք նորան ինչպես որ է:

Եվ ամեն ով որ այս հույսն ունի իրանում, սրբում է իր անձն ինչպես որ նա սուրբ է» (Ա Հովհաննես Գ.2–3):

Եթե դուք արդեն ընկել եք պոռնոգրաֆիայի թակարդը, այժմ է Փրկչի օգնությամբ դրանից ազատվելու ժամանակը: Դուրս գալու ճանապարհ կա, սակայն դուք Նրա կարիքն ունեք: Ձեր լիովին վերականգնումը կախված կլինի ձեր լիարժեք ապաշխարությունից: Անմիջապես գնացեք ձեր եպիսկոպոսի մոտ: Ստացեք նրա ոգեշնչված խորհուրդը: Նա կօգնի ձեզ ապաշխարելիս, որը կվերականգնի ձեր արժանապատվությունը և կրկին ձեր կյանք կբերի Փրկչին: Տեր Հիսուս Քրիստոսի Քավության ապաքինող զորությունը բալասան է բոլոր տառապանքների համար, նույնիսկ` այս մեկի: Եթե դուք դառնաք դեպի Փրկիչը ձեր ողջ սրտով և հետևեք ձեր եպիսկոպոսի խորհրդին, կստանաք ձեզ անհրաժեշտ ապաքինումը: Փրկիչը կօգնի ձեզ ուժ գտնել` դիմակայելու գայթակղությանը և զորություն կտա` հաղթահարելու հակումը: Ինչպես Մորոնին է ուսուցանել.

«Եկեք դեպի Քրիստոսը, և կառչած մնացեք ամեն բարի պարգևից, և ձեռք չտաք չար պարգևի, ոչ էլ անմաքուր բանի:

Այո, եկե՛ք դեպի Քրիստոսը, և կատարելագործվե՛ք նրանում, և հրաժարվե՛ք ամեն անաստվածությունից. և եթե դուք հրաժարվեք ամեն անաստվածությունից և սիրեք Աստծուն, ձեր ողջ զորությամբ՝ մտքով և ուժով, ապա նրա շնորհը բավական է ձեզ, որ նրա շնորհով դուք կարողանաք լինել կատարյալ Քրիստոսում» (Մորոնի 10.30, 32):

Թող Աստված օրհնի սրտով և մտքով մաքուր լինելու մեր անկեղծ ջանքերը, և թող «առաքինությունը զարդարի մեր մտքերն անդադար» (ՎևՈւ 121.45): Ես վկայում եմ Փրկչի փրկագնող սիրո և Նրա Քավության մաքրագործող զորության մասին, Հիսուս Քրիստսի անունով, ամեն: