2020
Օրհնությունն այն ամենն էր, ինչ ես կարող էի տալ
Ապրիլ 2020


Օրհնությունն այն ամենն էր, ինչ ես կարող էի տալ

Ջոնաթան Մաֆրա Սենա դե Սանտանա

Սանտա Կատարինա, Բրազիլիա

Նկար
father giving daughter a blessing

Նկարազարդումը` Ալեն Գարնսի

Ես ավարտեցի իրավաբանական քոլեջը այն ժամանակ, երբ լրանում էր իմ դստեր մեկ տարին: Ես և կինս անհամբեր սպասում էինք տոնելու իմ ավարտումը, մեր դստեր ծնունդը և նոր հնարավորությունները, որոնք բացվելու էին մեր առջև, բայց մեր բոլոր ծրագրերը խափանվեցին:

Դիպլոմը ստանալուց հետո ես գործազուրկ էի և դժվարանում էի աշխատանք գտնել: Շուտով սկսվեցին նյութական դժվարությունները: Անգամ դժվար կլիներ պարզ տոնակատարություն կազմակերպելը:

Կնոջս հետ երկար զրուցելուց հետո ընդունեցինք մեր իրավիճակը: Որպես հայր, ինձ համար դժվար էր գիտակցել, որ չէի կարողանալու նույնիսկ մի պարզ նվեր գնել իմ դստեր համար, կամ տեսնել, որ կինս հուսահատության մեջ է:

Ես չէի հասկանում, թե ինչ էր կատարվում: Ես աղոթեցի և խնդրեցի Երկնային Հորը օգնել ինձ հասկանալ, թե Նա ինչ էր ակնկալում ինձանից: Հանկարծ կարծես մի ձայն խոսեց իմ մտքում, և ես լսեցի հետևյալ խոսքերը. «Դու ունես ավելի արժեքավոր մի բան, քան որևէ նյութական սեփականություն այս երկրի վրա: Դու քահանայության կրող ես: Ի՞նչ ավելի լավ պարգև կարող ես տալ քո դստերը, քան քահանայության օրհնությունն է»:

Աչքերս լցվեցին արցունքով, երբ մտածեցի, թե քահանայությունը ինչ էր նշանակում ինձ համար: Իմ սիրտը լցվեց երախտագիտությամբ, երբ մտածեցի, որ քահանայությունը այն զորությունն է, որը կարող է միավորել իմ ընտանիքը ողջ հավերժության համար:

Իմ զգացմունքներով կիսվեցի կնոջս հետ: Ես ասացի, որ մեր դստերը օրհնություն տալը այն ամենն էր, ինչ ես կարող էի անել: Երկուսով որոշեցինք, որ դա երջանկություն ու խաղաղություն կբերի նրան և դա բավական էր:

Մեր դստեր ծննդյան օրը ընկերները, բարեկամներն ու հարևանները տորթ և զարդարանքներ բերեցին: Մենք երախտապարտ էինք, որ այդ հատուկ օրը տոնում էինք նրանց հետ, ում սիրում էինք: Այդ երեկո ես իմ ձեռքերը դրեցի դստերս գլխին և քահանայության օրհնություն տվեցի նրան: Ես օրհնեցի նրան այն ամենով, ինչ Տիրոջ Հոգին հուշեց ինձ:

Մենք դեռ անցնում ենք փոփոխությունների և դժվարությունների փուլի միջով՝ կապված գործազրկության և ֆինանսների հետ: Բայց նույնիսկ տխրության ու հիասթափության մեջ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով մեզ խաղաղություն ու հանգստություն է գալիս։ Ես կասկած չունեմ, որ օրհնություն է լինել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամը և ունենալ քահանայության զորություն: Դա այն ամենն էր, ինչ ես կարող էի տալ իմ դստեր ծննդյան օրը, և դա ավելի քան բավարար էր: