2007
Տիկին Փաթն՝ պատմությունը շարունակվում է

Տիկին Փաթն՝ պատմությունը շարունակվում է

Ես համոզված եմ, որ Երկնային Հայրը գիտեր նրա կարիքները և ցանկանում էր, որ նա լսի ավետարանի մխիթարիչ ճշմարտությունները:

Ես կարոտում եմ իմ գործընկեր Ջեյմս Է. Ֆաուստին այսօր և իմ սերն եմ հայտնում նրա սիրելի կնոջն ու ընտանիքին, և ես վստահ եմ, որ նա մեկ ուրիշ տեղում է ծառայում Տիրոջը: Ես ողջունում եմ նոր հաստատված Գերագույն Իշխանավորներին, նախագահ Այրինգին, Երեց Քուքին և Երեց Գոնզալեսին, և վստահեցնում եմ նրանց, որ լիովին կաջակցեմ իրենց:

Երեսունութ տարի առաջ Տաճարային Հրապարակի Թաբերնակլում տեղի ունեցող գերագույն համաժողովին ես խոսեցի իմ մանկության ընկերներից մեկի՝ Արթուր Փաթնի մասին, որը մահացել էր երիտասարդ տարիքում: Ելույթիս վերնագիրն էր` «Տիկի՛ն Փաթն, Արթուրը կենդանի է»:1 Իմ խոսքն ուղղված էր Արթուրի մորը՝ տիկի Փաթնին, որը Եկեղեցու անդամ չէր: Չնայած ես մեծ հույս չունեի, որ տիկին Փաթնն իրականում կլսի իմ ելույթը, ես ցանկանում էի հույսի և սիրո ավետարանի փառահեղ ուղերձով կիսվել բոլոր նրանց հետ, ովքեր լսում էին իմ ձայնը: Վերջերս ես զգում եմ, որ կարիք կա ևս մեկ անգամ հիշել Արթուրին և պատմել ձեզ, թե ինչ տեղի ունեցավ իմ այդ ելույթից հետո:

Նախ՝ թույլ տվեք պատմել ձեզ Արթուրի մասին: Նա շիկահեր, գանգրահեր և լայն ժպիտով մի տղա էր: Նա ամենաբարձրահասակ տղան էր դասարանում: Կարծում եմ, դա էր պատճառը, որ 1940 թվականին, երբ Եվրոպայի մեծ մասում մի մեծ ընդհարում էր սկսվել, որը պիտի դառնար 2-րդ Աշխարհամարտը, 15-ամյա Արթուրը կարողացավ թաքցնել իր տարիքը հավաքագրող սպաներին, և զինվորագրվեց նավատորմում: Արթուրի և շատ տղաների համար պատերազմն արկածային բան էր: Ես հիշում եմ, թե նա որքան տպավորիչ էր նավատորմի իր համազգեստով: Շատ էինք ցանկանում, որ տարիքով կամ առնավազն հասակով բարձր լինեինք, որպեսզի մենք էլ կարողանայինք զինվորագրվել:

Երիտասարդությունը հատուկ ժամանակ է կյանքում: Ինչպես գրել է Լոնգֆելլոն.

Ի՜նչ սքանչելի ես երիտասարդություն, քո ցոլքը՝ ի՜նչ վառ:

Պատրանքնե՜ր, ցանկություննե՜ր, անուրջնե՜ր:

Դու գի՛րք ես Ծննդոց, պատմություն՝ Անմար,

Օրիորդներդ՝ դիցական, պատանիներդ՝ բարեկամ:2

Արթուրի մայրը հպարտ էր կապույտ աստղով, որը զարդարում էր նրա հյուրասենյակի պատուհանը: Այն հուշում էր ամեն անցորդի, որ նրա որդին կրում է իր երկրի համազգեստը և ակտիվ ծառայության մեջ է: Երբ ես անցնում էի տան մոտով, նա հաճախ բացում էր դուռը և ինձ ներս հրավիրում, որպեսզի կարդամ Արթուրի նոր նամակը: Նրա աչքերը լցվում էին արցունքով, ապա, նա խնդրում էր, որ բարձր կարդայի: Արթուրը ամեն ինչ էր իր այրի մոր համար:

Ես դեռևս մտապահում եմ տիկին Փաթնի կոշտ ձեռքերը, որոնք զգուշությամբ դնում էին նամակը ծրարի մեջ: Դրանք ծանր աշխատանք կատարող ձեռքեր էին. տիկին Փաթնը հավաքարար էր քաղաքի կենտրոնի վարչական շենքում: Ամեն օր, բացի կիրակի օրերից, նրան կարելի էր տեսնել մայթով քայլելիս՝ դույլը և խոզանակը ձեռքին, ալեհեր մազերը ետևում ամուր ծամ կապած, ուսերը աշխատանքից հոգնած և տարիքից կորացած:

1944թ. մարտին, երբ պատերազմը մոլեգնում էր, Արթուրին USS Dorsey կործանիչ նավից տեղափոխեցին USS White Plains ինքնաթիռների բեռնակիր նավը: Սայփանում՝ Խաղաղ օվկիանոսի հարավային մասերում, նավի վրա գրոհեցին: Արթուրը նավում գտնվողներից մեկն էր, որ կորավ ծովում:

Կապույտ աստղը վերցվեց Փաթնների տան պատուհանի իր նվիրագործված տեղից: Դրա տեղը դրվեց ոսկյա աստղ, ցույց տալով, որ կապույտ աստղը խորհրդանշողը զոհվել է ճակատամարտում: Լույսը խամրեց տիկին Փաթնի կյանքում: Նա խարխափում էր կատարյալ խավարի և խորը հուսահատության մեջ:

Աղոթող սրտով ես քայլեցի ծանոթ ճանապարհով՝ դեպի Փաթնների տուն, մտածելով, թե մխիթարության ինչ խոսքեր կարող են ասել պատանի շուրթերը:

Դուռը բացվեց և տիկին Փաթնը գրկեց ինձ, ինչպես կգրկեր իր որդուն: Տունը դարձավ աղոթատուն, երբ վշտահար մայրը և անհամապատասխան զգացող պատանին ծնկի իջան աղոթելու:

Բարձրանալով աղոթքից, տիկին Փաթնը նայեց իմ աչքերին և ասաց. «Թոմի, ես ոչ մի եկեղեցի չեմ գնում, բայց դու գնում ես: Ասա ինձ, մի՞թե Արթուրը կրկին կապրի»: Իմ լավագույն կարողությամբ ես վկայեցի նրան, որ Արթուրն իսկապես կապրի նորից:

Շատ տարիներ առաջ այն գերագույն համաժողովին, երբ ես պատմեցի այս դեպքը, ես նշեցի, որ կորցրել եմ կապը տիկին Փաթնի հետ, սակայն կցանկանայի ևս մեկ անգամ պատասխանել նրա հարցին. «Մի՞թե Արթուրը կրկին կապրի»:

Ես պատմեցի աշխարհի Փրկչի մասին, որը քայլեց այն գյուղերի փոշոտ ճանապարհներով, որոնք մենք ակնածանքով կոչում ենք Սուրբ Երկիր. որն այնպես արեց, որ կույրը տեսնի, որ խուլը լսի, որ կաղը քայլի և մահացածը կենդանանա. Նա, ով քնքշորեն և սիրով հավաստիացրել է մեզ. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը»:3

Ես բացատրեցի, որ կյանքի ծրագիրը և նրա հավերժական ընթացքի բացատրությունը մենք ստանում ենք երկնքի և երկրի Տիրոջից, այսինքն՝ Տեր Հիսուս Քրիստոսից: Մահվան իմաստը հասկանալու համար մենք պետք է գնահատենք կյանքի իմաստը:

Ես նշեցի, որ արդի տնտեսության ժամանակ Տերը հայտարարել է. «Եվ արդ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Ես սկզբում Հոր մոտ էի, և Անդրանիկն եմ»:4 «Մարդը նույնպես սկզբում Աստծո մոտ էր»:5

Երեմիա մարգարեն գրել է.

«Տերը խոսեց ինձ հետ ու ասաց.

Դեռ քեզ…. չստեղծած, ես գիտեի քեզ. և դեռ չծնված…. ես սրբագործեցի քեզ և մարգարե կարգեցի ազգերի վրա»:6

Հոգիների փառահեղ կյանքից մենք ներս ենք մտնում կյանքի մեծ բեմ, որպեսզի ապացուցենք մեր հնազանդությունը Աստծո բոլոր պատվիրաններին: Մահկանացու կյանքի ժամանակ մենք աճում ենք անօգնական մանկությունից դեպի հետաքրքրասեր պատանեկությունը, և ապա դեպի մտախոհ հասությունը: Մենք ուրախություն և վիշտ ենք ապրում, խանդավառություն և հիասթափություն, հաջողություն և ձախողում: Մենք ճաշակում ենք քաղցրությունից, անմասն չմնալով դառնությունից: Սա մահկանացու կյանքն է:

Ապա յուրաքանչյուրիս հասնում է մահ կոչված փորձառությունը: Ոչ ոք բացառություն չէ: Բոլորը պետք է անցնեն մահվան շեմը:

Շատերի համար չարաբաստիկ և անհասկանալի է այդ ոչ ցանկալի այցելուն, որի անունն է մահ: Հավանաբար, անհայտության վախն է, որ շատերին ստիպում է սարսափել նրա գալստից:

Արթուր Փաթնի մահը հանկարծակի էր: Շատերինը՝ երկար ձգձգվող: Աստծո հայտնված խոսքից մենք գիտենք, որ «բոլոր մարդկանց հոգիները, հենց որ նրանք հեռանում են այս մահկանացու մարմնից…. տարվում են տուն՝ այն Աստծո մոտ, որը նրանց կյանք էր տվել»:7

Ես հավաստիացրեցի տիկին Փաթնին և բոլոր նրանց, ովքեր լսում էին, որ Աստված երբեք չի թողնի իրենց,– որ Նա աշխարհ է ուղարկել իր Միածին Որդուն, որպեսզի օրինակով ուսուցանի մեզ այն կյանքը, որ պիտի ապրենք: Նրա Որդին մահացավ խաչի վրա, որպեսզի փրկագնի ողջ մարդկությանը: Վշտահար Մարթային և իր աշակերտներին ուղղված Նրա խոսքերն այսօր մխիթարում են մեզ.

«Ես եմ հարությունը և կյանքը. ինձ հավատացողը թեև մեռնի էլ, կապրի.

Եվ ամեն ով որ կենդանի է և ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի»:8

«Իմ հոր տանը շատ բնակարաններ կան. ապա թե ոչ ես ձեզ կասեի. Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու

….Դարձյալ կգամ և ձեզ ինձ մոտ կառնեմ, որ ուր որ ես եմ, դուք էլ լինեք»:9

Ես կրկնեցի Հովհաննես Հայտնողի և Պողոս Առաքյալի վկայությունները.

«Եվ տեսա մեռելները մեծ և փոքր, Աստծո առաջ կանգնած….

Եվ ծովն իր մեջի մեռելները տվավ»:10

Պողոսը հայտարարել է. «Ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են»:11

Ես բացատրեցի, որ մինչև փառահեղ Հարության առավոտը մենք քայլում ենք հավատքով: «Որովհետև հիմա հայելու մեջ օրինակով ենք տեսնում. բայց այն ժամանակ դեմառդեմ»:12

Ես կրկին հավաստիացրեցի տիկին Փաթնին, որ Հիսուսը հրավիրել է նրան և բոլորին.

«Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ:

Ձեր վրա առեք իմ լուծը և ինձանից սովորեք. որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք»:13

Որպես իմ ուղերձի մաս, ես բացատրեցի տիկին Փաթնին, որ այդ գիտելիքը կօգնի նրան իր ցավի մեջ,– որ նա երբեք չի լինի անհավատի ողբերգական վիճակում, որը կորցնելով որդուն, ասում էր, երբ տղայի մարմինը հանձնում էին մայր հողին. «Հաջողություն, որդիս: Էլ երբեք չենք տեսնվի»: Դրա փոխարեն, գլուխը բարձր, անվեհեր քաջությամբ և անսասան հավատքով, նա կարող էր բարձրացնել աչքերը կապույտ Խաղաղ օվկիանոսի կոտրվող ալիքների վրա և շշնջալ. «Հաջողություն Արթո՛ւր, թանկագին որդի՛ս: Հաջողությո՛ւն… մինչև նոր հանդիպում»:

Ես մեջ բերեցի Թեննիսոնի խոսքերը, որ կարծես իր մորն ուղղված Արթուրի խոսքերն են.

Մայրամուտ և աստղ գիշերային,

Եվ պարզ մի կանչ ինձ համար:

Թող հառաչանք չլինի ափին,

Իմ ծով մտնելու համար….

Մթնշաղ և զանգ երեկոյան,

Եվ ապա՝ մթություն:

Երբ նավ ես բարձրանամ,

Չլինի թող հրաժեշտի տխրություն.

Իսկ թե ուղեծրից Ժամանակի և Տեղի

Հեղեղը ինձ հեռու տանի,

Հուսով եմ, Նավատարիս կտեսնեմ

Դեմառդեմ, երբ հլու ես ձողն անցնեմ: 14

Եզրափակելով իմ ուղերձը երկար տարիներ առաջ, ես իմ անձնական վկայությամբ կիսվեցի տիկին Փաթնի հետ, որպես հատուկ վկա, ասելով նրան, որ Աստված մեր Հայրը հիշում է նրա մասին. որ անկեղծ աղոթքի միջոցով նա կարող է հաղորդակցվել Նրա հետ, որ Նա նույնպես Որդի ուներ, որը մահացավ, այսինքն՝ Տեր Հիսուս Քրիստոսը, որ նրա Որդին մեր բարեխոսն է Հոր մոտ՝ Խաղաղության Իշխանը, մեր Փրկիչը և աստվածային Քավիչը, և մի օր մենք դեմառդեմ կտեսնենք Նրան:

Ես հույս ունեի, որ տիկին Փաթնին ուղղված իմ ուղերձը կհասնի նաև ուրիշներին և կազդի նրանց վրա, ովքեր կորցրել են հարազատի:

Եվ այժմ, իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես կիսվում եմ ձեզ հետ պատմության շարունակությամբ: Իմ ուղերձը ես հղել էի 1969թ. ապրիլի 6-ին: Կրկին ասեմ, որ ես շատ քիչ կամ գրեթե հույս չունեի, որ տիկին Փաթնն իրականում կլսի իմ ելույթը: Ես պատճառ չունեի մտածելու, որ նա կլսի գերագույն համաժողովը: Ինչպես ես նշեցի, նա Եկեղեցու անդամ չէր: Բայց հետո ես լսեցի, որ հրաշքի նման մի բան է կատարվել: Ոչ մի պատկերացում չունենալով, թե ով պիտի խոսի համաժողովի ժամանակ, և թե ինչ թեմաներով կլինեն ելույթները, տիկին Թերեզա Փաթնի հարևան Վերջին Օրերի Սրբերը Կալիֆորնիայում, ուր տեղափոխվել էր նա, հրավիրել էին նրան իրենց տուն, որպեսզի միասին լսեն համաժողովի նիստերից մեկը: Նա ընդունել էր նրանց հրավերը և լսել հենց այն նիստը, որտեղ իմ ելույթն ուղղված էր անմիջապես իրեն:

1969 թվականի մայիսի առաջին շաբաթվա ընթացքում, ի զարմանս և հուրախություն ինձ, ես նամակ ստացա, որի փոստային հասցեն էր Պոմոնա, Կալիֆորնիա, 1969թ. ապրիլի 29: Այն գրել էր տիկին Թերեզա Փաթնը: Ես կկարդամ ձեզ այդ նամակի մի մասը.

«Թանկագին Թոմի,

Հուսով եմ չես նեղանում, որ քեզ Թոմի եմ անվանում, քանի որ քեզ միշտ այդպիսին եմ հիշում: Ես չգիտեմ, թե ինչպես քեզ շնորհակալություն հայտնեմ քո մխիթարիչ ելույթի համար:

Արթուրը 15 տարեկան էր, երբ հավաքագրվեց նավատորմ: Նա սպանվեց 19 տարեկանը լրանալուց մեկ ամիս առաջ՝ 1944թ. հուլիսի 5-ին:

Հրաշալի էր իմանալ, որ դու հիշում ես մեզ: Ես չգիտեմ, թե ինչպես քեզ շնորհակալություն հայտնեմ քո մխիթարիչ խոսքերի համար և՛ Արթուրի մահվան ժամանակ, և՛ կրկին քո ելույթի ժամանակ: Տարիների ընթացքում ինձ մոտ շատ հարցեր էին կուտակվել, և դու պատասխանեցիր դրանց: Այժմ ես խաղաղություն եմ զգում Արթուրի համար…. Թող Աստված օրհնի և պաշտպանի քեզ միշտ:

Սիրով,

Թերեզա Փաթն»:15

Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես չեմ հավատում, որ պատահականություն էր այն, որ ես հուշում զգացի այդ հատուկ ելույթն ունենալ 1969 թվականի ապրիլի գերագույն համաժողովին: Հավատում եմ, որ պատահականություն չէր նաև այն, որ տիկին Փաթնին հարևանները հրավիրել էին իրենց տուն՝ միասին լսելու համաժողովի այդ հատուկ նիստը: Ես համոզված եմ, որ Երկնային Հայրը գիտեր նրա կարիքները և ցանկանում էր, որ նա լսի ավետարանի մխիթարիչ ճշմարտությունները:

Չնայած տիկին Փաթնի մահկանացու կյանքը վաղուց ավարտվել է, ես ուժեղ տպավորություն զգացի պատմելու ձեզ այն մասին, թե ինչպես Երկնային Հայրն օրհնեց և հոգաց նրա` մի այրու կարիքները: Իմ հոգու ողջ կորովով ես վկայում եմ, որ մեր Երկնային Հայրը սիրում է մեզանից յուրաքանչյուրին: Նա լսում է խոնարհ սրտի աղոթքները, նա լսում է օգնության մեր աղերսանքները, ինչպես նա լսեց տիկին Փաթնին: Նրա Որդին՝ մեր Փրկիչն ու Քավիչը, այսօր դիմում է մեզանից յուրաքանչյուրին. «Ահա ես դռան առաջին կանգնած եմ և թակում եմ. եթե մեկը լսի իմ ձայնը և դուռը բանա կմտնեմ նրա մոտ»:16

Կսլե՞նք մենք այդ թակոցը: Կլսե՞նք մենք այդ ձայնը: Կբացե՞նք այդ դուռը Տիրոջ համար, որ ստանանք այն օրհնությունը, որը նա պատրաստ է ապահովելու: Իմ աղոթքն է, որ մենք անենք դա. Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: