2016
Քահանայություն․ Ամուր հիմք
April 2016


Ավետարանի դասականներ

Քահանայություն․ Ամուր հիմք

Այս հոդվածը երիտասարդ քահանայություն կրողների համար պատրաստել է Երեց Լ․ Թոմ Փերին 2015թ․ մայիսի 28-ին՝ իր մահից երկու օր առաջ։

Նկար
Aaronic Priesthood members passing the sacrament

Իմ կյանքի ամենամեծ զորությունը Աստծո քահանայությունն է: Ես հավատում եմ, որ այն ամուր հիմք կլինի նաև ձեզ՝ երիտասարդ տղամարդկանց համար: Բայց որպեսզի այն զորություն ունենա ձեր կյանքում, դուք պիտի հասկանաք և կիրառեք այն:

Քահանայության իմ վաղ փորձառությունները

Ես մեծացել եմ բարեկեցիկ միջավայրում Լոգանում (Յուտա): Մանկության տարիներին ես խնդիրներ չեմ ունեցել սնունդի, տանիքի կամ կրթության հետ կապված: Բայց հավանաբար այդքան հեշտ կյանքի պատճառով ես ինչ-որ բանի կարիք ունեի, որից պիտի կառչեի, և որը պիտի ամրացներ ինձ:

Այդ խարիսխը ինձ համար Աստծո քահանայությունն էր: Երբ մեծանում էի, ես անսովոր իրավիճակում էի: Երբ ես մի տարեկան էի, իմ հայրիկը կանչվեց եպիսկոպոս, և նա իմ եպիսկոպոսն էր 19 տարի: Նրա հայրական ու հոգևոր առաջնորդությունը հսկայական օգնություն էր ինձ համար:

Կարծում եմ, որ հիմնականում այդ պատճառով էր, որ իմ 12-րդ տարեդարձի օրը ես անհամբերությամբ սպասում էի, թե երբ պիտի ստանամ Ահարոնյան Քահանայություն: Ես հիշում եմ, թե ինչպես այդ հատուկ օրը ես զգացի իմ հոր ձեռքերն իմ գլխին, երբ նա ձեռնադրում էր ինձ: Դրանից հետո ես առաջ շարժվեցի Ահարոնյան Քահանայության բոլոր պաշտոններով և ստացա կոչումներ, որոնք ես մեծ բավականությամբ էի կատարում:

Հաղորդություն բաժանելը յուրահատուկ էր ինձ համար: Ես տեսնում էի, թե ինչպես էին մարդիկ պարտավորվում հնազանդվել Աստծուն ու պահել Նրա պատվիրանները, երբ ճաշակում էին Նրա մարմնի ու արյան խորհրդանիշերը:

Մեծանալով Քահանայության ըմբռնումով

Տարիներն անցան, ես ավարտեցի ավագ դպրոցը և մի տարի քոլեջում սովորելուց հետո կանչվեցի ծառայելու միսիայում: Ես վայելում էի դրա ամեն մի րոպեն և սիրում էի իմ զուգընկերներին: Նրանցից մեկը հատկապես մեծ ուժ էր տալիս ինձ: Մեր պարտականությունների կատարման ընթացքում ես շատ բան սովորեցի նրանից:

Քանի որ երկիրը պատերազմի մեջ էր, երբ ես վերադարձա միսիայից, միացա Միացյալ Նահանգների ծովային ուժերին: Պատերազմի ավարտից հետո ես վերադարձա քոլեջ, ամուսնացա և ընտանիք կազմեցի: Միմյանց հաջորդող մասնագիտական տեղաշարժերի պատճառով ես եղա Միացյալ Նահանգների շատ վայրերում, որտեղ շատ բան սովորեցի բազմաթիվ քահանայական կոչումներում ծառայելիս: Ի վերջո, ես դադար առա Բոստոնում (Մասաչուսեց), որտեղ ծառայեցի որպես ցցի նախագահ: Այնտեղից էր, որ ես կանչվեցի որպես Տասներկուսի օգնական, իսկ 17 ամիս անց՝ Տասներկու Առաքյալների Քվորում։

Դասեր, որոնք սովորել եմ որպես Առաքյալ

Ի՞նչ եմ ես սովորել որպես Տասներկուսի Քվորումի անդամ:

Ես սովորել եմ, որ քահանայությունը ուղեցույց է, հիմք և պաշտպանություն:

Քահանայությունը միշտ էլ գոյություն է ունեցել: Նախքան աշխարհ գալը Ադամը քահանայություն ուներ: Քանի որ Ադամի սերունդները ցրվեցին քահանայության հետ միասին, անհրաժեշտություն առաջացավ կազմակերպել քահանայության կառավարումը: Տերն արեց այդ՝ կանչելով Աբրահամին նախագահելու իր ընտանիքի քահանայություն կրողներին: Այս կազմակերպությունը շարունակվեց Իսահակի և Հակոբի ներքո, ում անունը ավելի ուշ փոխվեց Իսրայել:

Դարեր անց Իսրայելի զավակները հայտնվեցին գերության մեջ: Տերն ուղարկեց Մովսեսին ազատելու նրանց, բայց երբ նա արեց այդ, նրանք ցույց տվեցին, որ որպես ժողովուրդ պատրաստ չէին Մելքիսեդեկյան Քահանայության համար: Այսպիսով, նրանց մնաց միայն Ահարոնյան Քահանայությունը, մինչև Փրկիչի գալուստը:

Ես շատ հետաքրքիր եմ համարում այն, ինչ Փրկիչն արեց առաջինը՝ նախքան կսկսեր Իր ծառայությունը: Նա կազմավորեց Մելքիսեդեկյան Քահանայությունը: Նա կանչեց տասներկու Առաքյալների և ուսուցանեց նրանց քահանայության օրենքներն ու կարգը: Նա կանչեց Պետրոսին՝ որպես գլխավոր Առաքյալ, հիմնադրելով քահանայության իշխանության գիծն Իր եկեղեցում Այդ օրից սկսած մինչև հիմա Հիսուս Քրիստոսն է, ով ընտրում է Իր գլխավոր Առաքյալին՝ նախագահելու Եկեղեցում, և Փրկիչն է, որ ուղղորդում է նրան իր քահանայական պարտականություններում:

Այսպիսով, քահանայությունն ունի ուղիղ գիծ մեր Տիրոջից՝ գլխավոր Առաքյալի միջոցով դեպի մյուս Առաքյալները և շարունակ մինչև Եկեղեցու այլ քահանայություն կրողները: Իշխանության բանալիները տրվում են Առաքյալներին, և քանի դեռ այդ բանալիները երկրի վրա են, մենք կառաջնորդվենք անմիջապես Տիրոջից: Այս աստվածային ուղղորդումը պաշտպանում է մեզ և հավաստիացնում, որ Եկեղեցին չի տարբերվի ճշմարտությունից: Այն հաստատուն կմնա, որովհետև այն չի ուղղորդվում որևէ երկրային արարածի կողմից: Այն ուղղորդվում է Տիրոջ կողմից:

Սովորեք Քահանայության վարդապետությունները։

Մեծագույն խորհուրդը, որ ես ունեմ ձեր՝ երիտասարդ տղամարդկանց համար, քահանայության վարդապետությունները սովորելն է, հասկանալով այն ուժը, որն ունեք ձեր քահանայությունը գործադրելիս, և իմանալով, թե այն ինչպես կարող է օրհնել ձեր և ուրիշների կյանքը:

Ես խոստանում եմ, որ եթե դուք սովորեք քահանայության վարդապետությունները և կատարեք քահանայության ձեր պարտականությունները, քահանայությունը կլինի այն ամուր հիմքը, որը ձեզ կպահի հոգեպես ապահով և մեծ ուրախություն կբերի ձեզ: Եղեք իսկական քահանայության քվորում: Օգնության ձեռք մեկնեք ձեր ընկերներին և դարձրեք նրանց ձեր քվորումի անդամը: Ձեր քվորումում ստեղծեք այնպիսի եղբայրություն, որը մշտական հիմք կլինի ձեր կյանքի համար: