2007
Ապրել հավատքով, ոչ թե վախով
2007թ. նոյեմբեր


Ապրել հավատքով, ոչ թե վախով

Երբ մենք որոշում ենք հետևել Քրիստոսին հավատքով, ոչ թե կանգնելով վախի ճանապարհին, մենք օրհնվում ենք այն հետևանքով, որը համապատասխանում է մեր ընտրությանը:

Նկար

Սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես միանում են ձեզ, արտահայտելով իմ սերը և աջակցությունը Նախագահ Այրինգին և նրա ընտանիքին: Նախագահ Հինքլին առաջարկեց Տասներկուսի Քվորումում ծառայելու այս կոչումը հինգշաբթի կեսօրից հետո: Ես չեմ կարող որևէ կերպ բառերով արտահայտել զգացումների այն խճանկարը, որ զգում եմ այդ պահից ի վեր: Սակայն, իմ հոգին մխիթարվում է այն գիտելիքով, որ Մարգարե Հինքլին մարգարե է, և որ Եկեղեցու անդամները կաղոթեն իմ և իմ ընտանիքի համար:

Ասել, որ ես ինձ մեծապես անհամապատասխան եմ զգում, քիչ կլինի: Երբ ես 1996թ. ապրիլին կանչվեցի որպես Բարձրագույն Իշխանություն, նույնպես ինձ անհամապատասխան էի զգում: Երեց Նիլ Ա. Մաքսվելը ինձ հավաստիացրեց, որ արքայությունում ծառայելու համար մեր բոլորի ամենակարևոր հատկանիշն առանց անհարմար զգալու վկայություն բերելն է Փրկչի աստվածային բնույթի մասին: Այդ պահին ես հանգստություն զգացի, և այն մնաց ինձ հետ այդ պահից ի վեր, քանի որ ես սիրում եմ Փրկչին և ունեմ այն հոգևոր փորձառությունները, որոնք թույլ են տալիս ինձ վկայել Նրա մասին: Ես ուրախանում եմ այն հնարավորությամբ, որն ինձ թույլ է տալիս վկայել Հիսուս Քրիստոսի մասին ողջ աշխարհին (տես ՎևՈւ 107.23), չնայած իմ անհամապատասխանությանը:

Վարդապետություն և Ուխտերի 68 բաժնի, հատվածներ 5 և 6-ում մենք կարդում ենք.

«Սա Տիրոջ խոստումն է ձեզ, ո՜վ դուք, իմ ծառանե՛ր:

Ուստի, ուրախ եղեք, և մի ավախեցեք, քանզի ես՝ Տերս, ձեզ հետ եմ, և ես կանգնելու եմ ձեր կողքին. և դուք պիտի վկայություն բերեք իմ մասին, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի, որ ես կենդանի Աստծո Որդին եմ, ես, որ էի՛, որ ե՛մ, և որ գալու եմ»:

Ես հայցում եմ Սուրբ Հոգու ընկերակցությունը ձեզ հետ այս կիրակի առավոտյան խոսելիս:

Այս կոչումը ստանալու հետ ինձ շրջապատող զգացումն է` որ մենք պետք է ապրենք հավատքով, ոչ թե վախով: Բ Տիմոթեոսում Պողոս Առաքյալն անդրադառնում է Տիմոթեոսի Լոիդա տատիկի և նրա մայր Եվնիկէի հավատքին: Պողոսը գրում է.

«Որովհետև Աստուած չտուավ մեզ երկչոտության հոգի, այլ զորության և սերի և զգաստության» (Բ Տիմոթեոս Ա.7):

Անձամբ իմ դեպքում, ես հարգանքով եմ վերաբերում նախնիներին այժմ, վարագույրի այն կողմում, ովքեր տվել են այն ամենը, ինչ իրենցից պահանջվել է երկրի վրա Աստծո արքայությունը կառուցելու համար:

Ես շնորհակալ եմ, որ իմ կյանքում ես շրջապատված եմ եղել այնպիսի մարդկանցով, ովքեր սիրում են Փրկչին: Իմ սիրտը լի է երախտագիտությամբ իմ ընտանիքի հանդեպ: Իմ կինը` Մերին, իմ կյանքի ուրախությունն է: Նրա հոգևոր ուժը, արդար օրինակը, հումորի զգացումը և սիրող աջակցությունը օրհնել են ինձ ողջ կյանքի ընթացքում: Մեր երեք զավակները և նրանց ամուսիններն անձնական մեծ բավարարվածության աղբյուր են եղել, և մեր ինը թոռների հետ միասին օրհնություն են եղել մեզ համար: Նրանց հավատքն ու աղոթքները, նրանց կյանքի բարությունը մեծ մխիթարանք են եղել Մերիի և ինձ համար:

Երբ ես վերհիշում եմ իմ պատանեկությունը Լոգանում, Յուտա (Երեց Փերիի առասպելական Քեշ Հովիտը), հասկանում եմ, թե որքան բախտավոր եմ եղել, որ մեծացել եմ լավ ընտանիքում` ունեցել արդարակյաց մայր, որը լի էր հավատքով, սիրող հայր և ավագ եղբայր, որն առանձնահատուկ օրինակ էր ինձ համար, ինչպես նաև ընկեր և խորհրդատու, և կրտսեր քույր, որը սիրող և օգնող էր: Որքան մեծ հաջողություն է նաև ունենալ տաղանդավոր և նվիրված Եկեղեցու ղեկավարներ, ուսուցիչներ, օգնականներ և ընկերներ, որոնք հիանալի օրինակ են եղել ինձ համար:

Երիտասարդ տարիքում ես հնարավորություն ունեցա ծառայելու Բրիտանական Միսիայում, որն իմ կյանքում որոշիչ և ազդեցիկ իրադարձություն էր: Խիզախ միսիայի նախագահի ազդեցությունը վերականգնված ավետարանի ամենամեծ հրաշքներից էր: Մի քանի շաբաթ առաջ ես ծննդյան բացիկ ստացա Եկեղեցու կենտրոնում մի կնոջից, որին տարիներ առաջ օգնել էի ուսուցանել Գլոսեստերում, Անգլիա: Նա ինձ տեղեկացնում էր, որ ինքը և ամուսինը շատ ակտիվ անդամներ են և ունեն վեց զավակ և քսան թոռնիկ, բոլորը ուխտի մեջ ծնված: Դա գրեթե ամենալավ ծննդյան բացիկն էր, որն ես երբևէ ստացել եմ:

Մերին և ես մեկնեցինք Յուտայից, որպեսզի իրավաբանական դպրոց հաճախեի Պալո Ալտոյում, Կալիֆորնիա: Մենք պլանավորում էինք վերադառնալ Յուտա ավարտելուց հետո, սակայն Հոգին մեզ հուշեց մնալ Կալիֆորնիայում: Մենք ապրեցինք Կալիֆորնիայում 33 տարի և մեծացրեցինք այնտեղ մեր ընտանիքը: Մեզ դուր էր գալիս անդամների բազմազգությունը և նրանց նվիրվածությունը Հիսուս Քրիստոսի ավետարանին: Ես հավերժ շնորհակալ կլինեմ Կալիֆորնիայի հիանալի Վերջին Օրերի Սրբերին, որոնք այնքան դրական ազդեցություն են գործել իմ կյանքում:

Այս վերջին տասնմեկուկես տարիները, ինչ ես ծառայում էի Յոթանասունական, իսկապես հատուցող էին: Հեռանալով այդ քվորումից, ես ուզում եմ, որ իմ ընկեր Եղբայրները իմանան իմ սիրո և երախտագիտության մասին Աստծո արքայությանը երկրի վրա նրանց նվիրվածության և հավատարմության համար, նրանց հավատքի և բարի գործերի համար: Ես ուզում եմ, որ նրանք իմանան, թե ինչ ուրախություն էր նրանց հետ ծառայելը:

Իմ ողջ սրտով ես սիրում եմ Եղբայրներին, որոնց մենք հաստատում ենք որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: Ես աշխատել եմ ծառայել պատվով և թեթևացնել նրանց պարտականությունները, որքան որ կարողացել եմ: Ես շնորհակալ եմ Առաջին Նախագահությանը և Տասներկուսի Քվորումին նրանց լավ կյանքի և օրինակի համար, նրանց համբերատարության, նրանց ուսուցման, նրանց բարության, մեր Երկնային Հորը և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին ու Նրա վերականգնված ավետարանին նրանց նվիրվածության համար: Ես շնորհակալ եմ, որ Տերը կանչեց Ջոզեֆ Սմիթին լինելու մարգարե, որի միջոցով ավետարանի լրիվությունը վերականգնվեց երկրի վրա:

Որպես Բարձրագույն Իշխանավոր իմ փորձը լցնում է սիրտս երախտագիտությամբ հանդեպ ողջ աշխարհի Վերջին Օրերի Սրբերը` նրանց հավատքի և բարության համար: Մենք երկու տարի ծառայել ենք Ֆիլիպիններում: 1961թ. Նախագահ Հինքլին, որն այդ ժամանակ Տասներկուսի Օգնականն էր, ուղարկեց առաջին միսիոներներին Մանիլա: Ֆիլիպիններում կար միայն մեկ ֆիլիպինցի քահանայություն կրող: Այսօր այնտեղ կա գրեթե 600000 անդամ: Նրանց կյանքը հեշտ չէ, և նրանք նյութական շատ կարիքներ ունեն, սակայն նրանք սիրում են Փրկչին: Ավետարանն ահռելի ազդեցություն է գործում նրանց կյանքում: Ինչպիսի օրհնություն է ծառայել նրանց մեջ:

Մենք նաև երեք տարի ծառայել ենք Խաղաղօվկիանոսյան Կղզիներում: Նշանակալից է, որ աշխարհում պոլինեզիացիների գրեթե 25 տոկոսը Եկեղեցու անդամներ են: Նրանց հավատքն ու հոգևորությունը առասպելական է: Քույր Քուքը և ես մի առիթով այցելեցինք Վավայու, Թոնգա կղզիներում: Ես նոր էի խոսել ցցի համաժողովի ընդհանուր նիստին մարգարեին հետևելու մասին: Համաժողովից հետո կայացած հյուրասիրության ժամանակ ես նստած էի մի մեծահասակ նշանավոր հայրապետի կողքին: Նա նշեց, թե որքան երախտապարտ էր, որ լսեց այն, ինչ ուսուցանում էր մարգարեն: Նա ինձ պատմեց այս պատմությունը: Վավայուում, որը համեմատաբար փոքր կղզի է, սովորաբար բավարար անձրև էր տեղում, սակայն պատահում էին սաստիկ չոր եղանակներ: Կղզին խորը ծոցեր ուներ, որոնք տարածվում էին դեպի կղզի, մտնելով խորը ժայռերի տակ: Երբ երաշտ էր լինում, կար միայն մեկ եղանակ, որով կարելի էր թարմ ջուր ձեռք բերել և կենդանի մնալ: Դարեր շարունակ նրանք ստանում էին այդ թարմ ջուրը, որը սարերից հոսում էր ժայռերի միջով և դուրս գալիս ծովի մի քանի տեղերում:

Թոնգացի տղամարդիկ նստում էին իրենց փոքր նավակները` ամենաիմաստուն երեցը կանգնում էր նավակի ծայրին և ցույց տալիս ճիշտ աղբյուրի տեղը: Ամուր երիտասարդներն անոթներով պատրաստ սպասում էին, որպեսզի սուզվեին ծովի խորքը: Երբ հասնում էին համապատասխան տեղին, իմաստուն մարդը երկու ձեռքերը բարձրացնում էր դեպի երկինք: Դա ազդանշանն էր: Ամուր երիտասարդները որքան հնարավոր է խորն էին սուզվում և անոթները լցնում մաքուր աղբյուրի ջրով: Մեծ հայրապետն այս կյանք փրկող ավանդույթը նմանեցնում էր Հիսուս Քրիստոսի ավետարանի կենդանի ջրերին, իսկ իմաստունին` երկրի վրա Աստծո մարգարեին: Նա նշեց, որ ջուրը մաքուր էր, թարմ, և այդ երաշտի պայմաններում, կյանք փրկող: Սակայն այն հեշտ չէր գտնել: Այն տեսանելի չէր անվարժ աչքի համար: Այդ հայրապետը ցանկանում էր իմանալ այն ամենը, ինչ մարգարեն ուսուցանում էր:

Մենք ապրում ենք անկայուն ժամանակներում: Աշխարհը թարմ աղբյուրների ջրերի, այսինքն` Հիսուս Քրիստոսի ավետարանի, ծայրահեղ կարիք ունի: Ընտրություններ կատարելիս մենք ուշադիր պետք է լսենք մարգարեին: Իմ անձնական նկատառումները ցույց են տալիս, որ Նախագահ Հինքլին շարունակ շեշտում է Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը: Դրան հետևում է շեշտադրումը ընտանիքներն ամրացնելու և կրոնական պաշտամունք տանը վարելու վրա: Կրկին ու կրկին նա մեզ ասում է, որ եթե ապրենք ըստ սկզբունքի, մենք վկայություն ձեռք կբերենք այդ սկզբունքի ճշմարտացիության վերաբերյալ, որն իր հերթին կմեծացնի մեր հավատքը:

Ես գիտեմ, որ ձեզանից շատերը մտահոգված են երեխաներին այս դժվարին ժամանակներում մեծացնելու և նրանց հավատքը խորացնելու համար: Երբ կինս և ես նոր էինք սկսել ընտանիք կազմել Սան Ֆրանցիսկոյի Ծոցի տարածքում, մենք նույն մտահոգությունն ունեինք: Տագնապալի մի պահ եկավ, երբ մեր ցցի անդամները Երեց Հարոլդ Բ. Լիի կողմից, որն այն ժամանակ Տասներկուսի անդամ էր, խորհուրդ ստացան, որով կարող էին մեծացնել իրենց ընտանիքներն արդարակեցության մեջ, եթե.

  1. Հետևեինք մարգարեին:

  2. Ստեղծեինք մեր սրտերում և տներում ավետարանի ճշմարիտ ոգի:

  3. Լույս լինեինք մեզ շրջապատողների համար:

  4. Կենտրոնանայինք տաճարում ուսուցանվող արարողությունների և սկզբունքների վրա: (Sես ՎևՈւ 115.5; Harold B. Lee, “Your Light to Be a Standard unto the Nations,” Ensign, Aug. 1973, 3–4.)

Երբ մենք հետևեցինք այդ խորհրդին, մեր հավատքն ավելացավ, իսկ վախը` նվազեց: Ես հավատացած եմ, որ մենք կարող ենք արդար երեխաներ մեծացնել աշխարհում ցանկացած տեղ, եթե նրանց տանը ուսուցանենք կրոնական սկզբունքները:

Մի բնագավառ, որում անդամները կարող են ապրել ոչ թե վախով, այլ հավատքով, մեր միսիոներական աշխատանքն է: Այս տարվա օգոստոսի 1-ին Յոթանասունի Նախագահություն կանչվելուց առաջ ես վեց տարի ծառայում էի Միսիոներական Բաժանմունքում, վերջին երեք տարիները որպես Գործադիր Տնօրեն Երեց Մ. Ռասսել Բալլարդի ղեկավարությամբ, որը ծառայում էր որպես Միսիոներների Գործադիր Խորհրդի Նախագահ:

Մի քանի միսիաների նախագահներ մեզ տեղեկացրեցին, որ հրաշալի շատ անդամներ թաքցնում են իրենց կրոնը հարևաններից և աշխատակիցներից: Նրանք չէին ասում մարդկանց, թե ով են և ինչին են հավատում: Մենք կարիք ունենք ավելի շատ անդամների, որոնք կկիսվեն Վերականգնման ուղերձով: Հռովմայեցիս 10-րդ գլխի, 14 հատվածում այսպես է դա ներկայացվում.

«Արդ ինչպե՞ս կանչեն [Փրկչին], որին չհավատացին. և ինչպե՞ս հավատան, որից չլսեցին, և ինչպես լսեն առանց քարոզի»:

Հատված 15-ը Եսայիան հղվող հիանալի ուղերձ է պարունակում.

«Որքա՜ն գեղեցիկ են նրանց ոտները` որ խաղաղություն են քարոզում և բարի բաներ են ավետիք տալիս» (տես նաև Եսայիա ԾԲ.7):

Ակնհայտ է դարձել, որ անդամները պետք է շարժեն իրենց ոտքերն ու բարձրացնեն իրենց ձայնը, եթե ուզում են ստանալ այս օրհնությունը:

Քարոզիր Իմ Ավետարանը` Միսիոներական Ծառայության ուղեցույց-ը, առաջին անգամ ներկայացվեց 2004 թվի հոկտեմբերին: Նախագահ Հինքլին սկիզբ դրեց այդ գործին, երբ կոչ արեց միսիոներներին սովորել վարդապետությունը և ուսուցանել սկզբունքները Հոգով: Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի յուրաքանչյուր անդամ մեծ մասնակցություն ցուցաբերեց: Երեց Բալլարդը և ես զգացինք, որ երկնքի պատուհանները բացվեցին և Տիրոջ ոգեշնչումը թափեց այդ մեծ աղբյուրը առաջ բերելու համար: Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի ավելի քան 1.5 միլիոն օրինակ ձեռք բերվեց Եկեղեցու անդամների կողմից: Դա հիանալի հիմք է, իսկ միսիոներները` զորեղ, հոգևոր ուսուցիչներ: Ինչևէ, Նախագահ Հինքլիի պահանջը կատարելու համար անդամները, որոնք ապրում են ոչ թե վախով, այլ հավատքով, պետք է կիսվեն ավետարանով իրենց ընկերների և ծանոթների հետ:

Մեր առանձին կոչումներում մենք պետք է հավատք ունենանք և լինենք անվախ:

Մեր դուստրը, Քեթրինը, Երեխաների Խմբի նախագահ է ծառայում իր ծխում, Սոլթ Լեյք Սիթիում: Կինս և ես այցելեցինք նրա ծուխ անցած կիրակի, ներկա լինելու Երեխաների խմբի ելույթին հաղորդության ժամանակ` «Ես կհետևեմ Նրան Հավատով» թեմայով: Ես ոգևորված սպասում էի լ սելու, ինչպես էին երեխաները մեջբերելու սուրբ գրությունները և պատմությունները Քրիստոսի հանդեպ հավատքի վրա կենտրոնացած երգերի հետ մեկտեղ:

Ժողովից հետո ես նրան հարցրեցի իր կոչման մասին: Նա ասաց, որ սկզբում կոչումը բեռ էր թվում: Շատ ժամանակ էր գնում խնդիրները հաղթահարելու վրա: Ապա նախագահությունը որոշեց շեշտել սերը, հավատքը և աղոթքը: Անմիջապես հոգևոր տպավորություններ ներխուժեցին միտք որոշակի երեխայի կամ ընտանիքի վերաբերյալ: Մտահոգությունը փոխարինվեց սիրով: Նա ինձ ասաց, որ գործելով ըստ Հոգու հուշումների, Երեխաների Խումբը լցվեց պատկառանքով և խաղաղությամբ, և իրական ավետարանական ուսուցում տեղի ունեցավ:

Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքն է, որ օգնում է մեր կյանքի ճամփորդության խաչմերուկներում: Դա ավետարանի առաջին սկզբունքն է: Առանց դրա մենք միայն կմաշենք մեր անիվները խաչմերուկին, վատնելով մեր թանկարժեք ժամանակն առանց որևէ տեղ հասնելու: Դա Քրիստոսն է, ով հրավիրում է հետևել Իրեն, տալ Իրեն մեր բեռը և կրել Իր լուծը, քանզի Իր լուծը հեշտ է և Իր բեռը թեթև (տես Մատթեոս ԺԱ.30):

Չկա այլ անուն երկնքի տակ, որով մենք կարող ենք փրկվել (տես Գործք Դ.12): Մենք պետք է մեզ վրա վերցնենք Նրա անունը և ստանանք Նրա պատկերը մեր դեմքին, որպեսզի երբ Նա գա, մենք ավելի նման լինենք Նրան (տես Ա Հովհաննես Գ.2; Ալմա 5.14): Երբ մենք ոչ թե վախով, այլ հավատքով ենք ընտրում Քրիստոսին հետևելը, մենք օրհնվում ենք այն հետևանքներով, որոնք համապատասխանում են մեր ընտրությանը (տես ՎևՈւ 6.34–36):

Թող որ մենք բոլորս ընդունենք և շնորհակալ լինենք կյանքի այն անգնահատելի պարգևի համար, որը մենք բոլորս վայելում ենք, և այն շնչի համար, որը Նա մեզ ամեն օր տալիս է: Թող որ մենք համոզմունքներ ունենանք կյանքի խաչմերուկներում և հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոս: Իմ աղոթքն է, որ մենք ապրենք հավատքով, և ոչ թե վախով: Ես բերում եմ իմ վկայությունը Աստծո մասին, որը մեր Երկինային Հայրն է, և Նրա Որդի, Հիսուս Քրիստոսի մասին, որը քավել է մեր մեղքերը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: