2007
Մի զայրացեք
2007թ. նոյեմբեր


Մի զայրացեք

Թող Տերն օրհնի և ոգեշնչի ձեզ, որ դուք ապրեք առանց բարկանալու:

Նկար

Իմ սիրելի եղբայրնե՛ր, որտեղ էլ որ դուք գտնվեք` այստեղ Համաժողովների Կենտրոնում, թե հեռավոր արտերկրի Եկեղեցու սրահում, ինչպիսի՜ հրաշալի բան է, որ կարող ենք խոսել այս Համաժողովի Կենտրոնում, իսկ դուք կարող եք լսել մեր խոսքը այնպիսի հեռավոր վայրում, ինչպիսին է օրինակ Հարավային Աֆրիկայի Քեյփ թաունը:

Ես այս երեկո որոշել եմ խոսել զայրույթի վերաբերյալ: Ես հասկանում եմ, որ սա մի փոքր արտասովոր է, սակայն իմ կարծիքով ժամանակին է:

Հին Կտակրանի Առակացում ասում է. «Երկայնամիտը զորավորիցը լավ է, և իր հոգին զսպողը` քաղաք առնողիցը» (Առակաց ԺԶ.32):

Երբ զայրանում ենք, մենք փորձանքի մեջ ենք ընկնում: Մոլեգին կատաղությամբ մեքենա վարելը, որն ազդում է մեր մայրուղիների վրա, ատելությամբ լի զայրույթի արտահայտում է: Ես համարձակվում եմ ասել, որ մեր բանտարկյալների մեծ մասը բանտում են հայտնվել, որովհետև զայրույթի պահին են արարքը կատարել: Իրենց ցասման մեջ նրանք հայհոյել են, կորցրել ինքնատիրապետումը և կատարել սոսկալի բաներ, նույնիսկ` սպանություն: Անախորժության պահեր են եղել, որին հաջորդել է տարիների զղջումը:

Չարլզ Վ. Փենրոզի մասին պատմել են հետևյալ պատմությունը: Նա եկեղեցու նորադարձ էր և մոտ 11 տարի միսիա էր ծառայել Անգլիայում: Երբ նա ազատվեց միսիայից, իր ունեցվածքից մի քանի բան վաճառեց, որ կարողանա վճարել ճանապարհածախսը Սիոն վերադառնալու համար: Սրբերից ոմանք, տեսնելով դա, ասել էին, որ նա վերցրել է Եկեղեցու ունեցվածքը:

Դա այնքան էր զայրացրել նրան, որ նա գնացել էր իր տան վերնահարկ, նստել և գրել էր ձեզ ծանոթ այս տողերը (See Karen Lynn Davidson, Our Latter-day Hymns: The Stories and the Messages [1988], 323.)

Ո՛վ իմ եղբայր, կրքերդ զսպիր,

Քո տաքարյուն հոգին սանձի՛ր,

Զգացմունքներդ երբեք մի՛ խեղդիր,

Բայց իմաստությամբ վարվիր:

Սառը դատող, հավաքված մտքում

Ուժ կա, կրքերդ զսպի՛ր:

Ցասումը դատողությունդ խորտակում,

Աչքդ խամրեցնում է, հիշի՛ր…

Կրքերդ զսպի՛ր, երբեք մի՛ անիծիր,

Ընկեր լինի, թե թշնամի,

Թեպետ ալիքը մեղադրանքների

Հեղեղի պես անգամ քեզ տանի:

Մինչ որոշելը, պաշտպանին լսիր,

Լույսի շողի տակ դու քննիր,

Ծանծաղ առվի հատակին նայիր,

Ինչ կեղտ է թաքնված՝ նկատի՛ր:

Ո՛վ իմ եղբայր, կրքերդ զսպի՛ր,

Քո տաքարյուն հոգին սանձի՛ր,

Զգացմունքներդ երբեք մի՛ խեղդիր,

Բայց իմաստությամբ վարվիր:

(‘’School Thy Feelings,’’ Hymns, no. 336)

Շատ տարիներ առաջ ես աշխատում էի մեր երկաթգծերից մեկում: Մի օր սլաքավարը աննպատակ ճեմում էր կառամատույցի վրա: Ես խնդրեցի նրան վագոնը տեղափոխել մյուս գծի վրա: Նա պոռթկաց: Նա իր գլխարկը շպրտեց մայթին և սկսեց վեր ու վար ցատկել` հարբած նավաստու պես հայհոյելով: Ես կանգնած ծիծաղում էի նրա երեխայական պահվածքի վրա: Տեսնելով, որ ես ծիծաղում եմ, նա էլ սկսեց ծիծաղել իր անմտության վրա: Այնուհետև, նա հանգիստ բարձրացավ ուղեփոխ շոգեքարշը, այն վարեց դատարկ վագոնի մոտ, և վագոնը տեղափոխեց ազատ գծի վրա:

Միտքս եկավ Ժողովողից այս հատվածը. «Մի շտապիր հոգովդ բարկանալու, որովհետև բարկությունը հիմարների ծոցում է հանգչում» (Ժողովող Է.9):

Զայրույթը չար արարքների մի ամբողջ խմբի մայրն է:

Առավոտյան թերթից ես մի պատմություն եմ կտրել, որը սկսվում է այս տեղեկությամբ.

«Ամերիկացիների կեսից ավելին, ովքեր կարող էին տոնել իրենց ամուսնության 25-ամյակը 2000թ.-ից հետո, բաժանվել են, ամուսնալուծվել կամ այրիացել, նախքան այդ նշանակալից օրվան հասնելը» (Sam Roberts, “Most U.S. Marriages Don’t Get to Silver,” Deseret Morning News, Sept. 20, 2007, p. A1):

Այրի դառնալը կողակիցները չեն կարող վերահսկել, իսկ ամուսնալուծությունն ու բաժանությունը` կարող են:

Ամուսնալուծությունը շատ հաճախ զայրույթի դառը պտուղն է: Տղամարդն ու կինը սիրահարվում են, ինչպես իրենք են ասում, ամեն մեկը մյուսի աչքում հիասքանչ է, նրանք ռոմանտիկ հրապուրանք են զգում, որը չեն զգացել ուրիշ ոչ մեկի հանդեպ, նրանք մի կերպ ձգելով իրենց ֆինանսները ադամանդե մատանի են գնում, նրանք ամուսնանում են: Ամեն ինչ երանություն է, բայց մի որոշ ժամանակ: Ապա անհետևողական արարքները տանում են դեպի քննադատություն: Փոքր թերությունները մեծացվում են, վերածվելով մեղք գտնելու մեծ տարափի, նրանք առանձնանում են, բաժանվում, և ապա, թշնամաբար ու ցավով ամուսնալուծվում:

Դա մի շրջան է, որը կրկնվում է կրկին ու կրկին հազարավոր դեպքերում: Դա ողբերգություն է, և ինչպես ասացի, հիմնականում դա բարկության դառը պտուղն է:

Ես մտածում եմ իմ ամուսնության մասին: Իմ հավերժական կողակիցը մահացավ երեքուկես տարի առաջ: Սակայն մենք միասին ապրել ենք 67 տարի: Ես երբեք չեմ հիշում, որ մենք վիճած լինենք: Նա ճամփորդում էր ինձ հետ և ելույթ ունենում բոլոր մայրցամաքներում, աղերսելով զսպվածություն, բարություն և սեր դրսևորել:

Տպագրված մի փոքր հոդված աչքովս ընկավ տարիներ առաջ, որը պատմում էր հետևյալը.

«Մի անգամ մի մարդ, որին թերթում զրպարտել էին, եկավ Էդվարդ Էվերեթ Հեյլի մոտ, հարցնելով, թե ինչ քայլեր ձեռնարկի: Էվերեթն ասաց. «Ոչինչ մի՛ արա: Թերթը գնած մարդկանց կեսը երբեք չի տեսել այդ հոդվածը: Հոդվածը տեսնողների կեսը չի կարդացել այն: Կարդացողների կեսը չի հասկացել այն: Հասկացողների կեսը չի հավատացել դրան: Իսկ հավատացողների կեսն ամեն դեպքում հաշվի մեջ չէ»» (“Sunny Side of the Street,” Nov. 1989; see also Zig Ziglar, Staying Up, Up, Up in a Down, Down World [2000], 174):

Մեզանից շատերը փոքր բաներից մեծ աղմուկ են բարձրացնում: Մենք այնքան հեշտորեն ենք վիրավորվում: Երջանիկ է այն մարդը, որն անտեսում է մեկ ուրիշի վիրավորական խոսքերը և առաջ գնում իր ճանապարհով:

Նախանձները, եթե թուլ տանք մեզ տագնապ պատճառեն, կարող են լուրջ ախտ դառնալ: Ցավոտ հիվանդության պես նրանք կարող են կլանել մեր ողջ ժամանակն ու ուշադրությունը: Այս երևույթը լավ է ներկայացրել Գի դը Մոպասանն իր պատմական անցքեր շարքում:

Դա վարպետ Հոչքամի մասին է, որը շուկայի օրը գնացել էր քաղաք: Նա տառապում էր ռևմատիզմով, և կաղալով դանդաղ գնալիս` մի պարանի կտոր տեսավ իր առջև: Նա վերցրեց այն և զգուշորեն դրեց իր գրպանը: Դա տեսավ նրա թշնամին` լծասարք պատրաստողը:

Այդ ժամանակ քաղաքապետի կողմից հաղորդագրություն էր տարածվել, որ փողով լի մի դրամապանակ է կորել: Ենթադրեցին, որ Հոչքամի վերցրածն այդ դրամապանակն էր, և նրան մեղադրեցին դրանում: Նա վճռականորեն մերժում էր մեղադրանքը: Նրա գրպանների ստուգումը ցույց տվեց, որ դա մի պարանի կտոր էր, սակայն նրան զրպարտելն այնքան էր նրան վրդովվել, որ այն հանգիստ չէր տալիս իրեն: Որտեղ գնում էր նա մարդկանց այդ մասին էր պատմում: Նա այնքան էր ձանձրացրել դրանով, որ մարդիկ բղավում էին նրա վրա: Դա նրան հիվանդացրեց:

«Նրա միտքն ավելի ու ավելի էր տկարանում, և դեկտեմբերի վերջին նա անկողին ընկավ:

Նա մահացավ հունվարի սկզբին, և մահամերձ վիճակում նա իր անմեղության մասին էր հայտարարում, կրկնելով.

«Մի՜ պարանի կտոր, մի՜ պարանի կտոր: Տեսե՛ք, ահա այն, պարոն քաղաքապետ»»: (See “The Piece of String,” http://www.online-literature.com/Maupassant/270/.)

Լրագրողները հարցազրույց էին անցկացրել զառամյալ տարիքի հասած մի մարդու հետ նրա ծննդյան օրը: Նրան հարցրել էին, թե ինչպես է իրեն հաջողվել այդքան երկար ապրել:

Նա պատասխանել էր. «Երբ ես և կինս ամուսնացանք, մենք որոշեցինք, որ եթե երբևէ վիճենք, մեզանից մեկը թող դուրս գա տնից: Ես իմ երկարակեցությունը բացատրում եմ այն փաստով, որ իմ ամուսնական կյանքում ես շատ մաքուր օդ եմ շնչել»:

Բարկությունը կարող է արդարացվել որոշ դեպքերում: Սուրբ գրություններն ասում են մեզ, որ Հիսուսը քշեց փող փոխանակողներին տաճարից, ասելով. «Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչուի. և դուք ավազակների այր եք արել դորան» (Մատթեոս ԻԱ.13): Սակայն անգամ սա ասվել է ավելի շուտ որպես հանդիմանություն, ոչ թե անզսպելի զայրույթի պոռթկում:

Արդ, իմ եղբայրնե՛ր, ավարտելով իմ խոսքը, ես աղերսում եմ ձեզ զսպեք ձեր զայրույթը, ժպտացե՛ք, դա կջնջի բարկությունը. ասեք սիրո և խաղաղության, գնահատանքի և հարգանքի խոսքեր: Եթե դուք այդպես վարվեք, ձեր կյանքում ոչ մի բանի համար չեք զղջա: Ձեր ամուսնական և ընտանեկան հարաբերությունները կպահպանվեն: Դուք ավելի երջանիկ կլինեք: Դուք շատ բարիք կգործեք: Դուք կունենաք խաղաղության զգացում, որը հրաշալի կլինի:

Թող Տերն օրհնի և ոգեշնչի ձեզ, որ դուք ապրեք առանց բարկանալու, առանց որևէ տեսակի դառնության, այլ ընկերական, գնահատանքի, սիրո խոսքերով օգնության հասեք մյուսներին: Սա է իմ խոնարհ աղոթքը Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Տպել