Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 35


Բաժին 35

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին և Սիդնի Ռիգդոնին, Ֆայեթում կամ նրա մոտակայքում, Նյու Յորք, 1830թ. դեկտեմբեր (History of the Church, 1.128–131): Այս ժամանակաշրջանում մարգարեն գրեթե ամեն օր զբաղված էր Աստվածաշնչի թարգմանությամբ: Թարգմանությունն սկսվել էր 1830թ. հունիսից ոչ շուտ, և թե՛ Օլիվեր Քաուդերին, թե՛ Ջոն Ուիթմերը ծառայել էին, որպես դպիրներ: Քանի որ այժմ նրանք կանչվել էին այլ պարտականությունների, Սիդնի Ռիգդոնն աստվածային նշանակմամբ կանչվել էր ծառայելու այս աշխատանքում, որպես Մարգարեի դպիր (տե՛ս հատված 20): Որպես այս հայտնության իր արձանագրման նախաբան, Մարգարեն գրել է. «Դեկտեմբերին Սիդնի Ռիգդոնը եկավ [Օհայոյից] Տիրոջը հարցնելու, և նրա հետ եկել էր Էդվարդ Պատրիջը…. Այս երկու եղբայրների ժամանումից կարճ ժամանակ անց, այսպես խոսեց Տերը» (History of the Church, 1.128):

1–2՝ Ինչպես կարող են մարդիկ դառնալ Աստծո որդիներ. 3–7՝ Սիդնի Ռիգդոնը կանչված է՝ մկրտելու և շնորհելու Սուրբ Հոգին. 8–12՝ Նշաններն ու հրաշքներն իրագործվում են հավատքով. 13–16՝ Տիրոջ ծառաները Հոգու զորությամբ կկալսեն ազգերը. 17–19՝ Ջոզեֆ Սմիթը կրում է խորհուրդների բանալիները. 20–21՝ Ընտրվածները կմնան Տիրոջ գալստյան օրը. 22–27՝ Իսրայելը կփրկվի:

1 Լսեք ձայնը Տիրոջ, որ ձեր Աստվածն է, այսինքն՝ Ալֆան և Օմեգան՝ սկիզբը և վերջը, որի ընթացքը մեկ հավերժական շրջան է, նույնը՝ երեկ, այսօր և հավիտյան:

2 Ես Հիսուս Քրիստոսն եմ՝ Աստծո Որդին, որը խաչվել էր աշխարհի մեղքերի համար, այսինքն՝ բոլոր նրանց համար, ովքեր կհավատան իմ անվանը, որ նրանք կարողանան դառնալ Աստծո որդիներ, նույնիսկ մեկ՝ ինձանում, ինչպես ես եմ մեկ՝ Հոր մեջ, ինչպես Հայրն է մեկ՝ ինձանում, որ մենք կարողանանք մեկ լինել:

3 Ահա, ճշմարիտ, ճշմարիտ ես ասում եմ իմ ծառա Սիդնիին. Ես նայել եմ քեզ և քո գործերին: Ես լսել եմ քո աղոթքները և նախապատրաստել քեզ ավելի մեծ գործի համար:

4 Օրհնված ես դու, քանզի մեծ բաներ պիտի անես: Ահա դու առաջ էիր ուղարկվել, ճիշտ ինչպես Հովհաննեսը, ճանապարհ պատրաստելու իմ առաջ, և Եղիայի առաջ, որը պիտի գա, և դու չգիտեիր դա:

5 Դու մկրտեցիր ջրով՝ ապաշխարության համար, բայց նրանք չստացան Սուրբ Հոգին.

6 Բայց այժմ ես տալիս եմ քեզ պատվիրան, որ դու պիտի մկրտես ջրով, և նրանք պիտի ստանան Սուրբ Հոգին՝ ձեռնադրումով, ճիշտ ինչպես առաքյալները հնում:

7 Եվ կլինի այնպես, որ մի մեծ գործ կկատարվի երկրի վրա, նույնիսկ հեթանոսների մեջ, քանզի նրանց անմտությունն ու նրանց պղծությունները հայտնի պիտի դարձվեն բոլոր մարդկանց աչքերում:

8 Քանզի ես Աստված եմ, և իմ ձեռքը չի կարճացել. և հրաշքներ, նշաններ և զարմանալիքներ ես պիտի ցույց տամ նրանց, ովքեր հավատում են իմ անվանը:

9 Եվ ովքեր որ կխնդրեն իմ անունով, հավատքով, նրանք դևեր պիտի դուրս գցեն. նրանք պիտի բժշկեն հիվանդներին. նրանք պիտի հրամայեն, և կույրերը կստանան իրենց տեսողությունը, և խուլերը կլսեն, և համրերը կխոսեն, և կաղերը կքայլեն:

10 Եվ արագ մոտենում է ժամանակը, որ մեծ բաներ ցույց կտրվեն մարդկանց զավակներին.

11 Սակայն առանց հավատքի ոչ մի բան ցույց չի տրվի, բացի ամայացումներից՝ Բաբելոնի վրա, այն նույնի, որը ստիպել է բոլոր ազգերին խմել իր պոռնկության ցասման գինուց:

12 Եվ չկա մեկը, որ բարիք գործի, բացի նրանցից, ովքեր պատրաստ են ընդունելու իմ ավետարանի լրիվությունը, որը ես առաջ եմ ուղարկել դեպի այս սերունդը:

13 Ուստի, ես կանչում եմ աշխարհի թույլերին, նրանց, ովքեր անուսում են և արհամարհված, որպեսզի կալսեն ազգերն իմ Հոգու զորությամբ.

14 Եվ նրանց ձեռքը պիտի լինի իմ ձեռքը, և ես կլինեմ նրանց վահանն ու նրանց ասպարը. և ես կգոտեպնդեմ նրանց մեջքը, և նրանք տղամարդու պես պիտի մարտնչեն ինձ համար. և նրանց թշնամիները կլինեն նրանց ոտքերի տակ. և ես թույլ կտամ, որ ընկնի սուրը, նրանց օգտի համար, և իմ զայրույթի բոցով կպահպանեմ նրանց:

15 Եվ աղքատներին ու հեզերին պիտի քարոզվի ավետարանը, և նրանք պիտի սպասեն իմ գալստյան ժամին, քանզի այն մոտ է՝ առ ձեռն,–

16 Եվ նրանք կսովորեն թզենու առակը, քանզի, նույնիսկ հիմա, ամառն արդեն մոտ է:

17 Եվ ես առաջ եմ ուղարկել իմ ավետարանի լրիվությունը՝ իմ ծառա Ջոզեֆի ձեռքով. և իր թուլության մեջ ես օրհնել եմ նրան.

18 Եվ ես տվել եմ նրան բանալիներն այն խորհուրդների, որոնք կնքված են եղել, այսինքն՝ այն բաների, որոնք կային աշխարհի հիմնադրումից ի վեր, և այն բաների, որոնք պիտի գան այս ժամանակից ի վեր, մինչև իմ գալու ժամանակը, եթե նա մնա ինձ հետ, իսկ թե ոչ, նրա տեղում ես մեկ ուրիշին կդնեմ:

19 Ուստի, հսկիր նրան, որ նրա հավատքը չպակասի, և դա կտրվի Մխիթարիչի՝ Սուրբ Հոգու միջոցով, որը գիտի բոլոր բաները:

20 Եվ ես պատվիրան եմ տալիս քեզ,– որ դու պետք է գրես նրա համար. և սուրբ գրքերը պիտի տրվեն, ճիշտ ինչպես դրանք իմ ծոցում են, իմ ընտրյալների փրկության համար.

21 Քանզի նրանք պիտի լսեն իմ ձայնը, և պիտի տեսնեն ինձ, և քնած չպիտի լինեն, և պիտի մնան իմ գալու օրը. քանզի նրանք պիտի մաքրագործվեն, ճիշտ ինչպես ես եմ մաքուր:

22 Եվ այժմ ես ասում եմ քեզ. Մնա նրա հետ, և նա պիտի ճամփորդի քեզ հետ. մի թողնիր նրան և, անկասկած, այս բաները պիտի իրականանան:

23 Եվ որքան որ դուք չեք գրի, ահա՛, նրան պիտի տրվի մարգարեանալ. իսկ դու պիտի քարոզես իմ ավետարանը և վկայակոչես սուրբ մարգարեներին՝ հաստատելու համար նրա խոսքերը, երբ որ դրանք տրվեն նրան:

24 Պահեք բոլոր պատվիրաններն ու ուխտերը, որոնցով դուք կապված եք. և ես կցնցեմ երկինքները ձեր բարիքի համար, և Սատանան պիտի դողա, իսկ Սիոնը պիտի ցնծա բլուրների վրա և ծաղկի.

25 Եվ Իսրայելը կփրկվի ինձ հարմար ժամանակ. և այն բանալիներով, որոնք ես տվել եմ, նրանք պիտի առաջնորդվեն և ամենևին էլ չեն խարխափի:

26 Բարձրացրեք ձեր սրտերը և ուրախ եղեք՝ ձեր փրկագնումը մոտենում է:

27 Մի վախեցիր, փո՛քր հոտ. արքայությունը քոնն է, մինչև որ ես գամ: Ահա, ես շուտով գալիս եմ: Ճիշտ այդպես: Ամեն: