2007
Այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել

Այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել

Մենք, որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներ, ընտրել ենք չլինել սովորական տղամարդիկ և կանայք:

Ես լսել եմ, որ ոչ ոք դեռևս չի մահացել գերագույն համաժողովում ելույթ ունենալիս: Եթե այսօր դա այդպես է, իրոք ներեք ինձ:

Արգենտինայում զինծառայության ժամանակ ես մի գիրք էի կարդում, որտեղ հեղինակը, որին չեմ հիշում, գրել էր. «Ես որոշեցի չլինել սովորական մարդ. դա իմ իրավունքն է լինել ոչ սովորական մարդ, եթե կարողանամ»:

Լինել ոչ սովորական մարդ նշանակում է լինել հաջողակ, առանձնահատուկ և աչքի ընկնող:

Այդ արտահայտությունը գրվեց իմ մտքում և սրտում: Ես այն ժամանակ զգացի և այժմ էլ զգում եմ, որ մենք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներս, ընտրել ենք չլինեն սովորական տղամարդիկ և կանայք: Վերջին բառերը` «եթե կարողանամ», մտածելու տեղիք տվեցին, որ բավարար չէ մկրտվելն ու հաստատվելը, այլ մենք պետք է կատարենք և պատվենք պարտավորվածությունը, որ կապել ենք Տիրոջ հետ այդ հիշարժան օրը:

Լեքին ուսուցանել է իր որդի Հակոբին, ասելով. «Ուստի, մարդիկ ազատ են՝ ըստ մարմնի. և բոլոր բաները, որոնք անհրաժեշտ են մարդկանց, տրված են նրանց: Եվ նրանք ազատ են՝ ընտրելու ազատություն և հավերժական կյանք, բոլոր մարդկանց մեծ Միջնորդի միջոցով, կամ ընտրել, գերություն և մահ, ըստ դևի գերությանը և զորությանը. քանզի նա ջանում է, որ բոլոր մարդիկ լինեն թշվառ, ինչպես ինքը» (2 Նեփի 2.27):

Անկասկած, մենք ձգտում ենք ազատության և հավերժական կյանքի: Մենք դողում ենք մահվան և դևի կողմից գերության տարվելու մտքից:

Նեփին պարզորոշ ուսուցանել է մեզ, թե ինչ պետք է մենք անենք: Նա ասել է. «Քանզի մենք գիտենք, որ շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք՝ այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել» (2 Նեփի 25.23):

Ես հավատում եմ, որ առաջին բանը, որ պետք է պահենք մեր մտքում, դա մեր մեղքերից ապաշխարելն է: Մենք երբեք չենք կարող հասնել աստվածային ներուժին, եթե մնանք մեր մեղքերի մեջ:

Ես փայփայած հիշողություններ ունեմ իմ մկրտության օրվա մասին: Այդ ժամանակ ես ութ տարեկան էի: Դա տեղի ունեցավ Լայնիերս ճյուղում, Հարավային Ամերիկայում Եկեղեցու կողմից կառուցված առաջին աղոթատանը: Մկրտությունից հետո իմ ընտանիքի հետ տուն վերադառնալիս ավագ եղբայրս ուզեց կոխ բռնել ինձ հետ, իյնչպես հաճախ էր անում: Ես բացականչեցի. «Ինձ մի՛ դիպչիր, ես չեմ կարող մեղք գործել»: Օրեր անցան, և ես հասկացա, որ կյանքի ընթացքում անհնար է անմեղ մնալ:

Դժվար է կրել տառապանքները, որոնց ենթարկվում ենք մենք, սակայն կյանքում իսկական տառապանքը մեր թերացումներից և մեղքերից եկող տառապանքն է, որը մենք բերում ենք մեզ վրա:

Այս տառապանքից ազատվելու մեկ միջոց կա` դա անկեղծ ապաշխարությունն է: Ես սովորել եմ, որ եթե Տիրոջը ներկայացնեմ կոտրված սիրտ և փշրված հոգի, ապրելով աստվածային վիշտ իմ մեղքերի համար, խոնարհվելով, զղջալով իմ սխալների համար, Նա Իր զարմանահրաշ քավող զոհաբերությամբ կարող է ջնջել այդ մեղքերը և այլևս չհիշել:

Արգենտինացի բանաստեղծ Խոսե Հերնանդեսը իր Մարտին Ֆերրո հայտնի գրքում գրել է.

Մարդը շատ բաներ է կորցնում,

Որ երբեմն գտնում է կրկին,

Բայց իմ պարտքն է ձեզ հիշեցնել,

Եվ լավ կլինի, եթե հիշեք,

Եթե ամոթն ես կորցնում,

Այն այլևս չի վերականգնվում:

(La Vuelta de Martin Fierro, part 2 of Martվn Fierro [1879], canto 32; bilingual ed., trans. C. E. Ward [1967], 493)

Եթե մեր մեղքերի կամ անարդար գործերի արդյունքում աստվածային վիշտ չենք ապրում, անհնար կլինի մեզ համար մնալ` «աչքի ընկնող մարդ»:

Մյուս կարևոր սկզբունքը, որ պետք է հիշենք, դա հնարավորություններ փնտրելն ու զարգացնելն է, որ ավետարանի մեջ կյանքն է պարգևում մեզ, և հասկանալը, որ Տերը մեզ տվել է այն ամենը, ինչ մենք ունենք: Նա պատասխանատու է մեր կյանքում ամեն լավ բանի համար:

Մյուս բանը, որ պետք է մեր մշտական պատասխանատվությունը լինի, դա երջանկության ավետարանով կիսվելն է բոլորի հետ:

Որոշ ժամանակ առաջ ես մի նամակ ստացա Իսպանիայի Գալիսիայից Եղբայր Ռաֆայել Պերես Սիզներոսից, որը պատմում էր իր դարձի գալու մասին: Մի հատված կկարդամ նրա նամակից.

«Ես գաղափար չունեի կյանքի նպատակի մասին և չգիտեի ինչ է իրականում ընտանիքը: Երբ ես վերջապես թույլ տվեցի միսիոներներին գալ մեր տուն, ես ասացի. «Թողեք ձեր ուղերձը, սակայն զգուշացնում եմ ձեզ, որ ոչինչ ինձ չի ստիպի կրոնափոխ լինել»: Այդ առաջին հանդիպման ժամանակ կինս և երեխաներս համակ ուշադրությամբ լսում էին: Կարծես այդ խմբից ես մեկուսացած լինեի: Ես վախի զգացում ունեցա և առանց մտածելու գնացի ննջարան: Փակեցի դուռը և սկսեցի հոգուս խորքից աղոթել, որն երբևէ չէի արել. «Հա՛յր, եթե ճիշտ է, որ այս երիտասարդ տղաները Քո աշակերտներն են և եկել են օգնելու ինձ, խնդրում եմ ասա՛ ինձ»: Այդ պահին էր, որ ես սկսեցի փոքր երեխայի նման արտասվել: Արցունքներս առատորեն հոսում էին, և ես երջանկության զգացում ապրեցի, որը նախկինում երբեք չէի ունեցել: Ես գտնվում էի ուրախությամբ ու երջանկությամբ լի մի շրջանակում, և այդ ուրախությունն ու երջանկությունը ներթափանցել էին հոգուս մեջ: Ես հասկացա, որ Աստված պատասխանում էր իմ աղոթքին:

Իմ ողջ ընտանիքը մկրտվեց, և մենք օրհնվեցինք, կնքվելով Շվեյցարիայի Տաճարում, որն ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդը դարձրեց»:

Կարծում եմ, այս պատմությունը պետք է մեզ դրդի կատարելու «այն ամենը, ինչ կարող ենք», որպեսզի կիսվենք ուրախության օրհնություններով, որոնք գալիս են երջանկության ավետարանով ապրելիս:

Վերջին միտքը, որով ուզում եմ կիսվել, այն է, որ մենք պետք է անենք «այն ամենը, ինչ կարող ենք» մինչև մեր մահկանացու փորձաշրջանի վերջը: Անտարակույս, մենք ունենք ապրող օրինակներ, ինչպիսին Նախագահ Գորդոն Բ. Հինքլին է և շատ այլ տղամարդիկ և կանայք, ովքեր շարունակում են հավատարմորեն ծառայել այն տարիքում, որ ուրիշները կհամարեին անհարմար:

Երբ ծառայում էի որպես Իսպանիայի Բիլբաո Միսիայի նախագահ, ինձ վրա մեծ տպավորություն էին գործել այն անդամներն ու միսիոներները, որոնց ես հանդիպում էի, ովքեր գործը մեծ ունակությամբ ու սիրով էին առաջ տանում, ինչպես աշխարհի այլ մասերում Եկեղեցու շատ հավատարիմ անդամներ: Նրանց բոլորի հանդեպ ես իմ անկեղծ հարգանքն ու հիացմունքն եմ արտահայտում:

Տերն ասել է, որ Ինքը «բերկրանքով պատվում է նրանց, ովքեր արդարությամբ և ճշմարտությամբ ծառայում են ինձ մինչև վերջ:

Մեծ պիտի լինի նրանց վարձքը և հավերժական պիտի լինի նրանց փառքը» (ՎևՈւ 76.5–6):

Թող որ մենք միշտ մեր մտքում ու սրտում պահենք Նեփիի խոսքերը.

«Զարթնի՛ր, իմ հոգի: Այլևս մի՛ վհատվիր մեղքի պատճառով …

Հոգիս կհրճվի քեզանով, ի՛մ Աստված և ի՛մ փրկության վեմ» (2 Նեփի 4.28, 30):

Իմ խոնարհ աղոթքն է, որ Տերն օրհնի մեզ անել «այն ամենը, ինչ կարող ենք», այս «ոչ սովորական» ճանապարհին, որը մենք ընտրել ենք, որը ես վկայում եմ, որ ճշմարիտ է, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: