2020
Ամրացրեք ձեր հավատը Առաջին Տեսիլքի միջոցով
Ապրիլ 2020


Ամրացրեք ձեր հավատը Առաջին Տեսիլքի միջոցով

Ես աղոթում եմ, որ դուք հետևեք Ջոզեֆի օրինակին, սովորեք ճշմարտությունները, որոնք նա սովորեց, և ամրացնեք ձեր հավատը Երկնային Հոր և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Նկար
Teenaged Elder Anderson shares his beliefs with friends Illustration of Elder Neil Anderson when he was 16 years old at a conference he traveled to the east coast to attend. He is in a informal group of people and he is explaining his beliefs to the group.

Երբ ես 16 տարեկան էի, Այդահոյի իմ տնից ճամփորդեցի Միացյալ Նահանգների Արևելյան ափը՝ մասնակցելու մի համաժողովի, որին մասնակցում էին 50 նահանգներից եկած մոտ 40 ազգերի պատկանող երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք: Դրանից առաջ ես հազվադեպ էի եղել նման իրավիճակում, որտեղ իմ հավատքով և համոզմունքներով առանձնանում էի մյուսներից:

Մի երեկո մի ոչ պաշտոնական խմբի միջավայրում քննարկում սկսվեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու որոշ համոզմունքների և գործելակերպի մասին: Ուսանողների մի մեծ խումբ հանկարծ իրենց ուշադրությունը կենտրոնացրեց ինձ վրա և սկսեց հարցեր տալ, որոնցից մի քանիսը քննադատում էին մեր համոզմունքները:

Դա զարմացրեց ինձ: Ես մի պահ խորհեցի և սկսեցի կիսվել ավետարանական որոշ հիմնական սկզբունքներով: Ես բացատրեցի, որ մենք ունենք Երկնային Հայր, որ մենք Նրա որդիներն ու դուստրերն ենք և մենք երկրի վրա ենք, որպեսզի հավատք զարգացնենք Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ ապացուցելով ինքներս մեզ, որ կընտրենք բարին՝ չարի փոխարեն:

Կիսվելով այս սկզբունքներով, ես հանգեցի Ջոզեֆ Սմիթի վկայությանը: Մյուս ուսանողները չէին հարցրել Ջոզեֆ Սմիթի մասին, բայց ես ինքս հասա ակունքներին՝ թե ինչու եմ հավատում և ինչին եմ հավատում: Երբ ես պատմում էի, որ Հայրն ու Որդին հայտնվեցին Սրբազան Պուրակում, հանկարծ բոլորը լռեցին: Սրբության մի ուժեղ զգացում տիրեց սենյակում, և հոգևոր ուժի մի անպատմելի զգացում իջավ իմ և իմ խոսքերի վրա:

Այնուհետև մի քանի ուսանողներ շնորհակալություն հայտնեցին ինձ իմ ամուր համոզմունքների համար: Ոմանք նույնիսկ ավելի շատ տեղեկություններ հարցրին Եկեղեցու մասին: Երբ այդ երեկո ես վերադարձա իմ սենյակ, հասկացա, որ այն մարդը, ում վրա այս փորձառությունը մեծագույն ազդեցությունն էր ունեցել, ես էի: Ես ինքս էի զգացել վկայության զորությունը Հայր Աստծո, Նրա Որդի Հիսուս Քրիստոսի և Առաջին Տեսիլքի մասին։

Այդ վկայությունից անցել է 50 տարի, և այդ ժամանակից ի վեր ես հարյուրավոր անգամներ վկայել եմ Հոր, Որդու և Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին: Այդ փորձառություններում ես մշտապես զգացել եմ Սուրբ Հոգու հաստատող վկայությունը:

Ես կկամենայի կիսվել հինգ սկզբունքներով, որոնք սովորել եմ Առաջին Տեսիլքի իմ հոգևոր հասկացողությունից: Այս սկզբունքները ամրապնդել են իմ հավատը և Երկնային Հորն ու Նրա Սիրելի Որդուն հետևելու իմ ցանկությունը։ Հուսով եմ, որ նրանք ձեզ ևս զորացնում են:

Նկար
An illustration of the First Vision

1. Հայրը, Որդին և Սուրբ Հոգին երեք տարբեր և առանձին անձնավորություններ են

Դարեր շարունակ, կրոնական գիտնականները և փիլիսոփաները վիճարկել են Հայր Աստծո, Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու բնույթը։ Շատերը կարծում էին, որ նրանք մի էակ են: 200 տարի առաջ Սրբազան Պուրակում Ջոզեֆ Սմիթի ունեցած փորձառության շնորհիվ մենք գիտենք Աստծո բնույթի մասին բացարձակ ճշմարտությունը:

Նախ և առաջ, Նա ապրում է: Երկրորդ՝ Հայրը և Որդին երկու առանձին, փառավոր, հարություն առած էակներ են՝ մեկը մյուսից առանձին: Ավելի ուշ Ջոզեֆն իմացավ, որ «Սուրբ Հոգին չունի մսից ու ոսկորից մարմին, այլ Հոգեղեն անձնավորություն է: Եթե այդպես չլիներ, Սուրբ Հոգին չէր կարող բնակվել մեզանում» (Վարդապետություն և Ուխտեր 130.22):

2. Մենք Աստծո որդիներն ու դուստրերն ենք

Առաջին Տեսիլքի և այլ փորձառությունների միջոցով Մարգարե Ջոզեֆ Սմիթն իմացավ, որ Աստված ինչ-որ հեռավոր զորություն չէ, ով ստեղծել է աշխարհն ու նրա բնակիչներին, ապա մոռացել նրանց մասին: Իրականում, մեզանից յուրաքանչյուրը «Երկնային ծնողների կողմից սիրված որդին կամ դուստրն է»:1

«Ընտանիք․ հայտարարություն աշխարհին» հռչակագրում կարդում ենք․ «Մարդկային էակները՝ տղամարդիկ և կանայք արարվել են Աստծո պատկերով։ Յուրաքանչյուրը երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է, և, որպես այդպիսին, յուրաքանչյուր ոք ունի աստվածային բնույթ և ճակատագիր»։2 Մեր Հայրը հստակ հայտարարել է այդ ճակատագիրը. «Սա է իմ գործը և իմ փառքը` իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39):

Մեր ճշմարիտ ինքնությունը գալիս է Աստծուց, և մենք այստեղ ենք՝ երկրի վրա, որպեսզի ավելի նմանվենք նրան: Առաջին Տեսիլքի այս հասկացողությունը թույլ տվեց, որ ես՝ որպես երիտասարդ տղամարդ, իմանամ, որ ունեմ անհատական Երկնային Հայր, ով սիրում է ինձ և ցանկանում է, որ ես վերադառնամ Իր մոտ:

3. Մեր մեղքերը կարող են ներվել

Ջոզեֆի մեծ մտահոգություններից մեկն այն էր, որ իր մեղքերը ներվեին: Առաջին Տեսիլքի մի պատմության մեջ Տերը հետևյալ խոսքերով դիմեց երիտասարդ ճշմարտություն որոնողին. «Ջոզե՛ֆ, որդի՛ս, քո մեղքերը ներված են: Գնա քո ճանապարհով, հնազանդվիր իմ օրենքներին և պահիր իմ պատվիրանները: Ահա, ես եմ Ամենազոր Տեր Աստվածը: Ես խաչվեցի աշխարհի համար, որ նրանք, ովքեր հավատում են իմ անվանը, կարողանան հավերժական կյանք ունենալ»:3

Ջոզեֆն իմացավ, որ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով իր մեղքերը կներվեն և կմաքրվեն՝ համաձայն Աստծո օրենքների: Նրան տրվեցին վստահ գիտելիքներ, որ Հիսուս Քրիստոսը Իր վրա վերցրեց մեղքերն ու բեռները բոլոր նրանց, ովքեր երբևէ ապրել են կամ կապրեն երկրի վրա:

Առաջին Տեսիլքից մենք իմանում ենք, որ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի ողորմածության շնորհիվ, մեր մեղքերը ևս կրող են ներվել, և մի օր մենք մաքուր կկանգնենք Հոր առաջ:

4. Մեր Երկնային Հայրը լսում և պատասխանում է մեր աղոթքներին

1820թ. այդ օրը Ջոզեֆն իմացավ, որ Երկնային Հայրը լսում և պատասխանում է աղոթքներին: Ավելի ուշ Ջոզեֆն ասել է. «Ես լիովին վստահ էի, որ ստացել էի աստվածային դրսևորում, ինչպես մի անգամ նախկինում ստացել էի» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.29): Նրա օրինակն ուսուցանում է մեզ, որ մենք աղոթքով կարող ենք դիմել մեր Երկնային Հորը պատասխաններ ստանալու համար:

Ջոզեֆը կրկին ու կրկին կրկնեց աղոթքի այդ օրինակը: Նա վստահ էր, որ Տերը կլսեր և կպատասխաներ իր աղոթքներին: Նա աղոթեց այնպիսի բաների համար, որոնց համար դուք ևս աղոթել եք:

Նա աղոթեց իմաստություն ստանալու համար (տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.12–13):

Նա աղոթեց մկրտության համար (տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.68):

Նա աղոթեց ազատման համար (տես Վարդապետություն և Ուխտեր 121.1–4):

Նա աղոթեց միսիոներների համար (տես Վարդապետություն և Ուխտեր 109.22):

Նա աղոթեց Եկեղեցու համար, նրա անդամների և ղեկավարների համար (տես Վարդապետություն և Ուխտեր 109.71–76):

Եվ նա աղոթեց իր ընտանիքի համար (տես Վարդապետություն և Ուխտեր 109:68–69):

Սա օրինակ է մեզ համար: Ջոզեֆը ցույց տվեց մեզ, որ մենք բոլորս կարող ենք աղոթքով դիմել մեր Հորը:

5. Հայրն ու Որդին ճանաչում են մեզ անհատապես

Առաջին Տեսիլքից մենք սովորում ենք, որ այս սելեստիալ Էակները մեզ անհատապես ճանաչում են, ինչպես Ջոզեֆին էին ճանաչում: Հայրը դիմեց Ջոզեֆին անունով և «մատնացույց անելով մյուսին,- ասաց,- Սա է Իմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․17):

Հայրն ու Որդին գիտեին Ջոզեֆի կարիքները, հոգսերը, ցանկությունները, ինչպես մերը: Նրանք գիտեն նաև մեր հաջողություններն ու վշտերը:

Իմ երիտասարդության տարիներին ես աղոթել եմ շատ բաների համար: Երբ հետ եմ նայում, այդ խնդրանքներից մի քանիսը կարևոր չեն թվում: Բայց այն ժամանակ դրանք ինձ կարևոր էին թվում, և իմ վաղ տարիքում հասկացա, որ ես ունեմ Երկնային Հայր, ով լսում է ինձ: Միշտ չէ, որ ես անմիջապես պատասխան էի ստանում, բայց ես զգացի, որ Իր իսկ ժամանակին և Իր իսկ ձևով Նա կպատասխանի իմ աղոթքին այն եղանակով, որը ճիշտ էր ինձ համար:

Վստահ եղեք, որ Աստված կխոսի ձեզ հետ: Հավատացեք այն զգացումներին, որոնք խորը մխրճվում են ձեր սրտի մեջ։ Ես սկսեցի հավատալ աղոթքին և հասկանալ դրա ուժը, քանի որ գիտեի Մարգարե Ջոզեֆ Սմիթի փորձառությունները: Ես գիտեի, որ աստված գիտեր իմ անունը և նա կպատասխաներ ինձ, ինչպես նա գիտի ձեր անունը և կպատասխանի ձեզ:

Վկայություն

Իմ կյանքի 68 տարիների մեծ մասի ընթացքում ես աղոթել եմ այնպես, ինչպես Ջոզեֆն է աղոթել: Ինչպես Փրկիչի բոլոր ճշմարիտ աշակերտները, ես նույնպես պատասխաններ եմ ստացել երկնքից: Ես գիտեմ, որ Հիսուսը Քրիստոսն է: Նա Աստծո Որդին է: Նա հարություն է առել և ապրում է այսօր: Նա զորություն ունի՝ ներելու մեր բոլոր մեղքերը: Մեր հավատքի, հնազանդության և ապաշխարության միջոցով նա կարող է մեզ ապահով հետ տանել դեպի մեր երկնային տունը:

Որպես Հիսուս Քրիստոսի առաքյալ և Նրա կարգված վկա, ես վկայում եմ վստահությամբ ու համոզվածությամբ՝ հաստատված Սուրբ Հոգով, որ Հայրը և Որդին հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին Սրբազան Պուրակում: Ես աղոթում եմ, որ դուք հետևեք Ջոզեֆի օրինակին, սովորեք ճշմարտությունները, որոնք նա սովորեց և ամրացնեք ձեր հավատքը Երկնային Հոր և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Հղումներ

  1. «Երիտասարդ կանանց թեմա», youngwomen.ChurchofJesusChrist.org:

  2. «Ընտանիք․ հայտարարություն աշխարհին», Լիահոնա, մայիս 2017, 145։

  3. “Joseph Smith’s Accounts of the First Vision,” josephsmithpapers.org.

Նկարները՝ Դեյվիդ Մալանի

Նկարները՝ Ջեյմս Լ. Ջոնսոնի