2007
Եկեղեցու թույլերն ու պարզամիտները
2007թ. նոյեմբեր


Եկեղեցու թույլերն ու պարզամիտները

Եկեղեցու ոչ մի անդամ Տիրոջ աչքում ավելի բարձր կամ ավելի ցածր չէ, քան` մյուսը:

Նկար

Մենք պատվում ենք Նախագահ Ջեյմս Է. Ֆաուստին, մենք կարոտում ենք նրան: Նրա սիրելի կինը` Ռութը մեզ հետ է այս առավոտ, և մենք մեր սերն ենք հղում նրան: Մենք ողջունում ենք նրանց, ովքեր կանչվեցին այսօր այն պաշտոններին, որոնք թվեց Նախագահ Հինքլին:

Խոսելով բոլորի անունից, ովքեր հաստատվեցին այսօր, մենք խոստանում ենք մեր ուժերի սահմանում անել լավագույնը, որպեսզի արժանի լինենք մեզ վրա դրված վստահությանը:

Մենք հաստատեցինք Եկեղեցու գերագույն իշխանավորներին, հանդիսավոր, սուրբ արարողակարգով: Այս ընդհանուր կարգը պահպանվում է, երբ ղեկավարները կամ ուսուցիչները կանչվում կամ ազատվում են որևէ պաշտոնից կամ երբ ցցի, ծխի, քվորումի կամ օժանդակ կազմակերպության վերակազմավորում է տեղի ունենում (տես ՎևՈւ 124.123, 144; տես նաև ՎևՈւ 20.65–67; 26.2): Սա յուրահատուկ է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն:

Մենք միշտ գիտենք, ով է կանչվել ղեկավարելու կամ ուսուցանելու և հնարավորություն ունենք հաստատելու կամ կողմ քվերակելու: Սա մարդու կողմից կատարված նորարարություն չէ, այլ տրվել է հայտնություններում. «Ոչ ոքի չպետք է տրվի առաջ գնալ՝ քարոզելու իմ ավետարանը կամ կառուցելու իմ եկեղեցին, մինչև որ նա չկարգվի մեկի կողմից, որն ունի իշխանություն, և եկեղեցուն հայտնի չլինի, որ նա ունի իշխանություն և կանոնավոր կերպով կարգված է եկեղեցու ղեկավարների կողմից» (ՎևՈւ 42.11; շեշտադրումն ավելացված է): Այսպիսով, Եկեղեցին պաշտպանված է ցանկացած ինքնակոչից, որը կարող էր ստանձնել քվորումի, ծխի, ցցի կամ Եկեղեցու պաշտոն:

Տիրոջ Եկեղեցում յուրահատուկ մեկ այլ սկզբունք գոյություն ունի: Ուսուցանելու և ղեկավարելու բոլոր պաշտոնները զբաղեցնում են Եկեղեցու անդամները: Սա նույնպես ասվել է սուրբ գրություններում: Վարդապետության և Ուխտերի մեկ հատված հաստատել է Եկեղեցու ղեկավարության կարգը բոլոր ժամանակների համար: Սա այն ժամանակ աննախադեպ երևույթ էր, անշուշտ չընդունված Քրիստոնյա եկեղեցիների կողմից, այդպես է նաև այսօր.

«Ուստի, ես՝ Տերս, իմանալով այն աղետի մասին, որը պիտի գա երկրի բնակիչների վրա, կանչեցի իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերին, և երկնքից խոսեցի նրա հետ, և նրան պատվիրաններ տվեցի….

Աշխարհի թույլ բաներն առաջ պիտի գան և ջարդեն զորավորներին և ուժեղներին….

Այլ, որ ամեն մարդ կարողանա խոսել Տեր Աստծո, այսինքն՝ աշխարհի Փրկչի անունով.

Որ նաև հավատքն ավելանա երկրի վրա.

Որ իմ հավիտենական ուխտը հաստատվի.

Որ իմ ավետարանի լրիվությունը թույլերի և պարզամիտների միջոցով հռչակվի աշխարհի ծայրերում և թագավորների ու կառավարիչների առաջ:

Ահա, ես եմ Աստված և ասել եմ դրանք. այս պատվիրաններն ինձանից են և տրվել են իմ ծառաներին իրենց թուլության մեջ, ըստ նրանց լեզվի, որ նրանք կարողանան հասկացողության գալ» (ՎևՈւ 1.17, 19–24):

Ես անչափ երախտապարտ եմ այդ սուրբ գրության համար, որը բացատրում է, որ Տերը կօգտագործի «աշխարհի թույլ բաներին»:

Յուրքանչյուր անդամ ծառայության կանչը ընդունելու պատասխանատվություն է կրում:

Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկն ասել է. «Տիրոջ ծառայության մեջ կարևոր չէ որտեղ ես ծառայում, այլ կարևոր է ինչպես ես ծառայում: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու տվյալ պաշտոնի կոչվում է նա, ով պատշաճ կերպով կանչվում է, ով չի ձգտում այդ պաշտոնին կամ հրաժարվում դրանից» (in Conference Report, Apr. 1951, 154): Եկեղեցին մասնագիտացված հոգևոր աշխատողներ չունի: Ամբողջ աշխարհում ղեկավար պաշտոններում կանչվում են անդամներից: Մենք մասնագիտացած ղեկավարների վերապատրաստման սեմինարներ չունենք:

Եկեղեցում կատարվող ամեն ինչ` ղեկավարելը, ուսուցանելը, կարգելը, աղոթելը, երգելը, հաղորդություն պատրաստելը, խորհուրդ տալը և մնացած ամեն ինչ, կատարվում է հասարակ անդամների կողմից` «աշխարհի թույլ բաների» կողմից:

Մենք տեսնում ենք, որ Քրիստոնյա եկեղեցիները պայքարում են, որպեսզի իրենց հոգևոր աշխատողների պակասը լրացնեն: Մենք չունենք այդ խնդիրը: Երբ ավետարանը քարոզվում է և Եկեղեցին կազմավորվում, մենք ունենում ենք հավատարիմ եղբայրների և քույրերի անսպառ թվաքանակ, ովքեր ունեն այդ վկայությունը և արձագանքում են ծառայելու կանչին: Նրանք նվիրվում են Տիրոջ աշխատանքին և ապրում են իրենցից ակնկալվող չափանիշներով:

Մկրտվելուց հետո անդամներին շնորհվում է Սուրբ Հոգին (տես ՎևՈւ 33.15; 35.6): Սուրբ Հոգին կուսուցանի և կմխիթարի նրանց: Այդ ժամանակ անհրաժեշտության դեպքում կամ պաշտոնի բերումով նրանք պատրաստ կլինեն ստանալու առաջնորդություն, ուղղություն և ուղղում: (Տես Հովհաննես ԺԴ.26; ՎևՈւ 50.14–19; 75.10:)

Այս սկզբունքով Եկեղեցին տարբերվում է աշխարհի մյուս բոլոր Քրիստոնյա եկեղեցիներից: Մենք տեսնում ենք, որ գտնվում ենք ոչ սովորական տեղում` ունենալով ուսուցիչների և ղեկավարների անվերջ թվաքանակ` աշխարհի բոլոր ազգերի, ցեղերի, լեզուների և ժողովուրդների մեջ: Առանձնահատուկ հավասարություն գոյություն ունի անդամների մեջ: Մեզանից ոչ ոք իրեն չի համարում մյուսներից ավելի արժեքավոր: (Տես ՎևՈւ 38.24–25:) «Աստված աչառ չէ. Այլ ամեն ազգումն, ով որ վախենում է նորանից` և արդարություն է գործում, ընդունելի է նորան» (Գործք Ժ.34–35; տես նաև Հռովմայեցիս Բ.11; ՎևՈւ 1.35; 38.16):

Երբ ես երիտասարդ էի, մի շատ ծեր քրոջ տնային ուսուցիչն էի: Նա ուսուցանեց ինձ իր կյանքի փորձից:

Երբ նա փոքր աղջնակ էր, Նախագահ Բրիգամ Յանգը այցելել էր Բրիգամ քաղաք` մեծ իրադարձություն իր անունով անվանված քաղաքում: Նրան պատվելու համար Երեխաների Խմբի բոլոր երեխաները սպիտակ հագած շարքով կանգնել էին քաղաք մտնող ճանապարհի եզրին, նրանք իրենց ձեռքի ծաղկեփնջերը պետք է նետեին Եկեղեցու Նախագահի կառքի առաջ:

Ինչ-որ բան նրա դուրը չէր եկել: Իր ծաղկեփունջը նետելու փոխարեն նա ոտքով մի քար էր հրել դեպի կառքը` ասելով. «Նա ոչ մի բանով լավը չէ իմ պապիկ Լավլանդից»: Դա լսել էին և նրան սաստիկ կշտամբել:

Ես վստահ եմ, որ Նախագահ Բրիգամ Յանգն առաջինը կհամաձայնվեր փոքրիկ Ջենի Սթիդի հետ: Նա իրեն ավելի արժեքավոր չէր համարի, քան պապիկ Լավլանդը կամ Եկեղեցու այլ արժանի անդամ:

Տերը շատ պարզ է ասել. «Ձեզանից ով որ կամենա առաջին լինել, թող ձեզ ծառա լինի» (Մատթեոս Ի.27): «Նա նշանակված է լինել ամենամեծը, չնայած, նա ամենափոքրն է և բոլորի ծառան» (ՎևՈւ 50.26):

Տարիներ առաջ, երբ ես առաջին անգամ հանձնարարություն ստացա, որի արդյունքում իմ լուսանկարը հայտնվեց թերթում, իմ դպրոցի ուսուցիչներից մեկը, որն ակնհայտորեն բավականին զարմացել էր, ասաց. «Դա պարզապես ապացուցում է, որ նայելով գորտին չես կարող ասել, թե որքան բարձր այն կցատկի»:

Ոչ թե ցատկող, այլ ցեխի մեջ նստած գորտի պատկերը ցույց է տալիս, թե որքան անհամապատասխան եմ ինձ զգացել, երբ ընդունել եմ ինձ տրված պատասխանատվությունները:

Այդ զգացումները հաստատում են, որ, ի վերջո, ոչ ոք չի կարող իրեն ավելի բարձր համարել մեկ ուրիշից` ոչ մեկից:

Տարիներ առաջ տեղի ունեցած մի բան ևս ինձ համար հանելուկ մնաց: Քառասունվեց տարի առաջ ես 37 տարեկան սեմինարիայի ղեկավար էի: Իմ Եկեղեցու կոչումը Լինդոն Ծխի դասարանի ուսուցչի օգնական լինելն էր:

Ի մեծ զարմանս ինձ, ես կանչվեցի հանդիպելու Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյի հետ: Նա վերցրեց իմ երկու ձեռքերն իր ձեռքերի մեջ և կանչեց ինձ լինելու Գերագույն Իշխանություններից մեկը` Տասներկու Առաքյալների Քվորումի Օգնական:

Մի քանի օր անց, ես եկա Սոլթ Լեյք Սիթի հանդիպելու Առաջին Նախագահության հետ, որպեսզի ձեռնադրվեմ որպես Եկեղեցու Գերագույն Իշխանավոր: Առաջին անգամ էր, որ ես պետք է հանդիպեի Առաջին Նախագահությանը` Նախագահ Մակքեյին և նրա խորհրդականներին` Նախագահ Հյու Բ. Բրաունին և Նախագահ Հենրի Դ. Մոյլին:

Նախագահ Մակքեյը բացատրեց, որ Տասներկու Առաքյալների Օգնականի պատասխանատվություններից մեկն է Տասներկու Առաքյալների Քվորումի հետ կանգնել որպես հատուկ վկա և վկայություն բերել, որ Հիսուսը Քրիստոսն է: Այն, ինչ նա ասաց դրանից հետո, ցնցեց ինձ. «Նախքան մենք քեզ կձեռնադրենք, ես խնդրում եմ բերես քո վկայությունը մեզ համար: Մենք ցանկանում ենք իմանալ, որ դու ունես այդ վկայությունը»:

Ես իմ կարողության չափով վկայեցի: Իմ վկայությունը նման էր այն վկայություններին, որ ես բերում էի իմ ծխի ծոմի և վկայության ժողովին: Ի զարմանս ինձ, Նախագահության Եղբայրները կարծես գոհ էի և ինձ շնորհեցին այդ պաշտոնը:

Դա ինձ մեծապես ապշեցրեց, քանի որ ինձ թվում էր, որ նման պաշտոնին կանչվող մարդը պետք է արտասովոր, տարբեր և շատ ծավալուն վկայություն և հոգևոր զորություն ունենար:

Ես ապշած էի երկար ժամանակ, մինչև վերջապես կարողացա հասկանալ, որ ես արդեն ունեմ այն, ինչ հարկավոր է` մնայուն վկայություն իմ սրտում, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով ավետարանի լրիվությունը վերականգնվել է, որ մենք Երկնային Հայր ունենք, և որ Հիսուս Քրիստոսը մեր Քավիչն է: Ես հնարավոր է ամեն ինչ չգիտեի այդ մասին, սակայն ես ունեի վկայություն, և ես ցանկանում էի սովորել:

Ես հավանաբար չէի տարբերվում նրանցից, ում մասին խոսվում է Մորմոնի Գրքում. «Եվ ով որ գալիս է ինձ մոտ կոտրված սրտով և փշրված հոգով, նրան կմկրտեմ ես կրակով և Սուրբ Հոգով, ճիշտ ինչպես Լամանացիները մկրտվեցին կրակով և Սուրբ Հոգով՝ ինձանում իրենց հավատքի պատճառով, իրենց դարձի ժամանակ, և չիմացան դա» (3 Նեփի 9.20; շողագրումն ավելացված է):

Տարիների հետ ես տեսա, թե որքան զորավոր է այդ պարզ վկայությունը: Ես հասկացա, որ մեր Երկնային Հայրը մեր հոգիների Հայրն է (տես Թվոց ԺԶ.22, Եբրայեցիս ԺԲ.9, ՎևՈւ 93.29): Նա հայր է` իր ողջ հայրական քնքուշ սիրով: Հիսուսն ասել է. «Նորա համար, որ Հայրն ինքը սիրում է ձեզ. որովհետև դուք ինձ սիրել եք և հավատացել եք, թե ես Աստուածանից դուրս եկա» (Հովհաննես ԺԶ.27):

Մի քանի տարի առաջ ես և Նախագահ Մերիոն Գ. Ռոմնին պետք է հանդիպեինք միսիայի նախագահներին և նրանց կանանց Ժնևում, Շվեյցարիա: Նա ասաց նրանց, որ 50 տարի առաջ, լինելով միսիոներ Ավստրալիայում, մի օր կեսօրին գնացել էր գրադարան: Երբ դուրս էր եկել, արդեն մութ էր: Նա նայել էր աստղալից երկնքին, և դա տեղի էր ունեցել: Հոգին դիպչել էր նրան և հաստատուն վկայություն էր ծնվել իր հոգում:

Նա ասաց միսիայի նախագահներին, որ ինքը լինելով Առաջին Նախագահության անդամ ավելի հաստատ չգիտի, որ Հայր Աստվածն ապրում է, որ Հիսուսը Քրիստոսն է, Աստծո Որդին, Հոր Միածինը, և որ ավետարանի լրիվությունը վերականգնվել է, քան 50 տարի առաջ, երբ միսիոներ պատանի էր Ավստրալիայում: Նա ասաց, որ իր վկայությունը փոխվել էր նրանով, որ ավելի հեշտ լիներ Տիրոջից պատասխան ստանալը: Տիրոջ ներկայությունն ավելի մոտ էր, և այժմ նա Տիրոջն ավելի լավ գիտեր, քան 50 տարի առաջ:

Մարդիկ բնականորեն հակված են նայելու նրանց, ովքեր հաստատվում են նախագահող պաշտոններում, և համարել նրանց ավելի բարձր և ավելի արժեքավոր Եկեղեցում կամ իրենց ընտանիքներում, քան սովորական անդամները: Ինչ-որ կերպ մեզ թվում է, թե նրանք ավելի մեծ արժեք ունեն Տիրոջ աչքում, քան` մենք: Դա պարզապես այդպես չէ:

Ինձ և կնոջս շատ կհիասթափեցնի այն, եթե իմանանք, որ մեր երեխաները ենթադրում են, թե մեր կարծիքով մենք ավելի արժեքավոր ենք ընտանիքի կամ Եկեղեցու համար, քան իրենք, կամ որ Եկեղեցու մի կոչումը վեր է դասվում մյուսից, կամ ինչ-որ մի կոչում ավելի քիչ կարևոր է:

Վերջերս որդիներիցս մեկը հաստատվեց որպես ծխի միսիայի ղեկավար: Նրա կինն ասաց մեզ, թե որքան էր ոգևորվել նա այդ կոչումով: Դա համապատասխանում է իր աշխատանքի շատ բարձր պահանջներին: Նա միսիոներական ոգի ունի և կօգտագործի իր իսպաներենը, որը նա մշտապես հղկել է իր միսիայից ի վեր: Մենք ևս անչափ ուրախ էինք նրա կանչի համար:

Այն, ինչ իմ որդին և նրա կինն են անում իրենց փոքր երեխաների համար, գերազանցում է ամեն բան, ինչ նրանք կարող էին անել Եկեղեցում կամ դրսում: Ոչ մի ծառայություն Տիրոջ համար ավելի կարևոր չէ, որքան միմյանց հանդեպ և իրենց երեխաների հանդեպ նրանց նվիրվածությունը: Դա վերաբերում է նաև մեր մյուս երեխաներին: Ի վերջո, Եկեղեցում ակտիվությունը կենտրոնացած է տան և ընտանիքի վրա:

Որպես Եկեղեցու Գերագույն Իշխանություններ մենք ձեզ նման ենք, դուք էլ մեզ նման: Հայտնության զորությունները նույնքան մատչելի են ձեզ, ձեր ընտանիքների, ձեր աշխատանքի և ձեր կոչումների համար, որքան և մեզ:

Ճիշտ է նաև այն, որ Եկեղեցում կարգ գոյություն ունի: Երբ դուք կանչվում եք ինչ-որ պաշտոնի, հայտնություն եք ստանում այդ պաշտոնի համար, որը չի տրվի ուրիշներին:

Եկեղեցու ոչ մի անդամ կամ ոչ մի պաշտոն Տիրոջ աչքում ավելի բարձր կամ ավելի ցածր չի համարվում: Պարզապես այդպես չի լինում: Հիշեք, որ Նա հայր է` մեր Հայրը: Տերն «անաչառ է անձանց հանդեպ»:

Տիրոջ գործն առաջ տանելիս մենք ավելի արժեքավոր չենք, քան եղբայր և քույր Տուոտայ Պալետուանները Թոնգայի Նուկուալոֆայից, կամ եղբայր և քույր Կառլոս Սիֆուենտեսները Չիլիի Սանտիագոյից, կամ եղբայր և քույր Պիտեր Դեյլբութները Նիդեռլանդներից, կամ եղբայր և քույր Տատսուի Սատոները Ճապոնիայից, կամ հարյուրավոր այլ անդամներ, որոնց ես հանդիպել եմ ամբողջ աշխարհում ճամփորդելիս: Դա պարզապես այդպես չէ:

Այսպիսով, Եկեղեցին առաջ է գնում: Այն առաջ է տարվում արժանի անդամների ուսերի վրա, որոնք ապրում են սովորական կյանքով սովորական ընտանիքներում, առաջնորդվելով Սուրբ Հոգով և Քրիստոսի Լույսով, որն իրենց մեջ է:

Ես վկայություն եմ բերում, որ ավետարանը ճշմարիտ է, և որ հոգիների, յուրաքանչյուր հոգու, արժեքը մեծ է Տիրոջ աչքում, և որ մենք օրհնված ենք լինելու Եկեղեցու անդամներ: Ես վկայություն ունեմ, որը որակում է ինձ արժանի լինելու իմ կոչմանը: Ես ունեմ այդ վկայությունն այն ժամանակվանից, երբ տարիներ առաջ հանդիպեցի Առաջին Նախագահությանը: Ես բերում եմ այդ վկայությունը ձեզ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: