2007
Այժմ է ժամանակը
2007թ. նոյեմբեր


Այժմ է ժամանակը

Այժմ է ժամանակը Աստծո հետ հաշտվելու, փոփոխության ողորմած գործընթացի միջոցով, որը մեզ է տրվել մարդկության Քավիչի կողմից:

Նկար

Երբ մեր ավագ որդին (որն այժմ երեք երեխաների հայր է և այս երեկո գտնվում է ներկաների մեջ) 11 տարեկան էր, առաջադրանք էր ստացել ինչպես և իր դպրոցի մյուս բոլոր վեցերորդ դասարանցիները, ներկայացնել իր ընտանիքի սիրված բաղադրատոմսը: Որպես ներդրում գարնանային մեծ տոնավաճառին, վեցերորդ դասարանցիները խոհարարական գիրք էին տպագրելու, որը պետք է բաշխվեր համայնքում: Երբ ուսուցիչը հայտարարել էր այդ նախագծի մասին և ժամկետը նշանակել հաջորդ ուրբաթ օրը, մեր որդին Բրեթն անմիջապես եզրակացրել էր, որ այդ աշխատանքը կատարելու դեռևս շատ ժամանակ ունի և մոռացավ այդ մասին: Հաջորդ շաբաթվա սկզբին, երբ ուսուցիչը հիշեցրեց աշակերտներին ուրբաթ օրվա ժամկետի մասին, Բրեթը որոշեց, որ դա արագ կկատարի հինգշաբթի երեկոյան, և մինչ այդ կարող էր ավելի հաճելի բաներով զբաղվել:

Նշանակված օրն ուսուցիչը խնդրել էր աշակերտներին հավաքել բոլոր բաղադրատոմսերը: Ձգձգումների պատճառով Բրեթը մոռացել էր առաջադրանքի մասին և ամբողջովին անպատրաստ էր: Շփոթված նա շրջվել էր իր կողքը նստող ընկերոջ կողմը և խոստովանել այդ ամենը: Փորձելով օգնել, դասընկերն ասել էր. «Ես երկու բաղադրատոմս եմ բերել: Եթե ցանկանում ես, կարող ես մեկը վերցնել»: Բրեթն արագորեն վերցրել էր բաղադրատոմսը, վրան գրել իր անունը և հանձնել այն, մտածելով, որ խույս տվեց իր անպատրաստ լինելու հետևանքներից:

Շաբաթներ անց, մի երեկո ես աշխատանքից տուն եկա, որպեսզի Եկեղեցու երեկոյան ժողովին գնալուց առաջ մի փոքր թարմանամ: Մի քանի օր առաջ, ես կանչվել էի որպես ցցի նախագահ` մի քանի տարի որպես եպիսկոպոս ծառայելուց հետո: Մենք մեր համայնքում հայտնի էինք որպես Եկեղեցու անդամներ, որոնք փորձում են ապրել իրենց կրոնի հավատալիքներով: Երբ դռնից ներս մտա, կինս Դայանան ասաց. «Դու պետք է սա տեսնես»: Նա ձեռքս տվեց մի տպագրված գիրք` բացված էջով: Աչքս ընկավ գրքի վերնագրին` Նոելանի դպրոցի սիրված բաղադրատոմսերը—1985թ., և նայելով բացված էջին կարդացի` «Հոլսթրոմ ընտանիքի սիրված բաղադրատոմսը—Բակարդի ռոմով տորթ»:

Մենք շատերս ձգձգելով դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը լիովին դարձի գալը, մեզ դնում ենք այնպիսի հանգամանքներում, որոնք ոչ այնքան շփոթեցնող են, որքան հետևանքներով են լի: Մենք գիտենք ինչն է ճիշտ, սակայն հետաձգում ենք հոգևոր կյանքում լիովին ներգրավվելը` ծուլության, վախի, ազատության ձգտելու կամ հավատի պակասի պատճառով: Մենք համոզում ենք ինքներս մեզ, որ «մի օր ես կկատարեմ դա»: Սակայն շատերի համար «այդ օրն» այդպես էլ երբեք չի գալիս, և նույնիսկ մյուսները, որոնք ի վերջո կատարում են փոփոխությունը, առաջընթացի անվերադարձ կորուստ են ունենում և, անշուշտ, հետադիմում:

Որպեսզի տեսնենք, թե հոգևոր առումով հետաձգելու ինչպիսի վիճակում ենք, պետք է մտածենք, թե ինչպիսի՞ վերաբերմունք ունենք Եկեղեցու ժողովներին հաճախելիս: Արդյո՞ք ձգտում ենք սովորել «ուսումնասիրելով և նաև հավատով» (ՎևՈւ 88.118), որը մեկնաբանվում է` անում ենք այն, ինչ սովորում ենք: Թե՞ մենք մտքում ասում ենք` «Ես այդ ամենը լսել եմ», որն անմիջապես արգելում է Հոգու մուտքը ձեր միտք և ձեր սիրտ, և թույլ տալիս, որ հետաձգումը բնավորություն դառնա:

Վերականգնված Եկեղեցու վաղ տարիների մի հայտնի ունկնդրի մասին, որն ուխտ էր արել, որ կհնազանդվի ցանկացած պատվիրանին, ինչ Տերը կտա իրեն, ասվում է. «Եվ նա ուրախությամբ ընդունեց խոսքը, բայց Սատանան անմիջապես գայթակղեց նրան… և աշխարհիկ հոգսերը պատճառ դարձան, որ նա մերժի խոսքը» (ՎևՈւ 40.2): Ի հակադրություն դրան, Տերը պարզորոշ սահմանել է. «Ով որ ստանում է իմ օրենքն ու կատարում է այն, նա իմ աշակերտն է» (ՎևՈւ 41.5):

Ալման խորը զգացողությամբ հայտարարել է. «Եվ արդ, իմ եղբայրնե՛ր, ես ցանկանում եմ իմ սրտի ամենախորքից, այո, մեծ տագնապով, մինչև անգամ՝ ցավով, որ դուք ականջ դնեք իմ խոսքերին, և դեն ձգեք ձեր մեղքերն ու չհետաձգեք ձեր ապաշխարության օրը» (Ալմա 13.27):

Ամուղեկը, որն Ալմայի ընկերն ու ուսուցանող ընկերակիցն էր, ավելի ուժգին է շեշտադրում այդ ուղերձը` հռչակելով.

«Քանզի ահա, մարդկանց համար այս կյանքն է ժամանակը նախապատրաստվելու՝ հանդիպելու Աստծուն. այո, ահա, մարդկանց համար այս կյանքի օրն է իրենց գործերը կատարելու օրը:

Եվ այժմ, ինչպես … դուք ունեցել եք այսքան շատ ապացույցներ, հետևաբար, ես աղերսում եմ ձեզ, որ դուք չհետաձգեք ձեր ապաշխարության օրը մինչև վերջ» (Ալմա 34.32–33):

Երբ ես Ահարաոնյան Քահանայության ուսուցչի տարիքին էի, ամիսներ շարունակ ամեն շաբաթ առավոտյան ես արթնանում էի իմ պատուհանի տակից լսվող ուժեղ ձայնից, քանի որ հայրս աշխատում էր բակում: (Երկար ժամանակ պահանջվեց, որ ես հասկանամ, թե ինչու է նա սկսում իր աշխատանքն իմ պատուհանի տակից:) Մի որոշ ժամանակ փորձեցի անտեսել այդ ձայնը, սակայն ի վերջո սկսեցի արթնանալ և հայրիկիս օգնել տան բակի աշխատանքներում:

Հավանաբար, մի քանի առավոտ արագ չարթնանալուց հետո, կամ նմանատիպ դեպքերից հետո, երբ նրա մշտական քաջալերման կարիքը կար, մի օր հայրս նստեց ինձ հետ և ցույց տվեց համրուկի մի մեծ լուսանկար, որը հայտնի է որպես ծույլ կենդանի: Ապա բացեց Վարդապետություն և Ուխտերը և կարդաց. «Քանզի ահա, լավ չէ, որ ես պատվիրեմ բոլոր բաներում. քանզի ով հարկադրվում է բոլոր բաների մեջ, նա ծույլ է և իմաստուն ծառա չէ. ուստի նա վարձք չի ստանում» (ՎևՈւ 58.26, շեղագրումն ավելացված է): Այդ օրից, այդ պատկերն ու դասը դարձան թանկարժեք դաս իմ ողջ կյանքի համար:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի քաջալերող սեղմ նշանաբանն էր. «Կատարիր դա»: Ավելի ուշ նա ավելացրեց. «Կատարիր դա այժմ», հատկապես ուսուցանելով ժամանակին կատարելու անհրաժեշտությունը:

Նախագահ Քիմբալը նաև ուսուցանել է մի կարևոր սկզբունք, որ հետաձգումը տանում է դեպի հավերժության կորուստ: Նա ասել է. «Բոլոր դարերի ընթացքում մարդկանց ամենալուրջ թերությունը հետաձգումն է, այդ պահին անձնական պատասխանատվություններ ընդունելու դժկամությունը … Շատերը թույլ են տվել, որպեսզի շեղվեն և … մտավոր ու հոգևոր անգործության մատնվեն և աշխարհիկ հաճույքներին հետամուտ լինեն» (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 4–5):

Մեզանից շատերը ցանկանում են հեշտ ճանապարհ, որը լուրջ աշխատանք և զոհաբերություն չի պահանջում: Մի անգամ ինձ թվաց գտել եմ այն: Վարելով մեքենան Հոնոլուլու քաղաքի վերևում փռված դալար հովտի կողքով ես նայեցի և տեսա, ահա այն` Հեշտ փողոց: Երազելով իմ հայտնագործության կյանքը փոխող օգուտների մասին, վերցրեցի տեսախցիկը, որպեսզի տեսագրեմ այդ երանելի պահը: Տեսախցիկի միջով նայելու արդյունքում իմ տեսադաշտը պարզվեց: Մեծ դեղին նշանը ինձ դեպի իրականություն վերադարձրեց` Հեշտ փողոցը փակուղի էր տանում:

Հետաձգումը կարող է հեշտ ճանապարհ թվալ, երբ այն վայրկյանապես հեռացնում է աշխատանքը, որն անհրաժեշտ է ինչ-որ արժեքավոր բան կատարելու համար: Հեգնանքն այն է, որ ժամանակի հետ հետաձգումը մեղքով և անբավարարվածության դատարկությամբ պարուրված ծանր բեռ է առաջացնում: Աշխարհիկ, իսկ ավելի կարևորը հոգևոր նպատակներին անհնար է հասնել հետաձգումներով:

Այժմ է ժամանակը մեր հավատը գործադրելու: Այժմ է ժամանակը արդարակեցություն ստանձնելու: Այժմ է ժամանակը անելու այն, ինչ անհրաժեշտ է ոչ ցանկալի հանգամանքերից դուրս գալու համար: Այժմ է ժամանակը Աստծո հետ հաշտվելու, փոփոխության ողորմած գործընթացի միջոցով, որը մեզ է տրվել մարդկության Քավիչի կողմից:

Մենք դիմում ենք`

  • Այն մարդուն, որն ավետարանի և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ճշմարտացիության մասին վկայություն ունի և դեռևս չի մկրտվել ու հաստատվել:

  • Ահարոնյան կամ Մելքիսեդեկյան Քահանայության այն կրողին, որը զանցանքի պատճառով կամ պարզապես ոչինչ չանելով` սուրբ երդումներին և ուխտերին հակառակ կյանքով է ապրում (տես ՎևՈւ 84.33–39):

  • Օժտում ստացած Եկեղեցու անդամին, որն այժմ արժանի չէ տաճարային երաշխավորագրին:

  • Այն անդամին, որը մեկ ուրիշի արարքներից վիրավորվել է և ինչ-որ կերպ հեռու է մնում Եկեղեցուց:

  • Այն մարդուն, որն երկակի կյանք է վարում և չլուծված մեղքով է բեռնված:

Իմ վկայությունն է, որ դուք և մենք բոլորս կարողանանք փոխվել և դա կարող է լինել այժմ: Դա հեշտ չէ, սակայն մեր չարչարանքները կարող են «կուլ գնալ Քրիստոսի ուրախությանը» (Ալմա 31.38): Ես այս ամենը վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: