2016
Նա՞ է եպիսկոպոսը:
April 2016


Նա՞ է եպիսկոպոսը։

Հեղինակն ապրում է Իլինոյսում, ԱՄՆ:

Քանի որ տարիներ առաջ ես ակտիվ չէի եղել, այդ տարիներին ինձ ճանաչող մի անդամ չէր հավատում, որ ես կանչվել էի որպես եպիսկոպոս:

Նկար
the bishop

Նկարազարդումը՝ Մարկ Սմիթի © 2016

Քահանայության գործադիր հանձնախմբի ժողովին մեր լիաժամկետ միսիոներները զեկուցեցին, որ հանդիպել են մի անդամի, ում գրանցումը մեր ծխում չէր: Ես անմիջապես հիշեցի այդ անունը և նշեցի, որ տարիներ առաջ ես և նա եղել ենք նույն ծխում:

Միսիոներներից մեկն ասաց. «Այո, եպիսկոպոս, նա հիշեց և շատ ապշած էր, որ դուք եք եպիսկոպոսը»:

Ես հարցրեցի նրանց. «Ի՞նչ ասաց նա»:

Նրանք ասացին, որ նա զարմացել էր և ասաց. «Նա՞ է եպիսկոպոսը»:

Ես ծիծաղեցի և բացատրեցի, որ այդ քույրը ինձ որպես այլ անձնավորություն գիտեր 30 տարի առաջ:

Հետագայում այդ մասին խորհելիս մտածեցի, թե որքան էր փոխվել իմ կյանքն այս 30 տարիների ընթացքում, երբ ես և իմ ընտանիքը անդամներ էինք: Ես շատ անդամների եմ ճանաչել մեր ծխում, ծառայել եմ որպես ճյուղի նախագահ և եպիսկոպոս, սակայն այդ անդամներից ոչ մեկը ինձ չէր ճանաչում 30 տարի առաջ: Թեպետ ապաշխարության և Հիսուս Քրիստոսի Քավության մասին ուսուցանելիս ես երբեմն պատմել եմ իմ անցյալից որոշ դեպքերի մասին, սակայն ծխի մեծ մասը չգիտեր, թե ինչպիսի աներևակայելի ուղի եմ անցել Եկեղեցում:

Ես և մեր ընտանիքը ծանոթացանք Եկեղեցուն 1979թ. մայիսին, և ես անմիջապես հասկացա, որ մենք այստեղ էիք պատկանում: Մենք մկրտվեցինք հունիսին, և սկզբում բոլորս ակտիվ էինք, սակայն շատ չանցած ես դադարեցի եկեղեցի հաճախել և վերադարձա իմ հին սովորություններին: Ես երբեք որևէ կասկած չէի ունեցել ավետարանի ճշմարտացիության և Վերականգնման մասին, սակայն կարծում էի, որ չունեի Եկեղեցու լավ անդամ լինելու համար անհրաժեշտ գծերը:

1982թ. դեռևս շարունակում էի չարաշահել ալկոհոլը, և կինս, ով երբեք չէր թերացել իր հավատքում, դիմեց ամուսնալուծության համար: Այդ ժամանակ իմ ընտանիքն ապրում էր Օկլահոմայում, ԱՄՆ, բայց ես վերադարձել էի Իլինոյս, որտեղ մեծացել էի: Ես հասել էի այն կետին, որ կորցնում էի իրոք ինձ համար միակ կարևոր բանը՝ իմ ընտանիքը:

Սկսեցի գիշեր ու ցերեկ ծնկաչոք աղոթել Աստծուն, որի գոյությանն այլևս չէի հավատում, իսկ եթե Նա կար, ես կարծում էի, Նա շատ վաղուց արդեն մոռացել էր ինձ: Ինչևէ, երեք ամիս ես հավատքով աղոթեցի: Մի օր վաղ առավոտյան, երբ խորը աղոթքի մեջ էի, մի հրաշալի հոգեթով զգացում պարուրեց ինձ, և ես իմացա, որ Աստված ապրում է, որ Նա ճանաչում և սիրում է ինձ: Ես նաև իմացա, որ այլևս ալկոհոլի ոչ մի կաթիլ իմ բերանը չէր գնալու:

Հենց այդ երեկոյան ինձ զանգեց կինս և տեղեկացրեց, որ պատրաստվում էր փոստով ուղարկել ամուսնալուծության թղթերը, որպեսզի ես ստորագրեի: Այդ զրույցի ժամանակ նա հանկարծ ասաց. «Մի առանձնահատուկ բան եմ զգում քո մեջ: Չեմ հավատում, որ այլևս չես խմելու, և ես պատռելու եմ այս թղթերը»: Մենք վերամիավորվեցինք, և երկու տարի անց նա լույս աշխարհ բերեց մեր երրորդ որդուն:

Գուցե ենթադրեք, թե լիարժեք ակտիվ անդամ դարձա Եկեղեցում, բայց ես կամակոր մարդ եմ: Վերադարձա եկեղեցի մի որոշ ժամանակով և նույնիսկ կանչվեցի որպես երեցների քվորումի ուսուցիչ: Սակայն շուտով սկսեցի ուսուցանելու համար ինձ անհամապատասխան զգալ և կրկին ոչ ակտիվ դարձա:

1991թ. մենք տեղափոխվեցինք մի փոքր ճյուղ: Նախքան մեր փոքր որդու ութ տարին կլրանար, կինս, որը Երեխաների Խմբի նախագահն էր, հարցրեց նրան, թե ում կուզենար, որ կատարեր իր մկրտությունը: Իհարկե, նա ցանկացավ, որ իր հայրը կատարեր այդ արարողությունը: Կինս ասաց նրան, որ հավանաբար դա տեղի չէր ունենա: Որդիս չընդունեց այդ պատասխանը և հայրիկին ակտիվացնելու խնդիր դրեց իր առջև: Նա բավական անխոնջ էր, և շատ կարճ ժամանակ անց ես արդեն ծառայում էի որպես սկաուտների ղեկավար, իսկ ավելի ուշ մկրտեցի և հաստատեցի որդուս:

Ակտիվ դառնալուն հաջորդող ութ ամիսները հագեցած էին: Մենք որպես ընտանիք կնքվեցինք Չիկագո Իլինոյս տաճարում, և ես կրկին կանչվեցի ծառայելու որպես երեցների քվորումի ուսուցիչ, միայն թե այս անգամ անձնատուր չեղա: Այնուհետև կանչվեցի որպես ճյուղի նախագահության խորհրդական, իսկ հինգ ամիս անց կանչվեցի ծառայելու որպես ճյուղի նախագահ: Իմ կանչվելուց մեկ ամիս անց հիշում եմ՝ ես մտածում էի. «Ես ճյուղի նախագա՞հ»:

Տարիներ շարունակ ասում էի բազմաթիվ մաքառող Սրբերին, որ եթե ես կարողանում եմ առաջադիմել ավետարանում, ուրեմն ամեն ոք կարող է: Պետք է պարզապես ճիշտ ընկալել Փրկչի և Նրա Քավության բուն զորությունը և քայլեր ձեռնարկել Նրա մոտ գալու համար:

Ի վերջո, ես երախտապարտ եմ կնոջս ու երեխաներիս, բոլոր հավատարիմ տնային ուսուցիչներին, քվորումի ղեկավարներին, եպիսկոպոսներին և այլ հավատարիմ Սրբերին, ովքեր հրաշալի օրինակ են ծառայել ինձ համար: Ինձ համար պատիվ է եղել ծառայել Տիրոջը և Սրբերին այս վերջին 20 տարում: Իմ կյանքն օրհնվել է առավել, քան կարող էի պատկերացնել: