2020
Արդյո՞ք ձեր անցյալը խանգարում է ձեր առաջընթացին:
Ապրիլ 2020


Միայն թվային տարբերակով

Արդյո՞ք ձեր անցյալը խանգարում է ձեր առաջընթացին:

Փրկիչն արդեն վճարել է գինը: Բռնիր Նրա ձեռքից և միշտ առաջ գնա:

Որոշ ժամանակ առաջ իմ եպիսկոպոսը խնդրեց մեր ծխի անդամներին մտածել որևէ թուլություն կամ մեղք, որը մենք կարող ենք փոխաբերական իմաստով թողնել հաղորդության սեղանի մոտ, որպեսզի Հիսուս Քրիստոսը հեռացնի այն: Կան մեղքեր, որոնք ես կրել եմ ինձ հետ իմ չափահաս երիտասարդության տարիներին, և որոնց ես փորձել եմ հաղթել, բայց չեմ կարողացել հաղթահարել աղոթքի կամ իմ սեփական կամքի ուժի միջոցով: Չնայած տարիների ընթացքում իմ ունեցած աճին, ես գիտեի, որ պետք է հաղթահարեմ դրանք, որպեսզի շարունակեմ առաջ ընթանալ:

Եպիսկոպոսի մարտահրավերի հաջորդ կիրակի օրը ես որոշեցի, որ իմ մեղքերից գոնե մեկը պետք է թողնեմ հաղորդության սեղանին, որը Փրկիչի և Նրա քավիչ զորության ֆիզիկական ներկայությունն էր: Երբ ես պատրաստվում էի ընդունել հաղորդությունը, ես հիշեցի, որ կտորը, որը ծածկում էր այն, ներկայացնում էր Նրա թաղման շորը, իսկ հացն ու ջուրը ներկայացնում էին նրա մարմինն ու արյունը:

Անկեղծությամբ և սրտի ողջ նվիրվածությամբ, ես նորոգեցի իմ մկրտության ուխտերը և աղոթեցի իմ սրտում՝ օգնություն խնդրելով Երկնային Հորից և պարտավորվելով հետևում թողնել այս մեղքը: Ապա ինձ համար անսպասելի մի բան տեղի ունեցավ. մեղք գործելու իմ ցանկությունը ամբողջովին անհետացավ: Ես փորձեցի սա ևս մի քանի անգամ, և նույնը պատահեց մյուս մեղքերի հետ: Արդյո՞ք դա չափազանց լավ չէր ճիշտ լինելու համար:

Հավասարեցնել իմ կամքը Նրա կամքին

Հաջորդ շաբաթ ես գիտեի, թե որ մեղքն էի ես ցանկանում թողնել հաղորդության սեղանի մոտ, բայց ես պատրաստ չէի հրաժարվել դրանից: Հետ նայելով, ես հասկանում եմ, որ իմ սիրտն այնտեղ չէր, որտեղ պետք է լիներ: Ես բավականաչափ անկեղծ չէի, որպեսզի պարտավորվեի փոխվել: Բայց ես հասկանում էի, թե այդ մեղքը որքան էր վիրավորում Երկնային Հորը: Ես գիտեի, որ պետք է իմ կամքը հավասարեցնեի Նրա կամքի հետ և կենտրոնացնեի իմ կյանքը Նրա շուրջը, որպեսզի ազատվեմ: Ուստի ես արեցի ամեն հնարավոր բան, որ այն իրականություն դարձնեմ:

Ես խուսափում էի գայթակղություններից, որոնք կարող էին հանգեցնել այդ մեղքին: Ես փոխեցի սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության իմ եղանակը և իսկապես խորհեցի դրանց շուրջ և կիրառեցի դրանք իմ կյանքում: Ես կենտրոնացա փոխվելու իմ պարտավորության մեջ անկեղծ լինելու վրա, և ձգտում էի ամեն օր փնտրել Տիրոջ կամքը իմ վերաբերյալ: Ես դնում էի Նրան առաջին տեղում, քանի որ գիտեի, որ չէի կարող հետևում թողնել այդ մեղքը՝ առանց Փրկիչի Քավության զորության: Շարունակելով Նրան դնել առաջին տեղում, ես կարողացա հրաժարվել այս մեղքից հաղորդության սեղանի մոտ: Ի վերջո, ես ազատվեցի ինչ-որ բանից, որն ինձ հետ էր պահել այդքան երկար տարիներ:

Այս գործընթացի միջոցով ես ավելի մոտեցա Երկնային Հորն ու Իմ Փրկիչին: Ես պատկերացրի, որ այս բոլոր տարիների ընթացքում Նրանք վերևից նայում էին ինձ համբերությամբ և սիրով՝ իմանալով, որ ի վերջո, ես կհրաժարվեմ այս մեղքից, որը խոչընդոտել էր իմ հոգևոր առաջընթացը: Եվ երբ ես պատրաստ լինեի հրաժարվել դրանցից, Հիսուս Քրիստոսը իմ կողքին կլիներ, որ բարձրացներ ինձ՝ բռնելով իմ ձեռքը և ներում ու ուժ շնորհեր ինձ: Նա արդեն ճանապարհ է պատրաստել ինձ համար, որպեսզի ես ազատվեմ իմ մեղքերից Նրա Քավության միջոցով: Նա վճարել է գինը իմ թուլությունների, սխալների և մեղքերի համար: Ես պարզապես պետք է վստահեի Նրան։

Դուք կարող եք առաջ շարժվել

Այդ ժամանակ ես կարդացի Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի (1928–2015) խոսքերը, որոնք ինձ տվեցին այն եռանդը, որի կարիքը ես ունեի. «Եթե ձեր կյանքը խառնաշփոթի մեջ է, և դուք անհարմար ու անարժան եք զգում …, մի անհանգստացեք: Նա արդեն գիտի ամեն ինչ դրա մասին: Նա սպասում է, որ դուք խոնարհությամբ ծնկի գաք և կատարեք առաջին մի քանի քայլերը: Աղոթեք ուժ ստանալու համար: Աղոթեք, որ Փրկիչի սերը հորդի ձեր սրտի մեջ»:1

Երբ հաջորդ շաբաթ մենք երգեցինք «Ես մնում եմ զարմացած» (իմ սիրելի հիմնը), յուրաքանչյուր բառը ճիշտ էր թվում, ես իրոք զարմացած էի, ակնածանքով լի, որ այն բաները, որոնց դեմ ես պայքարում էի ավելի քան մեկ տասնամյակ, վերցվել էին ինձանից: Ակնածանքով, որ Փրկիչի Քավության զորության միջոցով ես կարող էի առաջ շարժվել: Որ Նա կարող է բժշկել բոլոր մեղքերն ու վերքերը և դրանց հետքը չթողնել հետևում: Իմ անցյալը չպետք է հետ պահեր ինձ։

Ես դեռևս այնքան բան ունեմ սովորելու և հաղթահարելու, բայց իմ կյանքը առաջ է ընթանում: Ես զգում եմ ավելի շատ ուրախություն և խաղաղություն: Ես ավելի շատ երախտագիտություն եմ արտահայտում: Ես ավելի եմ մոտենում և ավելի եմ ամրապնդում իմ վկայությունը Երկնային Հոր և Փրկիչի հանդեպ: Ամեն օր, երբ ընտրում եմ նորից փորձել, ես մի քայլ մոտենում եմ Նրանց և այն մարդուն, որն, ըստ Նրանց, ես կարող եմ դառնալ:

Հղում

  1. Richard G. Scott, “Making the Right Choices,” Ensign, Nov. 1988, 77.