2007
Ամրապնդենք տունն ու ընտանիքը
2007թ. նոյեմբեր


Ամրապնդենք տունն ու ընտանիքը

Տերն ակնկալում է, որ դուք աջակցեք ձեր հավերժական ընտանիքի վեհացմանը:

Նկար

Ամեն կիրակի Մոնղոլիայից մինչև Մանչեսթեր և Միսսիսիպի, Եկեղեցու երիտասարդ կանայք կրկնում են այս ոգեշնչված խոսքերը. «Մենք պատրաստ կլինենք ամրացնել մեր տունը և ընտանիքը, կապել և պահել սրբազան ուխտերը, ստանալ տաճարային ծեսերը և վայելել վեհացման օրհնությունները» («Երիտասարդ Կանանց թեմա», Երիտասարդ Կանանց անձնական զարգացում [գրքույկ, 2001], 5):

Թեպետ սա Երիտասարդ Կանանց թեման է, այն վերաբերում է Եկեղեցու բոլոր երիտասարդներին: Իմ երիտասարդ եղբայրնե՛ր և քույրե՛ր, հուսով եմ այն կօգնի ձեզ հասկանալ, թե որքան զորավոր կարող են լինել ձեր անհատական գործերը` ձեր տունն ու ընտանիքը ամրացնելու ուղղությամբ, անկախ ձեր պայմաններից: Ես հասկանում եմ, որ ձեզանից շատերը հնարավոր է ձեր ընտանիքում միակ Եկեղեցու անդամն են:

Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը մեզ հիշեցնում է, որ «մեծ օրհնություն է լինել ընտանիքի մի մասը … Ոչ բոլոր ընտանիքներն են միանման, սակայն ամեն մեկն էլ կարևոր է Երկնային Հոր ծրագրում» ([pamphlet, 2001], 10):

Բոլոր ընտանիքներն էլ ամրացվելու կարիք ունեն` կատարյալ ընտանիքից մինչև ամենաբարդ խնդիրներով ընտանիքը: Դուք կարող եք դա անել: Իրականում, որոշ ընտանիքներում հնարավոր է դուք լինեք հոգևոր ուժի միակ աղբյուրը: Տերն ակնկալում է, որ դուք բերեք ավետարանի օրհնությունները ձեր ընտանիք:

Կարևոր է հաստատել արդարակեցության օրինակ ձեր անձնական կյանքում, որը ձեզ հնարավորություն կտա լավ օրինակ ծառայել ձեր ընտանիքին, ինչպիսին էլ որ այն լինի:

Ձեր արդարակյաց կյանքի օրինակը կամրացնի ձեր ընտանիքը: Այս տարվա գարնանը Երիտասարդ Կանանց գերագույն ժողովին Նախագահ Հինքլին երիտասարդ կանանց տվեց «չորս կետից բաղկացած մի պարզ ծրագիր», որը ոչ միայն «կապահովի ձեր երջանկությունը», այլև կօրհնի ձեր ընտանիքը: Նա խորհուրդ տվեց մեզանից յուրաքանչյուրին. «(1) աղոթեք, (2) ուսումնասիրեք, (3) վճարեք ձեր տասանորդը, և (4) հաճախեք ձեր ժողովներին»: («Թող առաքինությունը զարդարի ձեր մտքերն անդադար», Լիահոնա, մայիս 2007, 115):

Ամեն օր աղոթքով փնտրելով Տիրոջ օգնությունը, մեծ օրհնություններ կբերեք ձեր ընտանիք: Հարցրեք ինքներդ ձեզ. «Իմ ընտանիքից ո՞ւմ կարող են օգուտ բերել իմ անհատական աղոթքները»: «Ի՞նչ կարող եմ ես անել, որպեսզի օժանդակեմ և խրախուսեմ ընտանեկան աղոթքը»:

Սուրբ գրություններն անհատապես ուսումնասիրելով, դուք կճանաչեք Փրկչին և կիմանաք Նրա ուսմուքները: Նրա օրինակից դուք կիմանաք ինչպես սիրել, ծառայել և ներել ձեր ընտանիքի անդամներին: Մտածեք, թե ինչպես կարող եք սուրբ գրությունների ձեր հասկացողությամբ կիսվել ձեր ընտանիքի հետ:

Տարբեր առիթներով Նախագահ Հինքլին հորդորել է մեզ, որ «մեզ համար հնարավոր ողջ կրթությունը ստանանք» (Լիահոնա, մայիս 2007, 116): Ձեր կրթությունը կօգնի ձեր ընտանիքին այժմ և իհարկե կօրհնի ձեր ապագա ընտանիքը: Ի՞նչ կարող եք այժմ անել, որպեսզի ծրագրեք և պատրաստվեք լավ կրթություն ստանալուն:

Նախագահ Հինքլին ուսուցանել է մեզ. «Չնայած տասանորդը վճարվում է դրամով, սակայն ավելի կարևոր է, որ այն վճարվի հավատով» (Լիահոնա, մայիս 2007, 117): Դուք տեսե՞լ եք հավատով տասանորդ վճարելու օրհնությունները: Երբ դուք հնազանդվեք այս պատվիրանին, Տերը «կբացի … երկնքի պատուհանները» (Մաղաքիա Գ.10), օրհնելով ձեզ և ձեր ընտանիքին:

Ինչպե՞ս կարող է ձեր ժողովներին, հատկապես հաղորդությանը, հաճախելն օրհնել ձեզ և ձեր ընտանիքին: Մշտապես հաղորդություն ընդունելը կօրհնի ձեզ պահել ձեր մկրտության ուխտը: Եթե արժանիորեն ապրեք և ամեն շաբաթ նորացնեք այս ուխտը, դուք կարժանանաք Հոգու առաջնորդությանը: Սուրբ Հոգին կուղեկցի ձեզ և կսովորեցնի ձեզ ինչ անել ձեր ընտանիքն օրհնելու համար:

Եթե ստանձնեք կատարել արդակեցության այս պահանջները, դուք կօրհնվեք ձեր ողջ կյանքում և հոգևոր հիմք կկառուցեք, որի արդյունքում դուք կկարողանաք օրինակով ամրացնել ձեր ընտանիքը: Ա Տիմոթեոսում, Պողոսն ուսուցանում է մեզ օրինակի մասին. «Ոչ ոք քո մանկությունը չանարգե, այլ օրինակ եղիր հավատացյալներին խոսքով, վարքով, սիրով, հոգով, հավատքով, սրբությունով» (Ա Տիմոթեոս Դ.12):

Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի ընտանիքին նվիրված բաժնում տրված են հրաշալի խորհուրդներ, թե ինչպես կարող եք ձեր տանը լինել «հավատացյալի օրինակ».

«Եղեք ուրախ, օգնող և ուշադիր ուրիշների հանդեպ … Հոգածություն ցուցաբերեք ընտանիքի անդամների կարիքների հանդեպ: …

Պատվեք ձեր ծնողներին՝ սեր և հարգանք ցուցաբերելով նրանց հանդեպ և հնազանդ լինելով … Մասնակցեք ընտանեկան միջոցառումներին և ավանդույթներին, ինչպիսիք են` ընտանեկան աղոթքը, ընտանեկան երեկոները և սուրբ գրություններն ընտանիքով ընթերցելը: Այդ ավանդույթները ամրապնդում և միավորում են ընտանիքները…

Ամրապնդեք ձեր հարաբերությունները ձեր եղբայրների և քույրերի հետ: Նրանք կարող են դառնալ ձեր ամենամոտ ընկերները» (10–11):

Հաճախ օրինակը լավագույն ուսուցիչն է: Ձեր ընտանիքում ո՞վ կարող է օգտվել ձեր օրինակից` եղբայրը, քույրը, ձեր մայրը, թե՞ հայրը:

Թույլ տվեք իմ կյանքից մի դեպք պատմել, թե ինչպես եղբորս արդարակյաց օրինակի շնորհիվ մեր ընտանիքը հավերժորեն օրհնվեց:

Եղբայրս և ես ծնվել ենք «լավ ծնողներից» (1 Նեփի 1.1), ովքեր սիրել և մեծ զոհաբերություններ են արել երկուսիս համար, սակայն մեր ընտանիքը չէր օրհնվել տաճարային սուրբ արարողություններով:

Տարիներ առաջ, դեկտեմբերյան մի օր, մենք նամակ ստացանք եղբորիցս, որը ծառայում էր Հյուսիսային Կալիֆորնիայի Միսիայում: Ծրարի վրա գրված էր. «Չբացեք, մինչև բոլորդ միասին չլինեք»:

Հայրս, մայրս և ես հավաքվեցինք և բացելով յոթ էջանոց տպագիր նամակը, մենք կարդացինք աղոթքի վերաբերյալ նրա վկայությունը: Նա ուսուցանում էր մեզ սուրբ գրություններից հավերժական ընտանիքների վարդապետությունը: Մենք կարդացինք նրա փորձառության մասին, թե ինչպես էին ծոմն ու աղոթքը օգնել իր ունկնդիրներին պատրաստվել ստանալու մկրտության արարողությունը: Նա վստահեցնում էր մեզ, որ մեր ընտանիքը ևս կարող է օրհնվել ծոմի և աղոթքի միջոցով: Այնուհետև գալիս էր նրա առաջարկի մասը. «Երկու ամիս առաջ Սթենֆորդ Ծխի եպիսկոպոսը խոսեց մի թեմայի մասին, որն իսկապես մեծ զարկ է ընտանիքին … Եպիսկոպոսի ելույթն ինձ ստիպեց կանգ առնել և մտածել, թե որոնք են նպատակները, որոնք ես կցանկանայի իրականացնել կյանքում: Իմ մտքում բարձրագույն նպատակն այն է, որին ես կուզենայի հասնել իմ ընտանիքով … դա, իհարկե, Տիրոջ Տանը ժամանակի և հավերժության համար ձեր հետ կնքվելն է, մայրիկ և հայրիկ: Ես ձեզ շատ եմ սիրում և ցանկանում եմ, որ մեր ընտանիքը միասին լինի հավերժության մեջ»:

Այս խոսքերով էր նա ավարտում նամակը. «Թող Տերն առաջնորդի ձեզ այդ կարևոր որոշումն ընդունելիս և իմ աղոթքն է, որ դուք որպես ընտանիք միասին աղոթեք»:

Լինելով դեռահաս, ես նույնպես աղոթում էի, որպեսզի այս օրհնությունը գար մեր ընտանիք: Այժմ այդ նամակը հույս պարգևեց իմ արդար ցանկությանը:

Նոր տարին մեր ընտանիքի համար փոփոխություններ կատարելու ժամանակ էր: Մի քանի ամսվա ընթացքում մենք հաստատեցինք արդարակյաց ընտանիքի օրինակ: Որպես ընտանիք, մենք միասին աղոթում էինք, ուսումնասիրում տաճարային արարողությունների մասին, տասանորդ վճարում և կանոնավոր հաճախում մեր ժողովներին: Միսիայից եղբորս վերադառնալուց շատ չանցած մենք պատրաստ էինք տաճարային արարողություններ ստանալուն: Երբ մենք տաճարում շրջապատեցինք սուրբ զոհասեղանը և որպես ընտանիք կնքվեցինք ժամանակի և ողջ հավերժության համար, ես գիտեի, որ Տերը լսել էր և պատասխանեց մեր աղոթքներին:

Կարո՞ղ եք դուք փոփոխություն բերել ձեր ընտանիք: Այո՛, կարող եք: Ես հաճախ մտածում եմ, ինչպիսին կլիներ իմ ընտանիքի հավերժական առաջընթացը, եթե եղբայրս չգրեր այդ զորավոր նամակը: Արդարակեցության նրա օրինակը փոխեց մեր կյանքը:

Երեց Ռոբերտ Դ. Հելսն ասել է. «Եթե մեր ծնողներից լավ օրինակ չի եկել, մեր պատասխանատվությունն է` խզել այդ օղակը …Յուրաքանչյուր ոք կարող է ճիշտ ավանդույթներ ուսուցանել հետագա սերունդներին» (“How Will Our Children Remember Us?” Ensign, Nov. 1993, 10):

Հիշեք. «Ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում՝ Իր զավակների հավերժական ճակատագրի համար» (Ընտանիք` Հայտարարություն Աշխարհին, Լիահոնա, հոկտ. 2004, 49): Հավերժական ընտանիքները կազմված են անհատներից: «Կատարեք ձեր մասը՝ երջանիկ տուն կառուցելու համար» (Երիտասարդներին զորացնելու համար, 10): Ձեր կյանքում հաստատեք արդարակեցության նպատակներ: Եվ եղեք հավատացյալի օրինակ: Տերն ակնկալում է, որ դուք աջակցեք ձեր հավերժական ընտանիքի վեհացմանը:

Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է: Նա ճանաչում և սիրում է ձեզ: Նա օրհնել է ինձ և իմ ընտանիքը, և ես գիտեմ` Նա կօրհնի ձեզ և ձեր ընտանիքը: Այս մասին ես խոնարհ վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: