Մեր ընթացքը
Օրհնվեցինք տասանորդի օրենքին հնազանդվելով
Սաբրինա Տ., Սան Պաոլո, Բրազիլիա
Երբ ես փոքր էի, իմ ընտանիքն անցնում էր ֆինանսական փորձությունների միջով, որոնք շարունակվեցին մինչև իմ 10 տարեկան դառնալը: Հայրս չէր կարողանում այլ աշխատանք գտնել. նա փողոցում առևտուր էր անում և շատ քիչ էր վաստակում: Մայրս տնային տնտեսուհի էր և խնամում էր ինձ ու փոքր եղբորս:
Սակայն, այդքան շատ դժվարությունների միջով անցնելով, մենք տասանորդ վճարելու և այլ նվիրատվություններ կատարելու մասին վկայություն ունեինք: Ամեն ամիս մենք հավատքով էինք վճարում մեր տասանորդը և երբեք ինչ-որ բանի պակասություն չենք ունեցել: Մենք վստահաբար գիտենք, որ մշտապես օրհնվել ենք Տիրոջ անսահման բարության և այն բանի շնորհիվ, որ Նա պահում է Իր խոստումները, երբ մենք հնազանդվում ենք Նրա պատվիրաններին:
Մեր ֆինանսական փորձության օրերն ի վերջո ավարտվեցին: Մեզ հրաշալի օրհնություններ տվեց Տերն այս վերջին տարիներին:
Ես գիտեմ, որ նրանք, ովքեր հավատարմորեն են վճարում իրենց տասանորդը և սիրով են տալիս իրենց նվիրատվությունները, նպատակ ունենալով, որ կօրհնեն ուրիշների կյանքը, պակասություն չեն ունենա, և նույնիսկ ավելի լավ բաներ տեղի կունենան, ինչպես եղավ իմ և իմ ընտանիքի հետ: Օրհնությունները կավելանան: Ես գիտեմ դա: Ես տեսել եմ դա իմ կյանքում:
Ազնվություն ամեն բանում
Ալիվսի Հ., Հոլիսկա, Մեքսիկա
Դպրոցում յուրաքանչյուր կիսամյակի սկզբում մենք ստանում ենք դպրոցական պարագաներով անվճար մի փաթեթ՝ տետր, օրագիր և մի քանի գրենական պիտույքներ: Մի տարի ես հերթ էի կանգնել, որպեսզի ստանայի իմ փաթեթը և տեսա, որ փաթեթի մեջ կար այն ամենը, ինչ ինձ հատկապես անհրաժեշտ էր:
Օրվա վերջում ես տեսա, որ նրանք նույն փաթեթից երկու հատ էին տալիս: Դժվար չէր կրկին հերթ կանգնել և երկրորդ փաթեթը ստանալ, և ես որոշեցի այդպես էլ վարվել: Ի վերջո, դա ձրի էր, և ես այդ դպրոցական պարագաների կարիքն ունեի:
Ես արագ գնացի զուգարան, որտեղ տեսա բջջային հեռախոս, որն ինչ-որ մեկը պատահաբար մոռացել էր այնտեղ: Դա վերջին մոդելի հեռախոս էր, իսկ ես մեկ շաբաթ առաջ էի կորցրել իմ հեռախոսը: Բայց ես անգամ չմտածեցի այն ինձ վերցնելու մասին: «Դա գողություն է»,- ասացի ինքս ինձ:
Իսկ երբ գնացի վերցնելու անվճար երկրորդ փաթեթը ես հասկացա, որ հեռախոսը վերցնելու պես դա ևս անազնիվ քայլ էր, քանի որ պետք է ստեի և ասեի, որ իմ փաթեթը չէի ստացել:
Ես երախտապարտ էի այդ փոքր փորձառության համար, որից մեծ դաս քաղեցի: Ես միացրեցի հեռախոսը և գնացի տուն մեկ տետրով, մեկ օրագրով և մի տուփ գրենական պիտույքներով, բայց լավ զգացողությամբ, որ ազնիվ եմ եղել ամեն ինչում, թեպետև՝ փոքր բաներում: