2020
Եկեղեցու լրիվ անունը օգտագործելը հարմար չէր, բայց արժեր
Ապրիլ 2020


Միայն թվային տարբերակով. Չափահաս երիտասարդներ

Եկեղեցու լրիվ անունը օգտագործելը հարմար չէր, բայց արժեր

Մարգարեի հրահանգներին հետևելը կարծես հեշտ էր, բայց պարզվեց, որ ավելի շատ ջանքեր էր պահանջում, քան ես ակնկալում էի:

Երբ 2018թ. հոկտեմբերի գերագույն համաժողովին Նախագահ Նելսոնը խոսեց Եկեղեցու ճիշտ անունը օգտագործելու մասին, նրա ուղերձը շատ հստակ էր ինձ համար. «Դա Տիրոջ հրամանն է: …

… Տիրոջ անունը Տիրոջ Եկեղեցու վրայից հանելով, սատանան մեծ հաղթանակ է տանում («Եկեղեցու ճիշտ անունը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 87, 88):

Ես հասկացա, որ պետք է վերանայեմ իմ մոտեցումը այն զրույցներին, որոնք ես ունենում էի ինձ շրջապատող մարդկանց հետ, ներառյալ իմ աշխատավայրի որոշ հաճախորդների հետ, ովքեր վարժվել էին ինձ կոչել «Մորմոն» և «Մորմոնների եկեղեցու» անդամ:

Պարտավորվելով օգտագործել Եկեղեցու լրիվ անունը, ես սպասում էի հաջորդ հնարավորությանը, որպեսզի հաստատեմ իմ անդամությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Շուտով այդ հնարավորությունը եկավ՝ կրկին աշխատանքային միջավայրում: «Դուք՝ մորմոններդ, այնքան բարի մարդիկ եք»,- մի հաճախորդ ասաց ինձ: «Շնորհակալ եմ»,- ասացի ես: «Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մենք հավատում ենք, որ բոլորս եղբայրներ և քույրեր ենք»։ Հետո խոսակցությունը շարունակվեց նրա և մեկ ուրիշի հետ, ովքեր խոսում էին «Մորմոնների» բարության մասին:

Չնայած ես կատարել էի իմ բաժինը Եկեղեցու լրիվ անունը ասելու գործում, սակայն զգում էի, որ ինչ-որ բան ճիշտ չէր: Իմ ընկերներն ու գործընկերները դեռևս ինձ համարում են «Մորմոնների Եկեղեցու» անդամ, բայց ոչ որպես Քրիստոսի հետևորդ, ոչ էլ որպես Քրիստոսի վերականգնված Եկեղեցու անդամ:

Արդյո՞ք արժեր անցնել այդքան անհարմարությունների միջով:

Իմ կրոնի մասին հաջորդ մի քանի զրույցների ժամանակ ես վհատվել էի այն անհարմարության պատճառով, որն առաջանում էր նույն խոսակցության մեջ Եկեղեցու լրիվ, երկար անունը բազմիցս կրկնելու պատճառով: Բոլորը, ում հետ ես խոսում էի, կարծես, դեմքի տարօրինակ արտահայտություններով էին ինձ նայում: Եվ խոսակցությունը, այնուամենայնիվ, միշտ կենտրոնացած էր «Մորմոնների» վրա:

Ես փորձում էի իմ շփումները ավելի բնական դարձնել։ Բայց պարզվեց, որ սա շատ ավելի դժվար էր, քան ես ակնկալում էի, հատկապես այն մարդկանց հետ, ում ես չէի ցանկանում վիրավորել: Ես չէի ցանկանում ամաչել կամ ինքնագոհ երևալ իմ հավատքով ապրելու համար, բայց ես նաև չէի ցանկանում, որ ինձ կոպիտ մարդ համարեին, քանի որ այդ մարդկանցից շատերը նախկինում ինձ «Մորոմոն» էին անվանել, իսկ ես ընդունել էի: Ես նաև լսել էի, որ Եկեղեցու շատ անդամներ դեռևս իրենց և այլ անդամներին կոչում են «Մորմոններ» տարբեր ժողովների ժամանակ և այլ միջավայրերում:

Ես ինքս ինձ հարցրի՝ արդյո՞ք Եկեղեցու լրիվ անունը օգտագործելը իրոք այդքան կարևոր է, եթե հաշվի առնենք մնացած կարևոր բաները: Ի վերջո, «Մորմոն» անունը բավականին դրական է շատ մարդկանց համար. «Մորոմոն» լինելը շատ հաճախ արժանիք է եղել ինձ համար: Բայց վերանայելով Նախագահ Նելսոնի ելույթը, ես տպավորված էի, որ սա իրոք կարևոր է, նույնիսկ, եթե դա իրոք որոշակի անհարմարություն է պատճառում խոսակցության մեջ: Ուստի ես կրկին պարտավորվեցի:

Քրիստոսի մասին վկայելու հնարավորություն

Հաջորդ անգամ, երբ ես ստիպված էի օգտագործել Եկեղեցու լրիվ անունը, ես այցելել էի մի ընկերոջ մեկ այլ հավատքի եկեղեցում: Ինչ-որ մեկը մոտեցավ ինձ և պայծառ ժպիտով հարցրեց՝ արդյոք ես Մորմոն եմ: «Այո, ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ»,- ասացի ես: Նա մի քանի հարց տվեց ինձ, որոնցից յուրաքանչյուրը սկսվում էր. «Արդյո՞ք Մորմոն Եկեղեցին հավատում է … »: Եվ ամեն անգամ, ես սկսում էի իմ պատասխանը հետևյալ արտահայտությամբ. «Քրիստոսի վերականգնված Եկեղեցում մենք հավատում ենք …»:

Խոսակցությունն այդպես շարունակեց չորս կամ հինգ անգամ: Երբ նա նկատեց, որ ես չէի ընդունում «Մորմոն» տիտղոսը, ուղղակի հարցրեց. «Դուք Մորոմոն չե՞ք»:

Ուստի ես հարցրի նրան՝ արդյոք նա գիտեր, թե ով էր Մորմոնը, բայց նա չգիտեր: Ես ասացի նրան, որ Մորմոնը մարգարե էր, պատմաբան, ռազմական գեներալ և քաղաքական գործիչ հնադարյան Ամերիկայում: Ինձ համար պատիվ էր, որ ինձ զուգորդում էին մի մարդու հետ, ով այնքան նվիրված էր Աստծո և ուրիշների ծառայությանը:

«Բայց,- ես ասացի,- Մորմոնը չի մահացել իմ մեղքերի համար: Մորմոնը չի հեղել իր արյունը ինձ համար և տառապել Գեթսեմանում կամ խաչի վրա: Մորմոնը իմ Աստվածը չէ: Հիսուս Քրիստոսն է իմ Աստվածը և իմ Փրկիչը: Նա իմ Քավիչն է: Եվ Նրա անունով է, որ ես ցանկանում էի հայտնի լինել վերջին օրը, և Նրա անունով է, որ ես հույս ունեմ հայտնի լինել այսօր»:

Ես վստահություն զգացի, որ Հոգին աջակցում է ինձ իմ ծանոթին բերած իմ այս կարճ վկայության ժամանակ: Մի քանի վայրկյան լռությունից հետո նա ասաց. «Այսպիսով, դուք քրիստոնյա՞ եք»:

«Այո, ես քրիստոնյա եմ»,- պատասխանեցի ես,- «և Քրիստոսի վերականգնված Եկեղեցու անդամ եմ»:

Մարգարեի հրահանգներին հետևելը հեշտ էր թվում, բայց պարզվեց, որ ավելի շատ ջանքեր պահանջվեցին, քան ես ակնկալում էի: Ես դեռևս կատարելապես չեմ հետևում այն ամենին, ինչ ինձ խնդրում են անել: Բայց հիմա յուրաքանչյուր դեպքում ես, անշուշտ, օգտագործում եմ Եկեղեցու լրիվ անունը:

Ես երախտապարտ եմ, որ զգում եմ Հոգին, երբ ես ուրիշներին վկայում եմ իմ Փրկիչի մասին և Նրա Եկեղեցում իմ անդամության մասին: Եվ հիմա ես հրաշալի եղանակ ունեմ բնականորեն վկայելու Նրա և Նրա վերականգնված Եկեղեցու մասին, երբ ինձ հարցնեն «Մորմոն» լինելու վերաբերյալ: