2007
Երեք նպատակներ պետք է ուղեկցեն ձեզ
2007թ. նոյեմբեր


Երեք նպատակներ պետք է ուղեկցեն ձեզ

Ձեր ազդեցությունը դուրս է գալիս ձեզանից և ձեր ընտանիքի սահմաններից և տարածվում դեպի ուրիշները` ողջ երկրագնդով մեկ:

Նկար

Այս երեկո մեր հոգիները հպվեցին երկնքին: Մենք օրհնվեցինք հրաշալի երաժշտությամբ և ոգեշնչված ելույթներով: Տիրոջ Հոգին այստեղ է:

Քույրեր Ջուլի Բեք, Սիլվիա Օլրեդ, Բարբարա Թոմսոն, շնորհակալություն երկնքին ձեր թանկագին մայրերի և հայրերի, երիտասարդ տարիների ձեր ղեկավարների և նրանց համար, ովքեր տեսել են ձեր մեջ ձեր ներուժը:

Ձևակերպելով միտքս.

Երբեք չես իմանա արժեքն աղջկա,

Պետք է սպասեք և տեսնեք:

Սակայն ամեն կին ազնվազարմ,

Աղջիկ է եղել մի ժամանակ:1

Ձեզ հետ լինելն ինձ համար մեծ արտոնություն է: Ես հասկանում եմ, որ բացի ձեզանից, որ հավաքվել եք Համաժողովների Կենտրոնում, հարյուր հազարավոր կանայք դիտում և լսում են այս նիստը արբանյակային հեռարձակման միջոցով:

Ձեզ հետ խոսելիս գիտակցում եմ, որ որպես տղամարդ ես փոքրամասնության մեջ եմ և պետք է իմ խոսքում զգույշ լինեմ: Ես հիշեցնում եմ մի տղամարդու, որը մտնելով գրախանութ, խնդրում է աշխատող կնոջն իրեն օգնել. «Դուք ունե՞ք գիրք, որի վերնագիրն է` Տղամարդ` կանանց տեր: Աշխատողն ուղիղ նայելով նրա աչքերի մեջ հեգնանքով ասել էր. «Նայեք արկածային բաժնում»:

Վստահեցնում եմ ձեզ, Եկեղեցու կանայք, որ ես պատվում եմ ձեզ և լավ գիտեմ, Վիլիամ Ռ. Վոլասին մեջբերելով, որ «Օրորոցը օրորող ձեռքն այն ձեռքն է, որն աշխարհն է ղեկավարում»:2

1901թ. Նախագահ Լորենզո Սնոուն ասել է. «Սփոփող Միության անդամները … ծառայել են նրանց, ովքեր տառապում են, նրանք իրենց սիրո թևերով փարվում են որբերին և այրիներին, և նրանք իրենց պահել են անբիծ աշխարհից: Ես կարող եմ վկայել, որ աշխարհում չկան ավելի մաքուր և աստվածավախ կանայք, քան Սփոփող Միության շարքերում գտնվող կանայք են»:3

Ինչպես Նախագահ Սնոուի ժամանակներում, այժմ և այստեղ ևս այցելությունների, ողջույնների և քաղցած հոգիներին կերակրելու կարիք կա: Երբ այսօր մտածում եմ Սփոփող Միության մասին, խոնարհված լինելով ձեզ հետ խոսելու արտոնությունից, դիմում եմ մեր Երկնային Հորը Իր աստվածային առաջնորդության համար:

Այս հոգով, ես զգացել եմ, որ պետք է Սփոփող Միության ամբողջ աշխարհի յուրաքանչյուր անդամին երեք առաջարկություն կատարեմ.

  1. Ջանասիրաբար ուսումնասիրեք,

  2. Լրջորեն աղոթեք,

  3. Պատրաստակամորեն ծառայեք:

Եկեք քննարկենք այս նպատակներից յուրաքնաչյուրը: Առաջինը, ջանասիրաբար ուսումնասիրեք: Աշխարհի Փրկիչն ուսուցանել է. «Իմաստության խոսքեր փնտրեք լավագույն գրքերից. ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով»:4 Նա ավելացրել է. «Քննեցեք գրքերը որ դուք կարծում եք թե նորանցով ունիք հավիտենական կյանք, և նորանք են որ ինձ համար վկայում են»:5

Սուրբ գրությունների ուսումնասիրությունը կօգնի մեր վկայությանն ու մեր ընտանիքի անդամների վկայություններին: Մեր երեխաներն այսօր մեծանում են շրջապատված ձայներով, որոնք համոզում են նրանց ճիշտը թողնել և, փոխարենը, աշխարհի հաճույքներին հետամուտ լինել: Եթե նրանք չունենան ամուր հիմք Հիսուս Քրիստոսի ավետարանում, ճշմարտության մասին վկայություն և արդարակյաց ապրելու վճռականություն, հեշտորեն կենթարկվեն այդ ազդեցություններին: Մեր պատասխանատվությունն է` ամրացնել և պաշտպանել նրանց:

Ահազանգող է այն փաստը, որ մեր երեխաններն այսօր կրթվում են լրատվամիջոցների, ներառյալ ինտերնետի միջոցով: Միացյալ Նահանգներում ըստ հաշվարկների, միջին երեխան մոտ չորս ժամ հեռուստացույց է դիտում, որի ծրագրերի մեծ մասը լի է բռնությամբ, ալկոհոլ և թմրանյութ օգտագործելու և սեռական բովանդակությամբ: Կինոնկարներ դիտելն ու վիդեոխաղերը ևս չորս ժամ են խլում:6 Եվ վիճակագրությունը հիմնականում նույնն է մյուս զարգացած երկրների համար: Հեռուստատեսությամբ, կինոնկարներով և այլ լրատվամիջոցներով հաղորդվող ուղերձը շատ հաճախ ուղղակիորեն հակասում է այն ամենին, ինչ մենք ցանկանում ենք մեր երեխաններն ընդունեն և իրենց սրտում պահեն: Մեր պարտականությունն է ոչ միայն սովորեցնել նրանց լինել հաստատուն հոգով և վարդապետության մեջ, այլև օգնել նրանց մնալ այդպիսին` անկախ նրանից դրսում ինչպիսի ուժերի նրանք կբախվեն: Սա շատ ժամանակ և ջանքեր կպահանջի մեզանից, և որպեսզի օգնենք մյուսներին, մենք ինքներս պետք է հոգևոր և բարոյական քաջություն ունենանք, որպեսզի դիմակայենք չարին, որ տեսնում ենք ամենուր:

Մենք ապրում ենք 2 Նեփիի 9-րդ գլխում նկարագրվող ժամանակներում.

«Ա՜խ, սնափառությունը, անկայունությունը և հիմարությունը մարդու: Երբ նրանք ուսյալ են, նրանք կարծում են, թե իմաստուն են, և նրանք չեն լսում Աստծո խորհուրդը, քանզի նրանք այն մի կողմ են դնում՝ ենթադրելով, որ իրենք իմանում են ինքնուրույն, ուստի նրանց իմաստությունը հիմարություն է, և այն նրանց օգուտ չի բերում: Եվ նրանք կկորչեն:

Բայց ուսյալ լինելը լավ է, եթե նրանք ականջ են դնում Աստծո խորհուրդներին»:7

Քաջություն է պահանջվում, որպեսզի ամուր կառչենք մեր չափանիշներից, չնայած աշխարհի ծաղրանքին: Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկ կրտսերը, որը երկար տարիներ Առաջին Նախագահության անդամ է եղել, ասել է. «Հայտնի են դեպքեր, երբ նրանք, ովքեր ընդունելով հավատը, … զգացել են, որ եթե հաստատեն իրենց հավատը, միգուցե ծիծաղի առարկա դառնան անհավատ աշխատակիցների մոտ, այդպիսով պետք է ձևափոխեն կամ բացատրեն իրենց հավատը, կամ կործանարար ձևով թուլացնեն այն, կամ նույնիսկ ձևացնեն, թե հեռացել են դրանից: Նման մարդիկ կեղծավոր են»:8

Այստեղ միտքս է գալիս Նոր Կտակարանի Բ Տիմոթեոս, 1-ին գլխի 7 և 8 հատվածները.

«Որովհետև Աստուած չտուավ մեզ երկչոտության հոգի, այլ զորության և սերի և զգաստության:

Ուրեմն ամոթ մի համարիր մեր Տիրոջ վկայությունը»:

Բացի հոգևոր բաներ ուսումնասիրելը, աշխարհիկ կրթությունը նույնպես էական է: Հաճախ չգիտես ինչ է սպասում ապագայում, ուստի, մենք պետք է պատրաստ լինենք անորոշություններին: Վիճակագիրները հայտնում են, որ որոշ ժամանակով ամուսնու հիվանդության կամ մահվան պատճառով, կամ էլ տնտեսական սուղ պայմաններից ելնելով դուք կարող է հայտնվեք ֆինանասական ապահովողի դերում: Ձեզանից ոմանք արդեն խաղում են այդ դերը: Ես պնդում եմ, որ շարունակեք ձեր կրթությունը, եթե դուք արդեն չեք անում դա, կամ չեք արել դա, որպեսզի պատրաստ լինեք ընտանիքն ապահովելուն, եթե հանգամանքները պահանջեն դա:

Ձեր տաղանդները կավելանան, երբ դուք ուսում ստանք և կրթվեք: Դուք կկարողանաք ավելի լավ օժանդակել ձեր ընտանիքին, և կունենաք մտքի խաղաղություն, իմանալով, որ պատրաստ եք հնարավոր իրավիճակներին, որոնց կարող եք հանդիպել այս կյանքում:

Ես կրկնում եմ` ջանասիրաբար ուսումնասիրեք:

Երկրորդ նպատակը, որ ցանկանում եմ նշել` լրջորեն աղոթեք: Տերը խորհուրդ է տվել. «Անդադար աղոթիր, և ես իմ Հոգին դուրս կթափեմ քո վրա, և մեծ կլինի քո օրհնությունը»:9

Հավանաբար, երբևէ չի եղել ժամանակ, երբ մենք ավելի մեծ կարիք ենք ունեցել աղոթելու և մեր ընտանիքի անդամներին աղոթել սովորեցնելու: Աղոթքը պաշտպանություն է գայթակղության դեմ: Լուրջ ու սրտառուչ աղոթքի միջոցով է, որ մենք կարող ենք ստանալ անհրաժեշտ օրհնությունները և աջակցությունը, որը պահանջվում է մահկանացու կոչվող այս դժվար ճամփորդության ժամանակ մեր ուղին հարթելու համար:

Մենք կարող ենք խոսքով և օրինակով ուսուցանել աղոթքի կարևորությունը մեր զավակներին և թոռներին: Ես ուզում եմ կիսվել ձեզ հետ աղոթքն օրինակով ուսուցանելու մասին, որն ինձ ուղղված նամակում նկարագրել է մի մայր: «Թանկագին Նախագահ Մոնսոն, երբեմն մտածում եմ, արդյո՞ք ես փոփոխություն եմ բերում իմ երեխաների կյանք: Հատկապես, լինելով միայնակ մայր, որը երկու տեղ է աշխատում, որպեսզի ծայրը ծայրին հասցնի, ես երբեմն գալիս եմ տուն, որտեղ խառնաշփոթ է, սակայն երբեք հույսս չեմ կտրում»:

Այնուհետև նա շարունակում է նկարագրելով, թե ինչպես են ինքը և իր երեխաները դիտել գերագույն hամաժողովը, որտեղ ես խոսել եմ աղոթքի մասին: Նրա որդին այսպես էր արձագանքել. «Մայրի՛կ, դու արդեն սովորեցրել ես դա մեզ»: Նա հարցրել էր. «Ի՞նչ ի նկատի ունես»: Որդին պատասխանել էր. «Դե, դու մեզ սովորեցրել ես ինչպես աղոթել և ցույց ես տվել, սակայն մի գիշեր ես մտա քո սենյակ, որ ինչ-որ բան հարցնեմ և տեսա դու ծնկաչոք աղոթում ես Երկնային Հորը: Եթե նա կարևոր է քեզ համար, նա կարևոր կլինի նաև ինձ համար»: Նամակն ավարտվում էր այսպես. «Կարծում եմ, մենք չգիտենք, թե ինչպիսի ազդեցություն ենք ունենում, մինչև որ երեխան չի տեսնում քեզ անելիս այն, ինչ դու փորձել ես սովորեցնել նրան»:

Մի քանի տարի առաջ, երբ պատրաստվում էի մեկնել Սոլթ Լեյքից Ամերիկայի Սկաուտների ամենամյա ժողովին, որը տեղի էր ունենալու Ատլանտայում, Ջորջիա, ես որոշեցի ինձ հետ New Era-ի այնքան օրինակներ վերցնել, որպեսզի Սկաուտների ղեկավարներին բաժանեմ այս հրաշալի ամսագիրը: Երբ հասա Ատլանտայի հյուրանոց, բացեցի ամսագրերի փաթեթը, տեսա, որ իմ քարտուղարուհին, առանց որևէ պատճառի, իմ փաթեթի մեջ էր դրել հունիսյան համարի երկու լրացուցիչ օրինակ, դա այն համարն էր, որտեղ ներկայացվում էր տաճարային ամուսնությունը: Ես թողեցի այդ երկու օրինակները հյուրանոցի համարում, և ինչպես նախատեսել էի, բաժանեցի մյուս օրինակները:

Ժողովների վերջին օրը ես ցանկություն չունեի ներկա լինելու ծրագրված նախաճաշին, և զգացի, որ պետք է վերադառնամ իմ համար: Հեռախոսը զանգում էր, երբ ես մտա սենյակ: Զանգահարողը Եկեղեցու անդամ էր, որը լսել էր, որ ես Ատլանտայում եմ: Նա ներկայացավ և հարցրեց, թե արդյոք կարող եմ օրհնություն տալ իր 10 տարեկան դստերը: Ես պատրաստակամորեն համաձայնեցի, և նա ասաց, որ ինքը և ամուսինը իրենց դստեր և որդու հետ անմիջապես կգան հյուրանոց: Երբ սպասում էի, ես օգնություն հայցեցի աղոթքով: Համագումարի ծափերրին փոխարինեցին խաղաղության զգացումները, որոնք եկան աղոթքի հետ:

Ապա եղավ դռան թակոցը և ընտրյալ ընտանիքի հետ հանդիպելու արտոնությունը: 10 տարեկան դուստրը քայլում էր հենակներով: Քաղցքեղի պատճառով անդամահատվել էր նրա ձախ ոտքը, սակայն նրա դեմքը լույս էր ճառագում, նրա վստահությունն առ Աստված անսասան էր: Օրհնություն տրվեց: Մայրը և որդին ծնկի իջան անկողնու կողքին, մինչ ես և հայրը մեր ձեռքերը դրեցինք այդ փոքրամարմին աղջկա գլխին: Մենք առաջնորդվում էինք Աստծո Հոգով: Մենք խոնարհվել էինք այդ զորության ներքո:

Ես զգացի, որ արցունքները հոսում են այտերիս վրայով և կաթկթում ձեռքերիս վրա, որոնք դրել էի Աստծո այդ գեղեցիկ զավակի գլխին: Ես խոսեցի հավերժական արարողությունների և ընտանիքի վեհացման մասին: Տերը հուշեց ինձ, որ խնդրեմ այդ ընտանիքին գնալ Աստծո սուրբ տաճար: Օրհնություն տալուց հետո, ես իմացա, որ տաճարային այցելություն էր ծրագրվում: Տաճարի մասին հարցեր տրվեցին: Ես չլսեցի ոչ երկնային ձայն և ոչ էլ տեսիլք տեսա: Սակայն իմ մտքում հստակ հնչեց. «Նայիր New Era-ն»: Ես նայեցի պահարանին, այնտեղ էին New Era-ի տաճարին նվիրված երկու համարները: Մեկ օրինակը տվեցի դստերը, մյուսը ծնողներին: Մենք այն միասին թերթեցինք:

Այդ ընտանիքին ճանապարհեցի, և կրկին սենյակը հանդարտվեց: Երախտագիտության աղոթքը դուրս հորդեց, և կրկին, եկավ աղոթքին տեղ տալու վճռականությունը:

Իմ սիրելի քույրե՛ր, մի աղոթեք, որ խնդիրները հավասարվեն ձեր ունակություններին, այլ աղոթեք, որպեսզի ձեր ունակությունները բավարար լինեն ձեր խնդիրների համար: Այդ դեպքում ձեր խնդիրների կատարումը չի լինի հրաշք, այլ դուք կլինեք հրաշքը:

Լրջորեն աղոթեք:

Վերջապես, պատրաստակամորեն ծառայեք: Դուք բարիք գործելու հզոր ուժ եք, որն ամենահզոր բանն է ամբողջ աշխարհում: Ձեր ազդեցությունը դուրս է գալիս ձեզանից և ձեր ընտանիքի սահմաններից և տարածվում դեպի ուրիշները` ողջ երկրագնդով մեկ: Դուք ձեռք եք մեկնում ձեր եղբայրներին ու քույրերին փողոցից այն կողմ, քաղաքից այն կողմ, պետությունից, մայրցամաքից, օվկիանոսից այն կողմ: Դուք մարմնավորում եք Սփոփող Միության խորհրդանիշը. «Գթությունը երբեք չի խափանվում»:

Դուք, անշուշտ, շրջապատված եք ծառայելու հնարավորություններով: Անկասկած, երբեմն դուք կտեսնեք այնքան շատ հնարավորություններ, որ ինչ-որ կերպ ճնշված կզգաք ձեզ: Որտեղի՞ց սկսել: Ինչպե՞ս կարող եք անել այդ ամենը: Ձեր նկատած բոլոր կարիքներից ինչպե՞ս ընտրել, որտեղ և ինչպես ծառայել:

Երբեմն փոքր ծառայություն է անհրաժեշտ մատուցել` բարձրացնելու և օրհնելու մեկ ուրիշին, ինչպիսին է` տվյալ անձնավորության ընտանիքին վերաբերող մի հարցը, խրախուսող մի քանի խոսքերը, անկեղծ գովասանքը, շնորհակալական մի փոքր բացիկը, կարճատև հեռախոսզրույցը: Եթե մենք ուշադիր և տեղյակ լինենք, և եթե գործենք հուշումների համաձայն, որոնք գալիս են մեզ, մենք կարող ենք այնքա՜ն շատ բարիք գործել: Երբեմն, իհարկե, պետք է ավելին անել:

Վերջերս ես լսեցի մի սիրալիր ծառայության մասին, որը մատուցվել էր մի մոր, երբ նրա երեխաները շատ փոքր էին: Հաճախ նա գիշերվա կեսին արթնանում էր, հոգալու իր փոքրիկների կարիքները, ինչպես բոլոր մայրերը: Հաճախ փողոցի մյուս կողմում ապրող նրա ընկերուհին և հարևանը հաջորդ օրը գալիս էր և ասում. «Ես տեսա, որ գիշերը ձեր լույսը վառվում էր և գիտեմ դու արթնացել էիր երեխաների համար: Ես նրանց երկու ժամով կտանեմ մեր տուն, դու կարող ես մի փոքր քնել»: Այս երախտապարտ մայրն ասաց. «Ես այնքան շնորհակալ էի նրան իր սրտացավ առաջարկի համար, մի քանի անգամ իր օգնությունն առաջարկելուց հետո միայն ես հասկացա, որ եթե նա գիշերվա կեսին տեսել էր իմ վառվող լույսը, ուրեմն ինքն էլ էր արթուն եղել իր երեխաներից մեկի համար, և նա էլ նույնքան քնի կարիք ուներ, որքան ես: Նա ինձ մեծ դաս ուսուցանեց, և դրանից հետո ես փորձել եմ նույնքան ուշադիր լինել, որքան նա էր մյուսներին ծառայելու հնարավորություններ փնտրելիս»:

Անթիվ են ծառայություն մատուցելու գործերը Սփոփող Միության այցելող ուսուցիչների հզոր բանակի կողմից: Մի քանի տարի առաջ, ես լսեցի նրանցից երկուսի մասին, ովքեր օգնել էին ողբացող այրուն, Անջելային` իմ զարմիկի թոռանը: Անջելայի ամուսինը և ամուսնու ընկերը գնացել էին մոտորասահնակ վարելու և զոհվել էին ձյան փլվածքի տակ մնալով: Նրանք երկուսն էլ հղի կին ունեին, Անջելան իրենց առաջին երեխային էր սպասում, իսկ ընկերոջ կինը ոչ միայն հղի էր, այլև փոքր մանչուկ ուներ: Անջելայի ամուսնու թաղմանը եպիսկոպոսն ասաց, որ լսելով այդ ողբերգական լուրը անմիջապես շտապել էր Անջելայենց տուն: Նա նոր էր տուն մտել, երբ հնչել էր դռան զանգը: Դռան մոտ կանգնած էին Անջելայի երկու այցելող ուսուցիչները: Եպիսկոպոսն ասաց, որ ականատեսը եղավ, թե ինչպես էին նրանք անկեղծորեն արտահայտում Անջելայի հանդեպ իրենց սերը և կարեկցանքը: Այդ երեք կանայք միասին արտասվում էին, և ակնհայտ էր, որ այդ երկու հրաշալի այցելող ուսուցիչները խորապես մտահոգվում էին Անջելայի համար: Ինչպես հավանաբար միայն կանայք կարող են, նրանք նրբանկատորեն նշել էին, թե ինչպիսի օգնություն էին պատրաստվում տրամադրել: Ակնհայտ էր, որ նրանք Անջելայի մոտ կլինեին այնքան, որքան նա դրա կարիքը ուներ: Եպիսկոպոսն իր խորը երախտագիտությունը հայտնեց իմանալով, որ նրանք իսկապես կսփոփեն նրան հետագա օրերին էլ:

Սիրո և կարեկցանքի նման գործերը մշտապես կրկնվում են այս Եկեղեցու հրաշալի այցելող ուսուցիչների կողմից, ոչ միշտ նման դրամատիկ պայմաններում, սակայն նույնքան անկեղծորեն:

Ես գովաբանում եմ ձեզ, ովքեր սիրալիր հոգածությամբ և կարեկցող մտահոգությամբ կերակրում են քաղցածին, հագցնում մերկին և ապաստան տալիս անտունին: Նա, որը նկատում է ճնճղուկի ընկնելը, անտարբեր չի լինի նման ծառայության հանդեպ: Բարձրացնելու ցանկությունը, օգնելու պատրաստակամությունը և տալու գթառատությունը գալիս է սիրով լցված սրտից: Պատրաստակամորեն ծառայեք:

Մեր սիրելի մարգարեն, Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ձեր մասին ասել է. «Աստված կանանց մեջ սերմանել է ինչ-որ աստվածային բան, որը դրսևորվում է հանգիստ ուժով, նրբաճաշակությամբ, խաղաղությամբ, մեծահոգությամբ, առաքինությամբ, ճշմարտությամբ, սիրով»:10

Իմ սիրելի քույրե՛ր, ամուսնացած եք, թե ոչ, թող Երկնային Հայրն օրհնի ձեզ` ձեր տներում, ձեր ընտանիքներում, ձեր անձնական կյանքում, որ արժանանաք աշխարհի Փրկչի փառահեղ ողջույնին. «Լա՜վ, բարի և հավատարիմ ծառա»:11 Ես աղոթում եմ` օրհնելով ձեզ և նաև Ջեյմս Է. Ֆաուստի թանկագին կնոջը` նրա սիրելի Ռութին, որն այստեղ է այս երեկո, առաջին շարքում, և նրանց ընտանիքին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. See “Nobody Knows What a Boy Is Worth,” in Best-Loved Poems of the LDS People, ed. Jack M. Lyon and others (1996), 19.

  2. “The Hand That Rocks the Cradle Is the Hand That Rules the World,” in The World’s Best-Loved Poems, comp. James Gilchrist Lawson (1955), 242.

  3. The Teachings of Lorenzo Snow, ed. Clyde J. Williams (1984), 143.

  4. ՎևՈւ 88.118

  5. Հովհաննես Ե.39

  6. American Academy of Pediatrics, “Television and the Family,” 1, www.aap.org/family/ tv1.htm.

  7. 2 Նեփի 9.28–29

  8. “The Charted Course of the Church in Education” (address delivered at the Summer Institute of Seminary, Institute, and Church School Teachers at Aspen Grove, Aug. 8, 1938), in James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. (1965–75), 6:52.

  9. ՎևՈւ 19.38

  10. Teachings of Gordon B. Hinckley (1997), 387.

  11. Մատթեոս ԻԵ.21