2020
Եկեղեցի Զուլմայի համար
Ապրիլ 2020


Եկեղեցի Զուլմայի համար

Գուցե կար ավելին, քան Աստված ցանկանում էր, որ Զուլման իմանար:

«Փնտրեք, և դուք կգտնեք» (3 Նեփի 14.7):

Նկար
A Church for Zulma

Զուլման նստել էր եկեղեցու նստարաններից մեկի վրա և հարթում էր իր դպրոցական համազգեստի կիսաշրջազգեստը: Գունավոր լույսերը փայլում էին ապակենկարով պատուհանների միջով, իսկ հավաքատան առջևի մասում կանգնեցված էր մի խաչ: Զուլման հաճախում էր եկեղեցու դպրոցը, այսպիսով օրական երկու անգամ մյուս ուսանողների հետ նա գնում էր երկրպագության ծառայություններին: Զուլման սիրում էր իր եկեղեցին: Նա սիրում էր Հիսուսին և սիրում էր սովորել Նրա մասին:

Նա լուռ նստեց, երբ քահանան սկսեց խոսել: Բայց այսօր ամեն բան այլ էր: Հանկարծ նոր միտք ծագեց նրա գլխում ու սրտում. Ավելի շատ ճշմարտություն կա աշխարհում:

Զուլման հավաքեց հոնքերը: Ավելի շա՞տ ճշմարտություն: Ի՞նչ էր դա նշանակում:

Այդ միտքը կրկին եկավ: Ավելի շատ ճշմարտություն կա:

Զուլման փակեց աչքերը և կենտրոնացավ իր զգացածի վրա: Նա շատ լավ բաներ էր սովորել եկեղեցում: Բայց հիմա նա ուզում էր իմանալ՝ արդյո՞ք ինչ-որ բան պակասում էր: Գուցե կար ավելին, որ Աստված ցանկանում էր, որ ինքն իմանար: Բայց ինչպե՞ս կարող էր գտնել դա:

Ավելի ուշ իր ավագ եղբոր՝ Ալբերտոյի հետ նա խոսեց իր մտքերի մասին:

«Դու կարծում ես, որ ավելի շա՞տ ճշմարտություն կա աշխարհում»: Հարցրեց Ալբերտոն:

Զուլման գլխով արեց։ «Ես ուզում եմ սովորել այլ եկեղեցիների մասին»,- ասաց նա։

«Եղավ»,- պատասխանեց Ալբերտոն: «Ես կգամ քեզ հետ»:

Մի քանի տարի Զուլման և Ալբերտոն այցելում էին տարբեր եկեղեցիներ: Մի եկեղեցական ծառայությունից հետո Ալբերտոն ասում էր. «Այն եկեղեցին լավ բաներ էր սովորեցնում»:

Զուլման համաձայնվեց, բայց նրանք դեռևս զգում էին, որ ինչ-որ բան պակաս է, ուստի շարունակեցին փնտրել:

Մի օր Ալբերտոն աստիճաններով արագ բարձրանում էր իրենց տուն: «Ես գտել եմ եկեղեցին, որը մենք փնտրում ենք»։ Ասաց Ալբերտոն: Նա ամուր գրկեց Զուլմային:

Զուլման լայն բացեց աչքերը: «Որտեղի՞ց: Ինչպե՞ս»:

«Իմ ընկերը հանդիպել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներներին»,- ասաց Ալբերտոն: «Ես լսեցի նրանց և հավատում եմ այն ամենին, ինչ նրանք սովորեցնում են»:

Զուլման և Ալբերտոն այնքան երջանիկ էին, որ պարելով պտտվում էին տանը: Բայց հետո Զուլման մի վատ նորություն ստացավ: Մայրիկը չէր ցանկանում, որ նա հանդիպեր միսիոներների հետ: «Դու ընդամենը 12 տարեկան ես»,- ասաց մայրիկը: «Դու չափազանց երիտասարդ ես»:

Քանի որ Ալբերտոն տարիքով ավելի մեծ էր, նա կարող էր հանդիպել միսիոներների հետ: Մի քանի շաբաթ անց նա մկրտվեց:

Զուլման կրկին ու կրկին շարունակում էր հարցնել մայրիկին՝ արդյոք միսիոներները կարող են ուսուցանել իրեն: Ի վերջո, մայրիկն ասաց՝ այո:

Երբ միսիոներներն ուսուցանում էին Զուլմային, նա ջերմություն զգաց սրտում: Միսիոներներից մեկը դժվարությամբ էր խոսում իսպաներեն, բայց դա նշանակություն չուներ: Կարևոր էր, թե Զուլման ինչ էր զգում: Երբ նա իմացավ Ջոզեֆ Սմիթի և Մորմոնի Գրքի մասին, հասկացավ, որ գտել է ճշմարտությունը, որն ինքը փնտրում էր:

Նա ցանկանում էր մկրտվել։ Բայց ի՞նչ կասեր մայրիկը: Զուլման այնքան երջանիկ էր, երբ մայրիկն ասաց՝ այո: Իր մկրտության օրը Զուլման սպիտակ շորեր էր հագել: Նա գիտեր, որ Աստված սիրում է իրեն։ Նա գիտեր, որ Աստված ճանաչում է իրեն: Եվ նա գիտեր, որ Նա օգնեց իրեն գտնել Իր վերականգնված Եկեղեցին:

Զուլման փոքր հասակում։ Աջից՝ այսօրվա նրա նկարը իր ամուսին Յոթանասունական Երեց Վոլտեր Ֆ. Գոնզալեսի հետ։

Նկարները՝ Սքոթ Վաքենֆիլդի