2020
Մի փոքրիկ թռչուն հիշեցրեց ինձ
Ապրիլ 2020


Մի փոքրիկ թռչուն հիշեցրեց ինձ

Լորա Լինթոն

Յուտա, ԱՄՆ

Նկար
couple in front of tombstone

Նկարազարդումը` Քարոլին Վիբերթի

Ես 26 տարեկան էի, երբ ես ու ամուսինս կորցրինք մեր առաջին երեխային: Քենեդիի մոտ ուղեղի ուռուցք հայտնաբերեցին, երբ նա ընդամենը 13 ամսական էր: Երեք վիրահատություններից, քիմիաթերապիայի հինգ փուլերից, շատ դեղորայք և բուժում ընդունելուց հետո նա մահացավ մեր ձեռքերի վրա 20 ամսական հասակում:

Հոգիս ամայացել էր, քանի որ կորցրել էի իմ գեղեցիկ, հետաքրքիր ու եռանդուն աղջկան: Ինչպե՞ս կարող էր դա պատահել: Ինչպե՞ս կարող էի առաջ շարժվել: Ես այնքան շատ հարցեր ունեի, բայց չունեի ոչ մի պատասխան: Թաղումից մի քանի օր անց ես և ամուսինս այցելեցինք նրա գերեզմանին, որը դեռևս ծածկված էր գեղեցիկ վարդագույն ծաղիկներով ու ժապավեններով:

Երբ մտածում էի դստերս մասին, տեսա մի փոքրիկ թռչնի ձագ, այնքան փոքր, որ չէր կարողանում թռչել և ցատկում էր խոտի վրա: Այդ թռչունն ինձ հիշեցրեց Քենեդիին, քանի որ նա շատ էր սիրում կենդանիներին: Թռչունը ցատկեց գերեզմանի վրա և խաղում էր ժապավենների ու ծաղիկների մեջ: Ես ժպտացի, քանի որ դա հենց այն էր, ինչ Քենեդին կցանկանար: Ապա թռչունը ցատկեց իմ ուղղությամբ: Ես չհամարձակվեցի շարժվել: Փոքրիկ թռչունը ցատկեց ուղիղ իմ կողքին, հենվեց իմ ոտքին, փակեց աչքերը և քուն մտավ:

Հազիվ թե կարողանամ բացատրել, թե ինչ զգացի այդ պահին: Կարծես իմ Քենեդին էր ինձ գրկում: Ես չէի կարող գրկել իմ դստերը, բայց այս փոքրիկ թռչունը՝ մեր Երկնային Հոր ստեղծագործությունը, կարողացավ գալ և դնել իր փոքրիկ գլուխը իմ վրա, հիշեցնելով ինձ, որ Երկնային Հայրը հասկացել է իմ ցավը և միշտ պատրաստ է սփոփել ու օգնել ինձ այս փորձության ժամին:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը ասել է. «Երբ խոսքերը չեն կարողանում արտահայտել այն սփոփանքը, որի կարիքը մենք ունենք … , երբ տրամաբանությունն ու խելքը չեն կարող տալ համապատասխան ըմբռնում անարդարությունների և կյանքի անօրինությունների մասին, … երբ թվում է, որ գուցե մենք բացարձակապես մենակ ենք, մենք իսկապես օրհնվում ենք Տիրոջ գորովագութ ողորմություններով» (“The Tender Mercies of the Lord,” Liahona, May 2005, 100):

Ես դեռևս չունեմ իմ բոլոր հարցերի պատասխանները, բայց այս գորովագութ ողորմությունը հավաստիացրեց ինձ, որ ես և Քենեդին սիրված ենք մեր Երկնային Հոր կողմից, և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության միջոցով է, որ ես հույս ունեմ, որ ես, Քենեդին և իմ ամուսինը մի օր կրկին միասին կլինենք՝ ընտանիքով: