2007
Նախագահ Հենրի Բ. Այրինգ Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական
2007թ. նոյեմբեր


Նախագահ Հենրի Բ. Այրինգ
Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական

Երբ Նախագահ Հենրի Բենիոն Այրինգը խորհում է անակնկալներով լի իր կյանքի շուրջ, նա ժպտում է գիտենալով, որ Աստված կարող է հրաշքներ գործել Իր զավակների կյանքում, չնայած որ նրանք վախենում են և անհամապատասխանության զգացումներ ունեն:

Նա ուժ է ստանում, երբ խորհում է, ինչպես ինքն է կոչում, «անչափ կարևոր պատասխանատվության» մասին, որը նա ստանձնեց Առաջին Նախագահություն կանչվելով: Նախագահ Այրինգը զբաղեցնում է թափուր պաշտոնը, որն ազատ մնաց, երբ 2007թ. օգոստոսի 10-ին մահացավ Նախագահ Ջեյմս Է. Ֆաուստը:

Թեև անհամբերությամբ է սպասում Նախագահ Հինքլիի և Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետ սերտ համագործակցությանը, այնուամենայնիվ նա կարոտում է Նախագահ Ֆաուստին:

«Ես փորձում եմ չմտածել, որ Նախագահ Ֆաուստին եմ փոխարինում, որովհետև դա անհնար է,- ասում է նա,- Նա առանձնահատուկ պատրաստված և զարգացած Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական էր: Նա եզակի պարգևներ ուներ»:

Նրա կանչին հաջորդող մամլո ասուլիսի ժամանակ, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 6-ին, Նախագահ Այրինգը հիշեց, որ Տասներկու Առաքյալների Քվորում կանչվելուց մի փոքր անց, 1995թ. ապրիլի 1-ին, իրեն հրավիրեցին Նախագահ Ֆաուստի գրասենյակ: Ակնկալվող քաջալերանքի փոխարեն Նախագահ Ֆաուստը ժպտաց և երկնքի կողմ մատը պարզելով ասաց. «Ինձ հետ մի խոսիր, խոսիր Նրա հետ»: Նախագահ Այրինգը բացատրեց. «Առանց փորձելու լուծել իմ բոլոր խնդիրները, նա ինձ ուղարկեց Աստծո մոտ: Նա ուներ այդ պարգևը` լինել զգայուն և բարի, ամենաթանկարժեք ընկերը և լավագույն ուսուցիչը, որ կարելի է ունենալ»:

Երախտագիտություն հայտնելով Տիրոջը` Իրեն վստահելու և Նախագահ Հինքլիին` իր հանդեպ հավատ ընծայելու համար, Նախագահ Այրինգն ասաց. «Մեծ … հնարավորություն է` ծառայել այն մարդկանց, որոնց ես սիրում եմ, և որոնց հաստատում եմ որպես մարգարեներ, տեսանողներ ու հայտնողներ, և Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Առաքյալներ»:

Ընդունելով Տիրոջ հաստատող ձեռքը` նա ավելացրեց. «Նախագահ Հինքլին միշտ ասել է. «Ամեն ինչ կստացվի»: Ես հավատում եմ դրան` ստանձնելով այս շատ նշանակալից ատասխանատվությունը»:

Հենրի Բ. Այրինգը ծնվել է 1933թ. մայիսի 31-ին, Փրինսթոնում, Նյու Ջերսի, նա Հենրի և Միլդրեդ Բենիոն Այրինգների երեք որդիներից միջնեկն էր: Նրա հայրը, որը աշխարհահռչակ քիմիկ էր, քաջալերում էր իր որդիներին գիտության մեջ խորանալ: Նախագահ Այրինգը քոլեջ է ավարտել ֆիզիկայի գծով, սակայն երկու տարի ԱՄՆ-ի Օդային ուժերում ծառայելուց հետո, ընդունվեց Հարվարդի Բիզնեսի դպրոց, որտեղ մասնագիտացավ բիզնես կառավարում գծով:

Հարվարդում ուսանելու տարիներին, 1961թ. ամռանը նա հանդիպեց Քեթլին Ջոնսոնին, որը Բոստոնում ամառային դասընթացի էր հաճախում: Նրանք ժամադրվեցին այդ ամառ, ապա նամակագրական կապ հաստատեցին, երբ նա վերադարձավ տուն` Կալիֆորնիա, իսկ 1962թ. հուլիսին ամուսնացան Յուտայի Լոգանի տաճարում: Այդ նույն տարին Նախագահ Այրինգը դարձավ Սթենֆորդի բիզնեսի դպրոցի պրոֆեսորի օգնական, որտեղ նա սովորեց 1962–1971թթ.:

Նախագահ Այրինգն իր կնոջը նկարագրում է որպես «անձնավորություն, որը միշտ իմ մեջ ցանկություն է առաջացրել ուժերի ներածին չափով լավագույնը լինել»: Այդ գիծը դրսևորվեց 1971թ., երբ գիշերվա կեսին նա արթնացրեց ամուսնուն և հարցրեց. «Դու վստա՞հ ես, որ ճիշտ ուղղությամբ ես գնում քո կյանքում»: Այնուհետև հարցրեց, թե արդյոք չպե՞տք է աշխատի Նիլ Ա. Մաքսվելի հետ, որն այն ժամանակ Եկեղեցու Կրթական Համակարգի Հանձնակատար էր:

Նախագահ Այրինգն ուրախ էր, որ ուսուցանում է Սթենֆորդում, մոտ է ապրում կնոջ ծնողներին և հարազատներին, և ծառայում է որպես Սթենֆորդի Առաջին Ծխի եպիսկոպոս, սակայն նա սկսեց աղոթել իր կնոջ հարցի շուրջ: Այրինգները չէին ճանաչում Հանձնակատար Մաքսվելին, սակայն մի քանի օրվա ընթացքում նրան զանգահարեցին և կանչեցին Սոլթ Լեյք Սիթի, որտեղ նրան խնդրեցին լինել Ռիքս քոլեջի նախագահը, որն այժմ ԲՅՀ–Այդահոն է: Նախագահ Այրինգն ընդունեց առաջարկը և շուտով Այդահոյի Ռեքսբուրգ տեղափոխեց իր ընտանիքը, որն այսօր կազմված է 4 որդիներից, 2 դուստրերից և 25 թոռներից:

Վեց տարի անց, նա դարձավ Եկեղեցու Կրթական Համակարգի հանձնակատարի օգնականը, իսկ երեք տարի անց` ԵԿՀ Հանձնակատար, ծառայելով այդ պաշտնում մինչև 1985թ. Նախագահող Եպիսկոպոսությունում որպես Առաջին Խորհրդական կանչվելը: 1992թ. սեպտեմբերին նա կրկին դարձավ ԵԿՀ Հանձնակատար, միևնույն ժամանակ ծառայելով և այդ պաշտոնում, և որպես Յոթանասունի Առաջին Քվորումի անդամ, որին նա կանչվել էր մեկ ամիս անց:

Նախագահ Այրինգը, որին գիտեն իր սրտառուչ քարոզների և նուրբ հոգու շնորհիվ, ասում է, որ Տասներկու Առաքյալների Քվորումում իր 12 տարվա ծառայությունը մի կարևոր դաս է սովորեցրել իրեն Երկնային Հոր զավակներին օգնության հասնելու մասին:

«Տասներկուսում ձեռք բերած իմ փորձի շնորհիվ, ես ավելի վստահ եմ, որ եթե մենք կարողանանք ուղղակի Երկնային Հոր և Փրկչի կամքով գնալ, մենք կարող ենք շատ ավելին անել, քան արել ենք,- ասում է նա,- Աստված մեր միջոցով ավելի արդյունավետորեն կդիպչի մարդկանց կյանքին, քան մենք կարող էինք երբևէ պատկերացնել, և Նա մեր կյանքն ավելի արժեքավոր կդարձնի, քան մենք կարող ենք երբևէ պատկերացնել»:

«Չնայած մեր վախին կամ անհամապատասխանության զգացումին,- ավելացնում է նա,- Երկնային Հայրը կառաջնորդի մեզ: Եթե հավատով ես առաջ գնում և խոնարհ ես, դու կլսես Նրա ձայնը»: