2007
Երեց Քուենթին Լ. Քուք Տասներկու Առաքյալների Քվորումից

Երեց Քուենթին Լ. Քուք
Տասներկու Առաքյալների Քվորումից

Թեպետ նա ասում է, որ Տասներկու Առաքյալների Քվորում կանչվելն անսպասելի էր, Երեց Քուենթին Լամար Քուքը դեռ երիտասարդ տարիքից սովորել է ապրել որպես Փրկիչ Հիսուս Քրիստոսի վկա:

«Իմ ողջ կյանքն օրհնվել է նրանց կողմից, ովքեր սիրում են Փրկչին»,- ասում է Երեց Քուքը:

Նա ծնվել է 1940թ. սեպտեմբերի 8-ին, Լոգանում, Յուտա, Ջ. Վերնոն և Բերնիս Քուքերի ընտանիքում: Երեց Քուքը երախտապարտ է սիրող, հոգատար ծնողների համար, ովքեր «սիրում էին Փրկչին: Նրանք իրենց ուժերի սահմանում ամեն ինչ անում էին, որպեսզի մեզ ճիշտ ձևով մեծացնեին»:

Նա գնահատում է իր եղբորն ու քրոջը, և հիշում է, որ 15 տարեկանում իր ավագ եղբոր Ջոյի հետ ունեցած մի լուրջ զրույցի ժամանակ, նա հասկացավ, որ Փրկչի մասին վկայությունը նշանակալից հետևանքներ ունի: Ջոն պետք է որոշեր, արդյոք թողնի բժշկական համալսարանը միսիայում ծառայելու համար, թե ոչ: «Այդ զրույցից հետո, հաստատումը, որ ես ստացա Եկեղեցու ճշմարտացիության վերաբերյալ և Հիսուս Քրիստոսի աստվածայնության վերաբերյալ, իմ կյանքում որոշիչ իրադարձություն էր»:

Նրա եղբայրն ավարտեց ծառայությունը, ինչպեսև Երեց Քուքը, որը ծառայեց Բրիտանական Միսիայում: Նրա միսիայի նախագահները, որոնց թվում էր Երեց Մերիոն Դ. Հենքսը, որն այն ժամանակ Յոթանասունի Առաջին Խորհրդի անդամ էր, նշանակալից ազդեցություն թողեց նրա վրա:

«Շատ կարևոր է Փրկչի մասին վկայություն ունենալ և համագործակցել այնպիսի մարդկանց հետ, ովքեր սիրում են Փրկչին»,- ասում է Երեց Քուքը: Նա գտավ մեկ այլ նման անձնավորություն, որի անունն էր Մերի Գեդի, որի հետ նա ամուսնացավ Յուտայի Լոգանի Տաճարում 1962թ. նոյեմբերի 30-ին:

Յուտայի Պետական Համալսարանի Քաղաքագիտության բաժինն ավարտելուց հետո զույգը տեղափոխվեց Կալիֆորնիա, որտեղ Երեց Քուքը ատենակալի դոկտորի կոչում ստացավ Սթենֆորդի Համալսարանից: Իրենց երեք երեխաներին մեծացնելիս Երեց Քուքն աշխատում էր բիզնեսի իրավունքի բնագավառում, դառնալով Սան Ֆրանցիսկոյի Ծոցի Տարածքի իրավագիտական ընկերության համատնօրեն, ապա նախագահ և Կալիֆորնիայի Առողջապահության Համակարգի գործադիր տնօրեն, և ի վերջո Սաթեր Առողջապահական Համակարգի նախագահի տեղակալ:

Այդ ընթացքում նա ծառայել է որպես եպիսկոպոս, ցցի նախագահ և խորհրդական, շրջանի ներկայացուցիչ, Տարածքային Յոթանասունական: Ցցի նախագահությունում ծառայելիս նա պատասխանատվություն էր կրում ոչ միայն անգլախոս ծխերի, այլև իսպաներեն, թոնգերեն, սամոերեն, թագալոգերեն, մանդարին և կանտոներեն խոսացող համայնքների համար:

«Մենք սիրում էինք անդամների ազգային բազմազանությունը և նրանց նվիրվածությունը Հիսուս Քրիստոսի ավետարանին: Նրանք այնքան դրական ազդեցություն են թողել իմ կյանքում»:

Ինչևէ, իր մասնագիտական կյանքում Երեց Քուքը հիմնականում աշխատել է այնպիսի մարդկանց հետ, ովքեր Եկեղեցու անդամներ չեն եղել: Նա սովորել է, որ «Եկեղեցուց դուրս կան շատ-շատերը, ովքեր սիրում են Փրկչին: Նրանցից շատերը նույնպես ինձ վրա դրական ազդեցություն են թողել: Այնպես որ, երբ ես խոսում եմ լավ մարդկանց հետ շփվելու մասին, ես ի նկատի չունեմ, որ պետք է մեկուսանալ աշխարհից»:

1996թ. ապրիլի 6-ին Յոթանասունի Երկրորդ Քվորում կանչվելուց, և ապա 1998թ. ապրիլի 4-ին Առաջին Քվորում կանչվելուց հետո, Երեց Քուքը ծառայել է Ֆիլիպիններ/ Մայկրոնեզիա Տարածքի Նախագահությունում, և որպես Խաղաղ օվկիանոսյան և Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Հյուսիսարևմտյան Տարածքների Նախագահ:

Որպես Գերագույն Իշխանավոր ծառայելն ամրապնդեց նրա համոզմունքը, որ «կարող ես գտնել լավ մարդիկ, ովքեր սիրում են Փրկչին, որտեղ էլ որ լինես»: Երեց Քուքը հավատում է, որ նրանց գտնելու համար պետք է ավետարանով ապրել խոնարհ, սակայն առանց ամաչելու»:

«Կարծում եմ, Վերջին Օրերի Սրբերի մեծ մասի սխալն այն է, որ նրանք թաքցնում են, թե ով են իրենք,- ասում է նա,- շատ անդամներ չեն ասում ընկերներին և գործընկերներին, թե ովքեր են իրենք և հայտնվում են շատ դժվարին կացություններում: Նրանք, ովքեր ներկայանում են որպես Վերջին Օրերի Սրբեր և պարզորոշ ասում են, թե ինչին են իրենք հավատում, շատ քիչ խնդիրներ են ունենում»:

Նա նաև պարզել է, որ նման մարդիկ ավելի լավ անդամ-միսիոներներ են, երբ ծառայում էր որպես Միսիոներական Բաժանմունքի Գործադիր տնօրեն, նախքան 2007թ. օգոստոսին Յոթանասունի Նախագահություն կանչվելը:

2007թ. հոկտեմբերի 6-ին որպես Առաքյալ հաստատվելուց հետո, իր համաժողովյան առաջին ելույթում Երեց Քուքը խոսեց «քողարկված» անդամների խնդրի մասին և խրախուսեց նրանց ապրել «հավատով և ոչ թե վախով»:

«Կան շատ մարդիկ,- ասում է նա,-ովքեր «ճշմարտությունից հեռու են մնացել, միայն որովհետև չգիտեն որտեղ գտնեն այն» (ՎևՈւ 123.12): Իսկ երբ ինչ-որ մեկն անկեղծ է, համբերատար և բարի, զարմանալի է, թե որքան մարդիկ են արձագանքում»:

Երեց Քուքը հույս ունի, որ մարդիկ նմանապես իրեն կարձագանքեն իր նոր կոչման մեջ, իմանալով, որ չնայած ինքն անհամապատասխան է իրեն զգում, պետք է հավատով ապրի և ոչ թե վախով, ինչպես ինքն է մարդկանց տեղեկացնում, թե ով է ինքը և ինչին է հավատում որպես Քրիստոսի հատուկ վկա:

«Ես սիրում եմ Փրկչին,- հայտարարեց նա,- Ես ցնծում եմ ողջ աշխարհին Հիսուս Քրիստոսի մասին վկայություն բերելու հնարավորությամբ»: