2007
Քարոզիր իմ ավետարանը` անդամներին և միսիոներներին միացնող գործիք
2007թ. նոյեմբեր


Քարոզիր իմ ավետարանը` անդամներին և միսիոներներին միացնող գործիք

Միսիոներներն ու անդամները պետք է … դառնան մեկ` ավետարանը հռչակելու մեր ջանքերում:

Նկար

Վերջերս, մենք ճաշի էինք հրավիրել երկու քույր միսիոներների: Ճաշից հետո, մենք խնդրեցինք նրանց մի հոգևոր միտք թողնել մեզ հետ: Նրանք լավ պատրաստված էին և ներկայացրեցին ինչպես պետք է սուրբ գրքեր կարդալ ու նշումներ կատարել: Նրանք Մորմոնի Գրքի մի նոր օրինակ էին բերել և մի տուփ գունավոր մատիտներ: Մենք ընդունեցինք միսիոներների առաջարկը: Դրանից հետո, մեր ամենօրյա ընտանիքով Մորմոնի Գիրքն ընթերցելու կարգը փոխվեց: Յուրաքանչյուր գլխում գտնելով Հիսուս Քրիստոսի մասին հատվածները մենք տարբեր գույներով նշում էինք դրանք: Ամեն անգամ նշումներ կատարելը հիշեցնում է մեզ մեր միսիոներներին:

Երբ միսիոներները ներկայացրեցին դա, մենք անմիջապես ընդունեցինք այն որպես սուրբ գրություններն ուսումնասիրելու վարժություն, որը տրված է Քարոզիր իմ ավետարանը ձեռնարկում: Որպես ընտանիք մենք այնքա՜ն երախտապարտ ենք միսիոներական այս մեծ ու հզոր գործիքի համար:

Այս վերջին երեք տարիների ընթացքում ամբողջ աշխարհում միսիոներներն օգտագործում են Քարոզիր իմ ավետարանը: Այն, իրոք, հեղափոխել է միսիոներական աշխատանքը: Նախագահ Հինքլիի մեծ տեսիլքը իրականանում է. Միսիոներները «սերտում են դասերի գաղափարները»: Նրանք «Սուրբ հոգու առաջնորդող ազդեցության ներքո իրենց խոսքերով ուսուցանում են այդ գաղափարները» (տես “Missionary Service,” Worldwide Leadership Training Meeting, Jan. 11, 2003, 19):

Երբ միսիոներները ընկղմվում են Քարոզիր իմ ավետարան-ում, նրանք սովորում ու կիրառում են կարևորագույն վարդապետություններն ու սկզբունքները, որոնք նրանց դարձնում են ավելի ունակ իրենց կարևոր ծառայության մեջ: Բացի սրանից, նրանք դեռևս մեր օգնության ու աջակցության կարիքն ունեն: Միայն միասին մենք կարող ենք իրականացնել մեծ պատասխանատվությունը, որը տվել են հին և մեր օրերի Առաքյալները. «Գնացեք բոլոր աշխարհքը, ավետարանը քարոզեցեք ամեն արարածի» (Մարկոս ԺԶ.15):

Այս ջանքերում հաջողության հասնելու համար, մենք պետք է լինենք մեկ միսիոներների հետ, և մենք պետք է հասկանանք միմյանց: Դուք մի՞շտ եք հասկանում միսիոներներին: Ես ի նկատի չունեմ լեզուն, այլ այն, թե ինչպես են նրանք կատարում միսիոներական աշխատանքը: Մենք տեսնում ենք, որ նրանք հրավիրում են մարդկանց լսելու իրենց ուղերձը: Նրանք ուսուցանում են ավետարանի սկզբունքները և հրավիրում են նրանց, ովքեր հետաքրքրված են, փոխելու իրենց կյանքը և մկրտվելու ու հաստատվելու որպես Եկեղեցու անդամներ:

Եթե մենք ցանկանում ենք հասկանալ և օգնել մեր միսիոներներին, մենք պետք է հավատ ունենանք, ինչպիսին ունեն միսիոներները, մենք պետք է մտածենք, ինչպես միսիոներներն են մտածում, և մենք պետք է զգանք, ինչպես միսիոներներն են զգում: Ինչպե՞ս կարող ենք մենք հասնել դրան:

Կարևոր եղանակներից մեկը, իհարկե, լինել միսիոներների հետ և տեսնել, թե ինչ են նրանք անում: Սակայն մեզ համար մեկ այլ եղանակ կա` ծանոթանալ Քարոզիր իմ ավետարանը ձեռնարկին և ավելի շատ բան իմանալ միսիոներական աշխատանքի մասին: Այն ժամանակից, ինչ Նախագահ Մակքեյն ասել է. «Յուրաքանչյուր անդամ միսիոներ է» (in Conference Report, Apr. 1959, 122), անդամները ձգտում են ավելի ակտիվորեն կիսվել ավետրանով: Քարոզիր իմ ավետարանը հրաշալի ուղեցույց է, որն ավելի լավ կօգնի մեզ արձագանքել այս կոչին: Քարոզիր իմ ավետարանը ուսումնասիրելը ոչ միայն կօգնի մեզ ավելի լավ հասկանալ և գնահատել մեր միսիոներներին, այլ այն կօգնի մեզ մեր ամենօրյա կյանքում:

Մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունի Քարոզիր իմ ավետարանի իր անձնական օրինակը: Այս ուղեցույցն ուսումնասիրելը մեծապես աջակցում է ամուր վկայություն զարգացնելու գործում: Այն օգնում է մեզ հասկանալ ավետարանի հիմնական սկզբունքները և ծառայելու ցանկություն է առաջացնում: Թույլ տվեք ընթերցել Քարոզիր իմ ավետարանից ([2004], iii), մի քանի խորագրեր և դուք կհասկանաք.

Դրանք հետևյալն են.

«Ինչպե՞ս եմ ես ընկալում և հասկանում Հոգին»:

«Ինչպե՞ս եմ ես արդյունավետորեն ուսումնասիրում և պատրաստվում ուսուցանելուն»:

«Ի՞նչ եմ ես ուսումնասիրում և ուսուցանում»:

«Ի՞նչ դեր ունի Մորմոնի Գիրքը»:

«Ինչպե՞ս եմ ես Քրիստոսանման հատկանիշներ զարգացնում»:

Արդյոք սրանք այն բաները չե՞ն, որոնք մենք բոլորս ցանկանում ենք սովորել: Ամեն ոք, ով ցանկանում է ավելի լավ անդամ միսիոներ լինել և իմանալ ինչպես աջակցել միսիոներներին, Քարոզիր իմ ավետարանը լի է զորավոր մտքերով և ներըմբռնումներով: Մենք սովորում ենք, թե ինչպես կարող ենք օգնել միսիոներներին գտնել մարդկանց ուսուցանելու համար, և ինչպես մենք անդամներս կարող ենք միսիոներների հետ ձեռք-ձեռքի տված աշխատել օգնելու նրանց, ովքեր հետաքրքրվում են Եկեղեցով: Մենք սկսում ենք հասկանալ, թե ինչու գործելու ուժգին կոչերը օգնում են ավելացնել առ Հիսուս Քրիստոս հավատը, և ինչպես մենք կարող ենք կանգնել մեր ոչ անդամ ընկերների կողքին, ովքեր անցնում են կյանքը փոխող դարձի գալու այս հրաշալի ուղով:

Սուրբ գրքերը ուսումնասիրելու հետ միասին միսիոներներն ամեն օր ուսումնասիրում են Քարոզիր իմ ավետարանը: Նրանք սովորում են սկզբունքներ և հմտություններ, և կիրառում են դրանք: Նրանք հատկապես սովորում են ինչպես օգտագործել Հոգու առաջնորդությունն իրենց կյանքում: Եթե ցանկանում ենք սովորել, ինչպես միսիոներները, մենք նույնպես պետք է ուշադիր սերտենք Քարոզիր իմ ավետարանը և հետևենք միսիոներներին իրենց ամենօրյա աշխատանքում:

Քարոզիր իմ ավետարանի նախաբանում կարդում ենք. «Քարոզիր Իմ Ավետարանը նախատեսված է Եկեղեցու լիաժամկետ միսիոներների համար: Ինչևէ, այստեղ ուսուցանված սկզբունքներն ու վարդապետությունները նաև կիրառելի են ծխերի միսիոներների և ղեկավարների համար, որոնք ցանկանում են կառուցել Տիրոջ արքայությունը: Այս ձեռնարկի կանոնավոր ուսումնասիրությունը նրանց հնարավորություն կտա կատարել իրենց պարտականությունները որպես անդամ միսիոներներ, ինչը նաև կխթանի համագործակցությունը լիաժամկետ միսիոներների հետ» (xi):

Երեց Ռիչարդ Սքոթն ուսուցանել է, որ բոլոր անդամները պետք է ուշադիր սերտեն Քարոզիր իմ ավետարանը: Նա ասել է. «Շատ նշանակալից նվաճումներ ենք ունեցել Քարոզիր Իմ Ավետարանը ներկայացնելուց հետո … սակայն դեռ շատ լավ բաներ տեղի կունենան, երբ մենք բոլորս վարպետանանք այդ բացառիկ միսիոներական գործիքն օգտագործելու մեջ» (“The Power of Preach My Gospel”, Liahona, May 2005, 31):

Հնարավոր է մեր ժամանակը սահմանափակ թվա այս ուսումնասիրությունը կատարելու համար, ուստի թույլ տվեք մի քանի օգտակար առաջարկություններ կատարել:

  • Միսիային պատրաստվող երիտասարդները պետք է սուրբ գրքերի հետ միասին ուշադիր սերտեն Քարոզիր իմ ավետարանը:

  • Միսիոներներին հրավիրեք ձեր տուն: Խնդրեք նրանց ձեզ և ձեր ընտանիքին մի սկզբունք կամ վարդապետություն ուսուցանել Քարոզիր իմ ավետարանը ձեռնարկից:

  • Ժամանակ առ ժամանակ ընտանեկան երեկոյի համար օգտագործեք Քարոզիր իմ ավետարանը: Թող ձեր դեռահաս երեխաները միսիոներների պես ուսուցանեն ձեր ընտանիքին: Մեր տանը, մենք զարմանալիորեն հրաշալի դասեր ենք լսել, որոնք ուսուցանել են մեր երեխաները: Մենք ապշել ենք, թե որքան լավ են նրանք ուսուցանել հասարակ սկզբունքները: Երբեմն այդ դասերին մենք հրավիրել ենք մեր ընկերներին:

  • Ավետարանի ուսուցիչները կարող են օգտագործել Քարոզիր իմ ավետարան-ում տրված ավետարանն ուսուցանելու այս հասարակ, սակայն արդյունավետ սկզբունքները, որպես իրենց ուսումնական դասընթացի համար աջակցություն:

  • Քարոզիր իմ ավետարանը թարգմանվել և հրատարակվել է գրեթե բոլոր այն լեզուներով, որ մեր անդամներն են խոսում: Այն երկրներում, որտեղ Եկեղեցին դեռևս երիտասարդ է, Քարոզիր իմ ավետարանը կարող է օգտագործվել սուրբ գրքերի հետ որպես միջոց և հիմք ավետարանական ուսումնառության և ուսուցանման համար:

  • Երեց Սքոթը խրախուսել է Եկեղեցու տեղական ղեկավարներին օգտագործել այս նյութերը «… նախագահություններում, քահանայության գործադիր հանձնաժողովի ժողովներին և ծխերի խորհուրդներում …» (Liahona, May 2005, 31):

  • Օգտագործեք Քարոզիր իմ ավետարանը վերապատրաստման, ելույթների, հոգևոր մտքերի, դասերի, հավաքների և անհատական ուսումնասիրության ժամանակ:

Ես վկայություն եմ բերում, որ այս միսիոներական ուղեցույցը ոգեշնչված է Աստծո կողմից: Մենք պետք է ուսումնասիրենք այն ավելի ուշադիր, որպեսզի կարողանանք ավելի լավ հասկանալ մեր միսիոներներին և նրանց աշխատանքը: Միսիոներներն ու անդամները պետք է խոսեն մեկ լեզվով: Մենք պետք է դառնանք մեկ` ավետարանը հռչակելու մեր ջանքերում: Այն մեզ ավելի ունակ կդարձնի գործիքներ լինելու Տիրոջ ձեռքում, քանզի Նա ասել է. «Եվ ճիշտ այդպես կհավաքեմ ես իմ ընտրյալներին աշխարհի չորս կողմերից, այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր կհավատան ինձ և ականջ կդնեն իմ խոսքերին» (ՎևՈւ 33.6):

Որպես Նրա Եկեղեցու անդամներ, մենք պետք է այս փառահեղ հավաքման գործընթացի մի մասը լինենք: Այս ճշմարտության մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: