2007
Հավատք, ընտանիք, փաստեր և պտուղներ
2007թ. նոյեմբեր


Հավատք, ընտանիք, փաստեր և պտուղներ

Եկեղեցու աճը և ուրիշների կողմից ավելացող հարցումները մեծ հնարավորություն են ընձեռում մեզ` կամուրջներ կառուցել, ընկերներ ձեռք բերել և ճշգրիտ տեղեկություն ներկայացնել:

Նկար

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, 1997թ. հարյուրհիսունամյակը նշելուց ի վեր, ամբողջ աշխարհում Եկեղեցու վերաբերյալ հարցումները մեծ ծավալների են հասել: Այդ աճող հետաքրքությունը պայմանավորված է մեր արագ աճով, այնպիսի իրադարձություններով, ինչպիսին էին Ձմեռային Օլիմպիական խաղերը, որոնք անցկացվեցին Սոլթ Լեյք Սիթիում, ինչպես նաև մեր շատ անդամների ընտրած մասնագիտություններով:

Ես վստահ եմ, որ հարցերն ուղղվում են ոչ միայն Եկեղեցուն, այլև ձեզ` որպես անհատ անդամների: Հեշտ չէ բացատրել մի բան այնքան մեծ, որքան Եկեղեցին է, կամ այնքան հրաշալի, որքան վերականգնված ավետարանն է, այն մարդկանց, ովքեր մի փոքր գիտեն կամ ոչինչ չգիտեն մեր մասին: Նույնիսկ որոշակի ուղղվածություն ունեցող հարցերին ավելի դժվար է պատասխանելը, որովհետև ամեն հարց թվում է կապված է մյուս հարցերի հետ: Հիմնականում ամենաընդունված խնդրանքը, որ ուղղվում է մեզ, բավականին պարզ է և այսպես է ձևակերպվում. «Պատմեք մի փոքր ձեր Եկեղեցու մասին»: Հիմնական բառը «փոքրն» է: Նրանք չեն ասում. «Պատմեք ինձ այն, ինչ գիտեք, և ապա ուղարկեք մյուսներին, որ պատմեն մնացած բաները»:

Իհարկե, մենք ողջունում ենք մարդկանց հետաքրքրությունը, և շատերը կցանկանան ավելին սովորել մեր վարդապետությունների և հավատալիքների մասին: Ահա թե ինչու մենք ունենք 53,000 լիաժամկետ միսիոներներ, որոնք իրենց հաշվին ծառայում են ամբողջ աշխարհում:

Բայց մենք պետք է հիշենք, որ տարբերություն կա հետաքրքրության և պարզապես հետաքրքրասիրության մեջ: Երբեմն մարդիկ պարզապես ուզում են իմանալ, թե ինչ Եկեղեցի է սա: Նրանք, ովքեր ընդհանուր առմամբ են հետաքրքված, արժանի են ստանալու մաքուր և ճշգրիտ տեղեկություն, որն ուղղակիորեն պետք է տրամադրեն մեզանից նրանք, ովքեր անդամներ են, որպեսզի նրանք չհիմնվեն ոչ լիարժեք պատասխանների, կես ճշմարտությունների կամ կեղծ սահմանումների վրա, որոնք տրամադրում են լրատվամիջոցները կամ դրսի այլ ձայները: Եկեղեցու մասին շատ թյուրիմացությունների և կեղծ տեղեկության մեջ մեր իսկ մեղքը կա, որ որոշակիորեն չենք բացատրել, թե ով ենք մենք և ինչին ենք մենք հավատում:

Հասարակական Գործերի Հանձնաժողովը, որտեղ ես եմ ծառայում, եկել է այն եզրակացության, որ մեծ կարիք է զգացվում պարզ, հասարակ բացատրությունների, որոնք հետաքրքրվողներին կներկայացնեն Եկեղեցու հիմնական նկարագիրը, ինչպիսին որ կա այն այսօր: Թույլ տվեք կիսվել ձեզ հետ որոշ մտքերով, որոնք մեր կարծիքով օգտակար կլինեն: Դուք կարող եք պատրաստել ներկայացվող կետերի ձեր անձնական ցուցակը, որը կօգնի ձեզ բացատրել ձեր ընկերներին և այլ հավատների ձեր ծանոթներին այն, թե ինչին ենք մենք հավատում: Դա օգտակար կլինի ձեզ համար, ինչպես ինձ համար է, մեկ էջի վրա գրված ունենալ այսօրվա Եկեղեցու վերաբերյալ փաստերը, որպեսզի Հավատո հանգանակի հետ միասին տրամադրեք նրանց:

Ահա չորս թեմա, որոնք կօգնեն այսօր ինչ-որ մեկին հիմնական պատկերացում կազմել Եկեղեցու մասին: Ամեն մի կետի տակ տրվում են պարզ սահմանումներ, որոնք, իմ կարծիքով, օգտակար կլինեն: Փորձեք պատկերացնել, որ դրանք կարդում կամ լսում է մեկը, որը հիմնականում ոչինչ չգիտի մեր մասին: Չորս հիմնական թեմաներն են` փաստեր, հավատ, ընտանիք և վերականգնված ավետարանի պտուղներ:

Փաստեր

Որոշ փաստեր ներառում են.

  • Առաջին, «Մորմոն» բառը մականուն է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու համար: Անդամներին հաճախ անվանում են «Մորմոններ», «Վերջին Օրերի Սրբեր» կամ «ՎՕՍ»: «Սուրբ» բառը նշանակում է «անդամ»:

  • Երկրորդ, Եկեղեցին վերականգնվել է 1830թ. Նյու Յորք նահանգի հյուսիսում, իսկ Ջոզեֆ Սմիթը առաջին մարգարեն և եկեղեցու նախագահն էր: Այսօր Եկեղեցու վարչական կենտրոնը գտնվում է Սոլթ Լեյք Սիթիում, իսկ այսօրվա մարգարեն է Նախագահ Գորդոն Բ. Հինքլին:

  • Երրորդ, այժմ Եկեղեցին ունի 13 միլիոն անդամ 176 երկրներում և տարածքներում: Նրանցից 6 միլիոնը Միացյալ Նահանգներում են, ըստ որի Ամերիկայի քրիստոնյա մեծ կրոնների շարքում մենք գրավում ենք չորրորդ տեղը: Որպես Քրիստոնյա հավատներից ամենաարագ աճողն աշխարհում, մենք ամեն աշխատանքային օր մի նոր աղոթատուն ենք ավարտում: Անդամները տասանորդ են վճարում, որը նրանց եկամտի 10 տոկոսն է, և դա հնարավոր է դարձնում այս և այլ ծրագրերի կատարումը:

  • Չորրորդ, տեղական համայնքները ղեկավարվում են կամավորների կողմից, որոնք չվճարվող անդամներ են: Տղամարդիկ և կանայք ծառայում են իրենց հանձնարարված ղեկավար պաշտոններում:

  • Եվ հինգերորդ, Մորմոնները լավ ներկայացված են քաղաքական և կառավարական շրջանակներում (Միացյալ Նահանգներում կան 16 Կոնգրեսականներ` երկու քաղաքական կուսակցություններից:) Ողջ աշխարհում անդամները նաև բարձր և վստահելի պաշտոններ են գրավում բիզնեսի, բժշկության, իրավագիտության, կրթության, լրատվամիջոցների, սպորտի և զվարճանքի բնագավառներում:

Հավատ

Հաջորդը, մարդիկ պետք է իմանան մեր հավատի մասին, որպես ուժեղ ավանդական արժեքներով նվիրված Քրիստոնյաների: Հավատո հանգանակի հետ մենք պետք է շեշտենք, որ.

  • Մենք հավատում ենք հոգու հավերժական լինելուն, որ Աստված մեր հոգիների Հայրն է, և որ մահանալուց հետո մենք կարող ենք վերադառնալ Նրա մոտ:

  • Մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը մեր անձնական Փրկիչն է, և մենք փորձում ենք մեր կյանքն ապրել Նրան և Նրա ուսմունքներին հետևելով: Մենք հիշում ենք Քրիստոսի քավող զոհաբերությունը կիրակնօրյա մեր երկրպագության ծառայություններում, որը նման է մյուս եկեղեցիների հավաքներին: Մենք ընդունում ենք որպես եղբայր Քրիստոնյաներ բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է և ողջ մարդկության Փրկիչը: Շատ Քրիստոնյաներ չեն հասկանում, որ մենք շատ բաներով նման ենք իրենց: Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսը մեր հավատի առանցքն է, և մնացած ամեն ինչ դրա հավելումն է (տես Elders’ Journal, July 1838, 44): Եկեղեցու անունն է` Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի:

  • Մենք հավատում ենք, որ սկզբնական եկեղեցին, որը Հիսուսը հաստատեց, կորսվել էր և կրկին վերականգնվել մեր օրերում: Քահանայությունը մարդուն տրված իշխանություն է` գործելու Աստծո անունից, որի հետ միասին առաքյալներն ու մարգարեն ղեկավարում են մեզ, այն վերականգնվել է, ինչպես և փրկության բոլոր անհրաժեշտ արարողությունները:

  • Մենք հավատում և օգտագործում ենք Աստվածաշունչը` Հին և Նոր Կտակարանները:

  • Նաև մենք հավատում ենք Մորմոնի Գրքին և այլ սուրբ գրքերին, որոնք օժանդակում և հաստատում են Աստվածաշունչը, և վկայում են Քրիստոսի ծառայության և աստվածային լինելու մասին, ինչպես նաև Աստծո կողմից մարդուն տրվող շարունակական հայտնության մասին: Իսկապես, Մորմոնի Գիրքը «Եվս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին»:

Ընտանիք

Հաջորդը, լավ կլինի, որ մարդիկ իմանան, թե որքան է մեր դավանանքը և մեր ապրելակերպը կենտրոնացած ընտանիքի շուրջ: Կրկին անգամ նշում եմ, որ հասարակ սահմանումներն օգտակար կլինեն մարդկանց, ովքեր անտեղյակ են, սակայն հետաքրքրվում են, թե մենք որքան կարևոր ենք համարում ընտանիքը:

  • Մորմոնները հատկապես մեծ ուշադրություն են դարձնում ընտանիքի վրա, որպես Եկեղեցու և հասարակության հիմնական միավորի: Մենք խորը պարտավորվածություն ենք զգում ամուսնության համար (որը բնորոշվում է որպես տղամարդու և կնոջ միություն): Բազմակնությունը, որը կարճատև կիրառում էր գտել նախկինում, Եկեղեցու վաղ օրերին, այլևս չի գործածվում 1890 թվականից ի վեր, մոտ 117 տարի:

  • Ընտանիքները և անհատները, անկախ նրանից անդամները մեր հավատից են, թե ոչ, կարող են հաճախել մեր հավաքատներում անցկացվող Եկեղեցու ծառայություններին: Այստեղ միասին մենք երկրպագում և միմյանց ուսուցանում ենք սուրբ գրություններից:

  • Վերջին Օրերի Սուրբ ընտանիքներին խորհուրդ է տրվում ամեն շաբաթ ընտանեկան երեկոներ անցկացնել, հիմնականում` երկուշաբթի երեկոյան: Սա ծնողներին կանոնավոր հատկացվող ժամանակ է տալիս իրենց զավակներին արժեքներ ուսուցանելու և միասին զվարճանալու համար: Մենք հրավիրում ենք նրանց, ովքեր մեր հավատից չեն, այս նույնը կատարել իրենց ընտանիքներում:

  • Եկեղեցին օժանդակ ծրագրեր ունի կանանց, երիտասարդների և երեխաների համար, որպես օգնություն ընտանիքին: Այդ ծրագրերը ներառում են կրոնական ուսուցում, Քրիստոնեական ծառայության հնարավորություններ, սպորտ, բեմադրություն, երաժշտություն և սկաուտական շարժում:

  • Նաև մեծ ուշադրություն է դարձվում ընտանիքի մահացած անդամների, տոհմաբանության և ընտանիքի անհատական պատմության վրա, երիտասարդների և տարեցների ուշադրությունը կենտրոնացնելով իրենց արմատների, ինքնության և պատկանելության վրա: Մեր հավատի բարձրագույն և ամենասուրբ արարողությունները վերաբերում են մեր ընտանիքներին` և՛ ապրողներին և՛ մահացածներին, և այդ արարողություններից մի քանիսը կատարվում են տաճարներում:

Պտուղներ

Այժմ, նրանց, ովքեր մի քանի փաստեր գիտեն մեր և մեր հավատի ու ընտանիքի կարևորության մասին, Փրկիչն ասել է. «Նրանց պտուղներով կարող ենք ճանաչել նրանց» (Մատթեոս Է.20; շեղագրումն ավելացված է): Եկեղեցին, կամ կյանքի ցանկացած կողմ պետք է դատել ըստ դրա պտուղների կամ դրան հետևող արդյունքից: Ահա Միացյալ Նահանգների վիճակագրության վրա հիմնված մի քանի օրինակներ: Սակայն դրանք նույնն են ամբողջ աշխարհում ակտիվ Մորոմոնների մոտ (մենք ի նկատի ունենք նրանց, ովքեր կանոնավոր եկեղեցի և տաճար են հաճախում):

  • Պտուղներից մեկը երկարակեցությունն է: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Մորմոններն ազգային միջին մակարդակից ավելի առողջ են և, հետևաբար, ավելի երկարակյաց: 1833թ. Տերը Ջոզեֆ Սմիթին է հայտնել Իմաստության Խոսքը, որը խորհուրդներ է պարունակում երկար և առողջ կյանք վայելելու համար:

  • Երկրորդ, տաճարում ամուսնություն կնքած և կանոնավոր տաճար հաճախող անդամների մոտ ամուսնալուծությունների թիվը շատ ավելի ցածր է ազգային և ամբողջ աշխարհի մակարդակից:

  • Երրորդ, մեր կրթական մակարդակն ազգային միջին մակարդակից ավելի բարձր է:

  • Չորրորդ, ավելի քան 70000 անդամներ իրենց հաշվին կամավոր կերպով ծառայում են ամբողջ աշխարհում` 18–24 ամիս մարդասիրական ծառայություններում, Եկեղեցու հանձնարարություններում և լիաժամկետ միսիայում:

  • Հինգերորդ, մենք մեծ շեշտադրում ենք անում ինքնաապահովման և պատշաճ աշխատանքային էթիկայի վրա: Մենք քաջալերում ենք մեր համայնքներում ակտիվ ներգրավվածությունը և մյուսներին ծառայություն մատուցելը: Եկեղեցին շարունակում է նվիրատվություններ կատարել գումարի, ապրանքների և ծառայությունների տեսքով, մարդասիրական օգնություն տրամադրելով ամբողջ աշխարհում, ներառյալ անթիվ ժամերը, որ անդամները նվիրաբերում են աղետների ժամանակ մաքրման և սփոփման գործեր կատարելով:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես պարզել եմ, որ մարդիկ կարդում կամ կենտրոնանում են միայն մի քանի կարևոր փաստերի վրա: Ինչ էլ որ դուք ընտրեք, որպեսզի ձեր ընկերներին կամ ծանոթներին պատմեք Եկեղեցու մասին, գրեք այն, ճշտեք դրա ստույգությունը և պահպանեք պարզ ու հակիրճ ձևը:

Եկեղեցու աճը և ուրիշների կողմից ավելացող հարցումները մեծ հնարավորություն են ընձեռում մեզ` կամուրջներ կառուցել, ընկերներ ձեռք բերել և ճշգրիտ տեղեկություն ներկայացնել: Սակայն դա կարող է նաև թյուրիմացությունների և երբեմն նույնիսկ նախապաշարմունքի տեղիք տալ, եթե ոչ թե մենք ներկայացնենք, այլ թույլ տանք ուրիշներին որոշել, թե ով ենք մենք և ինչին ենք հավատում:

Ընդհանուր առմամբ, խնդիր չունենք նրանց հետ, ովքեր անհատապես ճանաչում են մեր անդամներին: Սակայն կան միլիոնավոր մարդիկ, ովքեր ծանոթ չեն մեր հավատի անդամներից ոչ մեկին: Ես հույս ունեմ, որ նրանք, ովքեր շատ քիչ գիտեն մեր Եկեղեցու մասին, կփորձեն ավելին իմանալ մեր մասին: Ես հույս ունեմ, որ նրանք կփորձեն ծանոթանալ մեր անդամների հետ, և ոչ թե մեր մասին կդատեն թյուր տեղեկությունից, որը տրվում է նրանց կողմից, ովքեր չգիտեն, և որոշ դեպքերում նրանց կողմից, ովքեր դիտավորյալ շեղում են կամ զրպարտում:

Դուք որպես անդամներ կարող եք օգնել այս հարցում` կիսվելով այն տեղեկությամբ, որը տրված է Հավատո հանգանակում, և այն թեմաներով, ինչպիսիք են` փաստերը, հավատը, ընտանիքները և ավետարանի պտուղները:

Մենք նաև պետք է հիշենք, որ երբեմն մարդկանց հետաքրքրությունը բավարարող լավագույն միջոց կարող է լինել ցույց տալը, թե ինչպես ենք մենք ապրում, ինչպես ենք ավետարանի ուրախությունը արտահայտում մեր կյանքում, ինչպես ենք վերաբերվում ուրիշներին և որքան անկեղծորեն ենք հետևում Քրիստոսի ուսմունքներին:

Նրանք, ովքեր ցանկանում են ավելին իմանալ, քան իմ ներկայացրած հիմնական կետերը, պետք է կանչեն միսիոներներին, որոնք կուսուցանեն նրանց վարդապետությունը` Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի 3-րդ գլխից: Միսիոներները գիտեն, թե ինչպես պատասխանեն նրանց հարցերի մեծ մասին և ուղղորդեն նրանց դեպի զրույցներ և մկրտություն:

Այժմ է ժամանակը մեզ բոլորիս համար` պատմել մյուսներին, թե ովքեր ենք մենք: Պատրաստեք մի քանի պարզ փաստեր, օրինակ այն փաստերը, որոնցով ես կիսվեցի ձեզ հետ այսօր, և օգնեք հետաքրքրվողներին մի փոքր իմանալ Եկեղեցու մասին, որից հետո նրանք կարող են ցանկություն ունենալ ավելին իմանալ ավետարանի Վերականգնման մասին:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, երբեք մի տատանվեք անկեղծորեն և սիրով բերելու ձեր վկայությունը: Անձնական վկայության զորությունը չի կարող մերժվել և այն ավելին իմանալու հետաքրքրություն է բոցավառում ուրիշների մոտ: Ես գիտեմ, որ սա ճիշտ է և ձեզ հետ իմ անխախտ վկայությունն եմ թողնում, որ ես գիտեմ` Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ճշմարիտ է, և ես այս վկայությունը բերում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: