2020
Ինչպես են չափահաս երիտասարդները փոփոխություն առաջացնում շարունակվող Վերականգնման գործում
Ապրիլ 2020


Չափահաս երիտասարդներ

Ինչպես են չափահաս երիտասարդները փոփոխություն առաջացնում շարունակվող Վերականգնման գործում

Չափահաս երիտասարդները միշտ էլ կարևոր դեր են ունեցել փրկության աշխատանքում։

Նկար
young adults

Ամեն անգամ, երբ Եկեղեցու որևէ ղեկավար հրավիրում է ձեզ մասնակցելու շարունակվող Վերականգնման գործին կամ օգնել հավաքել Իսրայելը, դուք երբևէ մտածե՞լ եք. «Ես ի՞նչ կարող եմ անել: Ես մենակ եմ», «Ես շատ երիտասարդ եմ» կամ «Ես բավարար գիտելիքներ չունեմ: Ես ի՞նչ կարող եմ փոխել»:

Մեզանից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ ունենում է այսպիսի մտքեր: Բայց փորձեք լռեցնել այդ անվստահությունը, երբ կարդաք հաջորդ մի քանի նախադասությունները.

  • Ջոզեֆ Սմիթը ընդամենը 22 տարեկան էր, երբ սկսեց թարգմանել Մորմոնի Գիրքը։

  • Օլիվեր Քաուդերին նույնպես 22 տարեկան էր, իսկ Ջոն Ուիթմերը՝ 26 (և երկուսն էլ ամուրի էին), երբ սկսեցին աշխատել որպես Ջոզեֆի դպիրներ:

  • 1835թ., երբ կանչվեց Տասներկու Առաքյալների Քվորումը, նրանք 23-35 տարեկան էին:

  • Վաղ շրջանի Սրբերից շատերը, ովքեր միացան Եկեղեցուն և տարածեցին ավետարանը, չափահաս երիտասարդներ էին:

Ի վերջո, Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման վաղ օրերին Աստված աշխատում էր չափահաս երիտասարդների միջոցով։ Ձեզ նման մարդկանց միջոցով:

Մի պահ խորհենք դրա շուրջ և դրա նշանակության շուրջ:

Եկեղեցին այսօր տարածված չէր լինի երկրի վրա, եթե բոլորը մտածեին, որ իրենք փոփոխություն չեն կարող առաջացնել: Իսկ դու՛ք, այո, դու՛ք, ընտրյալ սերնդի մասն եք, որը պիտի շարունակի վերականգնել և ղեկավարել Հիսուս Քրիստոսի Եկեղեցին այսօր:

Դուք ուղարկված եք այստեղ: Այժմ: Նպատակի համար:

Մեր սերնդի մասին խոսելիս Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ուսուցանել է. «Դուք ապրում եք «վերջին օրերում». Տերը հայտարարել է, որ սա վերջին անգամն է, որ Նա մշակներ կկանչի Իր այգին՝ հավաքելու ընտրյալներին երկրի չորս կողմերից: (Տես ՎևՈւ 33․3-6։) Եվ դուք ուղարկվել եք՝ մասնակցելու այս հավաքին»:1

Մտածեք 65000 լիաժամկետ միսիոներների մեծ խմբի մասին, ովքեր ամբողջ օրը կիսվում են ավետարանով ողջ աշխարհում: Մտածեք բոլոր չափահաս երիտասարդների մասին, ովքեր ուխտեր են կնքում տաճարում, օգտվում են վերականգնված քահանայության և տաճարային օրհնություններից և ուխտ են կապում հավատարիմ լինել, ամրացնել իրենց ընտանիքներն ու կառուցել Աստծո արքայությունը երկրի վրա: Մտածեք չափահաս երիտասարդների մասին, ովքեր, որպես Եկեղեցու ղեկավարներ, ծառայում են ամբողջ աշխարհում: Մտածեք նրանց մասին, ովքեր առաջ են մղվում՝ հետևելով Հիսուս Քրիստոսին, չնայած իրենց կրած բոլոր դժվարություններին ու փորձություններին: Վերականգնման սկզբից չափահաս երիտասարդները հանդիսանում են Վերականգնման կարևոր մասը։ Իսկ շարունակվող Վերականգնումը հանդիսացել է Եկեղեցու չափահաս երիտասարդ անդամների կյանքի կարևոր մասը:

Ի՞նչ է նշանակում Վերականգնումը մեզ համար:

Մեզանից շատերի համար մեր մասնակցությունը Վերականգնման գործում արդյունքն է այն բանի, թե ինչ է այն ուսուցանել մեզ: Վենելա Վակապալլիի համար, ով չափահաս երիտասարդ նորադարձ է Անդրա Պրադեշից (Հնդկաստան), «Վերականգնումը հայտնություն փնտրելն է: Ջոզեֆ Սմիթը հայտնությունն էր փնտրում անտառում: Նա խորհրդակցեց Տիրոջ հետ և սպասեց պատասխանի, նա համբերատար էր: Ահա, թե ինչն է ինձ դուր գալիս»: Վենելան բացատրում է. «Նախքան Վերականգնման մասին իմանալը, ես չգիտեի, թե ինչ է հայտնություն փնտրելը: Ինձ շատ զարմացնում է այն, թե որքան ժամանակ նա ծախսեց, մինչև հայտնություն ստացավ Աստծուց: Դա այն է, ինչ ես սովորեցի Վերականգնումից:

Էմմա և Ջեյքոբ Ռոբերտսները՝ մի երիտասարդ զույգ Յուտայից, համարում են, որ Վերականգնումը «շարունակվող հայտնություն է» մեզ համար և աշխարհի համար, «որ մենք կարող ենք ունենալ մարգարե՝ Աստծո խոսնակը այստեղ՝ երկրի վրա, հավաստիանալով, որ ինչպիսի մարտահրավերների էլ դիմակայենք աշխարհում, մենք ունենք ինչ-որ մեկը, ով աշխատում, աղոթում և խոսում է Աստծո հետ, համոզվելու համար, որ մենք պատրաստ ենք և կարող ենք դիմակայել աշխարհի դժվարություններին, երբ այն փոփոխվում է»:

«Այդքան շատ գիտելիքը, որը գալիս է Վերականգնման հետ, հեշտացնում է իմ կյանքը և թուլացնում է լարվածությունը»,- ասում է Ջեյքոբը: Այդ ամենը գալիս է երաշխավորությամբ, որ «կա Աստված, ով սիրում է մեզ և հսկում է մեզ»,- ասում է Էմման: «Նրա նպատակը մեր երջանկությունն է»: Որպես երիտասարդ չափահասներ, մենք կարող ենք լիովին վստահել և հետևել Նրան, քանի որ մենք գիտենք՝ Նրա նպատակը մեր երջանկությունն է: Մենք գիտենք, որ մենք հավերժական էակներ ենք, և դա ինձ մեծ հույս ու հավատ է տալիս, որ ինչ էլ որ ես անեմ հիմա և ինչ սխալ էլ որ գործեմ, ես կարող եմ ապաշխարել և ունենալ այս ժամանակը երկրի վրա՝ առաջադիմելու և սովորելու համար»:

Այդպիսի հավաստիացումը օգնեց Ռամոնա Մորիսին՝ մի չափահաս երիտասարդի Բարբադոսից, երբ առաջին անգամ իմացավ Վերականգնման մասին: Ի թիվս այլ բաների, նա ձեռք բերեց վկայություն, որ «Երկնային Հայրը մեր կողքին է: Վերականգնումը խաղաղություն է բերում նրանց, ովքեր խորհում են իրենց կյանքի նպատակի և իրենց համար Աստծո ծրագրի շուրջ»:

Բայց չնայած Վերականգնման ըմբռնումը հստակություն է բերել նրա կյանք, նա նաև ընդունում է, որ «այդքան հեռու լինելով Եկեղեցու գլխավոր գրասենյակից, դժվար է կապվել ավետարանի հետ, բայց քանի որ ես ամուր վկայություն ունեմ վերականգնված ավետարանի մասին, ես գիտեմ, որ այդքան հեռու գտնվելով, ես դեռևս կարող եմ զգալ որպես Վերականգնման մաս և մենակ չեմ»:

Այո, նա մենակ չէ: Չափահաս երիտասարդներն ամբողջ աշխարհում մասնակցում են Վերականգնման գործին տաճարային ծառայության, ընտանիքի պատմության և միսիոներական աշխատանքի միջոցով: Անձնական հայտնության ըմբռնումով, որը մենք ձեռք ենք բերում՝ սովորելով Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի և Վերականգնման մասին, մենք բոլորս կարող ենք ձգտել իմանալ Աստծո կամքը և, թե ինչ դեր կարող ենք խաղալ շարունակվող Վերականգնման գործում:

Նկար
world map

Նկարները՝ Getty Images-ի

Չափահաս երիտասարդները ղեկավարում են Եկեղեցին

Մենք կարող ենք չափահաս երիտասարդներ լինել, բայց կարող ենք ղեկավարներ լինել Եկեղեցում հիմա: Լինելով Եկեղեցու միակ անդամը իր ընտանիքում, Յանկա Տորոնին Գյորից (Հունգարիա) ամրապնդվում է իր չափահաս երիտասարդ ընկերների կողմից, ովքեր մասնակցում են Վերականգնման տարբեր ոլորտներին. «Իմ ընկերներից շատերը գնացել են միսիա և հրաշալի է տեսնել նրաց առաջընթացը, իսկ հետո նրանք վերադառնում են և աճում են իրենց բոլոր փորձառությունների միջոցով: Դա հրաշալի փորձառություն է մեր բոլորի համար: Միշտ էլ հրաշալի է տեսնել, թե ինչպես են իմ երիտասարդ ամուրի ընկերները ծառայում իրենց կոչումներում, և երբեմն իրենք են ստեղծում հնարավորություններ, ինչպես օրինակ՝ ԵԶՀ-ի (Երիտասարդներին զորացնելու համար) համաժողովներին կամավոր խորհրդականների դեր են կատարում: Ես համարում եմ, որ Վերականգնումը ոչ միայն մարդկանց ավետարանն ուսուցանելու մասին է. այն նաև մեր ունեցած անդամներին ամրապնդելու մասին է:

Հունգարիայի չափահաս երիտասարդները հասկանում են, իրենք այս Եկեղեցու ապագա ղեկավարներն են: «Մեր կարիքը զգացվում է, և մենք պետք է կարողանանք կատարել հանձնարարությունը, որը երբեմն անհաղթահարելի է»,- խոստովանում է Յանկան: «Տերը արագացնում է Իր աշխատանքը, իսկ մենք դրա մի մասն ենք: Երբեմն մենք մտածում ենք, «Ես ինչպե՞ս պետք է անեմ սա»: Բայց հրաշալի է տեսնել, որ մեր ղեկավարները այդքան վստահում են մեզ: Սա ոգևորիչ է նրանց համար, ովքեր իրոք սիրում են Եկեղեցին և ունեն ամուր վկայություն, քանի որ մենք գիտենք, որ մի օր մենք ենք պատասխանատու լինելու: Մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք մեր սեփական հոգևոր առաջընթացի համար»:

Շոն և Ստեֆանի Ջոզեֆները Արևմտյան Ավստրալիայից մասնակցում են Վերականգնմանը՝ ուսուցանելով իրենց ծխի երիտասարդներին: «Ինձ համար մասնակցել Վերականգնմանը նշանակում է՝ օգնել ապագա սերունդներին հասկանալ, թե ինչ է ավետարանը և ինչպես կարող է այն օգնել նրանց և ուրիշներին իրենց կյանքում»,- ասում է Ստեֆանին: «Մենք կարող ենք օգնել մեր երկրում Եկեղեցու համար ավելի ամուր հիմք ստեղծել ապագայում»:

«Մենք ցանկանում ենք օգնել երիտասարդներին ինքնուրույն վկայություն ձեռք բերել Մորմոնի Գրքի և Ջոզեֆ Սմիթի մասին և հասկանալ, որ իրենք իրականում Աստծո զավակներն են»,- բացատրում է Շոնը: «Մենք չենք ցանկանում, որ դա պարզապես լինի մի բան, ինչի մասին երգել են Երեխաների Միությունում. մենք ցանկանում ենք, որ նրանք իսկապես իմանան, որ այն ճշմարիտ է»:

Վենելայի համար Հնդկաստանում ավետարանով ապրելը հեշտ չէ, բայց նա գիտի, որ այնտեղ չափահաս երիտասարդ անդամների ուժը կոգեշնչի ուրիշներին և կօգնի Վերականգնման առաջընթացին: «Այստեղ բոլոր չափահաս երիտասարդները շատ հավատարիմ են: Նրանք հնարավորություններ են փնտրում կիսվելու իրենց վկայություններով»,- ասում է նա։ «Մենք Հնդկաստանի ռահվիրաներն ենք: Մենք տեղափոխվում ենք տարբեր վայրերից և մեզանից մի քանիսը նույնիսկ հեռանում են ընտանիքներից: Կյանքը դժվար է այստեղ, բայց մենք, այնուամենայնիվ, ընտրում ենք ապրել ավետարանով: Սուրբ գրություններն ինձ տալիս են շատ հույս, ուժ և քաջություն:

Կարևոր չէ, թե որտեղ ենք մենք, որպես չափահաս երիտասարդներ, մենք կարող ենք շարունակել հզոր ազդեցություն ունենալ շարունակվող Վերականգնման վրա մեր հավատքի և ավետարանի հանդեպ պարտավորության միջոցով:

Եկեղեցու ապագան մեր գործն է

Մենք Եկեղեցու ապագան ենք: Մենք վերջին կռիվն ենք տալիս: Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք օգնենք Նրան կատարել Իր աշխատանքը՝ հավերժական, կյանքը փոխող Իր աշխատանքը: Նա գիտե, որ մենք բավականաչափ ուժեղ ենք, որպեսզի շարունակենք առաջ ընթանալ և պայքարել այն եղանակների դեմ, որոնցով հակառակորդը ցանկանում է գայթակղել կամ խաբել մեզ: Եվ սատանան հուսահատվում է: Նա գիտի, որ պարտվում է պայքարում, քանի որ Տիրոջ աշխատանքը կհաղթի:

«Մենք գիտենք, որ Տերը արագացնում է Իր աշխատանքը, և ոչ ոք չի կարող կանգնեցնել այն»,- ասում է Յանկան: «Մենք գիտենք, որ այն կշարունակվի՝ անկախ ամեն ինչից: Բայց մենք պետք է որոշենք՝ արդյոք մենք լինելու ենք դրա մի մասը և օգնենք դրա առաջընթացին, թե կողքից պարզապես դիտելու ենք: Մեր ազատ կամքի շնորհիվ կարող ենք դրա մի մասը լինել, և մենք ունենք այդ վկայությունը, որ կարող ենք ընտրել ճիշտը և մեր ընտրությամբ հետևել Քրիստոսին: Մենք պետք է լինենք դրա մի մասը»:

Ուստի մեզանից է կախված ընտրությունը, թե ում կողմից ենք:

Մեզանից է կախված՝ արդյոք քաջություն կունենանք պաշտպանել այն, ինչին հավատում ենք:

Մենք ենք անձնական հայտնություն փնտրում մեր կյանքի համար:

Մեզանից է կախված՝ արդյոք թույլ կտանք, որ դժվարին մարտահրավերները, որոնց բախվում ենք, զորացնեն մեր հավատքը Փրկիչի հանդեպ:

Մեզանից է կախված՝ արդյոք կհետևենք նրան և կանենք մեզանից կախված ամեն բան՝ ուրիշներին Նրա մոտ բերելու համար:

Մենք պետք է որոշենք՝ համբերել մինչև վերջ՝ մեր ուժերի ներածին չափով:

Մենք իսկապես վերջին օրերում ենք: Իսկ ղեկավարել Եկեղեցին, ինպես Նախագահ Նելսոնն է կոչում, «աշխարհի պատմության ամենահզոր տնտեսության մեջ»,2 կարծես, անհաղթահարելի պարտականություն է: Բայց մտածեք այդ մասին. Երկնային Հայրը վստահել և պահպանել է մեզ, որպեսզի լինենք այս երկրի վրա ժամանակի այս հատուկ պահին, երբ մենք բախվում ենք անհամար գայթակղությունների, շեղող հանգամանքների և այնքան շատ հակառակ կարծիքների հետ:

Ուղարկելով մեզ այստեղ՝ ամենաառանցքային տնտեսության մեջ, Երկնային Հայրը չէր ստեղծում որևէ իրավիճակ, որում մենք կձախողվեինք: Նա գիտի մեր ներուժը, մեր հզորությունը, մեր քաջությունը և, ի վերջո, Նա գիտի, որ մենք կարող ենք փոփոխություն կատարել Եկեղեցու Վերականգնման գործում՝ անկախ մեր տարիքից կամ ամուսնական կարգավիճակից: Նշանակություն չունի, թե որքան անտանելի են թվում մեր փորձությունները, որքան դժվար է թվում ղեկավարելը և ավետարանով կիսվելը ամբողջ աշխարհում. Երբ Նա է աջակցում մեզ, ո՞վ կարող է կռվել մեր դեմ: Նա կօգնի մեզ իրականացնել անհնարինը:

Հղումներ

  1. Ռասսել Մ. Նելսոն, «Կանգնեք որպես իսկական հազարամյակցիներ», Լիահոնա, հոկտեմբեր 2016, 48։

  2. Ռասսել Մ. Նելսոն, «Կանգնեք որպես իսկական հազարամյակցիներ», Լիահոնա, հոկտեմբեր 2016, 46: