2020
Շարունակվող Վերականգնումը
Ապրիլ 2020


Շարունակվող Վերականգնումը

Վերականգնումը սկսվեց 200 տարի առաջ Սրբազան Պուրակում և շարունակվում է այսօր, իսկ ես և դուք այսօր կարող ենք դրա մասը լինել:

Նկար
Joseph Smith kneeling

Սրտիս ցանկությունները (Առաջին Տեսիլքը), Վոլթեր Ռեյն

Սա երկրի վրա ապրելու համար հրաշալի և ոգևորիչ ժամանակ է: Մենք օրհնված ենք, որ մասնակցում ենք ժամանակների լրության տնտեսության մեջ տեղի ունեցող մեծ իրադարձություններին՝ նախապատրաստվելով Տիրոջ Երկրորդ Գալուստին:1 Մենք պետք է ոչ միայն հետևենք այս հրաշալի իրադարձությունների կատարմանը, այլև պետք է դրանց մասը կազմենք:2

Ավետարանի Վերականգնման մասին մենք երբեմն խոսում ենք այնպես, կարծես այդ ամենը տեղի է ունեցել միանգամից: Երկու հարյուր տարի առաջ Առաջին Տեսիլքը սկսեց այդ գործընթացը, բայց Վերականգնումը, իհարկե, չավարտվեց այդտեղ: Տիրոջ աշխատանքը Ջոզեֆ Սմիթի և նրա գործընկերների միջոցով շարունակվեց Մորմոնի Գրքի թարգմանությունով, քահանայության վերականգնումով, Եկեղեցու կազմավորումով, միսիոներներ ուղարկելով, տաճարների կառուցումով, Սփոփող Միության կազմավորումով և այլն: Վերականգնման այս իրադարձությունները սկսվեցին 1820թ. և շարունակվեցին Ջոզեֆ Սմիթի ամբողջ կյանքի ընթացքում:

Չնայած Աստված շատ հրաշալի բաներ հայտնեց Ջոզեֆ Սմիթի միջոցով, Վերականգնումը չավարտվեց Ջոզեֆ Սմիթի կյանքի ընթացքում: Նրանից հետո մարգարեների միջոցով մենք ստացել ենք այնպիսի բաներ, ինչպիսիք են՝ տաճարային աշխատանքի շարունակական զարգացումը, լրացուցիչ սուրբ գրություններ, սուրբ գրությունների թարգմանությունը շատ լեզուներով, ավետարանի տարածումը ողջ աշխարհում, Կիրակնօրյա Դպրոցի, Երիտասարդ Կանանց, Երեխաների Միության և քահանաների քվորումների կազմավորումը և բազմաթիվ փոփոխությունները Եկեղեցու կազմակերպության մեջ ու ընթացակարգում:

«Մենք վերականգնման գործընթացի վկաներն ենք»,- ասել է Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը: «Եթե դուք կարծում եք, որ Եկեղեցին լիովին վերականգնվել է, ապա դուք ընդամենը սկիզբն եք տեսնում: Դեռ շատ նոր բաներ կան: … Սպասեք մինչև հաջորդ տարի: Իսկ հետո հաջորդ տարին: Ընդունեք ձեր վիտամինները: Լավ հանգստացեք: Հետաքրքիր է լինելու»:3

Նախագահ Նելսոնի հայտարարության հետ համահունչ, որ Վերականգնումը շարունակվում է, մենք Եկեղեցում տեսել ենք շատ նշանակալի փոփոխություններ, ինչ նա դարձել է Եկեղեցու Նախագահը: Դրանց թվում են՝ քահանայության քվորումների վերակազմավորումը, տնային և այցելությամբ ուսուցման փոխարինումը սպասավորությամբ, և տնակենտրոն, Եկեղեցու կողմից աջակցվող ավետարանի ուսումնասիրության եղանակի հաստատումը:4 Ավելի շատ փոփոխություններ են տեղի ունեցել այդ ժամանակից ի վեր և ավելի շատ փոփոխություններ են տեղի ունենալու:

Արևմտյան Աֆրիկայի օրինակը

Վերականգնման շարունակական բնույթի մասին իմ վկայության վրա ներգործություն ունեցան այն հինգ տարիները, երբ ես ծառայում էի Աֆրիկայի Արևմտյան Տարածաշրջանի Նախագահությունում: Ավետարանի մասին ես վկայություն եմ ունեցել այն ժամանակից ի վեր, երբ երիտասարդ տղամարդ էի: Բայց ապրելով Աֆրիկայում, ես շփվում էի մի քանի արևմտյան աֆրիկացիների հետ, ովքեր ընդունել էին ավետարանը: Ես նաև տեսա, թե Եկեղեցին ինչպես էր արագ տարածվում մայրցամաքով, կազմավորվում էին հարյուրավոր ծխեր և ցցեր, տաճարներ և հավաքատներ էին լցվում հավատարիմ անդամներով, և բարի կանայք ու տղամարդիկ իրենց ամբողջ սրտով ընդունում էին վերականգնված ավետարանը: Իմ աչքերի առաջ ես տեսնում էի Ջոզեֆ Սմիթի մարգարեության իրականացումը, որ Եկեղեցին «կլցնի աշխարհը»:5

Երկու այդպիսի հավատարիմ անդամներ՝ Ջեյմս Էվուջեն և Ֆրեդերիկ Անթվին, օգնում էին ինձ մի օր Ակրա Գանա Տաճարում: Վերջին Օրերի Սուրբ միսիոներների Գանա գալուց մի քանի տարի առաջ Ջեյմսը 1000 հոգանոց խմբի անդամ էր, ովքեր իրենց եկեղեցու ծառայություններում օգտագործում էին Մորմոնի Գիրքը և Եկեղեցու այլ նյութեր: Նրանք աղոթում էին այն օրվա համար, երբ Եկեղեցին կգար Գանա: Նա միացավ ուրիշ երիտասարդ տղամարդկանց, ովքեր ճամփորդում էին Գանայում և ուսուցանում էին ավետարանը, որն ընդգրկված էր մեր նյութերում: Երբ մեր միսիոներները ժամանեցին 1978թ., նա մկրտվեց հենց առաջին օրը, երբ Գանայում կատարվում էին Վերջին Օրերի Սրբերի մկրտությունները:

Նկար
Frederick Antwi

Ֆրեդ Անթվին Գանայի Եկեղեցու ռահվիրաներից է

Երբ Ֆրեդը նոր էր անդամ դարձել, նա մասնակցեց մի ազգականի թաղման արարողությանը, որը ցեղի առաջնորդն էր: Այնտեղ նա պարզեց, որ ընտանիքը ծրագրում է իրեն դարձնել ցեղի նոր առաջնորդը: Իմանալով, որ նման պաշտոնը պատճառ կդառնար, որ ինքը անի այնպիսի բաներ, որոնք հակասում են ավետարանի իր համոզմունքներին, նա արագ հեռացավ թաղումից հետո և չընդունեց պաշտոնը, որն իրեն աչքի ընկնող դիրք և հարստություն կբերեր:

Երբ Ակրա Տաճարը նվիրագործվեց, Ջեյմսն ու Ֆրեդը ամեն շաբաթ միակողմանի ճամփորդում էին չորս ժամ, որպեսզի կարողանային լինել տաճարային աշխատողներ: Երբ նրանց հետ արարողություններ էի կատարում, ինձ համակում էին պատմական զգացումներ, որոնք շրջապատում էին ինձ: Իրականացնելով Եկեղեցու պատմությունը Աֆրիկայում, որը այս երկու մարդիկ ներկայացնում էին, ես զգում էի, կարծես, այդ արարողություններն ինձ հետ կատարողները Ջոն Թեյլորն էր կամ Վիլֆորդ Վուդրուֆը կամ Եկեղեցու վաղ շրջանի այլ անդամները:

Այն, ինչ ես տեսա ու զգացի Արևմտյան Աֆրիկայում, մասն էր այն բանի, ինչ Տերը ասաց Ենովքին գալիք պատահարների մասին. «Եվ ես արդարություն ցած կուղարկեմ երկնքից. և ճշմարտություն առաջ կուղարկեմ երկրից, որ վկայություն բերի իմ Միածնի մասին. … և արդարությունով ու ճշմարտությունով ես կսրբեմ երկիրը, ասես ջրհեղեղով, որպեսզի հավաքեմ իմ ընտրյալներին աշխարհի չորս կողմերից մի վայրում» (Մովսես 7.62):

Ես տեսա, որ արդարությունն ու ճշմարտությունը տարածվում էին Աֆրիկա մայրցամաքում, և ընտրյալները հավաքվում էին աշխարհի այդ մասում: Վերականգնման մասին իմ վկայությունը ընդլայնվում էր, քանի որ ես տեսնում էի, որ Վերականգնման մի կարևոր մաս տեղի էր ունենում իմ աչքի առաջ:

Ես տեսա նաև մի ուրիշ բան շարունակվող Վերականգնման մասին՝ կենսունակ հավատք և հոգևոր եռանդ Աֆրիկյան անդամների մեջ: Ես լսել եմ, որ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը Տասներկու Առաքյալների Քվորումից ասել է. «Կիրթլենդը, [որտեղ Վերջին Օրերի Սրբերն ապրում էին 1830-ականներին], միայն Օհայոյում չէ: Այն նաև Աֆրիկայում է»: Շատ մարդիկ Աֆրիկայում միանում են Եկեղեցուն՝ հիմնվելով իրենց հզոր անձնական հոգևոր փորձառությունների վրա: Այդ նոր անդամները բերում են հոգևոր եռանդ և կարիք ունեն ավետարանի հետագա ուսումնասիրության: Նրանց համար Վերականգնումը շարունակվում է անձնական իմաստով: Երբ նրանք ավելի շատ բան են սովորում Եկեղեցու մասին, ավետարանի ճշմարտությունները շարունակվում են բացվել նրանց ըմբռնման համար: Նույնը վերաբերում է մեզ բոլորիս, երբ մենք շարունակում ենք ընդլայնել ավետարանի մեր գիտելիքները:

Շարունակվող Վերականգնմանն օգնելու երեք ուղիներ

Աստված մեզ հրաշալի հնարավորություն է տվել այս աշխատանքում կարևոր դեր կատարելու համար: Տերն ասել է, որ «[Եկեղեցու] մարմինն ունի ամեն անդամի կարիքը» (Վարդապետություն և Ուխտեր 84:110): Եկեղեցու բոլոր անդամներն ունեն այս շարունակվող Վերականգնմանը մասնակցելու օրհնությունը: Մենք ինչպե՞ս ենք անում դա:

Եղանակներից մեկը, որով մասնակցում ենք, սուրբ ուխտերի կապումն ու պահումն է: Արարողությունները, ներառյալ տաճարային արարողությունները, նպատակ չունեն, եթե մարդիկ իրականում չկապեն, իսկ հետո չպահեն այն ուխտերը, որոնք զուգակցվում են այդ արարողությունների հետ: Քույր Բոննի Փարկինը, Սփոփող Միության նախկին Գերագույն նախագահը, ուսուցանել է. «Ուխտեր կապելը պատրաստակամ սրտի, ուխտերը պահելու, հավատարիմ սրտի արտահայտությունն է»:6

Կապելով և պահելով ուխտերը, մենք ոչ միայն պատրաստվում ենք հավերժական կյանքին, այլև օգնում ենք պատրաստվել և զորացնել այն, ինչ Տերը անվանում է «իմ ուխտյալ ժողովուրդ» (Վարդապետություն և Ուխտեր 42.36): Մենք ուխտեր ենք կապում Աստծո հետ և դառնում ենք Նրա ուխտյալ ժողովրդի մասը մկրտության, հաստատման, հաղորդության, Մելքիսեդեկյան քահանայության և տաճարային արարողությունների միջոցով:

Երկրորդ եղանակը, որով կարող ենք մասնակցել շարունակվող Վերականգնմանը, մեր ստացած կոչումների և հանձնարարությունների կատարումն է: Ահա այսպես է Եկեղեցին առաջ շարժվում: Նվիրյալ ուսուցիչներն ուսուցանում են երեխաներին, երիտասարդներին և չափահասներին: Սպասավորող քույրերն ու եղբայրները հոգ են տանում Եկեղեցու անհատ անդամների մասին: Նախագահություններն ու եպիսկոպոսությունները ցուցումներ են տալիս ցցերին, շրջաններին, ծխերին, ճյուղերին, քվորումներին, կազմակերպություններին, դասարաններին և խմբերին: Երիտասարդների ղեկավարները հոգ են տանում երիտասարդ կանանց և երիտասարդ տղամարդկանց մասին: Գործավարներն ու քարտուղարները գրանցում են կարևոր տեղեկություններ, որոնք հետո գրանցվում են երկնքում, և մի շարք այլ մարդիկ կարևոր դեր են կատարում՝ պատրաստելով մարդկանց հավերժական կյանքին և Փրկիչի Երկրորդ Գալուստին:

Նկար
members in Ghana

Երիտասարդները շարք են կանգնում Ակրա Գանա Տաճար մտնելու համար

Երրորդ եղանակը, որով կարող ենք մասնակցել Վերականգնմանը, Իսրայելի հավաքմանն օգնելն է: Վերականգնման վաղ օրերից սա եղել է աշխատանքի հիմնական մասը: Ինչպես ուսուցանել է Նախագահ Նելսոնը, մենք ունենք հնարավորություն և պարտականություն՝ աջակցելու հավաքմանը, որը տեղի է ունենում վարագույրի երկու կողմերում: Որպես Եկեղեցու Նախագահ, իր առաջին գերագույն համաժողովի ամփոփիչ խոսքում Նախագահ Նելսոնը հակիրճ հայտարարեց. «Աշխարհին ուղղված մեր ուղերձը պարզ ու անկեղծ է․ մենք հրավիրում ենք վարագույրի երկու կողմերում գտնվող Աստծո զավակներին գալ դեպի Փրկիչը, ստանալ սուրբ տաճարի օրհնությունները, ունենալ հարատև ուրախություն և արժանանալ հավերժական կյանքի»։7

Իսրայելի հավաքումը վարագույրի այս կողմում նշանակում է միսիոներական աշխատանք: Բոլոր նրանք, ովքեր կարող են ծառայել լիաժամկետ միսիայում, պետք է ուշադիր քննարկեն այդ հնարավորությունը: Ես համարում եմ մեծ օրհնություն, որ կարողացա ծառայել իմ միսիան Իտալիայում այն ժամանակ, երբ Եկեղեցին շատ երիտասարդ էր այնտեղ: Մեր ճյուղերը հանդիպում էին վարձված սրահներում, և մենք հուսով էինք, որ մի օր ցցեր ու ծխեր կարող են գոյություն ունենալ այստեղ: Ես հետևում էի, թե ինչպես էին քաջ ռահվիրաները գալիս Եկեղեցի և դնում հիմքը Իսրայելի հավաքման համար այդ հրաշալի երկրում:

Նրանցից մեկը Ագնես Գալդիոլոն էր: Մենք բոլորս ուժեղ զգում էինք Հոգին, երբ նրան ուսուցանում էինք միսիոներական դասերը: Բայց նույնիսկ զգալով այդ Հոգին, նա գիտեր, որ իր ընտանիքը խիստ ընդդիմանալու էր իր մկրտությանը: Սակայն մի որոշակի պահի, Հոգով լցված, նա համաձայնվեց մկրտվել: Բայց մկրտության նախատեսված օրվա առավոտյան նա փոխեց որոշումը: Նա վաղ առավոտայն եկավ վարձված սրահ, որտեղ պետք է մկրտվեր և ասաց, որ ընտանիքի ճնշմանը չդիմանալով, չի կարող անել այդ:

Նախքան հեռանալը, նա համաձայնվեց խոսել մեզ հետ մի քանի րոպե: Մենք գնացինք մի դասարան, որտեղ նրան առաջարկեցինք աղոթել: Ծնկի իջնելուց հետո մենք նրան խնդրեցինք աղոթել: Աղոթքից հետո նա ոտքի կանգնեց և ասաց. «Լավ, ես կմկրտվեմ»: Եվ մի քանի րոպե անց նա մկրտվեց: Հաջորդ տարի նա ամուսնացավ Սեբաստիանո Կարուզոի հետ, և նրանք ունեցան չորս զավակներ, բոլորը ծառայեցին միսիայում և շարունակեցին ծառայել Եկեղեցում:

Նկար
Caruso family

Երեց և քույր Քըրթիսները Կարուզո ընտանիքի որոշ անդամների հետ

Ագնեսը և Սեբաստիանոն նույնպես ծառայեցին միսիայում, որտեղ Սեբաստիանոն միսիայի նախագահ էր: Երբ ես երկրորդ անգամ միսիա ծառայեցի Իտալիայում 25 տարի առաջին միսիայից անց, ես կարողացա տեսնել, թե Կարուզոները և այլ ռահվիրաները ինչեր էին արել Աստծո արքայությունը այնտեղ ընդլայնելու համար: Ես և իմ միսիոներներն աշխատում էինք՝ կառուցելով Եկեղեցին, երազելով, որ մի օր Իտալիայում տաճար կկառուցվի: Պատկերացրեք իմ ուրախությունը այն փաստի կապակցությամբ, որ մենք հիմա ունենք Հռոմ Իտալիա տաճարը:

Քիչ ուրախություններ կան, որոնք կարելի է համեմատել միսիոներական ուրախության հետ: Ի՜նչ մեծ օրհնություն է ծնվել այն ժամանակում, երբ մենք կարող ենք ուրախությամբ մասնակցել շարունակվող Վերականգնման գործում՝ օգնելով հավաքել Իսրայելը:

Միսիոներական ուրախությունը, իհարկե, զգում են միայն լիաժամկետ միսիոներները: Մեզանից յուրաքանչյուրը կարող է աջակցել մեր եղբայրների և քույրերի դարձին ու ակտիվացմանը՝ ձեռք ձեռքի տված աշխատելով լիաժամկետ միսիոներների հետ: Մենք ունենք Իսրայելը հավաքելու հնարավորությունը՝ հրավիրելով ուրիշներին գալ և տեսնել՝ ընկերակցելով նրանց, ում ուսուցանում ենք:

Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքով է, որ մենք կարող ենք հավաքել Իսրայելը վարագույրի մյուս կողմում: Երկար տարիներ մեր պարտականությունն էր կատարել այս աշխատանքը: Նախքան Ջոզեֆ Սմիթի մահը Սրբերը մկրտություններ էին կատարում մահացածների համար, իսկ մի քանիսը ստանում էին նրանց օժտումներն ու կնքումները: Նավուի Տաճարի կառուցման ավարտին ապրողների օժտումները սկսեցին լրջորեն կատարվել: Նախնիների համար կատարվող օժտումներն ու արարողությունները սկսվեցին նաև Յուտայի տաճարներում:

Էլիզա Ռ. Սնոուն՝ այդ վերականգնողական գործընթացի հիմնական մասնակիցներից մեկը, հասկացավ Վերականգնման այդ մասի կարևորությունը: Նա շատ ժամանակ էր անցկացնում օժտման սրահում, օգնելով կատարել արարողություններ:8 1869թ. Սփոփող Միություն այցելություններից մեկի ժամանակ նա ուսուցանեց իր քույրերին. «Ես մտածել եմ այն մեծ աշխատանքի մասին, որը մենք պետք է կատարենք՝ օգնելով նաև ապրողների ու մահացածների փրկության գործին: Մենք ցանկանում ենք լինել … համապատասխան զուգընկերներ Աստծո և Սուրբ մարդկանց հետ»:9

Եվ իհարկե, տաճարային արարողությունների մատչելիությունը կտրուկ ընդլայնվել է ամբողջ աշխարհում շատ տաճարների կառուցմամբ, իսկ շատերը դեռ պիտի կառուցվեն:

Մեր տրամադրության տակ ունեցած գործիքներով հանդերձ, տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը կարող է լինել շարունակվող Վերականգնման գործում մեր մասնակցության կանոնավոր մասը: Երկար տարիներ ես հետաքրքրված և ընդգրկված եմ եղել ընտանեկան պատմության աշխատանքում, բայց առցանց գործիքները նպաստել են իմ հաջողությանը ընտանիքի անունները տաճար տանելու գործում: Ես հիշողություններ ունեմ կապված այդ գործի հետ, երբ Գանայի մեր բնակարանում սեղանի մոտ նստած գտնում էի իմ եվրոպական նախնիների անունները, որոնք ես և իմ կինը կարող էինք տանել Ակրա Գանա Տաճար: Այդ բերկրալի հնարավորությունը ուղեկցել է մեզ այն տեղերում, որտեղ մենք ուղարկվել ենք:

Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Աստված սկսեց «աշխարհի սկզբից ի վեր բոլոր սուրբ մարգարեների բերանով խոսված՝ վերջին օրերին վերաբերող բոլոր բաների վերականգն[ման]» գործընթացը» (Վարդապետություն և Ուխտեր 27.6): Այդ վերականգնումը շարունակվել է առ այսօր, քանի որ Աստված «այժմ հայտնում է» և «հայտնելու է Աստծո Արքայության վերաբերյալ» (Հավատո Հանգանակ 1.9): Ես խորապես երախտապարտ եմ, որ մենք պետք է մասնակցենք այս շարունակվող Վերականգնմանը:

Հղումներ

  1. Տես Եփեսացիս 1.10, Վարդապետություն և Ուխտեր 27.13:

  2. Տես Դանիել 2.35–45, Վարդապետություն և Ուխտեր 65:

  3. Տես Russell M. Nelson, in “Latter-day Saint Prophet, Wife and Apostle Share Insights of Global Ministry,” Oct. 30, 2018, newsroom.ChurchofJesusChrist.org:

  4. Տես «Ոգեշնչված ուղղորդում» Լիահոնա, մայիս 2019, 121:

  5. Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 137:

  6. Bonnie D. Parkin, “With Holiness of Heart,” Liahona, Nov. 2002, 103.

  7. Ռասսել Մ. Նելսոն, «Եկեք առաջ շարժվենք», Լիահոնա, մայիս 2018, 118-19: Արձագանքելով այդ մտքին, մի տարի անց Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ասաց գերագույն համաժողովին. «Եվ թող մենք նվիրաբերենք և վերանվիրաբերենք մեր կյանքը՝ ծառայելով Աստծուն և Նրա զավակներին վարագույրի երկու կողմերում» («Ամփոփիչ ելույթ», Լիահոնա, մայիս 2019, 112):

  8. Օժտման սրահը կառուցվել է Տաճարային Հրապարակում, մինչ կառուցվում էր Սոլթ Լեյքի Տաճարը: Օժտման սրահը նվիրագործվել է 1855թ.-ին, իսկ տաճարային արարողությունների համար օգտագործվել է մինչև 1889թ.:

  9. Eliza R. Snow, address to Lehi Ward Relief Society, Oct. 27, 1869, Relief Society Minute Book, 1868–79, Church History Library, 26–27.