2007
Վաղվան մի թողեք այն, ինչ կարող եք անել այսօր
2007թ. նոյեմբեր


Վաղվան մի թողեք այն, ինչ կարող եք անել այսօր

Այժմ է ժամանակը կատարելու ընտանիքի հետ կապված Աստվածատուր պարտականությունները:

Նկար

1995թ. սեպտեմբերի 23-ին Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը Եկեղեցուն և աշխարհին ներկայացրեցին մի փաստաթուղթ, որը կոչվում է «Ընտանիք` հայտարարություն աշխարհին»: Ես մեջբերում կանեմ պարբերությունից, որտեղ ասվում է` «Ամուսինը և կինը սուրբ պատասխանատվություն են կրում սիրելու և հոգ տանելու միմյանց և երեխաների համար»:1 Մենք ապրում ենք այնպիսի օրերում և ժամանակներում, որտեղ այս խորհուրդն իսկապես շատ կարևոր է: Շատ ծնողներ պատճառաբանում են, թե իրենք ժամանակ չունեն իրենց ընտանիքի համար: Ժամանակակից կյանքի սրընթացությունը և մեծաքանակ աշխատանքը շեղում են ծնողների ուշադրությունն այն ամենից, ինչն ամենակարևորն է` ժամանակ տրամադրել և նվիրվել իրենց ընտանիքին:

Տերն ուսուցանել է մեզ, որ յուրաքանչյուր մարդ պատասխանատվություն է կրում ապահովելու իր ընտանիքը,2 սակայն դա լոկ չի նշանակում տունը լցնել ուտելիքով և այլ անհրաժեշտ ու ցանկալի իրերով: Մենք պետք է նաև ժամանակ ունենանք մեր ընտանիքին ուսուցանելու համար: Ի՞նչ պետք է մենք սովորեցնենք:

Մեր Հայրը սովորեցրել է մեզ, որ ծնողները պարտավոր են ուսուցանել ավետարանը իրենց երեխաներին:3 Լեքի մարգարեն լավ էր հասկացել իր զավակներին ուսուցանելու իր պատասխանատվությունը: Նեփին հայտարարել է, որ ինքը սովորեցվել էր «[իր] հոր բոլոր գիտելիքից»:4

Տերը հրահանգել է մեզ, թե ինչպես հոգ տանենք մեր ընտանիքների համար, երբ Նա ասել է մեզ Իր մարգարեների միջոցով` աշխարհին ուղղված hայտարարության մեջ. «Ծնողների սուրբ պարտականությունն է` դաստիարակել երեխաներին սիրո և առաքինության մթնոլորտում, ապահովել նրանց նյութական և հոգևոր կարիքները, ուսուցանել նրանց սիրել և ծառայել մեկը մյուսին, պահել Աստծո պատվիրանները և օրինապաշտ քաղաքացիներ լինել, որտեղ էլ, որ ապրեն»:5

Մենք գիտենք, որ դարեր շարունակ Աստված ուսուցանել է մեզ ինչպես պաշտպանել և հոգ տանել մեր ընտանիքների համար: Մենք նաև գիտենք և կարող ենք տեսնել, որ հակառակորդը հարձակում է գործում ընտանիքի վրա: Այժմ է ժամանակը կիրառելու բոլոր ուսմունքները: Այժմ է ժամանակը կատարելու ընտանիքի հետ կապված Աստվածատուր պարտականությունները:

Նախագահ Ջեյմս Է. Ֆաուստը մեզ երեք բանալի է տվել, որոնց միջոցով մենք կարող ենք պաշտպանել և ամրապնդել մեր ընտանիքները.

  1. Ընտանեկան աղոթք. ծնողները պետք է ուսուցանեն իրենց երեխաներին, որ իրենք Աստծո զավակներն են, և հետևաբար պետք է ամեն օր աղոթեն Նրան:

  2. Ընտանեկան երեկո. Ինչպես Նախագահ Ֆաուստն է ուսուցանել մեզ, ընտանեկան երեկոն բոլորիս համար է, անկախ նրանից թե կյանքի որ փուլում ենք գտնվում: Մենք պետք է երկուշաբթի երեկոն ազատ պահենք բոլոր մյուս միջոցառումներից, որոնք խոչընդոտ կհանդիսանան ընտանիքով հավաքվելու համար:

  3. Սուրբ գրությունների անհատական և ընտանեկան ուսումնասիրություն. Մենք պետք է օգնենք մեր երեխաներին ամրապնդել իրենց հավատքն ու վկայությունը այս հիմնական սովորույթի միջոցով:6

Եթե հետևենք Նախագահ Ֆաուստի իմաստուն խորհրդին, մենք կպաշտպանենք ընտանիքի անդամներին սատանայի հարձակումներից, ինչպես նաև կամրապնդենք Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ նրանց հավատն ու վկայությունը:

Ընտանիքի հայտարարության մեջ մենք նաև սովորում ենք, որ «ըստ աստվածային ծրագրի` հայրերը պետք է ղեկավարեն իրենց ընտանիքները սիրով ու առաքինությամբ, և պատասխանատու լինեն ապահովելու ընտանիքի կենսական կարիքներն ու պաշտպանությունը: Մայրերը, հատկապես, պատասխանատու են իրենց երեխաների դաստիարակման համար: Այս սուրբ պարտականություններն իրականացնելիս, հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց որպես հավասար գործընկերներ»:7

Տանն է, որ ընտանիքը սովորում և կիրառում է ավետարանի սկզբունքները: Մեծ սեր է պահանջվում, որպեսզի ուսուցանեք և առաջնորդեք ընտանիքը: Սիրող հայրերն ու մայրերը կուսուցանեն իրենց զավակներին` երկրպագել Աստծուն իրենց տանը: Երբ երկրպագության ոգին ներթափանցում է տուն, այդ նույն ոգին մտնում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի կյանք: Սա կպատրաստի նրանց կատարել անհրաժեշտ զոհաբերությունը` Աստծո ներկայություն վերադառնալու և որպես ընտանիք մի ամբողջ հավերժություն միասին մնալու համար:

Ընտանիքի հայտարարությունն օգնում է մեզ հասկանալ այն սերը, որ Փրկիչը նշում էր, երբ ասում էր մեզ, որ պետք է «սիրել միմյանց»:8 Նա մեզ համար եղել է սիրո գերագույն օրինակ, երբ հայտարարել է. «Ոչ ոք նրանից ավելի մեծ սեր չունի, որ մեկն իր անձը դնե իր բարեկամների համար»:9 Ավելի ուշ նա քավեց մեր բոլոր մեղքերը, և տվեց իր կյանքը բոլորիս համար:

Մենք կարող ենք մեր կյանքը դնել նրանց համար, ում սիրում ենք, ոչ թե մահանալով, այլ ապրելով նրանց համար, տրամադրելով մեր ժամանակը, միշտ ներկա լինելով նրանց կյանքում, ծառայելով նրանց, լինելով քաղաքավարի, քնքուշ և իսկապես սիրելով մեր ընտանիքին և բոլոր մարդկանց, ինչպես Փրկիչն է սովորեցրել:

Մենք չգիտենք, թե ինչ կպատահի մեզ հետ վաղը, այդ պատճառով այսօր է ժամանակը սկսելու ցույց տալ մեր սերը փոքր արարքներով, ինչպիսին է` գրկախառնվելը, և «ես քեզ սիրում եմ» խոսքերն ասելը ձեր կնոջը, երեխաներին և ձեզ շրջապատողներին:

Վերջերս կարդացի մի նյութ, որտեղ ասվում էր, որ չպետք է վաղվան թողնել այն, ինչ կարող եք անել այսօր: Այս տարվա հուլիսին Բրազիլիայում տեղի ունեցավ պատմության մեջ օդանավի ամենասոսկալի վթարը: 199 մարդ զոհվեց, ներառյալ ուղևորները, ավիագծի աշխատողները, օդանավի անձնակազմը և ուրիշներ, ովքեր գտնվել էին վթարի վայրում: Նյութը, որի մասին ես նշեցի, տեղադրվել էր ավիագծի հաղորդակցման տախտակի վրա վթարի ժամանակ զոհված օդանավի ուղեկցորդներից մեկի ամուսնու կողմից: Այն վերնագրվել էր` «Վաղը երբեք չի գալիս», և հիմնված է Նորմա Քորնետ Մարեկի բանաստեղծության վրա:

Եթե իմանայի, որ դա վերջին անգամն է լինելու, ես քո քունը կհսկեի,

Քեզ ամուր կգրկեի, կաղերսեի Տիրոջը, որ քեզ պահպաներ:

Եթե իմանայի, որ դա վերջին անգամն է լինելու, քեզ մինչև դուռը կուղեկցեի,

Քեզ կգրկեի ու կհամբուրեի, և ետ կկանչեի, որ կրկին անգամ գրկեի ու համբուրեի:

Եթե իմանայի, որ դա վերջին անգամն է լինելու, կլսեի քո ձայնը աղոթքում,

Կտեսագրեի քո ամեն շարժումը, հայացքը, ժպիտն ու խոսքերը,

Որպեսզի հետագայում, ամեն օր կարողանայի լսել:

Եթե իմանայի, որ դա վերջին անգամն է լինելու,

Ես ամեն հնարավոր պահը կօգտագործեի, որ քեզ ասեի` «ես սիրում եմ քեզ», ոչ թե պարզապես ենթադրեի, որ դու արդեն գիտես դա:

Եթե իմանայի, որ դա մեր վերջին անգամն է, մեր վերջին պահը,

Ես կլինեի քո կողքին, ամբողջ օրը քեզ հետ կանցկացնեի, ոչ թե պարզապես կմտածեի.

«Դե, գիտեմ ուրիշ առիթներ էլ կլինեն, կարող եմ այս օրը բաց թողնել»:

Իհարկե կլինի օր ամեն բան շտկելու,

Եվ մենք երկրորդ առիթը կունենանք ճիշտ ապրելու:

Իհարկե, կլինի մեկ այլ օր, որ ասենք` ես սիրում եմ քեզ:

Եվ իհարկե, կլինի մեկ այլ առիթ ասելու միմյանց` «Ինչո՞վ կարող եմ օգնել»:

Սակայն իմ դեպքում, չկա ոչ մեկը:

Դու իմ կողքին չես, այսօր վերջին օրն է` մեր հրաժեշտի:

Ուստի, ես կուզենայի ասել` որքան շատ եմ սիրում քեզ:

Հուսով եմ, դու երբեք դա չես մոռանա:

Վաղն ապահովված է չէ ոչ ոքի համար` երիտասարդ, թե ծեր,

Միգուցե այսօր է վերջին պահը ամուր բռնելու ձեր սիրելիի ձեռքը և արտահայտելու ձեր զգացմունքը:

Ինչու սպասել վաղվան և չօգտագործել այսօրը,

Եթե վաղը երբեք չգա, դուք անշուշտ կզղջաք ձեր ողջ կյանքում:

Որ որոշ ժամանակ չեք տրամադրել` ժպտալուն, հաղորդակցմանը, գրկելուն, համբույրին,

Որովհետև շատ զբաղված եք եղել տալու այդ մարդուն այն, ինչը դարձել է ցանկություն վերջին:

Ուրեմն, ամուր գրկեք ձեր սիրելիներին, ձեր ընկերներին, ձեր ընտանիքին,

և նրանց ականջին շշնջացեք, թե որքան շատ եք սիրում նրանց, և ցանկանում եք, որ նրանք ձեր կողքին լինեն:

Օգտագործեք ձեր ժամանակն ասելով`

«Կներես»,

«Խնդրում եմ»,

«Ներիր ինձ»,

«Շնորհակալություն»,

Կամ նույնիսկ`

«Կարևոր չէ»,

«Ամեն ինչ կարգին է»:

Որովհետև եթե վաղը երբեք էլ չգա, դուք այսօր չեք զղջա:

Անցյալը երբեք ետ չի գալիս, իսկ ապագան հնարավոր է չգա:10

Եկեք այսօր մեր սերը հայտնենք մեր ամուսնուն կամ կնոջը, մեր երեխաներին, եղբայրներին և քույրերին: Ես գիտեմ` Աստված ապրում է: Ես գիտեմ` Հիսուսը Քրիստոսն է, մեր Փրկիչն ու Քավիչը: Ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը Տիրոջ մարգարեն է, և Գորդոն Բ. Հինքլին Աստծո սիրելի մարգարեն է այս երկրի վրա: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Լիահոնա, հոկտ. 2004, 49:

  2. Տես ՎևՈւ 75.28

  3. Տես ՎևՈւ 68.25

  4. 1 Նեփի 1.1

  5. Լիահոնա, հոկտ. 2004, 49:

  6. Տես «Ընտանիքների դեմ ծառացած խնդիրները», Ամբողջ աշխարհում ղեկավարների վերապատրաստման հավաք, հունվ. 10, 2004, 2–3:

  7. Լիահոնա, հոկտ. 2004, 49:

  8. Հովհաննես ԺԳ.34

  9. Հովհաննես ԺԵ.13

  10. Տես www.heartwhispers.net; տպագրվել է թույլտվությամբ: