2007
Աստված օգնում է հավատարիմ քահանանայություն կրողներին
2007թ. նոյեմբեր


Աստված օգնում է հավատարիմ քահանանայություն կրողներին

Ուղերձը կարող է գալ խոսքերով ձեր մտքում կամ զգացումներով կամ երկուսը միասին: Սակայն այն…. վստահություն և առաջնորդություն կտա ձեզ այն ամենի համար, ինչ դուք պետք է անեք:

Նկար

Այսօր իմ մտքերն աշխարհում ինչ-որ մի տեղ ապրող մի պատանու մասին են: Նա մտածում է, թե արդյոք կարող է անել այն, ինչ որպես քահանայություն կրող պահանջվում է իրենից: Ես նույնպես ունեի այդ մտահոգությունը, երբ 13 թե 14 տարեկան էի:

Երբ ես փոքր էի, մեր ընտանիքը միսիայում էր, որտեղ մեր փոքր ճյուղը հավաքվում էր մեր տանը: Հետո մենք տեղափոխվեցինք մի տարածք, որտեղ կային ցցեր և մեծ ծխեր, ժողովարաններ և տղաների քվորումներ, որոնք կարծես բոլորն ինձանից շատ ավելին գիտեին քահանայության գործերի մասին: Այդ ծխում հաղորդության բաժանումը շատ բարդ ձև ուներ: Ես գրեթե համոզված էի, որ երբ հաղորդությունը պատրաստելու կամ բաժանելու իմ հերթը գա, ես չեմ կարողանալու ճիշտ անել:

Հիշում եմ, որ վախից և հուսահատությունից ես ժողովարանից դուրս էի գնում, որ մենակ լինեմ: Ես անհանգիստ էի: Ես աղոթում էի, որ օգնություն և համոզվածություն ստանամ, որ Աստծո քահանայության ծառայությունը կատարելիս չձախողվեմ:

Այժմ շատ տարիներ են անցել: Ավելի քան 50 տարի ես կրում եմ Մելքիսեդեկյան քահանայությունը: Սակայն վերջին մի քանի օրերին ես ունեմ այդ նույն զգացումը և աղոթում եմ, որ օգնություն և համոզվածություն ստանամ, որ չեմ ձախողվի Առաջին Նախագահության իմ կոչումը կատարելիս: Ուրիշները, թվում է, շատ ավելի ունակ են ծառայելու և շատ ավելի լավ են պատրաստված: Այնուամենայնիվ, աղոթելով այս անգամ, կարծում եմ ես զգում էի մի պատասխան, որը, հավանաբար, ինձ ուղարկվեց Յեյլկրեստ ծխի այն ժողովարանի տարիների բակից: Դուք կարող եք ակնկալել, որ նույն պատասխանը կստանաք, երբ ձեզ քահանայության կոչում տրվի, որը կարող է ձեր ուժերից վեր թվալ:

Ուղերձը կարող է գալ խոսքերով ձեր մտքում կամ զգացումներով, կամ երկուսը միասին: Սակայն այն կներառի առնավազն երեք բան, ինչը վստահություն և առաջնորդություն կտա ձեզ այն ամենի համար, ինչ դուք պետք է անեք այդ անհաղթահարելի թվացող կոչման մեջ:

Առաջին հավաստիացումը կգա այն ժամանակների հիշողությունից, երբ Երկնային Հայրը ձեզ օգնել է վտանգների և դժվարությունների միջով անցնելիս: Վերջին մի քանի օրերին ես հիշել եմ դրանք:

Երիտասարդ տարիներին, երբ դեռ ապրում էինք Նյու Ջերսիում, մեր տան առաջ հավաքվել էր բարկացած մարդկանց մի մեծ ամբոխ: Մայրս դուրս եկավ հանդիպելու նրանց, միայնակ կանգնած այս մեծ ամբոխի մեջ, որը շատ սարսափելի էր թվում: Ես չլսեցի, թե մայրս ինչ ասաց նրանց, բայց մի քանի րոպեից նրանք խաղաղված ետ գնացին: Ես դեռևս հիշում եմ, որ հրաշքի ականատես եղա:

Մեկ ուրիշ անգամ, չափահաս տարիքում ես ավելի թարմ հիշողություն ունեմ բարկացած մարդկանց բազմության մասին, որին պետք է դիմակայեի՝ ըստ Առաջին Նախագահության կանչի, և որն անսպասելի և անբացատրելի ձևով ազդվեց հանգստության և հաշտության ոգով: Ինձ ուղարկել էին ելույթ ունենալու Միացյալ Նահանգների եկեղեցական առաջնորդների և սպասավորների առջև, որոնք հավաքվել էին Մինեապոլիսում, որպեսզի քննարկեն եկեղեցիների միջև գոյություն ունեցող մրցակցության խնդիրը:

Երբ ժամանեցի, պարզեցի, որ ինձ հանձնարարված է ելույթ ունենալ: Իմ թեման էր. «Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որպեսզի Եկեղեցին վերականգնվի Ջոզեֆ Սմիթի միջոցով»: Վերջին պահին ես փոխարինել էի Երեց Նիլ Ա. Մաքսվելին:

Երբ ժողովների նախորդող երեկոյան ժամանեցի քաղաք և կարդացի ծրագիրը, ես զանգահարեցի Նախագահ Հինքլիին: Ես ասացի, որ ժողովները տևելու են երեք օր, որ շատերը պետք է ելույթ ունենան միևնույն ժամին, և ներկաները կարող էին ընտրել՝ որ ելույթն են ցանկանում լսել: Ես ասացի, որ եթե պատմեմ ճշմարտությունը, ապա վախենում եմ ոչ ոք չգա երկրորդ նիստին, և ես հնարավոր է վաղաժամ տուն վերադառնամ: Ես հարցրեցի, թե նրա կարծիքով ինչ պետք է անեմ: Նա ասաց. «Օգտագործիր լավագույն դատողությունդ»:

Ողջ գիշեր ես աղոթում էի: Լուսաբացին մոտ ես համոզվածություն ստացա, որ պետք է Վերականգնման մասին ասեմ ոչ թե այս ոգով՝ «Ահա այն, ինչ հավատում ենք, որ կատարվել է Ջոզեֆ Սմիթի հետ, և ահա թե ինչու ենք մենք հավատում դրան», այլ այսպես՝ «Ահա այն, ինչ կատարվել է Ջոզեֆի հետ, և ահա թե ինչու է Տերը արել դա»: Գիշերը ես չստացա համոզվածություն արդյունքի մասին. միայն հստակ ցուցում՝ գնա և խոսիր:

Ի զարմանս ինձ, իմ ելույթից հետո սպասավորները հերթի կանգնեցին, որպեսզի խոսեն ինձ հետ: Նրանք իրար հաջորդելով ինձ էին մոտենում և, ըստ էության, նույն բանն էին ասում: Յուրաքանչյուրն իր կյանքում ինչ-որ տեղ հանդիպել էր Եկեղեցու մի անդամի, որով հիացած էր մնացել: Նրանցից շատերն ասացին, որ ապրում են մի համայնքում, որտեղ ցցի նախագահը ինչ-որ աղետի ժամանակ օգնության էր հասել ոչ միայն իր անդամներին, այլև համայնքի մյուս անդամներին: Նրանք խնդրեցին, որ ես ողջույններ և շնորհակալություններ փոխանցեմ այն մարդկանց, որոնց ոչ միայն չէի ճանաչում, այլ նաև դժվար թե երբևէ հանդիպեի:

Ժողովների երրորդ օրն ավելի ու ավելի շատ մարդիկ էին գալիս լսելու ավետարանի Վերականգնման և Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցու ուղերձը, ոչ թե նրա համար, որ հավատում էին ուղերձին, այլ որովհետև տեսել էին վերականգնման պտուղները՝ բարությունը մարդկանց կյանքում:

Մինչ աղոթում էի այս վերջին մի քանի գիշերը, այդ և այլ հիշողություններ հեղեղեցին միտքս, այսպիսի մի հավաստմամբ. «Մի՞թե ես միշտ չեմ հոգացել քո մասին: Հիշի՛ր այն ժամանակները, երբ քեզ տարել եմ հանդարտ ջրերի մոտով: Հիշիր այն ժամանակները, երբ քո առաջ սեղան եմ պատրաստել քո թշնամիների դիմաց: Հիշի՛ր և մի՛ վախեցիր» (Տես Սաղմոս ԻԳ):

Այսպիսով, նոր սարկավագներին ես ասում եմ` հիշե՛ք: Նա միշտ ձեր մասին հոգացել է՝ մանկությունից ի վեր: Քվորումների նոր նախագահներին ես ասում եմ` հիշե՛ք: Ձե՛զ, հայրե՛ր, որ դժվարություններ ունեք ձեր երեխաների հետ, ես ասում եմ` հիշե՛ք և մի՛ վախեցեք: Այն, ինչ անհնարին է ձեզ համար, հնարավոր է Աստծո օգնությամբ Իր ծառայության մեջ: Եվ նույնիսկ երբ դուք շատ փոքր էիք և հաջորդող տարիներին, Նա Իր զորությամբ և Իր Հոգով գնացել է ձեր առջևից և եղել է ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, երբ դուք Նրա ծառայության մեջ եք եղել (տե՛ս ՎևՈւ 84.88): Դուք կարող եք հավաստիացում ունենալ, որ Աստված ձեզ պահապան կլինի, եթե դուք հավատքով աղոթեք դրա համար: Ես գիտեմ դա:

Ուղերձի երկրորդ մասը, որ դուք կստանաք, երբ դժվար հանձնարարությունների ժամանակ աղոթեք օգնության համար, եկավ ինձ ուրբաթ առավոտյան: Ես աղոթեցի ինձ անհամապատասխան զգալու համար, ինչպես դուք հնարավոր է աղոթեք: Երբ աղոթում էի, եկավ շատ հստակ, շատ ուղիղ և շատ հանդիմանող պատասխան. «Մոռացի՛ր ինքդ քեզ. սկսիր աղոթել այն մարդկանց մասին, որոնց պետք է ծառայես»: Սուրբ Հոգու ներկայությունը, կարող եմ վկայել, զարմանալի բան է:

Սակայն պատրաստ եղեք մոռանալու ժամանակի մասին, երբ աղոթում եք: Դուք սեր կզգաք այն մարդկանց հանդեպ, ում կծառայեք: Դուք կզգաք նրանց և նրանց ընտանիքների կարիքները, նրանց հույսերը, նրանց ցավերը: Եվ երբ աղոթեք, շրջանակն ավելի ու ավելի կմեծանա, քան կարող եք պատկերացնել, ներառելով, հավանաբար, այն մարդկանց, ովքեր ձեր քվորումից կամ ընտանիքից չեն, այլ նրանց ընկերներն ու բարեկամներն են` աշխարհով մեկ: Երբ դուք մոռանաք ձեզ, աղոթելով մերձավորների այդ շրջանի համար, ձեր ծառայությունը կանցնի ձեր սիրտը: Այդ մոտեցումը կփոխի ոչ միայն ձեր ծառայությունը, այլև ձեր սիրտը: Դա այն պատճառով է, որ Հայրը և Նրա Սիրելի Որդին, որոնց կանչված եք ծառայելու, ճանաչում և սիրում են այն բազում մարդկանց, ում կյանքի վրա կազդի ձեր ծառայությունը, չնայած որ նրանց թիվը ձեզ մի գուցե փոքր թվա:

Երրորդ և վերջին ուղերձը, որին կարող եք սպասել, երբ աղոթեք քահանայության դժվար հանձնարարություն կատարելու համար, սա է, որը ասվեց նաև ինձ՝ գործի՛ անցիր: Քահանայության զորությունը ձեզ տրվել է ուրիշներին օրհնելու համար: Եվ դա միշտ նշանակում է գնալ և ինչ-որ բան անել, սովորաբար, որևէ դժվար բան: Այնպես որ կարող եք ակնկալել, որ Աստծո կողմից համոզվածություն և անձնուրացության պատվիրան ստանալուց հետո, Սուրբ Հոգուց հստակ հուշում կարող է գալ՝ գնալ և անել մի բան, որը կօրհնի ինչ-որ մեկի կյանքը: Դա կարող է շատ պարզ լինել, օրինակ՝ աղոթքով գնալ և այցելել որևէ անձի կամ ընտանիքի կամ քվորումի անդամի, որին քեզ հանձնարարված է ծառայել: Ընտանիքի հորը կարող է ասվել, որ գնա և խրատի իր երեխաներից մեկին:

Խրատում եք մեկին, թե ուսուցանում Հիսուս Քրիստոսի ավետարանը, ձեր գործն ավելի լավ կստացվի, եթե հիշեք, թե ինչը հաջողություն կբերի: Ձեր գործը աջակցելն է Երկնային Հորը և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպեսզի հնարավոր դարձնեք հավերժական կյանքը նրանց համար, ում ծառայում եք: Որպեսզի դա իրականանա, Հոգին պետք է տանի վկայությունը մինչև նրանց սրտի խորքը: Եվ այդ վկայությունը պետք է առաջնորդի նրանց՝ պահելու Աստծո պատվիրանները, ինչպիսի փորձության և գայթակղության որ նրանք հանդիպեն:

Եթե միշտ հիշեք դա, Հոգին կառաջնորդի ձեզ, որպեսզի ուսուցանեք և ուղղեք քահանայության զորությամբ: Դուք ձեզ մաքուր կպահեք, որպեսզի Հոգով ուսուցանեք: Դուք կաղոթեք, որպեսզի Հոգին հուշի ձեզ, երբ աղոթել և ինչպես աղոթել և ինչպես ավելի մեծ սեր ցուցաբերել (տես ՎևՈւ 121.43–44): Ինչ էլ որ դուք անեք քահանայության ձեր ծառայության մեջ, կարող է ուղեկցվել և չափվել նրանով, թե որքան լավ եք կարողացել օգնել մարդուն, որպեսզի ճշմարտության վկայությունը հասնի նրա կյանքին և սրտին՝ այնպես, որ Քավությունը սկսի և շարունակի գործել նրա կյանքում:

Դուք կարող եք համոզվածություն ձեռք բերել ձեր ծառայության մեջ: Դուք կարող եք մոռանալ ինքներդ ձեզ և սկսեք աղոթել նրանց համար և սիրել նրանց, ում ծառայում եք: Եվ դուք կարող եք ընտրել ձեր անելիքը և չափեք ձեր հաջողությունն այն աստիճանով, որքանով փոխվում է մարդկանց սրտերը, ում ծառայում եք:

Բայց երբեք հեշտ չի լինելու՝ ո՛չ ձեզ համար, ո՛չ էլ նրանց համար, ում ծառայում եք: Միշտ էլ ցավ կլինի ծառայության մեջ և ապաշխարության մեջ, որն անհրաժեշտ է Քավության զորությունը գործի դնելու համար, որպեսզի սրտեր փոխվեն: Դա այն բանի էությունն է, ինչ դուք կանչված եք անելու: Մտածեք Փրկչի մասին, որին դուք ծառայում եք: Տեսնո՞ւմ եք Նրա կյանքի որևէ պահ, որ հեշտ լիներ նրա համար: Արդյոք Իր աշակերտներին խնդրած բաները հե՞շտ էին: Ուրեմն, ինչո՞ւ պիտի ակնկալենք, որ հեշտ պիտի լինի Նրա ծառայության մեջ կամ Նրա աշակերտների համար:

Պատճառն այն է, ինչ առաջարկում է «կոտրված սիրտ» արտահայտությունը, որի մասին դուք այդքան լավ ուսուցանվեցիք այսօր: Սուրբ գրություններում երբեմն խոսվում է մարդկանց սրտերը փափկելու մասին, սակայն ավելի հաճախ, խոսքերը, որոնք նկարագրում են վիճակը, որը փնտրում ենք մեզ համար և նրանց համար, ում ծառայում ենք, «կոտրված սիրտն» է: Սա կարող է օգնել մեզ ընդունել, որ մեր ծառայության կանչը և ապաշխարության կարիքը, որ մենք ունենք և փնտրում ենք, հեշտ չի լինի: Եվ այն մեզ օգնում է ավելի լավ հասկանալ, թե ինչու պետք է վկայությունը հասնի մեր մարդկանց սրտերին: Հավատքը, որ Հիսուս Քրիստոսը քավել է իրենց մեղքերը, պետք է ներթափանցի սրտի, այսինքն՝ կոտրված սրտի խորքը:

Արդ, եկեք որոշենք այսօր, թե ինչ ենք պատրաստվում անել: Բոլորս, ինչպիսին էլ որ լինի մեր կոչումը, հանդիպում ենք հանձնարարությունների, որոնք մեր ուժերից վեր են: Թե՛ ես, թե՛ դուք: Դա ճշմարիտ է, հաշվի առնելով այն փաստը, որ հաջողությունը նրանում է, որպեսզի վկայությունը հասցնենք մարդկանց սրտերին: Մենք չենք կարող դա անել: Նույնիսկ Աստված չի ստիպում դա ոչ ոքի:

Հաջողությունը պահանջում է, որ մարդիկ, ում մենք ծառայում ենք, իրենք ընդունեն Հոգու վկայությունն իրենց սրտերում: Հոգին պատրաստ է: Սակայն շատերը պատրաստ չեն Հոգին հրավիրելու: Մեր հանձնարարությունը՝ այն, ինչ կարո՛ղ ենք անել, նրանում է, որ հրավիրենք Հոգին մեր կյանք, որպեսզի մարդիկ, ում մենք ծառայում ենք, կարողանան տեսնել մեզանում Հոգու պտուղները և ցանկանան ունենալ այդ պտուղներն իրենց կյանքում:

Սա ինձ հուշում է մի քանի առաջարկություն անել, թե ինչ կարող ենք ընտրել անել կամ չանել: Մեր ընտրություններից մի քանիսը կարող են հրավիրել Հոգին: Մի քանիսն էլ՝ վանել Հոգին: Դուք գիտեք դա անձնական փորձից:

Ոչ մի քահանայություն կրող, որը ցանկանում է հաջողություն ունենալ, անզգույշ չի լինի, թե որ կողմ են նայում նրա աչքերը: Եթե ընտրեք նայել հեշտասեր ցանկություններ առաջացնող պատկերներ, կվանեք Հոգին: Երեց Քլեյտոնը զգուշացրեց ձեզ, ինչպես որ ձեզ միշտ զգուշացնում են, Ինտերնետի և զանգվածային լրատվամիջոցների վտանգի մասին, որոնք կարող են պոռնոգրաֆիկ պատկերներ առաջարկել մեզ: Սակայն անպարկեշտությունն այնքան սովորական է դարձել այսօր, որ ամենօրյա կյանքը կարգապահություն է պահանջում՝ գիտակից ընտրություն, որ չվարանենք և չդիտենք այն բաները, որոնք մեր մեջ այնպիսի զգացումներ են առաջացնում, որ հեռացնում են Հոգին:

Նույնպիսի ուշադրություն պետք է դարձնենք մեր խոսքերին: Մենք չենք կարող հույս ունենալ խոսելու Տիրոջ անունից, մինչև որ զգույշ չլինենք մեր խոսքերում: Գռեհիկ և անվայել խոսքերը վիրավորում են Հոգուն: Ինչպես որ անպարկեշտությունն է սովորական դարձել, այնպես էլ` գռեհիկ և անվայել խոսքերը: Անցյալում միայն որոշ տեղերում և որոշակի շրջապատում կարելի էր լսել Տիրոջ անունն անտեղի օգտագործելը կամ գռեհիկ խոսքերն ու անպարկեշտ հումորը: Այժմ այն կարծես ամենուր է, և շատերի համար հասարակության ընդունելի տարրերից է, մինչդեռ մի ժամանակ անընդունելի էր:

Դուք կարող եք և պարտավոր եք որոշել, որ կփոխեք ձեր լեզուն, նույնիսկ եթե չեք կարող վերահսկել այն, ինչ ուրիշներն են ասում: Սակայն անձնական փորձից ես գիտեմ, որ նույնիսկ նման սարսափելի վիճակում դուք կարող եք ապավինել Աստծո օգնությանը: Տարիներ առաջ ես օդային ուժերի սպա էի, երկու տարի ծառայելով նավատորմի մի գնդապետի, բանակի մի գնդապետի և ռազմածովային մի դյուրագրգիռ գնդապետի հետ: Պատերազմի, թե խաղաղության ժամանակ նրանք սովորել էին խոսել այնպիսի լեզվով, որն ինձ համար շատ վիրավորական էր և գիտեմ, որ տհաճ էր Սուրբ Հոգու համար: Այդ ժամանակ ես ծառայում էի որպես շրջանի միսիոներ, երեկոյան փորձելով դուրս գնալ՝ մարդիկ գտնել և Սուրբ Հոգու ազդեցությամբ ուսուցանել նրանց: Շատ դժվար էր ստացվում: Ես միայն լեյտենանտ էի: Նրանք շատ մեծ էին ինձանից: Հնարավորություն չկար, որ ես փոխեի նրանց լեզուն: Սակայն ես աղոթում էի օգնության համար: Չգիտեմ, թե Աստված ինչպես դա արեց, սակայն ժամանակի ընթացքում նրանց լեզուն փոխվեց: Կամաց-կամաց վերացան անվայել խոսքերը, իսկ հետո՝ գռեհկությունը: Միայն երբ խմիչք էին օգտագործում, այդ բաները վերադառնում էին, սակայն դա լինում էր երեկոյան, այնպես որ ես կարող էի թույլտվություն վերցնել՝ միսիոներական աշխատանք կատարելու համար:

Երբ կյանքում դուք հայտնվում եք դժվարին տեղերում, նման հիշողությունները կարող են սատարել ձեր հավատքին: Աստված օգնում է հավատարիմ քահանայություն կրողին, որը որոշում է չնայել չարի վրա և չխոսել չար բաներ, անգամ ամբարիշտ աշխարհում: Հեշտ չի լինի: Երբեք հեշտ չէ: Սակայն ձեզ համար, ինչպես և ինձ համար, կարող է իրականանալ խոստումը. «Թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար. այն ժամանակ քո վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ. և քահանայության վարդապետությունը կիջնի քո հոգու վրա, ինչպես ցողը երկնքից» (ՎևՈւ 121.45):

Ես վկայում եմ և գիտեմ, որ ես և դուք կրում ենք Աստծո քահանայությունը, և որ Նա կպատասխանի մեր աղոթքներին քաղցր համոզվածությամբ և օգնությամբ, որպեսզի ավելի լավ ծառայենք Նրան: Ես խոստանում եմ ձեզ դա և վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով. ամեն: