2016
Երբ պոռնոգրաֆիան ներխուժում է տուն, թե կինը, թե ամուսինը պետք է բժշկվեն
April 2016


Երբ պոռնոգրաֆիան ներխուժում է տուն, թե կինը, թե ամուսինը պետք է բժշկվեն

Ես անձամբ տեսել եմ, որ Փրկիչի բուժող զորությունը կարող է հանգչել ինչպես կանանց, այնպես էլ ամուսինների վրա, երբ ամուսինները պայքարում են պոռնոգրաֆիայի դեմ։

Նկար
husband, wife, and Christ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

Որպես եպիսկոպոս ծառայելու առաջին վեց ամիսների ընթացքում իմ ծխում ունեցել եմ մի քանի զույգեր, որոնք առանձնազրույց են ունեցել ինձ հետ, պատմելով, որ ամուսինները խնդիրներ ունեն պոռնոգրաֆիա օգտագործելու հետ կապված։ Որոշ դեպքերում կինը չէր կարողանում ուշքի գալ այն հարվածից, որը հասցրել էր նրան նոր իմացած աղետալի գաղտնիքը, ուրիշներն էլ ամիսներ կամ տարիներ շարունակ իմացել էին այդ մասին։

Ես կարեկցանք եմ զգացել այս զույգերից յուրաքանչյուրի հանդեպ և զգացել եմ Փրկիչի փրկագնող զորությունը, մինչ ես պարբերաբար և նրբանկատորեն խորհուրդ եմ տվել եղբայրներից յուրաքանչյուրին, որպեսզի օգնեմ նրանց թոթափել շղթաները, որոնք կարող են նրանց ամուր կապել (2 Նեփի 9․45

Ինչևիցե, Հոգու ամենամեծ ոգեշնչումները եկել են, երբ ես հանդիպել եմ նրանց կանանց։ Ես բացահայտեցի, որ չնայած որոշ վերքեր թարմ էին, իսկ ոմանք էլ տարիների ընթացքում սպիացել էին, բոլոր քույրերն էլ հոգու մեծ ցավ են ապրել, տալով իրենց հետևյալ հարցերը․ «Ի՞նչ եմ ես արել, որի պատճառով գրավիչ չեմ նրա համար» կամ «Ինչո՞ւ է նա ցանկանում պատկերացնել իրեն մեկ ուրիշի հետ, այլ ոչ թե իմ»։

Քանի որ ամուսինն է օրինազանցություն գործողը, հեշտ է եպիսկոպոսի համար զգալ, որ ամուսինը մեծապես կարիք ունի օգտվելու Փրկիչի բուժող զորությունից, բայց ես նաև հասկացա, որ ցավից ու կրած վնասներից բուժվելու կարիքը կանանց մոտ նույնքան մեծ է, որքան ամուսինների մոտ մեղքից և հետապնդող մտքերից բուժվելու կարիքը։

Նեփիացիներին ուղղված իր խոսքում Հակոբ մարգարեն մեղադրեց տղամարդկանց անհավատարիմ վարքի համար իրենց կանանց հանդեպ, «որոնցից շատերի զգացմունքները չափազանց քնքուշ էին, և մաքրաբարո ու նուրբ՝ Աստծո առջև, բան, որը հաճո է Աստծուն» (Հակոբ 2․7)։ Նա շարունակել է. «Դուք կոտրել եք ձեր քնքուշ կանանց սրտերը … նրանց առաջ ձեր վատ օրինակի պատճառով, և նրանց սրտերի հեկեկոցը բարձրանում է վեր՝ առ Աստված, ձեր դեմ» (Հակոբ 2․35): Ես իմ աչքերով եմ տեսել այդ հեկեկոցները։ Դրանք հաճախ բխում են ոչ միայն պոռնոգրաֆիայի օգտագործման արդյունքում ամուսինների դավաճանության պատճառով կանանց մոտ առաջացած խորը վիրավորանքից, այլ նաև նվաստացնող բառերից և կոպիտ վարքից, որոնք հաճախակի արտահայտվում են նրա ներքին պայքարի արդյունքում։ Ի դեպ, հաճախ է պատահում, որ ամուսինը, ում վարքը հայտնի է դարձել, սկսում է իր վարքի համար մեղադրել կնոջը, վկայակոչելով տարբեր գործողություններ, որոնք նա արել է կամ չի արել։ Դժբախտաբար, հաճախ կինը սկսում է կասկածել և նույնիսկ հավատալ այդ մեղադրանքներին։

Մի այդպիսի զույգ նստած էր իմ գրասենյակում՝ պոռնոգրաֆիայի հակում ունենալու ամուսնու վարքի բացահայտումից ընդամենը օրեր անց, ինչի մեջ նա ներգրավվել էր իր պատանեկությունից սկսած։ Քույր Լինդա Ս. Ռիվսի 2014 թ. ապրիլի գերագույն համաժողովի «Պաշտպանություն պոռնոգրաֆիայից՝ Քրիստոսակենտրոն տուն» ելույթի վրա հիմնված Սփոփող Միության դասը լսելու ընթացքում կինը սկսել էր նկատել, որ իր հանդեպ ամուսնու քննադատական վարքում առկա էին ուսուցչի նշած հակումներից շատերը։ Դասից հետո նա ամուսնուն տալիս է որոշակի հարցեր, և վերջինս խոստովանում է գաղտնիքը, որը թաքցրել էր տարիներ շարունակ։ Նրա արդեն իսկ ոտնահարված արժանապատվությունն այժմ միաձուլվեց խորը վիրավորանքի հետ։ Մեր առաջին հանդիպման ժամանակ նրանք չէին կարողանում պատկերացնել, որ իրենց ամուսնությունը կարող էր շարունակվել։ Ես համոզեցի նրանց, որ հույս կար, տվեցի լրացուցիչ խորհուրդներ և հրավիրեցի նրանց վերադառնալ և հանդիպել ինձ հետ անհատապես։

Այս հանդիպումներին նախապատրաստվելիս ջերմեռանդ աղոթքներին զուգահեռ ես վերանայում էի խորհուրդները, որոնք տրված էին LDS.org-ի Ministering Resources էջում, հատկապես այն նյութերը, որոնք նախատեսված էին պոռնոգրաֆիա օգտագործողների կողակիցների համար, որտեղ ես կարդացի հետևյալը․ «Արտահայտեք ձեր սերն ու հոգատարությունը նրա հանդեպ, ինչպես նաև նրա ամուսնու հանդեպ։ Պարզաբանեք, որ նա պատասխանատու չէ այն բանի համար, որ իր ամուսինը պոռնոգրաֆիա է օգտագործում կամ վատ վարք է դրսևորում, և նրանից չի ակնկալվում դիմանալ կոպիտ վարքագծին»։

Երբ ես հանդիպեցի այս քրոջ հետ, ես հետևեցի այդ խորհրդին և ավելացրեցի այն համոզմունքը, որ նրա ամուսնու վարքագիծը ընդհանրապես կախված չէր իրենից, կամ մի բանից, որ նա էր արել կամ չէր արել, այլ կախված էր ամուսնու սեփական ներքին խնդիրներից։ Ես տեսա, թե ինչպես թեթևություն և մխթարություն իջավ նրա վրա, մինչ ուշադիր լսում էր այս խոսքերը և զգում Հոգու հաստատումը, որ դրանք իսկապես ճիշտ էին։ Հարցազրույցի վերջում նա քահանայության օրհնություն խնդրեց ինձանից։ Ես հասկացա, որ ես միակ մարդն էի, ում նա կարող էր դիմել նման օրհնության համար, քանի որ նա նախընտրում էր գաղտնի պահել իր իրավիճակը ընտանիքից և ընկերներից։

Բուժման գործընթացն արագացնելու համար ես հրավիրեցի ամուսնուն այցելել տեղի Վերջին Օրերի Սրբերի կախվածությունից ազատվելու խմբակ, իսկ կնոջը ես խրախուսեցի այցելել համապատասխան խմբակ, որը նախատեսված է կողակիցների և ընտանիքի անդամների համար։ Նա պատմեց ինձ, որ մխիթարություն էր զգացել՝ հանդիպելով այլ քույրերի հետ, ովքեր հասկանում էին իր տառապանքները և լցվել էր հույսով, տեսնելով զույգերի, ովքեր անցել էին այդ նույն փորձության միջով և միասին դուրս էին եկել դրանից։

Մի քանի ամիս է անցել այս զույգի հետ իմ առաջին հանդիպումից, և իմ սերն ու մտահոգությունը նրանց համար մեծացել է մեր հաճախակի շփման արդյունքում։ Չնայած ես հասկանում եմ, որ նրանց ճանապարհը չի անցնի առանց անհաջողության պահերի, ինձ համար մեծ ուրախություն է ամեն հաջորդ ամիս տեսնել, որ ամուսինն իրեն զերծ է պահել հեշտասիրությունից և պոռնոգրաֆիայից և տեսնել նրա կնոջ մոտ ինքնագնահատման և վստահության աճ, որն ակնհայտ է դառնում։

Վերջերս նրանց հետ ունեցած հարցազրույցների ժամանակ մեր նախկին հանդիպումների տառապանքն ու արցունքները փոխարինվել էին հաճախակի երևացող ժպիտներով և նույնիսկ ծիծաղով։ Բայց, թերևս, ամենամեծ արդյունքը եղել է հույսը․ հույս, որ ոչ միայն կարող է նրանց ամուսնությունը շարունակվել, այլ նաև, որ այն ունի ներուժ՝ դառնալու գեղեցիկ և վեհացնող մի բան։

Ես հասկանում եմ, որ, դժբախտաբար, ոչ բոլոր զույգերն են արդյունքում ունենում այս նույն փորձառությունը։ Որոշ ամուսնություններ կարող են չկայանալ, երբ պոռնոգրաֆիա օգտագործողը հրաժարվում է առաջընթացից։ Անկախ այն բանից, թե ինչ ուղի կընտրեին ամուսինները, այնուամենայնիվ, ես հասկացա, որ կանանց ծառայություն մատուցելու խորհուրդը ոգեշնչում է։ Հուսով եմ, որ ոչ մի քույր այս իրավիճակում երբեք չի ունենա այն զգացողությունը, որ ինքն անտեսված է, թերագնահատված կամ չհասկացված իր եպիսկոպոսի կողմից։ Եպիսկոպոսի ծառայությունը գլխավոր միջոց է հանդիսանում, որի օգնությամբ Փրկիչը ի հայտ է բերում յուրաքանչյուր սիրտ լիարժեք բուժելու Իր զորությունը, նույնիսկ նրանց, ովքեր «խոցված են խորը վերքերով» (Հակոբ 2․35

Նկար
family studying scriptures

Ներքևում. Քերրին վհատվել էր, իմանալով պոռնոգրաֆիայի հետ կապված խնդիրների մասին, որոնց տրվել էր իր ամուսինը, սակայն նա հույս և բուժում գտավ Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության միջոցով։