2016
Տարեց միսիոներներ․ Անհրաժեշտ, օրհնված և սիրված
April 2016


Տարեց միսիոներներ․ Անհրաժեշտ, օրհնված և սիրված

Որպես միսիոներական զույգ ծառայելը կարող է լինել ավելի հարմար, ավելի քիչ ծախսեր պահանջել և ավելի ուրախ լինել, քան կարծում եք։

Նկար
the Malmroses serving in Ghana

«Կարո՞ղ եք գալ և օգնել»։

Սա այն հարցն է, որին նախկինում պատասխանել են Ջերալդ և Լորնա Մալմրոսները ԱՄՆ-ից։ Նրանք ասել են այո, երբ իրենց նախկին եպիսկոպոսը, ապա միսիայի նախագահը հարցրել է, թե արդյոք նրանք կծառայեն իր հետ արևմտյան Հնդկաստանում։ Նրանք կրկին ասացին այո, երբ իրենց ցցի նախագահը կանչեց նրանց իրականացնելու ծառայողական միսիա Եկեղեցու գլխավոր գրասենյակում, որը գտնվում է ԱՄՆ-ի Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում՝, աշխատելու համակարգիչներով և հումանիտար ռեսուրսների հետ։

Երբ նրանց նախկին եպիսկոպոսը և միսիայի նախագահը՝ Ռեյդ Ռոբիսոնը, կրկին զանգեց, այս անգամ որպես միսիոներների ուսուցման կենտրոնի նախագահ Ակրայում՝ Գանա, նա հարցրեց, թե արդյոք Մալմրոզները կարող էին օգնել ևս մեկ անգամ։

«Մենք գիտեինք, որ կարող էինք վստահել Տիրոջը»,- ասում է Երեց Մալմրոզը։ «Ուստի, մենք որոշեցինք կրկին վստահել Նրան»։ Նրանք ասացին այո, լրացրին իրենց թերթիկները, ստացան իրենց կանչը և շուտով մեկնեցին Գանա։

Ծառայել որպես զույգեր

Մալմրոզների փորձառությունը ներկայացնում է որոշ սկզբունքներ միսիա ծառայող ավագ զույգերի մասին, որոնք միգուցե լայնորեն չեն ընկալվում։

  • Կա երկու տեսակի միսիա: (1) Եկեղեցու Նախագահը կանչում է ավագ զույգերին ծառայել կամ իրենց տարածքներում կամ տանից հեռու։ (2) Ցցի նախագահը կանչում է Եկեղեցում ծառայող միսիոներական զույգերին հոգալու տեղի կամ տարածաշրջանային կարիքները, աշխատելով կես դրույք՝ շաբաթական 8–32 ժամ։ Նրանք սովորաբար ապրում և ծառայում են իրենց տարածքներում, սակայն երբեմն կարող են ծառայել տնից հեռու։

  • Միսիաների նախագահներին խրախուսում են գտնել զույգերի, ովքեր կարող են աջակցել իրենց միսիայի կարիքներին, և զույգերը կարող են նշել իրենց նախապատվությունները։ «Մենք չենք ասում, որ զույգերը կարող են ընտրել իրենց միսիոներական գործունեությունը»,- ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը։ «Կանչը մնում է կանչ։ … [Սակայն] մենք մեր ավագ զույգերի հետ խոսում ենք ծառայության հետ կապված իրենց նախընտրությունների մասին և արվում է հնարավոր ամեն բան, որպեսզի նրանք ծառայեն որտեղ և ինչպես ուզում են»։1

  • Միսիայի նախագահները խորհրդակցում են զույգերի հետ, թե ինչպես լավագույնս օգտագործեն նրանց հմտությունները և ունակությունները։ «Որպես ավագ զույգեր ամենաիմաստալից փորձառություններն ունենալու համար դուք պետք է ունենաք ձեր նախընտրած վայրում և ձեր հմտություններին համապատասխան ոլորտում ծառայելու հնարավորություն, որպեսզի զգաք, որ կարող եք օգտակար լինել»,- ասում է Նախագահ Ռոբիսոնը։

Օրինակ՝ Նախագահ Ռոբիսոնը գիտեր, որ Երեց Մալմրոզը խոսում է ֆրանսերեն, ինչը կարող էր օգտակար լինել, քանի որ շատ աֆրիկացիներ խոսում են ֆրանսերեն։ «Ես պատկերացնում էի նրան ճամփորդությունների մեջ ներգրավված և վիզաների վրա աշխատելիս»,- ասում է Նախագահ Ռոբիսոնը։ «Սակայն երբ նա ժամանեց, ես զգացի, որ այդ ամենը նրան այդքան էլ չէր հետաքրքրում։ Ուստի, ես հրավիրեցի նրան օգտագործել իր համակարգչային հմտությունները։ Նա օգնեց մեզ խնայել»։ Երեց Մալմրոզը նաև օգնում է միսիոներներին, հատկապես ֆրանսերեն խոսող միսիոներներին՝ պատրաստելու անուններ և տաճարային աշխատանք կատարելու իրենց ընտանիքների համար։ Քույր Մալմրոզը, ով մասնագիտությամբ բժշկի օգնական էր, նշանակվեց աշխատելու միսիայի բժշկի և բուժքրոջ հետ։

Նա պատրաստում է ուղին

Ինչպես Մալմրոզները, այնպես էլ այլ զույգեր գտնում են, որ երբ իրենք վստահում են Տիրոջը, Նա ուղի է պատրաստում: Հենց այդպես էլ եղավ Ալվին և Քորազոն Ռիետաների դեպքում, ովքեր Քեվետից էին, Ֆիլիպինների Կավիտ քաղաքից։

Նկար
the Rietas serve in the Philippines

«Ծառայելու որոշում կայացնելուց երկու տարի առաջ մենք սկսեցինք հիմնավոր ծրագրեր մշակել մեր ընտանեկան բիզնեսի համար»,- բացատրում է Երեց Ռիետան։ «Մեր որդին ու դուստրը ավարտել էին ուսումը և կարող էին փոխարինել մեզ, սակայն մենք մտահոգվում էինք, թե ով էր լուծելու բիզնեսի հետ կապված խնդիրները և ինչպես մեր հաճախորդները կարձագանքեին մեր ծրագրերին»։

Քույր Ռիետան նաև մտահոգվում էր իր տարեց մոր համար։ «Ես վախենում էի, որ միգուցե կորցնեինք նրան, մինչ մենք բացակայում էինք»,- ասում է նա։ «Ես նաև վստահ չէի, որ կկարողանայի ուսուցանել ավետարանը»։

Նրանք խորհրդակցեցին իրենց եպիսկոպոսի և մի զույգի հետ, որը նոր էր ծառայել Դավաոյում։ «Նրանք բոլորն էլ ամուր վկայություն բերեցին, որ Տերը կառաջնորդի յուրաքանչյուր զույգին իմանալու, թե ինչպես կարգավորել իրենց գործերը տանը, իրենց ընտանիքում և իրենց միսիայի ծախսերի հետ կապված հարցերը»,- ասում է Քույր Ռիետան։

«Մինչ մենք առաջնորդություն էինք փնտրում,- ասում է Երեց Ռիետան,- մեր մտավախությունները գտան իրենց լուծումները․ չնայած դժվարություններին մեր բիզնեսը լավացավ, մեր հաճախորդները ուրախ էին և պատրաստ աջակցելու, իսկ մեր ընտանիքը ավելի համախմբվեց՝ հոգ տանելով մեր հիվանդ մոր մասին։ Մենք սկսեցինք հասկանալ, որ Տերն իսկապես կօգներ մեզ»։

Ռիետաներն այժմ ծառայում են անդամների և ղեկավարների աջակցության ծրագրում Ֆիլիպինների Կագաըան դե Օրո Միսիայում։

Դուք կարող եք շատ բան անել

Որոշ զույգեր մտահոգվում են ֆիզիկական սահմանափակումների համար, սակայն ոչ Քեյթ և Ջենիլին Մաուրմենները Յուտայից (ԱՄՆ)։ Տարիներ առաջ Լոս Անջելես Կալիֆորնիա Տաճարում ամուսնանալուց չորս ամիս անց Քիթը պատրաստվեց և ուղարկվեց պատերազմ։ Որպես օդայինների ջոկատի հրամանատար նա քայլում էր մյուս զինվորների առջևից, երբ պայթեց ականը։ Նա կորցրեց իր երկու ոտքերը։ Երբ նա տուն վերադարձավ, Ջենիլինը վազեց նրան ընդառաջ։

«Ես գիտեի, որ չպիտի մտահոգվեի,- ասում է Քիթը,- քանի որ մենք ունեինք հավերժական ամուսնություն։ Իմ կինը մշտապես աջակցել է ինձ։ Նա շարունակում է աջակցել ինձ ամեն օր։

Նկար
the Mauermans serving in military relations

Երբ Քույր Մաուրմենը թոշակի անցավ, նրանք որոշեցին միսիա ծառայել։ Բայց արդյո՞ք Երեց Մաուրմենը, լինելով անդամալույծ, խնդիրներ չէր ստեղծի։ «Միշտ կլինեն բաներ, որոնք ես չեմ կարող անել,- ասում է նա,- սակայն կան շատ բաներ, որոնք ես կարող եմ անել, մենք գիտեինք, որ կլիներ համապատասխան տեղ մեզ համար»։

Մինչ նրանք լրացնում էին իրենց թերթիկները, նա նշեց այն վանդակը, որը ցույց էր տալիս, որ ինքը ծառայել էր բանակում։ Շուտով նրանք զանգ ստացան Եկեղեցու Ռազմական Կապերի բաժնից։ «Ես ունեի վկայական, որը մեզ թույլ կտար մտնել ռազմակայաններ, ուստի նրանք հարցրին մեր թույլտվությունը, որպեսզի նշանակեին մեզ ռազմական կապերի միսիայում ծառայելու»։

Մաուրմենները կանչվեցին ծառայելու Հյուսիսային Կարոլինայի (ԱՄՆ) ռազմակայանում։ Երեց Մաուրմենը հիշում է․ «Դարպասների վրա գրված էր «Ֆորտ Բրեգ, Օդային Դեսանտի ապաստարան»։ Երբ ժամապահը ողջունեց մեզ օդայինների կարգախոսով՝ «Բոլորն առաջ», տարիներ անց առաջին անգամ ես լսեցի այն։ Այնպիսի զգացողություն ունեի, ասես տուն էի վերադարձել, չնայած ես երբեք չէի եղել Fort Bragg-ում։ Ես գիտեի, որ մեր միսիայի կանչը կատարելապես համապատասխանում էր մեզ, և որ Տերը մտահոգվում էր ինձ համար։

Մենք դասեր տվեցինք ինքնավստահ և աննկուն դառնալու և ամուսնությունները ամրապնդելու վերաբերյալ»,- ասում է Քույր Մաուրմենը։ «Սկզբում մենք չէինք ուզում կիսվել մեր պատմությունով, սակայն նկատեցինք, որ դրանով կիսվելը շատ բան փոխեց։ Զինվորներն ու նրանց կանայք նայեցին մեզ և ասացին․ «Եթե դուք կարող եք անել դա, մենք նույնպես կարող ենք»։

Մաուրմեններն այնպիսի դրականփորձառություն ունեցան Հյուսիսային Կարոլինայում, որ խնդրեցին կրկին ծառայել։ Այսօր նրանք շաբաթական երկու անգամ ճամփորդում են մոտ 64 կմ իրենց տնից հեռու՝ Օրեմից մինչև Սոլթ Լեյք Սիթի, որպեսզի ծառայեն Եկեղեցու Ռազմական Կապերի գրասենյակում։ Նրանք նաև ուսուցանում են ավագ զույգերին Պրովոյի միսիոներների ուսուցման կենտրոնում, որտեղ բացահայտում են, որ գրեթե յուրաքանչյուր խմբում լինում է մեկը, ով ծառայելու համար հաղթահարել է խոչընդոտներ։

Համամարդկային լեզուներ

Կանչված լինելով Բրազիլիա Կուիաբա Միսիա՝ Յուտայից, Ռենդի և Լոու Էլեն Ռոմրելները մտահոգ էին։ Չնայած Երեց Ռոմրելը ծառայել էր Բրազիլիայում որպես երիտասարդ միսիոներ, նա մոռացել էր պորտուգալերենը։ Իսկ Քույր Ռոմրելը պորտուգալերեն չգիտեր։ Ինչևիցե, ուսուցումը և ջանասիրությունն օգնեցին Երեց Ռոմրելին վերհիշել պորտուգալերենը, իսկ Քույր Ռոմրելին՝ սովորել այն։ Նույնը տեղի ունեցավ նաև հավայան կիթառի դեպքում։

«Ես իրականում չէի էլ նախատեսել բերել այն,- ասում է Քույր Ռոմրելը,- սակայն Երեց Ռոմրելը ոգեշնչում ստացավ դրա վերաբերյալ և հրաշալի է տեսնելը, թե ինչ արեց այն։ Մինչ մենք ուսուցանում ենք լսողներին և աշխատում ենք վերաակտիվացնել և ընկերակցել մարդկանց, զվարճալի է տեսնելը, թե ինչպես է այն հրավիրում մարդկանց օրհներգեր երգելու։ Մենք սովորում ենք լեզուն, իսկ օրհներգերը ուժեղ հոգի են բերում իրենց հետ»։

Նկար
the Romrells playing a ukulele

Չնայած նա դեռ պետք է աշխատի իր պորտուգալերենի վրա, նա արդեն հմտացել է երաժշտության ոլորտում։ «Երաժշտությունը միավորում է մարդկանց»,- ասում է նա։ «Նույնիսկ երբ մեր այցելությունների ժամանակ ես չեմ կարողանում նրանց ասած ամեն բառը հասկանալ, երբ մենք երգում ենք, մենք միավորվում ենք»։ Երբ նրանց հրավիրեցին դպրոցներում խոսել ամերիկյան Գոհաբանության տոնի մասին, Ռոմրելները երգեցին երախտագիտության օրհներգեր հավայան կիթառի նվագակցությամբ։ Իսկ Քույր Ռոմրելը եկեղեցում օրհներգեր երգելիս ավելի ավանդական գործիքի՝ դաշնամուրի օգնությամբ նվագակցում է մեզ։

Իսկ պորտուգալերե՞նը։ «Եթե նույնիսկ դուք ազատ չեք տիրապետում որևէ լեզվի, ընդամենը մի քանի բառ սովորելն օգնում է»,- ասում է նա։ «Պարզապես բարևելը և մարդկանց ողջունելը շատ բան կարող է ասել։ Թող նրանք իմանան, որ դուք սովորում եք։ Պարզեցրեք այն և ապավինեք Հոգուն»։ Իսկ Հոգին, անշուշտ, մեկ այլ լեզու է, որը յուրաքանչյուրը կարող է հասկանալ։

Ծառայել տանը

Պաուլ և Մար Ջեն Լուիսները Յուտայից արդեն իսկ միասին ծառայել են երեք միսիա (Պալմիրա Նյու Յորք Տաճար, Հոնգ Կոնգ Չինաստան Տաճար և Խորվաթիայում՝ Սերբիա և Սլովենիայում սեմինարիաների և ինստիտուտների հետ)։ Նրանք պատրաստվում էին ծառայել մեկ այլ միսիա, երբ նրանց ցցի նախագահը հարցրեց․ «Կցանկանա՞ք ծառայել հենց այստեղ՝ մեր իսկ ցցում, աջակցելով այն միսիային, որտեղ մենք ապրում ենք»։

Նկար
the Lewises serving at home

«Մենք նոր էինք տեղափոխվել այդտեղ, ուստի, դա հրաշալի հնարավորություն էր»,- ասում է Քույր Լուիսը։ «Մենք ծառայում ենք երիտասարդ երեցների և քույրերի հետ, շատ մտերիմ ենք միսիայի նախագահի հետ, գնում ենք շրջանի և տարածքի ժողովներին և աշխատում ենք ցցերի միսիայի ղեկավարի հետ»։ Նրանք նաև այցելում են լսողներին և նրանց, ովքեր քիչ ակտիվ են։

«Մենք հանդիպել ենք հրաշալի մարդկանց, որոնց այլ հանգամանքներում երբեք չէինք ճանաչի,- ասում է Քույր Լուիսը,- ներառյալ նրանց, ովքեր շեղվել են ճանապարհից։ Տեսնել, թե ինչպես են նրանք վերադառնում, ստանում արարողություններ և գնում տաճար, հրաշալի օրհնություն է»։

«Շատ զույգեր, երբ մտածում են միսիա ծառայելու մասին, մտահոգվում են, թե ինչ են անելու իրենց տան կամ մեքենայի հետ, կամ ինչ իրադարձություններ բաց կթողնեն իրենց ընտանիքի անդամների հետ կապված»,- ասում է Երեց Լուիսը։ «Մենք հնարավորություն ենք ունեցել ապրելու մեր իսկ տանը և վարելու մեր իսկ մեքենան։ Մեզ խրախուսվում է մասնակցել ընտանեկան միջոցառումներին, եթե դրանք չեն խոչընդոտում միսիոներական պարտականություններին։ Եվ մենք նույնիսկ այստեղ ենք եղել այն ժամանակ, երբ ծնվել է մեր թոռնիկը»։

Ընտանիքի օրհնությունները

Մյուս կողմից, Ջիլ և Քենթ Սորենսենները, ովքեր այդ նույն ցցից են, ասում են, որ իրենց ընտանիքը ամրացնելու ամենալավ ուղիներից մեկը եղել է տնից հեռու ծառայելը։ Քույր Սորենսենն ասում է․ «Չգնալու համար զույգերը հիմնականում բերում են հետևյալ պատճառաբանությունները՝ թոռնիկներ, ամուսնացած երեխաներ, ովքեր ունեն խնդիրներ, դուստրեր, որոնք երեխայի են սպասում, ծեր ծնողներ, դուք կարող եք շարունակել թվարկելը։ Ընտանիքն առաջնահերթություն է, և դուք կարոտում եք նրանց ամեն օր։ Սակայն միսիա գնալը հրաշալի ուղերձ է, որ միսիոներական աշխատանքը նույնպես կարևոր է»։

Բացի դրանից, Երեց Սորենսենը նշում է, «որ այժմ կան կապի բազմաթիվ ուղիներ, որոնց միջոցով կարող ենք տեղեկանալ միմյանց մասին»։

Սորենսենների միսիոներական ճամփորդությունը սկսվեց երեք տարի առաջ, երբ նրանց եպիսկոպոսը խնդրեց նրանց այցելել զույգերի ամենամսյա հավաքույթին, ովքեր մտածում են միսիոներական ծառայություն կատարելու մասին։ «Մշտապես դրա մասին խոսելուց հետո,- ասում է Քույր Սորենսենը,- մենք ինքներս պետք է գնայինք»։ Նրանք կանչ ստացան ծառայելու Կուկի կղզիներում, որտեղ Ջիլի տատիկն ու պապիկը ծառայել էին 50 տարի առաջ։

Նկար
the Sorensons teaching Bible classes

Այսօր, այլ պարտականությունների շարքում, նրանց խնդրել են սովորեցնել Աստվածաշունչը դպրոցներում։

«Մենք խոսում ենք այն մասին, որ Քրիստոսն է ժայռը»,- ասում է Երեց Մալմրոզը։ «Մենք ուսանողներին տալիս ենք մի փոքրիկ ժայռաբեկոր և խրախուսում ենք նրանց ժայռի պես ամուր մնալ Քրիստոսում։ Այժմ ամենուրեք մեզ տեսնելիս մարդիկ ասում են․ «Ժայռի պես ամուր»։

Եկեք և օգնեք

Եթե դուք մտածում եք լիաժամկետ միսիայի կամ Եկեղեցում ծառայության միսիայի մասին, այս բոլոր զույգերը կտան ձեզ նույն հարցը, որը Նախագահ Ռոբիսոնը տվեց Ջերալդ և Լորնա Մալմրոսներին․ «Կարո՞ղ եք գալ և օգնել»։ Եվ նրանք կասեն ձեզ, որ անկախ այն բանից, թե ինչպես դուք կմասնակցեք, այս խոստումը հաստատ է․ Կա ձեր կարիքը, դուք կարող եք աջակցել, դուք կօրհնվեք և կսիրվեք։

Հղում

  1. “Elder Jeffrey Holland: LDS Church Desperately Needs More Senior Missionaries,” Deseret News, Sept. 14, 2011, deseretnews.com.