2007
Ծառայություն

Ծառայություն

Եղանակներ գտեք օրհնելու ուրիշների կյանքը, այսպես կոչված, պարզ ծառայությամբ:

Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը մի անգամ մեջբերում է արել Աբրահամ Լինկոլնից, ասելով. «Նրա համար, ինչպիսին որ եմ կամ հույս ունեմ լինելու, ես պարտական եմ իմ հրեշտակ մորը»:1 Այս խոսքերը լավ բացատրում են իմ սեփական մոր հանդեպ իմ զգացումները: Վայոլա Ջին Գոուտս Սնոու, բոլորի համար Ջենին, ծնվել է 1929 թվին և մահացել է իր 60-ամյակին մի փոքր անց, 1989 թվին: Նա ինձ սովորեցնում էր և խրախուսում: Նա իսկապես ինձ համոզեց, որ ես կարող եմ հասնել ցանկացած բանի, ինչի ցանկանամ: Նա նաև պատժում էր ինձ: Ինչպես իմ որդիներն են ասում իրենց մոր մասին. «Նա տուրիստական գործակալ է մեղավոր ուղևորությունների համար»: Նա հիանալի մայր էր, մեծ օրինակ, և գրեթե մի օր չի անցնում, որ չմտածեմ և չկարոտեմ նրան:

Մահից մի քանի տարի առաջ նրա մոտ քաղցկեղ հայտնաբերեցին, մի հիվանդություն, որի դեմ նա մեծ խիզախությամբ պայքարեց: Ընտանիքով մենք սովորեցինք, որքան էլ դա տարօրինակ թվա, որ քաղկեղը սիրո հիվանդություն է: Այն հնարավորություն է տալիս վերացնել ցանկապատները, ասել ցտեսություն և արտահայտել սերը: Մահից մի քանի շաբաթ առաջ մենք ընտանեկան սենյակում էինք, իմ պատանեկության տանը: Մայրս լավ ճաշակ ուներ և գեղեցիկ իրեր էր սիրում: Նա նաև սիրում էր ճանապարհորդել, սակայն մեր ընտանիքը համեստ բյուջեով էր ապրում և այդ երազանքները ամբողջովին չիրականացան: Այս իմանալով, ես նրան հարցրեցի, թե արդյոք նա չի՞ ափսոսում ինչ-որ բանի համար: Ես ամբողջովին ակնկալում էի լսել, որ նա միշտ կուզենար ունենալ ավելի մեծ ու գեղեցիկ տուն, կամ, մի գուցե, կարտահայտեր իր տխրությունն ու հիասթափությունը` ճանապարհորդելու հնարավորություն չունենալու համար: Նա մի պահ մտածեց հարցիս վրա և պարզապես պատասխանեց. «Կուզենայի ավելի շատ ծառայել»:

Ես ցնցված էի նրա պատասխանով: Մայրս միշտ ընդունել է Եկեղեցու կոչումները: Նա ծառայել է որպես ծխի Սփոփող Միության նախագահ, Կիրակնօրյա Դպրոցի ուսուցիչ, այցելող ուսուցիչ և Երեխաների Խմբում: Երբ երեխա էինք, մենք միշտ ճաշ, ջեմ և պահածո մրգեր էինք բաժանում մեր հարևաններին և ծխի անդամներին: Երբ ես հիշեցրեցի նրան այս ամենը, նա պնդում էր: «Ես կարող էի ավելին անել», - այն էր, ինչ նա ասաց: Իմ մայրն ապրեց լիարժեք և օրինակելի կյանք: Նա սիրված էր ընտանիքի և ընկերների կողմից: Նա շատ բանի հասավ կյանքում, որը հաճախ բարդ էր, և որը կարճ տևեց հիվանդության պատճառով: Չնայած այս ամենին, նրա ամենամեծ զղջանքը ոչ բավական շատ ծառայելն էր: Այժմ ես չէմ կասկածում, որ մորս երկրային զոհաբերությունը ընդունվել է Տիրոջ կողմից, և որ նա ողջունվել է Նրա կողմից: Բայց ինչո՞ւ էր այդ միտքը դեռ նրա գլխում մահից միայն մի քանի օր առաջ: Ի՞նչ է ծառայությունը և ինչո՞ւ է այն այդքան կարևոր Հիսուս Քրիստոսի ավետարանում:

Առաջինը, մեզ պատվիրված է ծառայել միմյանց:

Առաջին պատվիրանն է` սիրել Աստծուն:

«Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պես»:2

Մենք արտահայտում ենք մեր սերը, երբ օգնում և ծառայում ենք միմյանց:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է. «Ոչ ոք չի կարող լինել Վերջին Օրերի իսկական Սուրբ, եթե նա չի սիրում իր հարևանին, եթե չի հասնում օգնության նրան և ուրիշներին: Ավետարանի էության մեջ է դա անելու մեր պարտականությունը: Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք չենք կարող ապրել մեզ համար»:3

Փրկիչը Իր աշակերտներին սովորեցրել է այս կարևոր սկզբունքի մասին Մատթեոսում.

«Տեր, ե՞րբ տեսանք քեզ սոված, և կերակրեցինք, կամ ծարավ, և խմեցրինք:

Ե՞րբ տեսանք քեզ օտար և մեզ մոտ առանք, կամ մերկ, և հագցրինք:

Ե՞րբ տեսանք քեզ հիվանդ, կամ բանտի մեջ, և եկանք քեզ մոտ:

Թագավորն էլ կպատասխանէ և կասէ նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետև այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք, ինձ արիք»:4

Այս ծառայությունը պետք է տրվի առանց եսասիրության և առանց անձնական շահ կամ հատուցում ստանալու մտքի: Այն պետք է տրվի, երբ կարիքը կա, ոչ թե երբ հարմար է: Ծառայելու հնարավորությունները միշտ ակնհայտ չեն, քանի որ մարդկային էությամբ մենք մտահոգված ենք մեր ցանկություններով և կարիքներով: Մենք պետք է դիմակայենք նման միտումների և գտնենք ծառայելու հնարավորություններ: Երբ այցելում ենք նրանց, ովքեր տառապում են հիվանդությունից, կորցրել են սիրելի մարդուն, կամ այլ վշտի մեջ են, բավական չէ պարզապես ասել. «Եթե կարող եմ ինչ-որ բանով օգնել, զանգեք»: Դրա փոխարեն, եղանակներ գտեք օրհնելու ուրիշների կյանքը, այսպես կոչված, պարզ ծառայությամբ: Ավելի լավ է անել աննշան բաներ, քան ընդհանրապես ոչինչ չանել:

Երկրորդ, որպես Եկեղեցու անդամներ մենք պարտավոր ենք ընդունելու ծառայության կոչումները երկրի վրա Աստծո արքայությունը կառուցելու համար: Երբ մենք ծառայում ենք տարբեր կոչումներում, մենք օրհնում ենք մյուսների կյանքը: Միսիոներական աշխատանքի արդյունքում կյանքեր են փոխվում, երբ մարդիկ սովորում են Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին և վկայություն ստանում դրա ճշմարտության մասին: Տաճարային սուրբ աշխատանքով մենք օրհնում ենք նրանց կյանքը, ովքեր մեզանից առաջ են ապրել: Ավետարանի ծառայության մեջ մենք արտոնություն ունենք ուսուցանելու ուրիշներին, ամրացնելու երիտասարդներին և օրհնելու փոքր երեխաների կյանքը, երբ նրանք սովորում են պարզ ճշմարտություններ ավետարանի մասին: Եկեղեցու ծառայության մեջ մենք սովորում ենք զոհաբերել և օգնել մյուսներին:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը, որը ծառայության մեծ օրինակ է, ասել է.«Աստված նկատում է մեզ, և նա հետևում է մեզ: Սակայն դա մեկ այլ մահկանացուի միջոցով է, որ նա հոգում է մեր կարիքները: Այսպիսով, շատ կարևոր է, որ մենք ծառայենք միմյանց արքայության մեջ»: 5 Եկեղեցու ծառայության պատասխանատվությունը, սակայն, չի ազատում մեզ մեր ընտանիքներին և հարևաններին ծառայելու պատասխանատվությունից: Նախագահ Քիմբալը շարունակում է, նախազգուշացնելով. «Մեզանից ոչ ոք չպետք է լինի այնքան զբաղված Եկեղեցու մեր հանձնարարություններով, որպեսզի ժամանակ չմնա մեր հարևաններին լուռ Քրիստոնեական ծառայություն մատուցելու համար»:6

Վերջապես, մենք պարտականություն ունենք ծառայություն մատուցելու մեր համայնքներում: Մենք պետք է աշխատենք, որպեսզի բարելավենք մեր տարածքը, մեր դպրոցները, մեր քաղաքները: Ես գովում եմ մեր մեջ գտնվողներին, որոնք անկախ իրենք քաղաքական համոզմունքների, աշխատում են տեղական, պետական և ազգային կառավարական մարմիններում մեր կյանքը բարելավելու ուղղությամբ: Նմանապես, ես գովում եմ նրանց, ովքեր nրպես կամավորներ հատկացնում են իրենց ժամանակից և միջոցներից աջակցելու համայնքային և մարդասիրական արժանի նախաձեռնություններին, որոնք օրհնում են ուրիշների կյանքը և դարձնում են աշխարհն ավելի լավ վայր ապրելու համար: Իմ պապիկը ինձ փոքր տարիքում սովորեցնում էր. «Հասարակական ծառայությունը այն վարձն է, որը մենք տալիս ենք երկրի վրա մեր տեղի համար»:

Ծառայությունը պահանջում է եսասիրության բացակայություն, ուրիշների հետ կիսվել և տալ: Ես և կինս մի թանկ դաս ենք սովորել Աֆրիկայում ծառայելիս: Մենք պետք է գնայինք շրջանի համաժողովին Ջինիայում, Ուգանդա: Շաբաթ վաղ առավոտյան մինչև ժողովների սկսելը մենք օգտվեցինք հնարավորությունից և գնացինք տարածքի նոր հավաքատունը: Երբ հասանք շենքի մոտ, մեզ դիմավորեց երեք-չորս տարեկան մի փոքր տղա: Նա եկել էր Եկեղեցու տարածք տեսնելու, թե ինչ է այնտեղ կատարվում: Նրա լայն ժպիտով գերված, Քույր Սնոուն պայուսակից հանեց թղթով փաթաթված պինդ իրիս կոնֆետ: Նա զմայլված էր:

Մենք մի քանի րոպե շրջեցինք հավաքատանը, հետո դուրս եկանք: Դրսում մեզ սպասում էին ավելի քան տասնյակ ժպտացող երեխաներ, որոնք բոլորը ուզում էին տեսնել նոր հայտնված կոնֆետների տիկնոջը:

Ֆիլիսը ծանր սրտով տվեց վերջին կոնֆետը տղային: Նա հուսահատ նշան էր անում երեխաներին, որ այլևս չունի: Փոքր տղան, որը սկզբում մեզ դիմավորեց, տվեց իր կոնֆետը Քույր Սնոուին, ցույց տալով, որ նա բացի այն: Ծանր սրտով Ֆիլիսը բացեց կոնֆետը, սպասելով, որ տղան իր ընկերների նախանձող աչքերի առաջ կդնի կոնֆետն իր բերանը:

Դրա փոխարեն, ի զարմանս մեզ, նա հերթով մոտեցավ իր ընկերներին, որոնք հանում էին լեզուները և հաճույքով մի անգամ լիզում կոնֆետը: Փոքր տղան շարունակեց շրջանով, երբեմն լիզելով իր հերթին, մինչև կոնֆետը վերջացավ:

Կիսվելու այս դրսևորման մեջ կարելի է վիճել հիգիենայի բացակայության մասին, սակայն ոչ ոք չի կարող հերքել այս փոքր տղայի տված օրինակը: Եսասիրության բացայությունը, կիսվելն ու տալը ծառայության համար էական են: Այդ երեխան այդ դասը լավ էր սովորել:

Իմ հույսն ու աղոթքն է, որ մենք կարողանանք անել ավելին ծառայություն մատուցելիս: Եթե մենք չկարողանանք ծառայել, մենք չենք կարողանա ստանալ վերականգնված ավետարանի արտոնությունների և օրհնությունների լիությունը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: