2020
Ավելի թանկ, քան արծաթե ապարանջանը
Ապրիլ 2020


Ավելի թանկ, քան արծաթե ապարանջանը

Սիլվի Հոմո

Քվեբեկ, Կանադա

Նկար
bracelet

Նկարազարդումը՝ Էմիլի Լուիի

Երբ ինձ խնդրեցին Սփոփող Միության դասին քննարկում վարել Իր ոչխարներին արածեցնելու Փրկիչի հրավերի մասին, ես որոշեցի, որ, եթե ես ցանկանում էի շարժառիթ ստեղծել քույրերի համար, ապա պետք է ինչ-որ բան անեի Նրա ոչխարներից մեկի համար:

Ես հավաքեցի իմ ողջ քաջությունը և հրավիրեցի մի ոչ ակտիվ քրոջ ինձ հետ գալ Սփոփող Միության միջոցառման: Նա ընդունեց իմ հրավերը, և մենք լավ ժամանակ անցկացրինք: Ես զգացի, որ սա լավ օրինակ էր և ուզում էի անմիջապես կիսվել իմ փորձառությամբ: Բայց Տերը ավելի շատ բան ուներ ուսուցանելու ինձ:

Մի առավոտ, երբ հագնվում էի, տեսա, որ իմ արծաթե ապարանջանը կորել է: Ապարանջանն ինձ տվել էին որպես ծննդյան նվեր, երբ այցելել էի Ֆրանսիա, ուստի այն հատուկ իմաստ ուներ ինձ համար: Ես սկսեցի փնտրել այն ամենահավանական տեղերում, բայց չկարողացա գտնել: Հետո ես ասացի ինքս ինձ, որ եթե ուղղակի աղոթեի, կկարողանայի արագ գտնել իմ ապարանջանը:

Աղոթելուց հետո ամեն տեղ նայեցի։ Երկու օր ես կենտրոնացած աղոթում էի և լարված փնտրում: Ես աղերսեցի Երկնային Հորը օգնել ինձ գտնել այն, բայց չգտա: Ես շատ էի տխրել, քանի որ այդ ապարանջանը թանկ էր ինձ համար:

Մի երեկո իմ որդին աղոթեց ինձ հետ մահճակալիս կողքին: Մեր աղոթքից հետո նա ինչ-որ բան վերցրեց և տվեց ինձ: Դա իմ ապարանջանն էր: Նա գտավ այն մահճակալի տակ: Ես ինչ-որ ձևով չէի նկատել այն որոնելիս: Ես ուրախությունից բացականչեցի, քանի որ գտել էի այն։

Հանկարծ մի հուշում ստացա. «Արդյո՞ք դու նույնքան ջանասիրաբար ես աղոթում քո Եկեղեցու քույրերի համար: Արդյո՞ք նրանք նույնքան թանկ են քեզ համար, որքան քո ապարանջանը: Իսկ ի՞նչ կասես քո քույրերի մասին, ովքեր Եկեղեցուց չեն։ Դու նրանց համար նու՞յնպես աղոթում ես:

Երբ Սփոփող Միությունում կիսվեցի իմ կորած ապարանջանի մասին փորձառությամբ, մենք հրաշալի քննարկում անցկացրինք: Ես քույրերին ասացի, որ ես սովորել էի, որ երբ Փրկիչը խնդրում է մեզ արածեցնել Իր ոչխարներին, մենք պետք է հիշենք, որ «հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում» (Վարդապետություն և Ուխտեր 18.10): Նա ցանկանում է, որ մենք մտածենք մեր շրջապատի մարդկանց մասին և սիրենք, հոգ տանենք ու նրանց համար աղոթենք մեր ողջ եռանդով: Երբ այդպես վարվենք, կպարզենք, որ ամեն մեկը շատ ավելի թանկ է, քան արծաթե ապարանջանը: